Tag Archives: ձեռագիր
Պատկեր

ՏԵՐՅԱՆԻ ՁԵՌԱԳԻՐԸ

21 Հլս

DF82eOSTyqU

ԱՆԻ…

27 Հկտ

Ամեն հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում:
Ամեն հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում, քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն, քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ ապրող, այս օրին մասնակցող կյանքով:
Հազար տարի է անցել մեր մայրաքաղաքի հիմնադրման օրից, և ինձ թվում է, թե ես այդ քաղաքի բնակիչն եմ, անցնում եմ նրա փողոցներով, զրուցում եմ նրա բնակիչների հետ, լսում եմ եկեղեցիների, տաճարների զանգերի ղողանջները:
Ես հին անեցի եմ, իմ նախնիներն այնտեղից են գաղթել:
Հազար տարիների հեռվից լսում եմ նրա, մեր նախահայրերի մայրաքաղաքի զանգերի ղողանջը: Անին ապրում է, որովհետև ապրում է իմ ժողովուրդը:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
25 դեկտեմբերի, 1964թ.
Երևան

ՁԵՌԱԳԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՐՎԵՍՏԸ

6 Ապր

Հայրս միշտ բողոքել է իմ ձեռագրից: Նրա գեղագիտական բարձրագույն նմուշի հաշվետվությունները չափված-ձեւված էին, խնամքով գրված: Իր լիվերպուլյան զորագնդի 12-րդ գումարտակի պատերազմական գրառումները` նույնպես:
Իմ ձեռագիրը եղել է չափազանց անփույթ, փնթի: Ժամանակի ընթացքում ավելի է վատացել: 1976-77 թթ. գրած լիբանանյան քաղաքացիական պատերազմի իմ գրառումները դեռեւս ընթեռնելի են, բայց մեր օրերում ես կարող եմ մի հարցազրույցից վերադառնալ և նոթատետրիս մեջ գտնել ոչ թե բառեր, այլ բառերի նմանակները կամ փոխակերպումները` միահյուսված սղագրության որոշակի նշաններով: Ես, իհարկե, մեղքը բարդում եմ համակարգչի վրա: Աներեւակայելի արագությամբ աշխատող նման սարքի առկայության պայմաններում ձեռագրին վերադառնալն ուղղակի կատաղեցնում է ինձ:
Փարիզում ձեռագրերի թանգարանն այցելելը մեծապես թեթևացրեց ձեռագրիս հանդեպ ունեցած իմ վերաբերմունքը: Պարզեցի, որ մեծ մարդիկ ևս գրել են անընթեռնելի ձեռագրով: Ինձ զարմացրեց Նապոլեոն`ՙ այդ համառ զինվորի ձեռագիրը, որը երբեմն սոսկ «Նապ» էր ստորագրել իր գրությունների տակ: Չերչիլը երբեմն խոզեր է նկարել իր կնոջը ուղղված նամակների վրա:
Մեծ արվեստագետներն իրենց նամակները հաճախ են նկարներով զարդարել: Նկատեցի օրինակ, որ Ժան Կոկտոն իր նամակները գունազարդում էր զարմացած մարդկանց դեմքեր նկարելով: Մատիսը Մարտին Ֆաբիանիին 1943 թվի մարտ ամսին գրած նամակում նկարել էր թերթ կարդացող մի աղջկա դիմանկարը: Գոգենը նամակներից մեկի էջատակում նկարել էր մի հսկայական ներկապարկուճ: Ասում են` ձեռագրերը մարդու բնավորությունն են մատնանշում: Իմ ձեռագիրը անհավասար է, ինչպես նշեցի, կցկտուր և շտապողական: Բայց նկատեցի, որ Եկատերինա Մեդիչիի եւ Ռոբեսպիերի ձեռագրերը նույնպես գրեթե անընթեռնելի էին:
Ցավալիորեն մարդկային բան եմ տեսնում անցած-գնացած հերոսների նամակներում, և դրանցում առկա հումորի կամ ծաղրի նուրբ շերտերում:
Ֆրանսիական այս թանգարանում այժմ գործում է «Տիտանիկին» նվիրված մի ցուցահանդես: Այն խորտակվեց 1912 թվի ապրիլի 14-ին: Ցուցափեղկերից մեկի տակ մի ահավոր հեռագիր գուժում էր այդ ժամանակների խոշորագույն լրագրողներից մեկի` Թոմաս Սթիդի մահը: Կարճ, պաշտոնական ձեռագիր հաղորդագրությունը «խոր վշտով» տեղեկացնում էր, որ «բոլորովին անհույս էր» նրան վերապրողների մեջ գտնելը: «Անհույսը» ինքնին սպանիչ է, բայց «բոլորովին» բառի հետ, իրոք դաժանորեն ճակատագրական է դառնում և պատկերացնում եմ, թե ինչ ազդեցություն պետք է թողած լինի ստացողի վրա:
Կողքին` մեկ ուրիշ գրառում պատկանում էր Հելեն Չերչիլ Քոնդի անունով 12-ամյա մի փոքրիկ աղջկա գրչին: Նա փրկվածների մեջ է եղել և հավանաբար գրի է առել ընդմիջումներով ողբերգության անմիջական ազդեցության տակ: «Ես բաղնիքում էի, տաք լոգանք էի ընդունում: Շարժիչների երաժշտությունն էր լսվում, ռիթմիկ զարկերով: Հետո մի ցնցում զգացի, բախման մի ցնցում: Մտքումս անմիջապես պատկերացրի Տապանը` Արարատի գագաթին ամուր խրվելիս: Հարվածը ինձանից ներքև կատարվեց ու ինձ վայր գցեց: Մենք բախվել էինք ծովում գտնվող մի լեռան` մինչ այդ անհայտ մի լեռան գագաթին: Այդպես պետք է եղած լիներ: Նավախցիս դուռը շրխկոցով բացվեց և 2-3 չարագուշակ բաներ պարզվեցին աչքիս առաջ` բացարձակ լռություն, պարահանդեսային դահլիճի նմանողությամբ պայծառ լույսի առկայություն և մարդկային շնչի բացակայություն»:
Փրկարար նավում գրիչով հապճեպ գրված Քոնդիի գրառումների վերջին էջերում ձեռագիրը սայթաքուն է, առկա են ուղղումներ. «… Նավի կողերին հավաքված ամբոխը վերջին երկու ժամերին իրենց համակած վշտի ու խիզախության զգացումներով սպասում է իր մահվան: Ես էլ եմ սպասում վճռված ավարտին: Դա անխուսափելի է: Թող աստված հետաձգի այն: Ոչ, թող նա իր գթությամբ արագացնի այն: Աշխարհի Վերջն է: Ջրերում լսվում է մի ծանր հառաչանք, նման հոգեվարքի վերջնակետում գտնվող մեկի, որը փորձում է մի հնչյուն արտաբերել»: Քոնդին «վերջում» բառը «վերջնակետում» բառով էր փոխարինել: Նա այդ ժամանակ հորիցս մեկ տարով փոքր էր: Բայց նրանց ձեռագրերը զարմանալիորեն նման էին իրար:
Լեփթոփը (դյուրակիր համակարգիչը) այդ ամենին վերջ է տվել: Ես հիմա հազվադեպ եմ ստանում ձեռագիր կամ նույնիսկ մեքենագիր նամակներ: Մեր երևակայությունը ինտերնետային կայքի արագությամբ է թռչում: Եվ լավ է, որ հայրս այլ ևս չի կարող տեսնել իմ ձեռագիրը:

ՌՈԲԵՐՏ ՖԻՔՍ

Թարգմ. Հ. Ծուլիկյան

%d bloggers like this: