Մի անգամ Նիկողայոս Մառը Հրաչյա Աճառյանին ասում է. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»,-պատասխանում է Աճառյանը: «Բայց Դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ Ձեզ ոչ ոք չի գնահատի, Դուք կմնաք խեղճ ու թշվառ։ Եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական»,-շարունակում է Մառը: Ի պատասխան Աճառյանն ասում է. «Ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան»։
ՈՉ ՓՈՂ ԿԱ, ՈՉ ՀԱՎԱՏ
29 ՀկտԵրբ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանին վտարեցին համալսարանից իբրև երդվյալ հակամարքսիստ, նա ապրում էր ծայրահեղ թշվառության մեջ: Այդ օրերի հետ կապված մի այսպիսի պատմություն կա: Կուլտուրայի պատմության ինստիտուտի տնօրեն Հակոբ Զորյանը նրան նամակ է գրում. «Սիրելի պրոֆ. Աճառյան, խնդրում եմ 10 ռուբլի ուղարկեք, որ ձեզ համար մեր փակ խանութից երկու ֆունտ յուղ և երկու ֆունտ շաքար ուղարկենք»:
Աճառյանը նրան պատասխանում է. «Հակոբ, սիրելիս, որովհետև չեմ հավատում, որ այս պայմաններում 10 ռուբլու դիմաց այդքան շատ բարիք կարող եմ ստանալ, ուստի չեմ ուղարկում: Ի դեպ, այդ 10 ռուբլին էլ չունեմ»:
ԱՃԱՌՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27 Սպտ1939 թվականի մարտի 7-ին և այն էլ դռնփակ նիստում վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատը վարում է Մոսկվայից ժամանած դատական եռյակը: Դատավոր Նովիկովը ներկայացնում է Աճառյանի մեղադրանքները` նացիոնալիզմ, անգլիամոլություն, լրտեսություն, համալսարանում դաշնակցական խմբակի ղեկավարում, Հայաստանը Ռուսաստանից անջատվելու և միևնույն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միացնելու կողմնակից, լեզվաբանությունից մարքսիստական ուսմունքը դուրս վանելու գաղափարախոս և այլ անհիմն մեղադրանքներ:
Դատավորի այն հարցին, թե լեզվաբանը ինչու է անգլերենը ռուսերենից ավելի շատ սիրում, Աճառյանը պատասխանել է, թե անգլերենի քերականությունը հեշտ է, 300 բառ իմացողը կարող է ճառ արտասանել, մինչդեռ ռուսաց լեզվի քերականությունը շատ դժվար է նույնիսկ ռուսների համար: Իսկ «նացիոնալիստ» բառի կապակցությամբ ասել է. «Ես սիրում եմ իմ ազգը` առանց ատելու մյուս ազգերը: Մենք փոքր ազգ ենք. եթե հայերը ազգասեր չլինեին, հայ ազգը այդքան դարեր չէր կարող պահպանել իր գոյությունը»:
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ՄԱՍԻՆ
20 ՄրտԻմ առջև են դրված Հայ հայի հատորները: Նա գլուխը կախ, ամբողջ իր կյանքի ընթացքում հավաքում էր հայերեն բառեր: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով… Այդ հարցը մի այլ ոքի մեջ կարող է ծագել, բայց ոչ Հայ հայի: Ու նրան չտատանեց նաև այն, որ 37 թվականին երկու հայ` համազգեստավոր սևահեր հայն ու շիկահեր հայը, ծխախոտ էին հանգցնում նրա ճակատի վրա` մոխրաման դարձնելով ազնվաշուք գլուխը: Նա շարունակում էր առանձնացնել տառերը` որպես ինքնուրույն քանդակներ, ուրվագծային գլուխգործոցներ, ապա միացնում տարբեր արմատներով ու ածանցներով: Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը: Այդ տառերն ու բառերը նկարագրությունն էին այն խոչ ու խութ արահետի, որ տանում էր իր կյանքի հազարամյակների սկիզբը, ու էլի նրա նախագո ծայրը գնում արմատանում էր Աստվածների մոտ: Ու Հայ հայը ոչ թե հիսուն տարեկան էր այդժամ, այլ մշտամնա ոգու տերը…
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ