Tag Archives: Հռոմի պապ

Շատ լավ է, որ հայ հոգևորականները նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը. Հովիկ Չարխչյան

6 Հլս

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ Հովիկ Չարխչյանը:
— Պարոն Չարխչյան, օրերս Հայաստանում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հայ հասարակությանը զարմացրեց իր համեստ կեցվածքով: Այսօր մեր հոգևոր բարձրաստիճան հայրերը նման համեստություն չունեն: Ի՞նչ եք կարծում՝ այցից հետո մեզ մոտ որոշակի փոփոխություն կլինի՝ հաշվի առնելով այն, որ տեսանելի էր՝ ժողովրդի համար Հռոմի պապի կերպարն ավելի ընդունելի էր:

— Հռոմի պապը բավականին խելացի մարդ է, և նա ոչ միայն պարզապես իր համեստ կեցվածքն, իր էությունն ու ապրելակերպը ցույց տվեց, այլ մեսիջներ հաղորդեց: Նա այնքան խելացի է, որ նրա ցանկացած արարքի մեջ որոշակի հաղորդագրություն պետք է տեսնեն բոլոր նրանք, ովքեր ապրում են այլ արժեքներով ու չափանիշներով: Պատահական չէ, որ Հռոմի պապը հատկապես Հայաստանում այդպիսի կեցվածքով հանդես եկավ, որովհետև, եթե մենք հետևում ենք Հռոմի պապի` այլ երկրներ կատարած այցերը, ապա կտեսնենք, որ շատ տեղերում նա խիստ ընդգծված համեստություն չի ունեցել: Հայաստանում այս ամենը խիստ նպատակային էր, և դեռ չեմ խոսում նրա ելույթներում հնչած որոշ դիտողությունների մասին, որոնք կոդավորված մեսիջներ էին: Կարծում եմ՝ նա մինչև ՀՀ տեղափոխվելը բավականին տեղեկացված է եղել մեր երկրում տիրող բարքերի, հատկապես հոգևորականության շրջանում ու իշխող շքեղ ապրելակերպի մասին: Ժողովուրդը, որը որոշ դեպքերում գուցե հակում ունի իրավիճակը ծայրահեղացնելու և խստացնելու, ամեն դեպքում Հռոմի պապի այցին շատ ճիշտ գնահատական տվեց և հասկացավ այն, ինչ նրան մատուցվեց: Մեր իշխանավորներն ու հոգևորականները պետք է հասկանան, որ մարդու հարստությունը նրա ունեցվածքի մեջ չէ, այլ նրա էության մեջ է, իսկ խելացի, հարուստ մարդիկ երբեք ցուցամոլությամբ աչքի չեն ընկնում: Հռոմի պապի այցը մեզ համար բարոյականության մեծ դաս էր, և մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե հանրության մեջ սոցիալական խզվածքը որքան խորն է, մարդկային նկարագիրների մեջ ճեղքվածքը որքան խորն է և վաղուց ժամանակն է մտածել հարթեցման մասին, որպեսզի լինի այնպիսի հասարակություն, որտեղ կգնահատվի աշխատող մարդը, ոչ թե գրպանի պարունակությունը:

— Խոսեցիք Հռոմի պապի կեցվածքի ու ելույթների մեսիջների մասին: Ի՞նչ մեսիջների մասին է խոսքը:

— Հռոմի պապն անընդհատ շեշտադրումներ էր անում այն հանգամանքի վրա, որ մենք բիբլիական ազգ ենք, որ մեզնից է ծնունդ առել քրիստոնեությունը, որ մենք քրիստոնեության համար կղզյակ ենք: Այս ամենը նշանակում է, և նա շեշտում էր, որ մենք նաև պարտավոր ենք լինենք քրիստոնեական արժեքների պահպանողները: Պապը նշում էր, որ եթե մենք մեզ համարում ենք այս իմաստով եզակի, ուրեմն՝ պետք է բարի լինենք և եզակի լինենք նաև մյուս առումներով և չի կարելի միայն հղում անել պատմական փաստերին: Այս իմաստով մերոնք պետք է հասկանային, թե ինչո՞ւ էր միշտ նույն բանը թիրախավորվում: Մյուս կողմից, երբ Հռոմի պապը խոսում էր Ցեղասպանության մասին, նա մեզ զոհի կարգավիճակում չէր տեսնում, նա չէր ուզում, որ մենք հիվանդանանք այդ ախտով, թե մենք կոտորված և ջարդված ենք: Հռոմի պապը շեշտելով ասում էր, որ տեսեք` դուք այդքան զրկանք կրած ժողովուրդ եք, բայց այդ տառապանքը պետք է Ձեզ կոփած լինի, եթե դուք հաղթահարել եք նման փորձություններն, ապա բարի եղեք լինել տեր ձեր կրած տառապանքին, այսինքն՝ այնքան լավը լինեք, որ ձեր լավ հատկանիշները հատուցում լինի ձեր կրած զրկանքներին:

— Հռոմի պապի այցելության օրերին և դրանից առաջ էլ, անգամ սոցիալական ցանցերն էին ողողված Հռոմի պապի արտահայտած մտքերով: Ցիտում էին նույնիսկ քարոզից խոսքեր: Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հայ հասարակությունը կցիտի իր հոգևորականի խոսքերը:

— Ես հավատում եմ, որ կգան այդ ժամանակները, քանի որ մեր պատմության մեջ նման բան եղել է: Մենք իսկապես ունեցել են մեծ հոգևորականներ՝ Խրիմյան Հայրիկ, Վազգեն Առաջին և այլոք, որոնք մեր համար հոգևոր առաջնորդներ են եղել, իսկ նրանց խոսքը մեզ համար իրոք արժեքավոր էր: Մարդիկ իրենց վերաբերմունքով ապացուցեցին և հայտարարեցին, որ բավական է և իրենց պետք է ասել ոչ միայն խելացի խոսք, այլ նաև անկեղծ խոսք: Մեր հոգևորականությունը գուցե իր ելույթներում վեհ բաների մասին է խոսում, բաց նրանց խոսքերը չեն ցիտվում ու տարածվում, քանի որ մարդիկ կարիք ունեն երկխոսության այնպիսի մեկի հետ, ով իրենց հետ անկեղծ է մինչև վերջ, ով իրենց հետ դառը ճշմարտությունների մասին կխոսի: Այս իմաստով, այո, մեր հոգևորականները կարիք ունենք իրենց ասելիքը վերաձևակերպելու և համապատասխանեցնելու իրենց էությանը, քանի որ նախ պետք է փոխել էությունը, հետո նոր բառերի դասավորությունը: Բառերի թիկունքում անպայման պետք է կանգնած լինեն արարքները և այն արարքները, որոնք գնահատավում են:

— Տեսակետ կա, որ մեր Հայ Առաքելական եկեղեցում նույնպես կան իսկապես հարգանքի արժանի հոգևորականներ, սակայն ընդհանուր համակարգն այնպիսին է, որ մենք նրանց չենք ճանաչում, քանի որ կտրված է եկեղեցի-հասարակություն կապը: Այսօր ոչ թե ցանկանում ենք հարգել այս կամ այն հոգևորականին, այլ պարտավոր ենք հարգել:

— Իսկապես կան հարգանքի արժանի հոգևորականներ, և ես գնահատում եմ նրանց գործունեությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք՝ իբրև հոգևոր հոտի անդամներ, եկեղեցին գնահատում ենք իր ամբողջության մեջ, որովհետև մարդուն դու կարող ես անհատապես արժևորել, բայց դու նրան պետք է դիտարկես այն համակարգի մեջ, որում գործում է: Նույնն իշխանության մեջ է, քանի որ իշխանության մեջ կան ազնիվ չինովնիկներ, բայց երբ իշխանական ամբողջ համակարգն աղճատված վիճակում է գտնվում, մեր վերաբերմունքն էլ անուղղակի տարածվում է մյուսների վրա: Պարկեշտ հոգևորականները ներսում կարող են ինչ-որ բան փոխել, եթե ունենան ժողովրդի մեծ աջակցությունը: Բացի դա, մենք մեր եկեղեցուն վերաբերում ենք որպես մեր մշակույթի ու հազարամյա պատմության անբաժանելի ներկայացուցիչ և մեր կապը եկեղեցու հետ կապված է ժամանակային ու տարածական ժառանագությամբ: Մենք մի կողմից սիրում, հարգում և գնահատում ենք մեր եկեղեցին, իսկ մյուս կողմից՝ շատ խիստ պահանջներ ենք ներկայացնում, որովհետև ուզում ենք, որ այն, ինչ որ մերն է, լինի լավագույնը: Սրա մեջ որևէ վատ բան չկա, թեև մեր հոգևորականները շատ են նեղվում իրենց հասցեին հնչող քննադատություններից՝ մոռանալով, որ իրենք այդ հազարամյա մշակույթի կրողներն են և իրենք պարտավոր են ոչ թե լավը լինելու, այլ շատ լավը լինելու, քանի որ իրենց թիկունքում գտնվող պատմական ժառանգությունը դա է թելադրում: Հոգևորականներին պետք է հասկացնել, որ իրենց կրած համազգեստի տակ ահռելի մշակույթ է թաքնված, ուրեմն՝ նրանք պետք է բարի լինեն պատվով կրել այդ համազգեստը, բարի լինեն հոգևոր տաճարը պահեն մաքուր ու ազնիվ, իսկ եթե ի վիճակի չեն, ապա գնան, այլ բանով զբաղվեն: Հռոմի պապի այցը մենք իդեալականացրեցինք, քանի որ կարիք ունենք անկեղծ մարդկանց հետ շփման:

— Հռոմի պապի այցելությունից հետո որոշ քահանաներ հարցազրույցներ տվեցին, որոնցում Ձեր ասած առողջ քննադատություն ընդունելը չերևաց: Հակառակը` նրանք հայ հասարակությանն օտարամոլ անվանեցին: Փաստացի մեր եկեղեցին առողջ քննդատություն ընդունելու և հասարակություն-եկեղեցի կապն ամրապնդելու փոխարեն, մեզ օտարամոլ է անվանում:

— Միանշանակ պետք է ասեմ, որ որևէ օտարամոլության մասին խոսք լինել չի կարող, թեպետ, շատ լավ է, որ իրենք այդպես են արձագանքել, քանի որ դա նշանակում է, որ նկատել են եկած հյուրի և իրենց տարբերությունը: Հասկացան, թե ինչպես է պատահում, որ ժողովուրդը հոգևորականին կարող է ընդունել, իսկ մի այլ հոգևորականից երես թեքել, այսինքն՝ մատը դրվել է ցավոտ վերքի վրա և այդ ցավը նրանց ստիպել է խոսել ու բարձրաձայնել այդ երևույթի մասին, սակայն վստահ եմ, որ հոգևորականները իրենց ներսում հետևություններ արել են: Պարզ է, որ օտարամոլության մասին խոսք չկա, ի՞նչ է` մենք բոլոր դրսից եկած հոգևորականին ընդունելու ենք, բնականաբար, ոչ: Նույն բանը ժամանակին կար գրական միջավայրում, երբ դրսից գրող էր գալիս ու մեր մոտ ջերմ ընդունում էին, հայ գրողները սկսում էին խանդով վերաբերվել: Մենք պատասխանում էինք, որ դուք էլ լավ գրեք ու ձեզ էլ լավ կընդունեն, ո՞վ է մեղավոր: Մեր երկիր շատ օտար մարդիկ են գալիս ու գնում, մեծ ու փոքր մարդիկ են լինում, հակառակը որոշ հյուրերի համար մենք մեր երկիրը փակում ենք: Մեր հոգևորականները պետք է տեսնեին, որ մենք շատ դառը խոսքեր ասացին ու մեր երկրի դռները փակեցին ուրիշ հայ հոգևորականի առաջ՝ Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու սրանից էլ պետք է հետևություններ անեին: Եթե զուգահեռներ անցկացնեն, ապա հետաքրքիր եզրահանգման կգան:

— Կարո՞ղ ենք փաստել, որ հայ հասարակությունը հեռացել է ոչ թե հավատքից կամ Հայ Առաքելական եկեղեցուց, այլ պարզապես ցանկանում է տեսել այլ եկեղեցի ու հոգևորական:

— Հայերը չեն հեռացել ու նույնիսկ Հռոմի պապը շեշտեց, որ մենք երբեք կրոնին չենք վերաբերվել որպես մի հագուստի, որը կարող են հանել ու հագնել: Մեր ներսում, մեր արյան բաղադրության մեջ շատ խորը նստած է հարգանքը եկեղեցու ու հավատցյալների նկատմամբ: Այստեղ մենք պարզապես խոսում ենք արժեքների վերաիմաստավորման վերաբերյալ մեր տեսակետի մասին, ու մենք ասում ենք, որ բարի եղեք արժանի լինել նրան, ինչը ձեզ է վստահվել երկրի ու երկնքի կողմից: Եթե արժանի չեք, ապա միշտ մեր կողմից արժանանալու են հանդիմանանքի: Իզուր են մեր հոգևորականները հիվանդագին ընդունում հայ հասարակության քննադատությունը, նրանք հակառակը, գոնե, պատճառների մասին պետք է մտածեն, թե ինչո՞ւ մի ժողովուրդ, որ մեծ հարգանք ուներ և ունի եկեղեցու նկատմամբ, սկսել է դժգոհել իր հոգևորականներից: Թող գնան ու հատիկ-հատիկ շարեն իրենց հոգևորականներին և հասկանան, թե ինչպիսի՞ կենցաղով, առօրյայով ու բարքով են ապրում, արդյո՞ք նրանց ապրելակերպը համապատասխան է այն արժեքներին, որ նրանք քարոզում են եկեղեցում:

Հարցազրույցը՝ Անի Արամիh

ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

24 Մյս

2001-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը եկել էր Հայաստան: Ու քանի որ ամեն օր չէ, որ մեզ մոտ Հռոմի Պապ է գալիս, ես էլ որոշեցի նրան տեսնել: Լսել էի, որ պիտի էկումենիկ պատարագ մատուցի մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ տաճարում: Գնացի այնտեղ, բայց հենց տեղ հասա, հասկացա, որ Պապ տեսնելը բացառվում է: Հսկայական բացմությունը ողողել էր քաղաքի կենտրոնը, անթիվ-անհամար ոստիկանների կենդանի բարիկադներն ի չիք էին դարձնում սուրբ մարդու հետ տարածական շփման բոլոր հնարավորությունները:
Չէի ասի, թե մեծ վիշտ ապրեցի: Ընդամենը ափսոսացի, որ չեմ տեսնելու և քանի որ ազատ ժամանակ ունեի, Օղակաձև զբոսայգով քայլեցի մինչև Ռադիոտուն: Այստեղ, մայթեզրի մոտ մի սրճարան կար: Նստեցի, սուրճ պատվիրեցի ու դիտում էի փողոցի երթևեկը: Եվ հենց այդ ժամանակ աչքս ընկավ խաչմերուկին կանգնած մի շքեղ մեքենա, որ սպասում էր լուսացույցի կանաչ լույսին: Հետևի ապակին մի փոքր իջեցված էր: Նայեցի ու քար կտրեցի: Հռոմի Պապն էր: Ինձնից ընդամենը մի քանի քայլ այն կողմ: Ինքն էլ դեպի այգի էր նայում:
Այդպես նայեցինք իրար, հետո ճանապարհը բացվեց, մեքենան թեքվեց դեպի աջ ու գնաց եկեղեցի: Իսկ ես խմեցի սուրճս և սևեռվեցի այն մտքի վրա, որ եթե մի բան վիճակված է, ուրեմն անպայման կկատարվի: Նույնիսկ Երևանի Օղակաձև զբոսայգում:

Հովիկ Չարխչյանpapa.jpg

ՀԱՅԸ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԴԱՌՆԱԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ

10 Նյմ

Եկեղեցու հազարամյակների պատմությունը, ցավոք, միայն աստվածահաճո դեպքերի ժամանակագրություն չէ:Բազմաթիվ են թե՛ ճակատագրական շրջադարձերը, թե՛ տխուր միջադեպերը: Ժամանակի մեջ դրանցից որոշներիհետ հաշտվում ենք, որոշները նոր հայացքով դիտարկվելու անհրաժեշտությունն են պարտադրում, իսկ այնդրվագները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են մեր ժողովրդի պատմության հետ, դառնում են առանցքայինհայեցողության առարկա:
Համանման մի փաստ էլ կա, որ շատերն արդեն մոռացել են, իսկ ոմանց նույնիսկ կարող է թվալ, թե դա ընդամենը գեղեցիկ լեգենդ-հորինվածք է, որ ծնունդ է առել մեր ազգային սնապարծությունը շոյելու համար: Մինչդեռ ասվածն իրողություն է, և պատմությունն էլ այն մասին է, թե ինչպես հայ հոգևորականը կարող էր դառնալ Հռոմի պապ, եթե…
Պապական ընտրություններում քաղաքական ուժերի միջամտության անհաշիվ փոքր ու մեծ դեպքեր են հայտնի: Սակայն 1963թ. նույնատիպ մի հարված ստիպված էր իր վրա ընդունել ակնառու հոգևորական, մեր հայրենակից կարդինալ Աղաջանյանը: Լինելով պապական գահի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ պապընտիր վեհաժողովի գումարումից հաշված օրեր առաջ նա զոհ գնաց հստակ ծրագրված և իրականացված մի դավադրության, որի ներշնչողն ու իրականացնողը դարձավ իտալական ռազմական գաղտնի գործակալությունը՝ «Սաֆարը»: Այն տարիներին քչերն իմացան ճշմարտությունը: Այդ լռությունը երկարեց ավելի քան 30 տարի, մինչև որ 1990-ականների կեսերին, ի վերջո, հրապարակ հանվեցին այդ ցավալի պատմության գաղտնի մանրամասներն ամփոփող փաստաթղթերը: Այժմ 25 էջից և 4 պրակից կազմված այդ թղթապանակը հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո դիտել 1963թ. հունիսյան դեպքերը, որոնց արդյունքում Վատիկանի քահանայապետ ընտրվեց Պողոս Զ-ն, իսկ կարդինալ Աղաջանյանն ու նրա քույրը հռչակվեցին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի գործակալներ:
Սակայն նախ այն մասին, թե ով էր Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը: Աշխարհիկ անունով Ղազարոսը ծնվել էր 1895թ. սեպտեմբերի 18-ին Կարինից Ջավախք գաղթած հայ շինականի ընտանիքում: Վաղ տարիքից սովորել էր տեղի ծխական դպրոցում, իսկ 1906թ. Կովկասի հայ կաթոլիկական առաքելությունների հոգևոր կառավարիչը 11-ամյա երեխային ուղարկում է Հռոմ՝ ուսումը շարունակելու Ուրբանյան ուսումնարանում: Փայլուն առաջադիմությամբ ավարտելով այդ հաստատությունը՝ Ղազարոսն այնուհետև ընդունվում է համալսարան՝ հատկապես մեծ առաջադիմություն հանդես բերելով փիլիսոփայության և աստվածաբանության բնագավառում: 1917թ. նա ձեռնադրվում է քահանա՝ առնելով Ֆրանչեսկոս անունը: Երկու տարի անց ստանում է քաղաքական և եկեղեցական իրավունքի մասնագետի վկայական: Նույն թվին վերադառնում է Կովկաս, ծառայության է անցնում Թիֆլիսի Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում: Բայց երկար մնալ չի հաջողվում: 1921թ. նրան հրավիրում և նշանակում են Հռոմի Լևոնյան վարժարանի փոխտնօրեն: Երկարամյա աշխատանքն ու նվիրումը 1937-ին տալիս են իրենց պտուղները: Ֆրանչեսկոս Աղաջանյանն ընտրվում է հայ կաթոլիկների կաթողիկոս և ընդունում է Գրիգոր անունը: Պիտի պահանջվեր ևս 9 տարի, որպեսզի նրան շնորհվեր ծիրանագույն գլխարկ՝ դարձնելով տիտղոսական կարդինալ: 1955-ին Պիոս ԺԲ պապը նրան նշանակում է Արևելյան Եկեղեցու Կանոնգիրը կազմող հանձնաժողովի նախագահ: 1958թ. ստանում է Հավատի տարածման ժողովի վարիչի պաշտոնը: Հայրապետական պարտականությունների համատեղումն իրեն վստահված մյուս պաշտոնների հետ հեշտ չէր, սակայն Աղաջանյանն անմռունչ կրում է լուծը՝ երբեք չմոռանալով իր ժողովրդին, նրան հուզող խնդիրներն ու հոգսերը: Այդպես շարունակվեց մինչև 1963 թվականը:
Նոր էր վախճանվել Հովհաննես 13-րդ պապը, և 80 ծիրանավորներ պատրաստվում էին առաջնորդ ընտրել: Հենց այդ պահին էլ ծրագրվեց այն դավադրությունը, որը մեկ հիմնական նպատակ ուներ՝ մրցությունից դուրս թողնել մեծ հեղինակություն վայելող հայազգի կարդինալին, բոլոր միջոցներով խոչընդոտել նրա վերելքը: Իսկ ի՞նչը կարող էր ավելի դյուրին լինել, քան զրպարտությունը: Եվ այդ «բացահայտման» գործողության իրականացումը ստանձնեց գեներալ Ջիովանի դը Լորենցոյի հավատարմատար ոմն Էջիտո Վիջիանին:
Շատ կարճ ժամանակում Վատիկանում շրջանառության մեջ դրվեց վերոհիշյալ թղթածրարը՝ նպատակ ունենալով վարկաբեկման ճանապարհով արգելք հանդիսանալ Աղաջանյանի հավանական ընտրությանը, ինչպես նաև այդ պատրվակով մեղադրել նրա քրոջը՝ Էլիզաբեթա Պապիկովնային՝ Հռոմի խորհրդային դեսպանատան աշխատակիցների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:
Պետք է ասել, որ դավադիրներին լուրջ անհանգստության տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախորդ ընտրությունների ժամանակ՝ 1958թ. հոկտեմբերին, հայազգի կարդինալը ստացել էր մեծ թվով ձայներ: Ինչպես ավելի ուշ խոստովանել էր Ռոնքալլի պապը (նույն ինքը՝ Հովհաննես 13-րդը) հայկական վարժարաններից մեկը կատարած այցելության ժամանակ, դա լուրջ մրցակցություն էր: «Գիտե՞ք,- ասել էր նա,- որ ձեր կարդինալը և ես հոկտեմբերի ընտրություններին գրեթե հավասար էինք: Մեր անուններն իրար էին հաջորդում, մեկը՝ վեր, մյուսը՝ վար, եռացող ջրի մեջ նետված սիսեռահատիկների նման»:
Հովհաննես 13-րդ պապը մահացավ 1963-ի հունիսին: Ծիրանավորների մի մասը հարմար էր գտնում Միլանի արքեպիսկոպոս Հովհաննես Մկրտիչ Մոնթինիի թեկնածությունը, այնինչ բոլոր նրանք, ովքեր հինգ տարի առաջ մասնակցել էին ընտրություններին, չէին մոռացել իտալական հպատակություն ստացած, ծագումով հայ կարդինալին և լրջորեն մտադիր էին իրենց քվեն տալ հենց նրան: Վերջիններս մատնանշում էին Աղաջանյանի բնատուր խելքն ու կարողությունները, մի շարք օտար լեզուների իմացությունը և այլն: Ընտրության հավանականությունն իսկապես մեծ էր: Հենց դա էլ լուրջ մտավախության առիթ դարձավ հակառակ թևի համար: Ի վերջո, նրանք վճռեցին ապավինել փորձված միջոցին՝ հղանալով և իրագործելով հայտնի դավադրությունը: Այն օրերին, երբ աշխարհի վրա իշխում էր սառը պատերազմի վտանգը և ծանրորեն կախված էր «երկաթյա վարագույրը», ի՞նչը կարող էր ավելի մեծ տպավորություն թողնել, քան շշուկներն այն մասին, թե իբր Աղաջանյանի ընտրության դեպքում իրական է դառնում սովետների երկրի ճնշումը կաթոլիկ եկեղեցու վրա: Իսկ գաղտնի ծառայության մասնակցությունն էլ ավելի խորհրդավոր ու տագնապալի շունչ էր հաղորդելու այդ լուրերին՝ միաժամանակ ստեղծելով հավաստիության պատրանք:
Ասես անհարմար դիպվածով ճիշտ այդ օրերին Աղաջանյանը հյուրընկալեց քրոջը: Կարդինալի քույրը՝ Էլիզաբեթա Պապիկովնան, նույնպես ծնվել էր Ջավախքում, Խորհրդային Միության քաղաքացի էր, և 71-ամյա կինն այդ շրջանում որոշեց երկարաձգել Իտալիայում ապրելու իրավունքը: Գաղտնի ոստիկանությունը հենց դրան էլ սպասում էր: Իսկույն սկիզբ առան շուրջօրյա հետապնդումները: Ողջ օրը հսկողություն սահմանելով նրա ամեն մի քայլի վրա՝ վերադասներին հղված տեղեկագրերում «հսկիչները» պատմում էին Էլիզաբեթա Պապիկովնայի յուրաքանչյուր արարքը: Ահա մի քանի հատված այդ զեկուցագրերից. «Ամսի 6-ին, 7-ին և 8-ին նա դուրս չի եկել հայկական վարժարանից», կամ՝ «Ամսի 8-ի կեսօրից հետո նրան այցելեց եղբայրը՝ կարդինալ Աղաջանյանը «Ռոմա» 282950 համարանիշը կրող «Ֆիատ 1400» մակնիշի ավտոմեքենայով, որը պատկանում է «Մեձանուրե Ջորջիո» ընկերության սեփականատիրոջը՝ ծնված 1929թ. ապրիլի 1-ին, Հռոմում, հասցեն՝ Վիա Քուաթրո Վենտի 96…» և այլն: Հսկողության թիրախ դարձավ նաև հայազգի բժիշկ Մկրտիչ Հեպոյանը, որը Պապիկովնայի մտերիմներից էր: «Հեպոյանը ծնվել է Պոլսում և 1935թ. ի վեր հաստատվել է Հռոմում: Իր բնակարանին կից ունի բուժարան և լաբորատորիա, ինչպես նաև մեծ թվով հաճախորդներ: Հակառակ այն բանին, որ չի բացահայտում իր քաղաքական հակումները, համարվում է կարգապահ կուսակցությունների համակիր»,- նշվում էր գաղտնի զեկուցագրերից մեկում: Բժիշկը հունիսի 9-ին այցելում է Էլիզաբեթային և վերջինիս հրավիրում իր ընտանիքի հետ զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Այդ օրվա գաղտնի գործակալների ավարը 9 լուսանկարներն էին, որոնք կցվում են «գործին»: Նախանձելի ջանասիրությամբ «Սաֆար»-ի աշխատակիցները հսկայական ճիգեր ու միջոցներ էին վատնել, որպեսզի կարողանան ընդամենը տեղեկացնել այն մասին, թե «Ռոմա 277976» համարանիշով «Լանսիա Ափիա» մակնիշի ավտոմեքենայով հայ կարդինալի տարեց քույրը մեկնել էր Լատինա փոքրիկ բնակավայր… զբոսնելու:
Անվերջ ու ապարդյուն դեգերումներից հուսահատված՝ սաֆարականների համբերության բաժակը ուր որ է պիտի լցվեր, երբ ի վերջո ներկայացավ ցանկալի պատրվակը: Հունիսի 10-ին ներկայացված զեկուցագրում այդ հատվածն ընդգծված է կարմիր թանաքով. «Հունիսի 10-ին, մոտ ժամը 16-ին Էլիզաբեթան հայկական վարժարանում ընդունեց Խորհրդային տեղական դեսպանատան առաջին քարտուղար Գուրգեն Ա-ին: Գուրգենը իտալական գաղտնի ծառայությանը հայտնի է որպես ռուսական գաղտնի գործակալության Իտալիայի խմբի անդամ: Նա վարժարան է հասել իր անունով գրանցված «Ռոմա 346519» համարանիշը կրող «Ֆիատ 1400-ՊԷ» ավտոմեքենայով»: Ոստիկանությունն արձանագրել էր նաև, որ երբ ժամը 17-ին Գուրգենը մեկնում էր վարժարանից, Սան Նիկոլա դա Տոլանտինո փողոցում գտնվող հեռախոսախցիկից զանգ է տալիս, իսկ հետո նույն մեքենայով հեռանում է Վիա Վենետոյի ուղղությամբ:
Մի՞թե իսկապես Էլիզաբեթա Պապիկովնան կարող էր լինել ՊԱԿ-ի գործակալ: Անշուշտ, ոչ: Գոնե նրա անձի հետ կապված որևէ նմանօրինակ փաստ գոյություն չունի: Իսկ դեսպանատան աշխատակիցներից մեկի քաղաքավարական այցելությունն ընդունելը դեռևս հանցանք համարել չի կարելի, առավել ևս, որ երկուսն էլ հայեր էին և այդ հանդիպումն օտարության մեջ գտնվող հայրենակիցների տեսակցությունից ավելին լինել չէր կարող: Բացի այդ, Էլիզաբեթա Պապիկովնան այսպես թե այնպես պարտավոր էր Հռոմում իր ներկայության մասին տեղեկացնել ու արձանագրվել խորհրդային դեսպանատանը:
Սակայն ո՞ւմ էր դա հետաքրքիր: Շատ արագ դեպքերի անմեղ զուգադիպությամբ կատարվածը բոլորովին այլ մեկնաբանությամբ և փաստաթղթի տեսքով հասավ Վատիկան և անցավ կարդինալների ձեռքը: Կոմունիզմի ուրվականից մահու չափ վախեցող և Սիքստինյան սրբությունները պիղծ ձեռքերից հեռու պահող հոգևորականները դրանից հետո պատրաստ էին նույնիսկ իրենց խղճի դեմ դուրս գալ, միայն թե կանխվեր ՊԱԿ-ի «գրեթե գործակալի» ներկայությունը Պետրոսի գահին:
Այդպես էլ եղավ: Հունիսի 30-ի առավոտյան Հռոմի պապ հռչակվեց Մոնթինին: Երբ ավելի ուշ զրպարտանքի լուրը հասավ նաև կարդինալ Աղաջանյանին, եղածը խոր ցավ ու վիրավորվածություն պատճառեց նրան: Միայն թե այլևս ոչինչ հնարավոր չէր շտկել: Այն, ինչ կատարվեց դրանից հետո, նույնպես մխիթարություն չէր: Ուղիղ մեկ տարի անց գաղտնի գործակալության ղեկավար գեներալ դը Լորենցոն մեղադրվեց հակապետական գործողությունների համար: Իսկ 1968թ. Ալդո Բեռլքինիի գլխավորած քննչական հանձնաժողովը, մեկնաբանելով անվտանգության մարմինների այդ դավադրությունը, նշեց. «1962թ. հետո հստակորեն նշմարելի է այնպիսի տեղեկությունների փնտրտուք, որոնք կարող են վնասել այն անձին, որին առնչվում են և դրանով իսկ կարող են ահաբեկչության միջոց հանդիսանալ: Նկատելի է նաև հավաքված տեղեկություններն այլակերպելու հակում, միայն թե ձեռք բերվի ակնկալված տհաճ տպավորությունը»:
Գալով կարդինալին՝ ասենք, որ դեռևս 1962թ. օգոստոսից Աղաջանյանը հրաժարական էր տվել կաթողիկոսությունից՝ մնալով միայն Լևոնյան վարժարանի ուսուցչապետ: Իր հրաժարական նամակում նա մասնավորապես գրում էր. «Թեև չունինք այլևս պատրիարքության անմիջական պատասխանատվությունը, սակայն անփոփոխ կը մնան մեր սէրն ու փարումը մեր պատուական հասարակութեան և նահատակ Ազգին հանդէպ, և կամքը անոնց ծառայելուն…»: 1970թ. Աղաջանյանը հրաժարվում է նաև Հավատի տարածման ժողովի մեջ իրեն վստահված պաշտոնից՝ ելնելով իր վատթարացող առողջական վիճակից:
Միակ հայ կարդինալը վախճանվեց 1971թ. մայիսի 16-ին՝ մրմնջալով հետևյալ բառերը. «Բարիքներ կտեսնեմ…»: Երջանկահիշատակ Գրիգոր-Պետրոս ԺԵ Աղաջանյան կաթողիկոսի մարմինն այժմ հանգչում է Լևոնյան վարժարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի դամբարանում:
Իսկ Էլիզաբեթա Պապիկովնա՞ն: Այն բանից հետո, երբ Վրաստանում վախճանվեց ամուսինը և բոլորովին մենակ մնաց, հասակն առած կինը դարձյալ վերադարձավ Հռոմ՝ եղբոր մոտ: Նա էլ շատ երկար չապրեց: Պատմում են, որ կյանքի վերջում, երբ նրան ճանաչողները հարցնում էին, թե իսկապես ունեցել է կապեր ՊԱԿ-ի հետ, պատասխանը հեգնական ու տխուր ժպիտն էր լինում: Ով՝ ով, բայց հարազատ քույրը բոլորից լավ գիտեր, թե ինչու իր եղբայր Ղազարոսն այդպես էլ չդարձավ կաթոլիկ աշխարհի առաջնորդ…

ԱՆԻ ԵՍԱՅԱՆ

%d bloggers like this: