Tag Archives: հրեշտակ

ԿՅԱՆՔԻ ՃՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

10 Օգս

Մի իմաստուն երկինք համբառնեց:
— Ինչպե՞ս ապրեցիր քո կյանքը,- հարցրեց նրան հրեշտակը:
— Ես ճշմարտություն էի որոնում,- ասաց իմաստունը:
— Լավ է,- խրախուսեց հրեշտակը:- Ասա, ի՞նչ էիր անում, որ գտնեիր ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ մարդկանց կուտակած իմաստնությունը ամփոփված է գրքերում և շատ էի կարդում:
Հրեշտակը լսեց ու ժպտաց:
— Ես շատ էի ճամփորդում,- շարունակեց իմաստունը:
Հրեշտակը գլխով հավանության նշան տվեց:
— Ես սիրում էի զրուցել ու բանավիճել ուրիշ իմաստունների հետ և մեր վեճերից ծնվում էր ճշմարտությունը,- հավելեց իմաստունը և լռեց:
Հրեշտակի դեմքին ստվեր իջավ:
— Մի՞թե ես ինչ-որ բան սխալ եմ արել,- զարմացավ իմաստունը:
— Ամեն բան ճիշտ ես արել: Բայց դու ոչինչ չասացիր սիրո մասին:
— Ես սիրո համար ժամանակ չունեի: Ես ճշմարտությունն էի որոնում,- դառնացած խոսեց իմաստունը:
Եվ հրեշտակը նրան ասաց.
— Այնտեղ, որտեղ չկա սեր, չի լինում ճշմարտություն: Մեծագույն ճշմարտությունները ծնվում են մեծ սիրուց:

11276

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԸ

29 Հլս

Իր ծննդից մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
— Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհը: Ի՞նչ պիտի անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
— Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, որ միշտ քո կողքին կլինի: Նա ամեն բան քեզ կբացատրի:
— Իսկ ինչպե՞ս պիտի նրան հասկանամ: Չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ:
— Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն: Նա քեզ կպաշտպանի բոլոր դժբախտություններից:
— Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:
— Կարևոր չէ, թե նրա անունն ինչ է: Նա շատ անուններ ունի: Դու նրան կարող ես կոչել «Մայրիկ»:

138513181_image__2_

ԲՈՀՈՒՄԻԼ ՀՐԱԲԱԼ

18 Ապր

Ինչ հաճախ եմ ես անցնում կարմիր լույսի տակով, հենց ավտոմեքենաների հոսքի միջով, սակայն, որքան էլ ես մտազբաղ եմ, ինձ հետ է միշտ իմ պահապան-հրեշտակը, եւ նա, իմ զվարթունը, ուզում է, որ ես դեռ ապրեմ այս աշխարհի երեսին, որպեսզի ես հասնեմ իմ հատակին, մի հարկ ևս իջնեմ, այնտեղ, ուր թաքչում են ամենածանր խղճի խայթերը, որի համար էլ իմ մեջ ցավով է արձագանքվում ողջ աշխարհը, և նույնիսկ հենց իմ հրեշտակը. մեկ անգամ չէ, որ ես տենչացել եմ նետվել վեցերորդ հարկի իմ բնակարանից, ուր ինձ տանջում է յուրաքանչյուր սենյակ, բայց հրեշտակը վերջին պահին միշտ փրկում է ինձ հետ քաշելով, նույն կերպ՝ ինչպես իմ Ֆրանց Կաֆկային, ով նույնպես ուզում էր նետվել վեցերորդ հարկից, «Մեզոն Օպելտից», այնտեղից, ուր ելքը Ստարոմեստյան հրապարակից էր, միայն թե պան դոկտոր Կաֆկան կընկներ անկյունում` Փարիզյանի վրա, նրան, երևի, նույնպես ցավոտ վիրավորում էր աշխարհը և ողջ իր կյանքը:
Օ՜, այո, ես հաղթեցի, հասա խորագույն դատարկության, եւ ահա նրանք` պտուղները… Իսկ Կոնստանտին Բիբլը միեւնույն է՝ նետվեց պատուհանից, բայց սկզբում` դրանից շատ առաջ նա Շտիրսկուն նկար պատվիրեց` մարդն ընկնում է պատուհանից, բայց հակառակ ուղղությամբ, ինչպես, եթե էջը դարձնես: Եվ Արթուր Շոպենհաուերի հայրը նույնպես ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին, եւ Սենեկան նույնպես` Սալամանկայում: Բայց ես պատուհանից չեմ նետվի, իմ պահապան-հրեշտակը ոչ թե ինձ տարհամոզել է, այլ պարզապես շշնջացել է ինձ, որ նա, ով թույլ է տվել ինձ հասնել խորագույն պարապությանը, ասել է նրան, որ ահա այսպես գնալը` չափազանց հեշտ է, իմ տիեզերական ցավը ես պետք է կրկին վերապրեմ, ինչպես վերջին չինացի կայսրը, ում մահապատժի փոխարեն 12 տարի ուղեղն էին ողողում, որպեսզի նա հասկանա, թե ինչ է գործել, և հասնի ոչ թե խորագույն պարապության, այլ դառնա հասարակ մահկանացու, ով գնումների է գնում, ինչպես ամենքը, որ նա մարդ դառնա:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՉԱՐԼԶ ԲԵՔՍԹԵՐ

29 Հլս

… Նա ասաց, որ հրեշտակները բոլորին չէ, որ անտեսանելի են, և փաստորեն շատ մարդկանցից ավելի խելացի են: Նրանք պատմուճաններ չեն հագնում, ինչպես հաճախ պնդում են, այլ պաշտոնական, երեկոյան զգեստ, կարծես պատրաստվում են համերգի գնալ: Հաճախ հրեշտակները գնում էլ են համերգ և նստում են այնպիսի տեղ, որ մարդկանց մեծ մասը նրանց վրա ուշադրություն չի դարձնում: Նա ասաց, որ ամենասարսափելի հրեշտակը Սֆինքսի կերպարանք ունի: «Դրանից փախչել անհնար է»,- ասաց նա: Նա ասաց, որ Օհայոյում հողի հենց մակերեսի տակ անշեջ կրակ է վառվում, և որ մանկիկ Մոցարտը, երբ առաջին անգամ շեփորի ձայն լսեց, հենց օրորոցում ուշքը գնաց և քիչ մնաց մեռներ: Նա ասաց, որ Նարզիմ ալ Հարադիմ անունով ինչ-որ մեկը աշխարհում եղած բոլոր գրողներից ամենամեծն է: Նա ասաց, որ մոլորակները ղեկավարում են մեր վարքը, և արևի խավարման ժամանակ հղիացած կինը թաղանթաթաթ ոտքերով երեխա կծնի:
«Ես գիտեմ, դուք` երեխաներդ, սիրում եք այսպիսի բաներ,- ասաց նա,- գաղտնիքներ լսել, և դրա համար եմ պատմում»: Մենք գլխով արեցինք: Դա ավելի լավ էր, քան «Լայն հորիզոնների» տեքստերի ուսուցողական հարցերին պատասխանելը:
«Եվս մի պատմություն կպատմեմ,- ասաց նա,- ապա կանցնենք թվաբանության»: Նա առաջ թեքվեց, և ձայնը փափկեց: «Մահ չկա,- ասաց նա,- դուք երբեք չպետք է վախենաք: Երբեք: Այն, ինչ գոյություն ունի, չի կարող մեռնել: Փոխվում է երկրային և ոչ երկրային տարրերի, դա ճշմարտություն է այնպես, ինչպես ես եմ ձեր առջև կանգնած, և ես երդվում եմ, դուք չպետք է վախենաք: Ես իմ այս աչքերով եմ տեսել այդ ճշմարտությունը: Ես գիտեմ, որովհետև երազումս Աստված համբուրել է ինձ: Այ այստեղ»: Եվ նա աջ ցուցամատով ցույց տվեց ծնոտը` բերանի տակ, այնտեղ, ուր մաշկի մեջ ուղղաձիգ գծեր են խորացած…

«Արծվառյուծը» պատմվածքից

%d bloggers like this: