Tag Archives: ՀՊՃՀ

Օշոյի պայծառակերպ հայտնությունը ՀՊՃՀ-ում

8 Փտր

Պարադոքսալ վիճակ է ստեղծվել մեր երկրում: Մի կողմից այնպիսի տպավորություն կա, թե իշխանությունը, հասարակությունը, եկեղեցին ձեռք ձեռքի տված միասնական ջանքերով պայքարում են ամեն կարգի օտարամուտ աղանդների դեմ, մյուս կողմից՝ այդ նույն աղանդներն այնքան անկաշկանդ ու առատորեն են բազմանում, որ կարծես մի աներևույթ ու հզոր ձեռք խնամում և սնուցում է պարարտ հող գտած նրանց սերմերը: Թե հատկապես ո՞վ է թերանում իր պայքարում կամ ո՞վ է կեղծում իր հետևողականությունը, սա այլ խոսակցության նյութ է: Փաստն այն է, որ դեռ մեկի նետած ցանցից գլուխներս չազատած՝ հայտնվում ենք մեկ ուրիշի լարած ծուղակում՝ առանձնապես չտարբերակելով դրանք, իսկ շատ դեպքերում նույնիսկ չհասկանալով՝ վերջինների քարոզած «ուսմունքների» ու գաղափարների իմաստը: Ահա հենց այդպիսի անըմբռնելի հոսանքներից մեկն էլ, որ հիմա պատրաստվում է «առողջացնել» Հայաստանի հոգևոր միտքը, Օշո աղանդն է: Երևանի մի քանի գրախանութներում ներկա պահին կարելի է տեսնել հիշյալ աղանդի քարոզիչների գրքերի ազատ վաճառքը: Բայց ամենահետաքրքրականն, անշուշտ, պատմությունն է այն մասին, թե ինչպես Օշոյի հետ առնչվեց Երևանի Ճարտարագիտական համալսարանի անունը:
Սկզբում լուրերն էին այն մասին, թե իբր համալսարանում որոշ դասախոսներ իրենց դասերը ծառայեցնում են Օշոյի գաղափարների տարածման համար: Այնուհետև անուններ հնչեցին, որոնց շարքում ամենաակտիվը համարվեց ազգությամբ ռուս Լյուդմիլա Կրյուկովան: Խոսում էին, թե նա ՀՊՃՀ-ում ռուսաց լեզու և գրականություն է դասավանդում և բոլորովին էլ չի թաքցնում իր բուն մտադրություններն ու հիմնական զբաղմունքը: Նույն կերպ պիտի դժվարանանք հաստատել այն տեղեկությունների հավաստիությունը, համաձայն որոնց Հնդկաստանից Հայաստան ժամանող քարոզիչները հաճույքով այցի էին գալիս համալսարան և անում հնարավոր ամեն բան, որ տիկին Լյուդմիլան և նրա հետևորդները որևէ խնդիր չունենան:
Ոմանք պատմում են, որ թեև քարոզչական գործունեությունը ծավալվում էր դասախոսական կազմի լուռ հանդուրժողականության պայմաններում, սակայն բոլոր այն դեպքերում, երբ Օշոականները փոքր-ինչ ավելին էին պահանջում, բուհն անմիջապես նրանց հիշեցնում ու ցույց էր տալիս սահմանները: Օրինակ, երբ անհրաժեշտ է եղել բուհի դահլիճն օգտագործել լայնածավալ «ուղեղների լվացման» համար, ռեկտորատը կտրականապես դա մերժել է. «Քարոզիր, բայց չափդ մի կորցրու»: Այլ կերպ ասած՝ մեզ հարվածի տակ մի դիր, գնա, որևէ հյուրանոցում տարածք վարձիր ու արա այնտեղ՝ ինչ խելքիդ կփչի: Մի խոսքով, անչափ օրինապահ ենք, աղանդներին մեզ մոտից կվտարենք, իսկ հարևան բակում՝ թեկուզ ջրհեղեղ:
Այսօր, երբ հիշյալ պատմությունը ջրի երես է դուրս եկել, ՀՊՃՀ-ում խիստ են տագնապած: Սակայն նրանց անհանգստությունը կարծես թե այնքան էլ չի առնչվում բուհի վարկաբեկված անվանը: Ավելի շատ մտահոգում է այն հանգամանքին, որ արդարանալու համար կառչելու քիչ ոստեր կան: Ախր Լյուդմիլա Կրյուկովա ՀՊՃՀ-ում իսկապես կա, ինչպես որ կա նրա առանձնահատուկ հակումը դեպի Օշո աղանդը: Այդ դեպքում ի՞նչ ասել: Ասել, թե դասաժամերին նա քարոզչությամբ չի զբաղվել… Ո՞վ կհավատա: Կամ եթե նույնիսկ հավատան, մի՞թե դա լիարժեք արդարացում պիտի համարվի:
Վերջին հույսը մնում է այն, որ Ճարտարգիտական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ Հայաստանում, ուր աղանդներն ու աղանդավորներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Իսկ ընկերովի մահն, ինչպես հայտնի է, հարսանիք է:

%d bloggers like this: