Tag Archives: հուշ

ԹՈՄԱՍ ԼԻՎԱԴԻՏԻՍ

6 Մյս

… Պահեր են լինում, երբ մոռանում եմ ես դեմքը նրա:
Ճգնում եմ հիշել, և սակայն՝ իզուր:
Մի ծանրություն է ընկած իմ սրտին,
Որ ծանրագին է բոլոր հուշերից:
Նա դեռ ապրում է, ապրում է իմ մեջ:

Թե քո տան շեմքին
Երբևէ գտնես մի մեռած մարդու,
Իմացի, որ նա
Ընկել է խոցված սուր դաշույններով այն համբույրների,
Որոնցով պիտի մարմինդ զուգեր…

ԹՈԹՈՎԵՆՑԻ ՀՈՒՇԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

29 Հկտ

Թումանյանի սեղանի շուրջը հավաքվել էին ամերիկացիներ: Ես թարգմանում էի: Թումանյանի բանավոր խոսքը եվրոպական մի որևէ լեզվի թարգմանողը միայն կզգա նրա խոսքի նրբությունը: Ես շատ անգամ քրտնում էի, չկարողանալով գտնել համապատասխան պատկերավոր և հումորով ողողված ոճը, բայց ես օտարականներին միշտ ասում էի.
— Լավ և ուշադրությամբ մտիկ տվեք նրա հայերեն խոսքին, ես թարգմանում եմ միայն իմաստը, մնացածը (բացականչություններ, շարժուձևեր, ժպիտ) դուք պետք է ավելացնեք, որպեսզի ստանաք ամբողջությունը: Վերջիվերջո լավագույն թարգմանությունը գորգի հակառակ կողմն է, ինչպես Սերվանտեսն է ասում:
Ամերիկացիներից մեկը, չգիտեմ ինչու, հարց տվեց Թումանյանին.
— Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացիների մեջ:
Թումանյանը պատասխանեց.
— Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում:

%d bloggers like this: