Tag Archives: հուշեր

ՀՈՒՇԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՕՐԵՐԻՑ

9 Սպտ

Մեր նորագույն պատմության բախտորոշ իրադարձություններն արդեն պատմություն ու տարեգրություն են դարձել: Բայց և այնպես անցած օրերի յուրաքանչյուր դրվագ իր տողատակերում միշտ էլ թաքցրած ունի մանրամասներ, որոնք առաջին հայացքից գուցե թե տեսանելի չեն մեծ ցնցումների ու շարժումների համայնապատկերի վրա, սակայն այդ վերափոխումների արդյունքը մեծապես պայմանավորված էր հենց նմանատիպ «երկրորդական» գործոններով:
Ստորև ներկայացնում ենք աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանի անտիպ հիշողություններից մի հատված, որտեղ պատկերված են 1989-ի ազգային զարթոնքի օրերի մասին պատմող դրվագներ:

Հ. Չարխչյան

ԴՐՎԱԳՆԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ղարաբաղ կոմիտեի անդամներին, որոնց թվում նաև Բաբկեն Արարքցյանին, ձերբակալել և տարել էին Մոսկվայի Բուտիրովյան բանտը: Ցրտաշունչ ձմեռ էր: Հունվարի 14-ին ավագ թոռնիկիս՝ Աստղիկի ծննդյան օրը, վաղ առավոտյան (ժամը 7-ի սահմաններում) աղջիկս՝ Կարինեն, զանգահարում է մեր տուն և վրդովված ձայնով հայտնում, որ անծանոթ մարդիկ պահանջում են դուռը բացել, ինքը չի բացում: «Ճիշտ ես վարվում, հիմա մորդ հետ գալիս ենք»: Մենք համարյա վազելով հասանք տեղ և ի՞նչ տեսանք. Չորս թե հինգ հոգի միջանցքում կանգնած՝ անընդհատ ծեծում են դուռը՝ պահանջելով բացել այն: Տիկնոջս հետ մոտեցանք ու հայտնելով մեր ով լինելը, հարցրինք՝ ի՞նչ է պատահել, ինչու՞ են պահանջում դուռը բացել և ովքեր են իրենք: Մեկը, որ ղեկավարն էր, ասաց՝ իրենք պետանվտանգության կոմիտեից են, այսինքն ԿԳԲ-ից, իրենց հանձնարարված է խուզարկել Բաբկեն Արարքցյանի բնակարանը: Պարզվեց, որ ղեկավարը ազգությամբ մոլդովացի էր:
ԿԳԲ-ի ներկայացուցիչը պահանջելու պես խնդրեց մեզանից դուռը բացել տալ, այլապես ստիպված կլինենք լոմով ջարդել: Ես Կարինեին խնդրեցի բացել դուռը, այլապես կջարդեն այն և զոռով ներս կմտնեն: Կարինեն ներսից կրկնում էր, որ դուռը կբացի միայն տանտիրոջ՝ Բաբկենի առաջ: Բնակարանից անընդհատ լսվում էին հայրենասիրական երգեր: Բանակցությունները երկար տևեցին, Կարինեն դուռը չէր բացում: Ես ստիպված խնդրեցի երեխաներին ուղարկել քրոջ տուն: Նա ներսից պատասխանեց, այդ դեպքում թող կագեբեիստները դուրս գան շքամուտքից և ինքը միայն այդ դեպքում երեխաներին կհանի տնից: Այդպես էլ արվեց՝ նրանք հեռացան և կանգնեցին պատշգամբի դիմաց: Կարինեն բացեց դուռը, երեխաները ահաբեկված դուրս եկան, և նա իսկույն դուռը փակեց: Մորաքույրը երեխաներին տարավ իրենց տուն: Ի դեպ, երբ երեխաներին դուրս բերելու համար մտել էի բնակարան, Կարինեին հարցրի, եթե տանը կա՞ զենք կամ նման մի բան, կարող եմ հետս դուրս տանել: Նա վստահեցրեց, որ ոչինչ չկա և իզուր եմ անհանգստանում: Ես, անշուշտ, թեթևացած զգացի:
Մոլդովացին անընդհատ կրկնում էր, որ իրենք ստիպված կլինեն դուռը ջարդել: Ի դեպ, նրանք իրենց հետ բերել էին դուռը ջարդելու լոմ: Բացի այդ՝ ներքևում կային 5-6 հոգի, որոնք երբեմն-երբեմն բարձրանում էին հարկաբաժին՝ հավանաբար դուռը ջարդելու մտադրությամբ: Բայց ղեկավարը ետ էր ուղարկում: Արդեն ժամեր էին անցել, և Կարինեն դուռը չէր բացում: ԿԳԲ-ի ղեկավարը իր հետ եկած ընկերներին հանձնարարեց հրավիրել մի դեպուտատի, որպեսզի նրա ներկայությամբ և մասնակցությամբ բացել տա դուռը: Որոշ ժամանակ անց որտեղից որտեղ բերեցին միջին հասակի մի տղամարդու, որը` չիմացա տեղական իշխանությունների, թե՞ Գերագույն խորհորդի դեպուտատ էր:
Ղեկավարը լոմը տվեց դեպուտատի ձեռքը և ասաց, որ պետք է ջարդելով բացել դուռը: Դեպուտատը հանկարծակիի եկավ և իսկույն հարցրեց, թե դա ու՞մ դուռն է: «Բաբկեն Արարքցյանի»,- պատասխանեցին ԿԳԲ-ի ընկերները: Դեպուտատը իսկույն այլայլվեց և զայրացած տոնով պատասխանեց. «Այս լոմով ձեր գլուխները կջարդեմ»: Լոմը նետեց աստիճաններից ներքև և ասաց. «Խորհուրդ եմ տալիս՝ դուք էլ հեռանաք այս շքամուտքից»:Մինչև հիմա էլ հիշում եմ այդ սքանչելի հերոսական տղամարդու դեմքը: Բայց ափսոս անուն ազգանուն չիմացանք: Շատ կփափագեի թեկուզ ուշացումով իմանալ նրա ով լինելը և խորին շնորհակալությունս ու երախտագիտությունս հայտնել նրան: Թեկուզ ուշացումով խնդրում եմ ներկայանալ: Չէ՞ որ Ձեզ նման մարդիկ են պահում Ազգն ու Հայրենիքը: Ձեզ նման մարդիկ են աշխարհը առաջ մղում:
Երկար, շատ երկար ժամեր անցկացրինք շքամուտքի հարթակում: Մոլդովացու ոտքերը մրսում էին, և նա ստիպված անընդհատ քայլեր էր անում նույն տեղում:
Որտեղից որտեղ, թե ինչպես էին իմացել, մեկ էլ եկան Բաբկեն Արարքցյանի համալսարանական ընկերները և քեռին՝ Պողոսը: Մեր բոլորի խնդրանքով Կարինեն բացեց դուռը, և մտանք ներս: Մոլդովացին անցավ գործի: Նա մեկ-մեկ բացում էր պահարանի դռները և զննում թղթերը: Բաբկեն Արարքցյանի հայրը՝Գուրգեն Արարքցյանը, որը եղել է պոլիտեխնիկ ինստիտուտում ամբիոնի վարիչ, ուներ մեքենագիր հսկայական քանակությամբ թղթապանակներ: Մոլդովացին հանգամանորեն զննում էր դրանք, իսկ թիկունքում կանգնած էին երկու հայ երիտասարդներ՝ անվտանգության մարմիններից: Մոլդովացին գտավ մեքենագիր մեկ էջի վրա ազգանունների ցուցակ: Միլիմետրի ճշտությամբ չափեց թղթի երկարությունն ու լայնքը և հանձնեց թիկունքում կանգնած հայ երիտասարդին: Մտքովս անցավ, որ դա կարող է լինել «Ղարաբաղ» կոմիտեին հարողների անուն ազգանունները և հարմար պահ գտնելով՝ խնդրեցի հայ երիտասարդին ՝ցուցակը դնել պատուհանի գոգին, որպեսզի ծանոթանամ: Նա ընդառաջեց խնդրանքս, և ես կարդացի ցուցակում եղած ազգանունները: Եվ ինչ, պարզվեց, որ բոլորն էլ երևանաբնակ վանեցիներ են՝ Վարազդատ Հարությունյան, եղբայրներ Մխիթար և Էդուարդ Ջրբաշյաններ և այլոք: Հասկացա, որ ցուցակում նշված են Աշտարակ քաղաքի ծայրամասում, Թալին տանող մայրուղու աջ կողմում տեղադրված «Վասպուրականի արծիվը» հոյակերտ հուշարձանի կառուցումը նախաձեռնող վանեցիների անունները: Մտահոգությունս անցավ: Ավելին՝ մտածեցի ՝գուցե մոլդովացին բավարարվի այդ ցուցակով:
Հայ երիտասարդին ասացի.«Այնպես արա, որ շեֆը կարևորություն տա այդ ցուցակին»: Այդպես էլ եղավ. երիտասարդը ցուցակը քանիցս մոտեցրեց շեֆին ՝ ականջին ինչ-որ բան փսփսալով: Չերկարացնելու համար նշեմ, որ շեֆը, ներքին գոհունակությունը զսպելով, վերցրեց «կասկածելիների» ցուցակը և, ավարտած համարելով հետախուզությունը՝ դուրս եկավ բնակարանից:
Շատ գոհ կլինեմ, եթե ներկայանա այդ հայ երիտասարդը, որը իմ համոզմամբ նույնպես սրտանց ցանկանում էր հետախուզության նման անվտանգ ավարտ: Կարելի է եզրակացնել, որ վանեցիների ցուցակը ինչ-որ չափով օգտակար եղավ նրանցից մեկի և նույնիսկ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների համար:
Արժե անդրադառնալ նաև ղարաբաղյան շարժման հետ կապված մի փաստի ևս:
Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգներին մասնակցողները լավ գիտեն, որ հաճախ շատ շատերը գրավոր հարցերով, առաջարկություններով դիմում էին հարթակում գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներին: Գրավոր այդ հարցերն ու առաջարկությունները, որոնց տակ սովորաբար նշված էր լինում հեղինակի անուն- ազգանունը, հաճախ նաև հասցեն, հեռախոսի համարը, հավաքվում էր Բաբկեն Արարքցյանի բնակարանում: Գոյացել էր նման գրությունների մի հսկայական տոպրակ: Երբ կալանքի էին վերցրել Բաբկեն Արարքցյանին, ես տիկնոջս ասացի.« Պետք է բնակարանից հանել այդ թղթապանակ-տոպրակը, որովհետև եթե դա ընկնի անվտանգության մարմինների ձեռքը, ապա հնարավոր է՝ ոմանք նույնպես կարող են տուժել, կալանվել»:
Իմ զգուշացնելու հենց հաջորդ օրը տիկինս տան աղբի հետ միասին նշած թղթապանակ-տոպրակը տանում և գցում է աղբարկղը, որը գտնվում էր դիմացի շենքի բակում: Երբ այդ մասին տեղյակ պահեց ինձ, տագնապի մեջը ընկա՝ մտածելով, որ այն կարող է ընկնել անվտանգության մարմինների ձեռքը, և նոր բռնություններ կսկսվեն: Որոշեցինք երեկոյան ուշ ժամի գնալ և տոպրակը բերել մեր տուն: Այդպես էլ արեցինք: Բայց դա այդքան էլ դյուրին քայլ չէր, մանավանդ այդ ժամանակ Երևանում իրականացվում էր «հատուկ դրություն». մայրաքաղաքի փողոցներում, հատկապես Օպերայի շուրջ, կանգնեցված էին տանկերը, կային մեծ թվով զինվորներ և ուշ ժամին քաղաքում շրջելը վտանգավոր էր:
Երկուսով գնացինք, տիկինս աղբարկղից հանեց տոպրակը, ես դրեցի թևիս տակ և մենք շենքերի բակերով (իրարից 10-15 մետր հեռավորությամբ, որպեսզի ինձ բռնելու դեպքում գոնե տիկինս մնա ազատ), համեմատաբար անվտանգ թվացող ճանապարհով հասանք մեր տուն: Մտածելով, որ կարող են խուզարկել նաև մեր բնակարանը, հաջորդ օրը տոպրակը տեղափոխեցի քաղաքից դուրս և խորը ափսոսանքով այրեցի այն: Թող ներողամիտ լինեն գրությունների հեղինակները և մեր ժամանակների պատմությունը ուսումնասիրողները, հավանաբար այլ կերպ վարվել չէի կարող՝ զգալի թվով ազնիվ և հայրենասեր մարդկանց վտանգի չենթարկելու նպատակով: Թերևս իմ կյանքի այս դրվագը նույնպես պատմաբանների համար ինչ-որ չափով նյութ հանդիսանա:

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ
16.08.1998 Թ

%d bloggers like this: