Tag Archives: ՀՕՊ

ԱՄԵՆԱԵՐԿԱՐ 40 ՐՈՊԵՆ

28 Հնվ

Մի դեպք հիշեցի` պատմեմ: 1997-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում պիտի կայանար ԼՂՀ բանակի զորահանդեսը, որը հեռարձակվելու էր ուղիղ եթերով: Սա առաջին դեպքն էր: Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին դրա ռազմաքաղաքական կարևորությունը և նախապատրաստվում էին ծայրահեղ պատասխանատվությամբ: Պաշտպանության նախարարությունից մենք խումբ ուղարկեցինք զորահանդեսը նկարահանելու և հեռարձակումն ապահովելու համար: Եկավ սպասված օրը: Ու հանկարծ վաղ առավոտյան մեր տղաները զանգ են տալիս Ղարաբաղից և ասում են, որ լուրջ խնդիրներ են ծագել. հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանքների աշխատանքը խոչընդոտում է ուղիղ եթերին:
Տեխնիկապես կացությունը տեղում կարգավորելու ոչ հնարավորություն կար, ոչ ժամանակ: Եվ ահա նրանք առաջարկում էին ամենաանհավանական տարբերակը` հեռարձակման պահին անջատել ՀՕՊ բոլոր համակարգերը: Իսկ դա խելահեղություն էր:
Նախարարն Արցախում էր: Ստիպված զանգահարեցի Գլխավոր շտաբ: Ասացին, որ ԳՇ պետ Միքայել Հարությունյանը գնացել է քաղաքային գերեզմանատուն, որտեղ պիտի կայանար պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված արարողություն: Անմիջապես մեկնեցի գերեզմանոց: Երբ նրան ասացի, թե ինչ եմ առաջարկում` ինձ նայեց այնպիսի հայացքով, ինչպես բժիշկը` անհույս հիվանդին: Պահանջվեց 15 րոպեի համառություն նույնը պնդելու համար: Հիմա նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարողացա գտնել անհրաժեշտ բառերն ու փաստակները: Մի խոսքով, չերկարացնեմ, համոզեցի: Խոստացավ, որ հրաման կտա շքերթի պահին «մաքրել» եթերը:
Իսկ հետո… 40 րոպե շարունակ մեր երկրի երկինքն անպաշտպան էր: Ստեփանակերպում քայլերգի հնչյունների տակ անցնում էր զորքը: Բոլորը հիացմունքով դիտում էին բանակի հաղթական երթը և ոչ ոք չէր էլ կարող կռահել, թե դրանք որքան դժվարին ու լարված րոպեներ էին ՀՕՊ ստորաբաժանումների մարտիկների համար, և ինչպես էինք մենք շունչներս պահած նայում ժամացույցին, հաշվում վայրկյաններն ու սպասում, թե երբ կավարտվի 40 րոպեներից ամենաերկարը:

Հովիկ Չարխչյան13-1

Հարված մեծամտության սրտին

15 Սպտ

Երեկվա առատ լրահոսում կար մի լուր, որը շրջանցելն ուղղակի անհնար էր: Եվ խոսքն այս անգամ ոչ միայն տեղեկատվության հետաքրքիր լինելու մասին էր, այլ հատկապես նրա, որ այդպիսի բան մենք ընթերցում էինք առաջին անգամ: Հաղորդագրության մեջ ասված էր, որ Լեռնային Ղարապաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում խփվել է ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք:
Հակառակորդի կողմից առաջին արձագանքը եղավ այն, որ նրանք կտրականապես հերքեցին ինքնաթիռի կործանման փաստը: Բայց նույն պահին էլ համացանցը հեղեղվեց խփված սարքի բեկորները պատկերող լուսանկարներով, իսկ այնուհետև հայտնվեց նաև տեսագրությունը: Այժմ արդեն առարկելն անիմաստ էր: Հիմա ադրբեջանցի լրագրողներն էին հայտնվել հիմար կացության մեջ: Նրանք գրում էին, որ փորձում են մեկնաբանություն ստանալ իրենց երկրի պաշտպանության նախարարությունից, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում, իսկ պաշտոնական արձագանք չկա ու չկա:
Արձագանքող այդպես էլ չգտնվեց: Եվ իսկապես, ի՞նչ ասել: Տարիներ շարունակ սահմանից այն կողմ իրենց ժողովրդին լիուլի կերակրել են այն միֆով, թե ադրբեջանական բանակը աշխարհում ուժեղագույններից մեկն է, թե իրենց ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հաշված ժամերի ընթացքում լուծել Ղարաբաղի հարցերը, և հանկարծ օրը ցերեկով այդ հեքիաթը անօդաչու ինքնաթիռի պես վայր է ընկնում ու փշուր-փշուր լինում: Եվ դա անում են այն «անջատողական» հայերը, որոնք, ըստ Բաքվի քարոզչության, իբրև թե ապրում են քարե դարում, կռվում են նետ ու աղեղով և անզոր են դիմակայել ադրբեջանական անպարտելի զինուժի հարվածներին: Բայց հիմա արդեն նախկինի պես հեշտ չի լինելու: Ինչպես ասում են, մեկ անգամ տեսածը հազար անգամ լսածից ավելին արժե:
Սակայն երեկվա դեպքը սոսկ մեկանգամյա միջադեպ չէր, այլ վերջին օրերի լարվածության և թշնամու կողմից բազմաթիվ այլ ոտնձգությունների արդյունքն էր: Արդեն հայտնի է դարձել, որ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին զուգահեռ, վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ էր գործել նաև հակառակորդի օդուժը: Նրանք բավականին մեծ հաճախականությամբ իրականացրել էին ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ սահմանային գոտու ողջ երկարությամբ՝ որոշ դեպքերում պարզապես խախտելով Արցախի օդային սահմանները: Այդ չհիմնավորված ինքնավտահությունը, թե յուրաքանչյուր գործողություն արգելքի չի հանդիպի, հակառակորդին դրդել էր նույնիսկ որոշակի խորանալ Ղարաբաղի տարածքում: Մի քանի անգամներ հայկական կողմին հաջողվել էր խափանել նրանց թռիչքները՝ նախազգուշական միջոցների կիրառմամբ հարկադրել, որպեսզի լքեն այդ շրջանները: Բայց, ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմաններն ունի:
Առաջին հայացքից գուցե թե տպավորություն ստեղծվի, որ չափից ավելի մեծ նշանակություն ենք վերագրում անօդաչու սարքի կործանման փաստին: Սակայն խնդիրն այս դեպքում ոչ թե թշնամու կորուստն է, այլ մեր պաշտպանունակության մակարդակը: Հանրությունը կարիք ունի այն բանի ռեալ ապացույցների, որ բանակն ընդունակ է դիմակայել ռազմական ագրեսիային, բավարար կերպով զինված ու մարտունակ է և կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հենց այդ հարցերից մի քանիսի պատասխանն էլ մենք ստացանք երեկ՝ ադրբեջանցիների ձախողված ճախրանքի արդյունքում:
Նախ ասենք, որ իրականում անօդաչու թռչող սարքեր խոցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նույնիսկ դրանք հայտնաբերելն է բավականին բարդ խնդիր, քանի որ ինքնաթիռները պատրաստված են հատուկ կոմպոզիցիոն նյութերից, ինչպես նաև պետք է հաշվի առնել դրանց բավականին փոքր չափերն ու ռադիոլոկացիոն թույլ նկատելիությունը: Բայց հայ զինվորականներին դա հաջողվեց փայլուն կերպով՝ կիրառելով ինչպես հատուկ սարքեր, այնպես էլ պատրաստվածության բարձր մակարդակ: Մյուս կողմից ավելորդ չէ տեղեկացնել, որ խոցված ինքնաթիռը համարվում է Ադրբեջանի օդուժի ամենահզոր անօդաչու թռչող սարքը`առկա երեք տեսակների մեջ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն իսրայելական արտադրության «Օրբիթեր»-ն ու «Աերոսթար»-ը և նոր ձեռք բերած, ավելի հզոր «Հերմես 450»-ը: Հենց վերջինն էլ տապալվեց ղարաբաղյան հողում: Խփված ինքնաթիռի բեկորներն այժմ գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:
Հայկական զինուժի հակաօդային պաշտպանությունը հրամայաբար պարտավոր է լինել գերազանց վիճակում, քանի որ ռազմական օդանավերի քանակով մենք էապես զիջում ենք մեր հակառակորդներին: Հենց այդ բացը կոմպեսացնելու միակ արդյունավետ ճանապարհն այս պահին ցամաքից երկինքը հսկելու ունակությունն է: Իսկ այն, որ մեր մասնագետները դա կարողանում են պատվով կատարել, այս օրերին ունեցավ ևս մի ակնհայտ ապացույց: Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» զորավարժության ժամանակ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:
Ադրբեջանական մեծամտության դեմքին երրորդ հարվածը կհասցվի ամենամոտ ժամանակներս: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն ռազմական տեխնիկայի որոշ միավորներ, որոնք չունի հակառակորդը, և այնպիսի ձեռքբերումներ, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան: Դրանց շարքում հրապարակով կանցնեն նաև մեր անօդաչու ինքնաթիռները, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի, արտադրվել և ստեղծվել են հենց Հայաստանում, հայ մասնագետների կողմից, այլ ոչ թե գնվել են Իսրայելից կամ մեկ այլ երկրից:
Ի դեպ, արձանագրենք մի կարևոր փաստ ևս: Հիմա արդեն ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը ոչ միայն հասարակ զինատեսակների կամ դիպուկահարներին գործադրմամբ, այլև կիրառում է իր օդուժը: Իսկ սա հրադադարի խախտման որակապես նոր տարբերակ է, ինչը պետք է որ արժանանա միջազգային հանրության ու հատկապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կեսդարյա դաշինք, թե՞ ենթակայություն

12 Ապր

Երեկ Ազգային ժողովի նիստի ավարտին խորհրդարանը սկսեց 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության քննարկումը: Խոսքն այն հանրահայտ համաձայնագրի մասին է, որ նախատեսում է մեր երկրում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը: Մոտ ութ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությանը միայն այժմ անդրադառնալը պիտի փոքր-ինչ անսովոր դիտվեր նախօրոք արված այն կանխատեսումների ֆոնի վրա, համաձայն որոնց այսպիսի գործարքը պահանջում էր շուտափույթ վավերացում: Սակայն, ինչպես պարզվեց, հանգամանքներն այդ դեպքում էլ ավելի զորեղ գտնվեցին, քան ցանկությունները: Ընդ որում, նկատենք, որ Հայաստանի օրենսդիրն այս խնդրին ձեռնամուխ եղավ միայն այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ու այնուհետև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը ներկայացրեց Գյումրի քաղաքում գտնվող ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Այս քայլը մի տեսակ ազդանշան-հրահանգի դեր կատարեց:
Վերոհիշյալ պայմանագիրը թե ամբողջությամբ, թե առանձին դրվագներով արդեն արժանացել էր մանրակրկիտ քննարկման: Նրա շուրջ ծավալված բուռն բանավեճերն ի հայտ էին բերել հասարակությանը հուզող այն բոլոր խնդիրները, որոնք կարող էր հետագայում հարուցել այսօրինակ որոշումը: Եվ այնուամենայնիվ, Ազգային ժողովի նիստը հերթական հնարավորությունը ստեղծեց մեկ անգամ ևս ծանրութեթև անելու փաստաթղթի իրական արժեքն ու նշանակությունը թե իբրև ռազմաքաղաքական դաշինքի իրավական հավաստիք, և թե որպես անվտանգության հայեցակարգային մոտեցումների համար սպառնալիք հանդիսացող կռվան:
Պետք է ասել, որ խորհրդարանում արդարացի դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ պայմանագիրը ներկայացնում էր ոչ թե արտգործնախարարը (ինչը միանգաման տրամաբանական պիտի լիներ), այլ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Ամեն դեպքում, վերջինս նույնպես ստիպված էր պատասխանել մի շարք դժվարին հարցերի, որոնք չէին կարող չհնչել: Նախ և առաջ մի քանի պատգամավորների զարմանքն էր հարուցել այն, թե ինչու են ռազմակայանի տեղակայումը երկարաձգում հիմա, երբ 1995-ին ընդունված պայմանագրի ժամկետի ավարտին մոտ 10 տարի կա: Ի դեպ, նկատենք, որ հատկապես այս հարցը ի սկզբանե եղավ և մնաց առանց որևէ հրապարակային հիմնավորման: Այնպես որ Ազգային ժողովի պատերի ներսում նույնպես վիճակված չէր լսել դրա լիարժեք փաստարկումը: Նման անորոշության պայմաններում մնում է այլ կարգի ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է մտածել, որ ժամանակից առաջ ընկնելով ու համաձայնությունը վերանայելով Ռուսաստանը կամա թե ակամա ակնարկեց այն մասին, որ ի դեմս Հայաստանի չի տեսնում հուսալի, երկարաժամկետ ու վստահելի գործընկերոջ, այդ իսկ պատճառով էլ փորձում է պակասը լրացնել հավելյալ իրավական երաշխիքներով: Կարելի է նաև կռահումներ անել այն մասին, որ Հայաստանը, առանց այդ էլ արտաքին հարաբերություններում չունենալով մեծ կշիռ ու ազդեցություն, այժմ հարկադրաբար էլ ավելի է նվազեցնում դա` փոխարենն ակնկալելով միակ ձեռքբերումը` տարածաշրջանում ուժային հավասարակշռության վերականգնումը, ինչը սեփական միջոցներով ու հնարավորություններով նա ի վիճակի չի պահպանել:
Փաստաթղթին կողմ արտահայտվողների հիմնավորումների հետ ևս պետք է հաշվի նստել: Չի կարելի անտեսել այն էական հանգամանքը, որ այսուհետ ՀՀ տարածքում գտնող ռուսական ռազմաբազան՝ բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, պարտավորվում է Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովել մեր հանրապետության անվտանգությունը: Հիշեցման կարգով ասենք, որ պայմանագրի նախկին ձևակերպումը ենթադրում էր միայն նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանների երկայնքով սահմանների պաշտպանություն: Դրանից բացի ներկայացված արձանագրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի անվտանգության ապահովան համար Ռուսաստանը պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Հանուն արդարության նկատենք, որ մեր երկիրն իր սահմնափակ հնարավորություններով հազիվ թե կարողանար այդ բանն իրագործել ինքնուրույնաբար: Եվ, իհարկե, արձանագրության գլխավոր փոփոխությունը` երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի: Սա իր հերթին կարող է դիտվել փաստացի ապացույցն այն բանի, որ ռուսների հետ մեր ռազմական դաշինքը նվազագույնը կես դար գոյություն ունենալու երաշխիք է ստանում:
Ի դեպ, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը իրենից ներկայացնում է բավականին պատկառելի զորային միավոր և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում` ենթարկվելով ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին: Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համակարգերով ու ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով մի շարք վերլուծաբաններ անմիջապես շտապեցին արձանագրել, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին 1995 թ. պայմանագրում փոփոխությունների ստորագրումը և С-300 հրթիռային համակարգերի տրամադրումը արձանագրում է նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումը տարածաշրջանում:
Ամենայն հավանականությամբ խորհրդարանն այսօր կշարունակի հարցի քննարկումը և արդյունքում կվավերացնի պայմանագիրը, որը ոմանց կարծիքով պատմական փաստաթուղթ է, իսկ ոմանց խորին համոզմամբ` վտանգավոր ծուղակ: Սակայն ինչպիսի որոշում էլ կայացնեն երկրի վաղվա օրվա պատասխանատվությունը ստանձնած քաղաքական այրերը, մի բան մշտապես մնալու է անառարկելի. յուրաքանչյուր երկիր ինքն է պարտավոր ապահովել սեփական ժողովրդի ու տարածքների առավելագույն անվտանգությունը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ