Tag Archives: հուշարձան

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

4 Հկտ

Գիտե՞ք, որ հուշարձան կա նաև… Լուսնի վրա: Այն տեղադրվել է 1971 թվականին, «Ապոլոն-15»-ի անձնակազմի կողմից: Նվիրված է զոհված տիեզերագնացներին: Իրենից ներկայացնում է ալյումինե սկաֆանդր, իսկ արձանիկի կողքին տեղադրված ցուցատախտակի վրա 14 զոհվածների անուններն են:

190692_original

Մի փոքր ավել ինքնատիպ

23 Ապր

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրեցին Իրաքում սպանված եզդիների հիշատակի ոգեկոչման հուշարձան: Ճիշտ արեցին: Խոսքս, սակայն, այլ բանի մասին է: Նոր արձանը պատկերում է զավակին փրկող մորը: Հասկանալի է, որ փաստի ողբերգականությունն ու հուզականությունը շեշտելու համար հեղինակը դիմել է հենց այդ կերպարներին: Բայց տեսնելուն պես անմիջապես հիշեցի, որ գրեթե նույնանման մի արձան էլ կանգնեցված է Ծիծեռնակաբերդի տարածքում: Հոտո միտքս եկավ, որ այս շահարկված թեմատիկան կարելի է գտնել Գյումրիի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձաններում: Կամ հիշենք Վիգեն Ավետիսի «Հայոց մայրը» կոչվող քանդակը, ամիսներ առաջ Երևանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը և այլն: Ցանկը վստահաբար ավելի ընդարձակ է:
Խոսքս այն մասին է, որ կարելի է մի փոքր ավել ինքնատիպ լինել, մի քիչ երևակայություն դրսևորել, այլ ձևեր ու լուծումներ գտնել: Չէ՞ որ արվեստ ասվածն առաջին հերթին հենց դա է ենթադրում:

Հովիկ Չարխչյան80364DSC02126erkrasharjՍպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրվածՎիգեն Ավետիսի «Հայոց մայրը» կոչվող քանդակը

79f074b772cd320e93d53910d484c8d6e6372077

Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան

12 Փտր

«Հին Երևան» նախագիծն այլ բան չէ, քան թատերական դեկորացիա, արհեստածին կահավորանք, տեսողական խաբկանք, որն ընդհանուր ոչինչ ունենալ չի կարող իրական պատկերի հետ: Քաղաքի պատմական շերտը չեն հորինում և ոչ էլ թքում-կպցնում են: Այն կամ կա, կամ չկա: Եղել է հին Երևանը, եղել է անկրկնելի ու ինքնատիպ: Հիմա այն ջնջված է: Եվ այդ բացակայությունը քողարկելու մտադրությամբ ավերակների բեկորներից դիմանկար ստեղծելու փորձերը, մեղմ ասած, այնքան էլ բարոյական ու ազնիվ չեն: Օրինակ, երբ ասում ենք «գիրք», նկատի ունենք ոչ թե շապիկը, այլ բովանդակությունը: Հիմա նույնը բանն է «Հին Երևան» նախագիծը: Դա շապիկ է առանց բովանդակության: Դա բարբարոսության պարտակում է գույնզգույն փաթեթավորման մեջ: Պատմությունը պետք է պահպանել այն միջավայրում, որտեղ նա ստեղծվել է: Սա անվիճարկելի պրակտիկա է, որ գործում է աշխարհի բոլոր անկյուններում: Հնագետներն ու մշակութաբանները կհաստատեն խոսքերս, որ պատմական հուշարձանի նույնիսկ մի քարը չի կարելի տեղափոխել իր նախնական վայրից, էլ ուր մնաց, թե ամբողջական շինություններ:

Ինչ վերաբերում է հնի ու նորի հակադրմանը, ապա սա ևս ախտածին մտայնություն է: Չի կարող մեկի գոյությունը պայմանավորված լինել մյուսի վախճանով: Ինչպես որ նույն ընտանիքում հաշտ ու համերաշխ ապրում են ծերունին ու երեխան, այնպես էլ քաղաքում լիակատար ներդաշնակությամբ կարող են կողք-կողքի գոյատևել պատմականն ու արդին»:

Աղբյուր` Panorama.amf56bc261e66931_56bc261e66974.thumb

Մայրերի նմանությունը

14 Սպտ

Մայր Հայաստան, Մայր Վրաստան, Մայր Ուկրաինա, Մայր Հայրենիք և այսպես շարունակ: Խորհրդային շրջանում ստեղծված այս հուշարձանախումբը, ցավոք, աչքի չի ընկնում ինքնատիպությամբ: Բոլոր դեպքերում մոտեցումը նույնն է` հասակով մեկ կանգնած կին` սուրը ձեռքին և ստանդարտ մոնումնենտալ լուծումներ: pizap.com10.0526356264017522341379163750286

ՍԼԱՎՈՄԻՐ ՄՐՈԺԵԿ

27 Մյս

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Հոգեբույժների համաշխարհային կոնգրեսը որոշում ընդունեց կանգնեցնել Զիգմունդ Ֆրեյդի` հոգեբուժության հիմնադրի հուշարձանը: Նախնական նախագիծը նախատեսել էր, որ հուշարձանը, գրանիտե կամ բրոնզե, պետք է պատկերի Ֆրեյդին բնական չափով, ինչպես նաև՝ երկու այլաբանական կանացի ֆիգուր: Դրանցից մեկը, որ ներկայացնում էր Ենթագիտակցությունը, առաջարկվում էր նստեցնել նրա ձախ ծնկին, մյուսը՝ Գիտակցությունը` աջ:
Կասկածներ առաջացան այն բանի շուրջ, թե ինչ պիտի անի Ֆրեյդն իր ձեռքերի հետ: Ոչ աջի, քանզի պարզ է, որ աջ ձեռքը նա պետք է պահի Գիտակցության գլխի վրա: Իսկ ահա ուր դնել ձախ ձեռքը, այն, որ Ենթագիտակցության կողմից է` կարծիքները բաժանվեցին:
Շուտով, սակայն, այդ տարաձայնությունները երկրորդ պլան մղվեցին առավել կարեւոր խնդրի առջեւ: Նշվեց, որ հուշարձանին չի բավում Գերգիտակցությունը։ Քանի որ Ֆրեյդը չէր կարող երրորդ ոտքն ունենալ, Գերգիտակցության ֆիգուրը տեղադրեցին նրա մեջքի ետևում:
Սակայն Գերգիտակցության այդպիսի գերիշխող դիրքը, թող որ և գիտականորեն ճիշտ, նախագծի քննադատների ուշադրությունը բևեռեց Գիտակցության և Ենթագիտակցության անթույլատրելի համահարթեցման վրա: Չէ որ նրանք նստած էին նույն հարթության վրա, յուրաքանչյուր ֆիգուրը ծնկի վրա:
Այդժամ Ենթագիտակցությունը հանեցին Ֆրեյդի ծնկից և դրեցին նրա ոտքերի մոտ: Հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Ենթագիտակցությունը, ինչպես և հարկ էր` ամենաներքեւում, նրա վերեւում՝ Գիտակցությունը, իսկ Գերգիտակցությունը՝ նրանց երկուսի վերևում: Ձեռքի հետ ինքնաբերաբար լուծվում էր այն խնդիրը, թե ինչ պիտի աներ Ֆրեյդը ձախ ձեռքի հետ, որ Ենթագիտակցության կողմից էր:
Երբ հասավ հուշարձանի բացման հանդիսավոր օրը, պարզվեց, որ Ֆրեյդը գլուխն է քորում: Աղմուկ բարձրացավ, քանի որ համանման ժեստը կասկած և նույնիսկ մտահոգություն է արտահայտում:
Հուշարձանը տեղնուտեղը դարձյալ փակեցին, իսկ ավելի ուշ փոխարինեցին խորանարդի վրա գունդ պատկերող վերացական քանդակով: Ամեն ոք քանդակի մեջ տեսնում էր այն, ինչ ինքը կամենում էր, իսկ հոգեբուժությունը այդուհետ ևս կարող էր անխաթար զարգանալ:

ԱՅՍՊԵՍ ՀԱՌՆԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ

4 Դկտ

Ինչպես հայտնի է, Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված։ Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին, քանզի ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի 1926թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հանձնարարվել է Ար. Երզնկյանին «բանակցություններ վարել կաթողիկոսության հետ համաշխարհային պատերազմի
(24 ապրիլի) զոհերի հիշատակի օրը նշելը վերացնելու անհրաժեշտության մասին։
Հայտնի է նաև, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին կոթողը՝ փոքրաչափ մի մատուռ, 1950-ական թվականներին կառուցվել է Անթիլիասում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանի տարածքում, ուր ամփոփված են Դեյր Էզ Զոր անապատից բերված ցեղասպանության զոհերի աճյունները, որը երկար ժամանակ միակն էր՝ որպես հուշարձան թուրք ջարդարարների ձեռքով նահատակված 1,5 միլ. հայերի։ 1965թ. Էջմիածնում, Մայր տաճարի հյուսիսային մասում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի որոշմամբ կանգնեցվեց հուշարձան՝ «Խաչքար աղոթքի և ուխտի. ի հիշատակ 1915թվի չարագործության զոհ դարձած հայերի (ճար. Ռ. Իսրայելյան)։ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարը առաջին անգամ արծածվել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յա.Զարուբյանի և լիբանանահայ հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի 1962թ. կայացած հանդիպման ժամանակ.
«Ա.Ծ. — Իսկ ծրագիրը մը ունի՞ք Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի առիթով։
Յա. Զ. — Կարծում եմ, լավ կլինի։
Ա.Ծ. — Հանդիսություն, մամուլ, հուշարձա՞ն։
Յա. Զ. — Եվ դրանք, և թերեւս ուրիշ բաներ։ Այս ամենը առայժմ դեռ հրատարակելի չէ։ Կենտրոնը (նկատի ունի Մոսկվա — Ա.Վ.) սկզբունքորեն համաձայն է, միայն զգուշանում է, եւ աշխատում է այնպիսի ձևեր գտնել, որպեսզի չխաթարվեն ԽՍՀՄ արտաքին շահերը»։
Հուշարձան կառուցելու գաղափարին անրադարձել են նաև պատմաբաններ Ծ. Աղայանը, Հ. Ինճիկյանը և Ջ. Կիրակոսյանը «Արևմտյան Հայաստանում հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումներ անցկացնելու մասին» ՀԿԿ Կենտկոմ ուղարկված իրենց առաջարկությունում՝ 1964թ. հուլիսին։ Հուշարձան կառուցելու առաջարկը նրանք ձևակերպում են հետևյալ կերպ. «Բնակչության միջոցների հաշվին կառուցել առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի հուշարձան։ Հուշարձանը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը»։ Այդ առաջարկությունը համարյա նույնությամբ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յա.Զարուբյանը փոխանցում է Մոսկվա՝ «1915թ. հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումների մասին» 1964թ. դեկտեմբերին ԽՄԿԿ կենտկոմ ուղարկած առաջարկությունների ցանկում։ Նրա առաջարկը այսպիսի տեսք ուներ. «Երևանում կանգնեցնել առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ նահատակներին նվիրված կոթող։ Կոթողը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը»։
Ստանալով Մոսկվայի համաձայնությունը, ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը 1965թ. փետրվարի 15-ին հաստատում է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշման նախագիծը՝ Հայերի զանգվածային բնաջնջման զոհերի հիշատակի կոթող կառուցելու մասին, որը և նախարարների խորհուրդը ընդունում է մարտի 16-ին։ Խորհրդային ավանդույթներին համապատասխան, որոշման առաջին կետում հուշարձանի կառուցումը կապվում է «հանրապետության աշխատավորության ու հասարակական կազմակերպությունների ցանկությունների» հետ, և երկրորդ կարևոր հանգամանքը այն էր, որ որոշման մեջ հիշատակվում էր եղեռն բառը՝ կոթողը հավերժացնելու էր 1915թ. եղեռնի զոհերի հիշատակը։ Որոշման հաջորդ կետով հանձնարարվում էր ՀԽՍՀ Պետշինին՝ հայտարարել
կոթողի լավագույն նախագծի բաց մրցանակաբաշխություն և երրորդ՝ կոթողի կառուցումն ավարտել 1965 թվականին։
ՀԽՍՀ Պետշինը 1965թ. մարտի 25-ին հանրապետական մամուլում հրապարակում է մրցանակաբաշխության պայմանները, որոնք 4-ն էին։
1. Կոթողը նախատեսվում էր կառուցել Երևան քաղաքի «Ծիծեռնակաբերդ» կոչվող բարձունքի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում էր առաջարկել այլ տեղ՝ Երևան քաղաքի սահմաններում։
2. Կոթողը պետք է մարմնավորեր ստեղծագործած հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակին։
3. Կոթողի կառուցման համար շինանյութի ընտրությունը կատարվում է հեղինակի կողմից։ Շինարարության արժեքը սահմանվում էր մինչև 250 հազար ռուբլի:
4. Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել ինչպես առանձին նախագծողներ, այնպես էլ նախագծող կոլեկտիվներ։
Մրցանակաբաշխության ժյուրին իր առաջին նիստը հրավիրում է մայիսի 10-ին։ Ժյուրիի կազմում էին Գ. Աղաբաբյանը (նախագահ) Գ. Ահարոնյանը, Լ. Բաբայանը, Ռ.Գոլթուխչյանը, Գ.Խանջյանը, Ռոբերտ Խաչատրյանը, Կ. Հակոբյանը, Գ.Հասրաթյանը (քաղխորհուրդ), Վ. Հարությունյանը, Մ. Մազմանյանը, Է. Պապյանը, Ս. Ստեփանյանը։ Ներկայացվել էր 78 նախագիծ, որոնցից 9-ը չէին բավարարում մրցանակաբաշխության պայմաններին։ Երկարատև քննարկումից հետո 69 նախագծերից որոշվում է հետագա քննարկման համար թողնել 8 նախագիծ հետևյալ անուններով՝ «Կարմիր ծաղիկ», «Կրակ», «Ղողանջ», «Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «ՀԽՍՀ դրոշակ» և «Փյունիկ»։
Կային նաև խորհրդային ավանդույթներին բնորոշ առաջարկություններ։ Մասնավորապես առաջարկվում է կառուցել «Վերածնունդ» կոթող, որտեղ Լենինը իր փրկության ձեռքն էր մեկնում կործանման եզրին հասած հայ ժողովրդին։
Մի խումբ ինժեներներ առաջարկում էին եղեռնի հուշարձանը տեղադրել Հաղթանակի զբոսայգում «անգործության մատնված» մոնումենտի վրա, որի վրա կախել մի մեծ զանգ, այն հնչեցնելով յուրաքանչյուր տրվա ապրիլի 24-ին։ Ժյուրիի հաջորդ նիստին՝ մայիսի 17-ին, միաձայն շեշտվում է այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերից ոչ մեկում լիարժեք կերպով չի լուծվում մրցանակաբաշխության պայմաններում առաջադրված խնդիրը՝ ստեղծել այնպիսի կոթող, որը հավերժացնի 1915թ. եղեռնի զոհերի հիշատակը և մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան և պայծառ ապագան։ Ուստի որոշվում է առաջին մրցանակ չշնորհել։ Որոշվում է 2-րդ, 3-րդ և խրախուսական մրցանակների համար քննարկման թողնել 4 նախագիծ՝ «Փյունիկը», «Մուշը», «ՀԽՍՀ դրոշակ» և N 63 «Փյունիկը»։
Նշված 4 նախագծերի բացարձակ արժանիքների և համեմատական վերլուծության շուրջ մտքերի փոխանակումից հետո որոշվում է 2-րդ մրցանակ շնորհել «ՀԽՍՀ դրոշակ», իսկ 3-րդ մրցանակ N 63 «Փյունիկ» նախագծին՝ վճարելով հեղինակներին 400-ական ռուբլի, իսկ մյուս 2 նախագծերի հեղինակներին վճարել խրախուսական մրցանակ՝ 200-ական ռուբլի:
Կարծես թե ամեն ինչ պարզ է, և որոշումը պետք է ընդունվեր հօգուտ «ՀԽՍՀ դրոշ» նախագծի։ Սակայն 2 օր անց հրավիրվում է ժյուրիի նոր նիստ, որտեղ Պետշինի և ժյուրիի նախագահ Գ.Աղաբաբյանը հաղորդում է, որ Պետշինը, մինչև բաց մրցանակաբաշխության հայտարարելը, հանձնարարել էր մի շարք ճարտարապետների ներկայացնել կոթողի նախագծեր, և առաջարկում է ընտրություն
կատարել մրցանակաբաշխությունում մրցանակի արժանացած և նախքան մրցանակաբաշխությունը ներկայացված նախագծերից լավագույնները ճանաչվածների միջև։
Պետշինի հանձնարարությամբ նախագծեր ներկայացրել էին Ջ.Թորոսյանը, Մ.Մանվելյանը, Ս. Քյուրքչյանը, Ս. Գուռզադյանը, Ռ. Իսրայելյանը, Ա. Թարխանյանը, Ս. Կնդեխցյանը։ Քննարկումից հետո ժյուրին որոշում է իրականացման համար ընտրություն կատարել «ՀԽՍՀ դրոշակ», N 63 «Փյունիկ» և ճարտ. Ջիմ Թորոսյանի նախագծերի միջև։ Ժյուրիի անդամների ընդհանուր կարծիքով, նախագծերից ոչ մեկը առանց էական փոփոխությունների չի կարող հանձնարարվել իրականացման համար։ Քննարկվող նախագծերի հիմնական թերություններ են նշվում՝
1. «Փյունիկ»- Հուշարձանի վերգետնյա մասը կազմող քանդակա-ձեռքերի ափերի մեջ նստած մանուկը լրիվ ընդունելի չէ որպես խորհրդանիշ վերածնված Հայաստանի։
2. «ՀԽՍՀ դրոշակ»- հորինվածքը բազմաթեմային է և պատմողական բնույթ ունի։ Առանձին տարրերի մեջ կա զանգվածային անհամապատասխանություն։
3. Ջ. Թորոսյանի նախագիծ-կոթողը լուծված է չափազանց վերացական ձևերով, հեռու է գաղափարական բովանդակության կոնկրետ մարմնավորումից։ Ծավալը շատ ուռճացած չափեր ունի։
Ժյուրին նաև որոշում է ընտրություն կատարելիս նկատի ունենալ այն նախագիծը, որը ավելի հեշտ է վերամշակման ճանապարհով հասնել անհրաժեշտ մակարդակի։ Ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով, և արդյունքում ոչ մի նախագիծ հավանության չի արժանանում: Որոշվում է նախագծի ընտրության հարցը հետաձգել մինչև հաջորդ նիստ, այդ ընթացքում հնարավորություն տալ ժյուրիի անդամներին շարունակել ուսումնասիրությունը և համեմատական վերլուծությունը։
Ժյուրիի հաջորդ նիստը տեղի է ունենում հունիսի 7-ին, որտեղ և ընդունվում է սկզբունքային որոշում՝ կանգ առնել այն նախագծի վրա, որի բաղադրամասերի օգտագործումը կարող է բերել համեմատաբար ավելի հաջող արդյունքի։ Քվեարկությունը տվեց հետևյալ արդյունքը՝
1. ՀԽՍՀ դրոշակ — 7 կողմ
2. Փյունիկ — 1 կողմ
3. Ջ.Թորոսյան նախագիծ — 3 կողմ
Միաժամանակ, ինչպես փաստագրված է ժյուրիի նիստի արձանագրությունում, առաջարկվում է «ՀԽՍՀ դրոշակ» ծածկագրով նախագիծը վերամշակել՝ հաշվի առնելով հետևյալ դիտողությունները.
1. Հասնել այն բանին, որ հորինված բաղադրիչ մասերը մասշտաբային և կերպարային առումով ավելի սերտ կապվեն իրար հետ։ Հրաժարվել բազմաթեմայնությունից և տարրերի զանգվածային անհավասարակշռությունից։ Նախագծում Օբելիսկը և հիմնական ծավալը զուրկ են ներդաշնակությունց։
2. Հրաժարվել Օբելիսկի չափազանց երկնասլաց համաչափություններից և որոշ չափով «հրթիռային» բնույթից: Ստուգել Օբելիսկի և հորիզոնական ծավալի՝ մեկ ընդհանուր ծավալով փոխարինելու հնարավորությունը։ Ձգտել գլխավոր ծավալի որոշակի թեթևացմանը։ Հրաժարվել նրա վրա նախատեսված վիմագրություններից։
3. Նախագծի մշակման ժամանակ հրաժարվել կոթողի «պատմողական բնույթից», շեշտը դնելով բուն ճարտարապետական արտահայտչական միջոցառումների վրա։
գ) Խնդրել Երևանի քաղսովետի գործկոմին՝ Ծիծեռնակաբերդում նախատեսնվող սպորտի պալատի շինարարության կապակցությամբ, վերանայել եղեռնի կոթողի տեղադրման հարցը։
Ինչու ընտրվեց հատկապես հիշյալ նախագիծը: Ահա թե ինչ է հիշում ճարտարապետների միության այդ ժամանակվա նախագահ Վ. Հարությունյանը. «Վերջնական քննարկման մնացել էին երկու նախագիծ։ Ես երկուսին էլ չէի հավանում։ Իմ կարծիքին էին մրցութային հանձնաժողովի անդամներ Ռ. Խաչատրյանը և Կ.Հակոբանը՝ երեքս հանձնաժողովում փոքրամասնություն էինք։ Մի երեկո, երբ պիտի վերջնական քննարկման թողնված երկու նախագծերից մեկն ընտրեինք, նիստին հայտնվեցին հանրապետության ղեկավարները՝ Յակով Զարուբանը, Անտոն Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը և ուրիշներ։ Չգիտեմ ինչու, Քոչինյանը ինձ հարցրեց.
— Այս երկուսից ո՞րը կընտրեիր։
— Ոչ մեկը, — պատասխանեցի։
— Ինչու՞։
— Նախ՝ դրանք չեն համապատասխանում մրցութային ծրագրին, չեն խորհրդանշում հայրենիքի վերածնության գաղափարը, ապա՝ անհասկանալի կլինեն այցելուներին։
— Իսկ դու, ո՞րը կընտրեիր,- հարցրեց Քոչինյանը։
— Որը որ ես կընտրեի, քննարկումից հանված է։
Եկողները խնդրեցին ծանոթացնել այդ նախագծին։
Սեղանին դրվեց դրա մանրակերտը։
— Ինչո՞ւմն է սրա առավելությունը,- հարցրեց Զարուբյանը։
— Պարզ ու հասկանալի լուծում ունի,- պատասխանեցի,- խոնարհված խաչքարաձև քարերը խորհրդանշում են սուգը զոհվածների հիշատակին, իսկ վերասլաց կոթողը՝ վերածնունդ։ Դրանցով հեղինակները լիովին արտահայտել են մրցութային ծրագրի պահանջները։ Գաղափարը հասկանալի կլինի ամեն տեսակ այցելուի, բացատրելու կարիք չի լինի, քանզի բացատրությունը տրված է ճարտարապետության լեզվով։
Եկողները հավանություն տվեցին ու մեկնեցին։ Մրցութային հանձնաժողովի անդամներն այս անգամ քվեարկեցին հօգուտ իրենց մերժած նախագծի։ Երբ փակ ծրարը բացեցինք, պարզվեց, որ հեղինակներն են Արթուր Թարխանյանն ու Սաշուր Քալաշյանը»։
Ինչպես հիշում ենք, խորհրդային երկրում ոչ մի շինարարություն նախատեսված ժամկետում չէր ավարտվում։ Եվ տեղի էր ունենում նախահաշիվների, շինանյութերի տասնյակ փոփոխություններ։ 1965թ. նոյեմբերի 23-ին ՀԽՍՀ Պետշինի նախագահի մոտ տեղի է ունենում խորհրդակցություն, որտեղ որոշվում է վերանայել Եղեռնի հուշարձանի ծրագրի իրականացած նախագիծը։ Մասնավորապես որոշվում է նախագծից հանել ստորգետնյա կոմունիկացաները, զբոսուղիների բազալտային ծածկերը և այլն։ Շինարարության վերջնական նախահաշիվը Երևանի քաղխորհուրդը հաստատում է 1966 մայիսի 11-ին` 399,3 հազար ռուբլի գումարով։ Հաջորդ՝ 1967թ. մեկ անգամ ևս վերանայվում է շինարարության նախահաշիվը և այն ավելացվում է 68 հազար ռուբլով, բացի դրանից շրջակայքի բարեկարգման համար նախատեսնվում է 284,9 հազար ռուբլի, իսկ ավտոճանապարհի համար՝ 92,6 հազար ռուբլի:
Հուշարձանը կիսավարտ վիճակում բացվեց 1967թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայանացման օրը, երկրի ղեկավարները այն ցանկանում էին կապել ժողովրդի վերածննդի հետ: Հուշարձանը իր զուսպ բովանդակությամբ ու ոգեղեն ազդեցությամբ կարող է իրոք գլուխգործոց համարվել:

ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ

ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ

21 Ապր

ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1915 ԹՎԱԿԱՆԻ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԿՈԹՈՂ
ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մարտի 1965թ.
Երևան

Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետը ո ր ո շ ո ւ մ է՝
1. Սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների հիսնամյակի կապակցությամբ, ընդառաջելով ռեսպուբլիկայի աշխատավորների ու հասարակական կազմակերպությունների ցանկություններին, Երևան քաղաքում կանգնեցնել կոթող՝ ի հավերժացումն 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակի։
2. Հանձնարարել Հայկական ՍՍՌ Պետշինին հայտարարել կոթողի լավագույն նախագծի մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության ժամկետ սահմանել մեկ ամիս՝ սկսած հայտարարության օրվանից։
3.Առաջարկել Երևանի քաղաքային սովետի գործկոմին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կատարել և կոթողի կառուցումն ավարտել 1965 թվականին։

Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի նախագահ Ա.Քոչինյան
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի գործերի կառավարիչ Հ.Մելքոնյան

ՀԱԱ, Ֆ.113, ց.96, գ.88, թ.2։ Բնագիր։ Մեքենագիր։

Էսթետիկական, թե՞ քաղաքական դրդապատճառներ

28 Հնվ

Պետք է արժանին մատուցել թուրքերին, որոնք ունեն չնչին բանից մեծ սկանդալներ ու աղմկահարույց իրավիճակներ ստեղծելու հմտությունը: Արդեն նույնիսկ դժվար է մտապահելը, թե քանիերորդ անգամ է նրանց հաջողվում մեզ ( և ինչու՞ միայն մեզ) ներքաշել անպտուղ բանավեճերի մեջ: Դրա վերջին ու վառ ապացույցներից մեկն էլ դարձավ հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի շուրջ ծավալված իրարանցումը, որ հրահրվեց Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կողմից ու ձնագնդի պես գլորվելով վերածվեց հսկա մի զանգվածի:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս կատարած այցի ժամանակ Էրդողանն այդ արձանն անվանեց «այլանդակ» և «ոչնչացման ենթակա»: 30 մետր բարձրություն ունեցող, շուրջ 1500 տոննա կշռող հուշարձանը, որ գտնվում է Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա, մտահղացվել էր դեռևս 2005 թվականից, երբ նման որոշում ընդունեց Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն: Վերջինս Հայաստանի հետ հաշտեցման վճռական կողմնակից էր, թեև նրա այդ նախաձեռնությունը հենց սկզբից էլ կատաղեցրեց թուրք ազգայնականներին: 2009-ի օգոստոսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը նույնպես խոսեց հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Սակայն Էրդողանի ժխտողական քայլը ոչ միայն մոռացության մատնեց նախկին բարի ձգտումները, այլև ճանապարհ բացեց ամեն կարգի շահարկումների համար:
Այն, ինչ այժմ կատարվում է հուշարձանի շուրջ, և տխուր է, և միաժամանակ զավեշտալի: Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայում բոլորը շտապում են Կարս՝ տեսնելու «հրեշավոր» կոթողը։ Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից, Իզմիրից, Անկարայից, Վանից ու երկրի այլ քաղաքներից ամեն օր Կարս են ժամանում հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր դիտում են թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի աշխատանքը և ակտիվ կերպով քննարկում՝ արժե՞ այն քանդել, թե ոչ։ Այս ընթացքում Թուրքիայի մի խումբ մտավորականներ ու արվեստագետներ բողոքի ակցիա իրականացրեցին, որի ընթացքում քննադատեցին վարչապետին: «Էրդողանը պետք է արվեստագետներից և ժողովրդից ներողություն խնդրի ու այլևս արվեստագետին նման վիրավորանք չհասցնի: Հակառակ դեպքում, արվեստի և խոսքի ազատության դեմ այս անհանգստացնող զարգացումները անպատասխան չեն մնա»,-ասվում էր մտավորականների հայտարարության մեջ: Այլ կերպ ասած, վերջիններիս հոգսը արվեստագետի վիրավորված արժանապատվությունն էր, այլ ոչ թե հայերի խնդիրները:
Խորհրդարանի պատգամավոր Էրջան Կարակասը հուշարձանը գնահատեց որպես «հակաթույն» Ցեղասպանության հուշարձաններին ու կոչ արել Էրդողանին փոխել իր որոշումը: Արձանի հեղինակ Մ. Աքսոյը վարչապետին համեմատեց Աֆղանստանում Բուդդայի արձանը ոչնչացրած «Թալիբանի» հետ: Քննադատության իր բաժինը ստացավ նաև Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, ով իր աջակցությունն էր հայտնել Էրդողանին` ասելով, որ հուշարձանը սելջուկյան, օսմանական և ռուսական բնութագիր է տալիս քաղաքին:
Հատկանշական էր հատկապես դրսի մամուլի արձագանքը: Ֆրանսիական «Le Monde»-ը գրում էր, որ Էրդողանի վերջին զոհը դարձավ անմեղ արձանը, իսկ նրա արտահայտությունը զարմանք է առաջացնում, «քանի որ արվել է Մուստաֆա Քեմալի հազարավոր հուշարձաններով այլանդակված երկրում, սակայն պատճառը ոչ այնքան արձանի գեղագիտությունն է, որքան գտնվելու վայրը»: Հայտնի «The Economist» ամսագիրը նկատեց, որ վարչապետի հայտարարություններից իսլամական ուղղափառության «հոտ է գալիս», իսկ «The Wall Street Journal» պարբերականի կարծիքով, Էրդողանը պահանջել է քանդել Թուրքիայի և Հայաստանի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը` դրանով իսկ ցույց տալով սահմանի բացման գործընթացի և երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման ճգնաժամի խորացումը:
Կասկածից վեր էր, որ Հայաստանում հակազդեցությունը պիտի լիներ շատ ավելի բուռն ու հիվանդագին: Մենք կշրջանցենք այն բոլոր բնորոշումներն ու հայհոյանքները, որոնք այդ օրերին հնչում են մամլո սրահներում և եթերում` հիշատակելով ընդամենը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը, ով ափսոսանք հայտնեց թուրք գործընկերոջ հայտարարության կապակցությամբ և նշեց, որ դա ևս մեկ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Սրան ի պատասխան Ահմեդ Դավուօղլուն հակաճառեց, թե դա Թուրքիայի ներքին գործն է և ապա հավելեց, որ «Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ հուշարձանը պետք է ապաոնտաժվի, թելադրված են բացառապես էսթետիկական դրդումներով ու քաղաքական որևէ ենթատեքստ չկա»:
«Էսթետիկական» փաստարկին երկար կյանք վիճարկված չէր, քանի որ հաշված օրեր հետո Կարսի իշխանություններն արդեն պնդում էին, որ իբր հուշարձանը կառուցվել է օրենքների խախտմամբ, իսկ դրա քանդումը բխում է նույն օրենքների պահպանումից: Մի խոսքով, հուշարձանի քանդումը ներկայացվում էր «զուտ իրավական և ոչ մշակութային որոշում»: Հավանաբար վաղը թուրքերը դրա համար մի երրորդ հիմնավորում էլ գտնեն, սակայն ինչպես իրավացիորեն նկատեց Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Շենոլ Բալը, եղածը սոսկ «քաղաքական շոու» է: «Վարչապետը հրաշալի գիտի, որ բնակչությունը դժգոհ է այդ հուշարձանից և այժմ օգտագործում է այդ գործոնը քաղաքական պայքարում: Այդ հուշարձանն այստեղ մի քանի տարի կանգնեցված է, և դրա մասին հիշում են միայն ընտրություններից առաջ»,- Trend գործակալությանն ասել էր Բալը: Իսկ որ այդ շոուն ունի նաև իր երկրորդ` հայ-թուրքական շերտը, սա նույնպես կասկած չի հարուցում:
Համաձայն վերջին տեղեկությունների, Կարսում գտնվող հուշարձանը մոտ ժամանակներս տեղափոխվելու է Իզմիրի Քարշիյաքայի շրջան: «Թուրքիան չպիտի հուշարձաններ քանդող երկրի համբավ ունենա»,- ասել է Քարշիյաքայի քաղաքապետը, ով, ի դեպ, ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության անդամ է: Սակայն նույնիսկ քաղաքապետի այդ «հերոսական» արարքը հազիվ թե նրա երկրին փրկի ավերողի ու ոչնչացնողի անպատվաբերի համբավից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

25 Հկտ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հուշարձանները, բացի այն բանից, որ չգիտես` հուշարձան պիտի ասես, թե հուշարՑան, զանազան այլ հատկություններ էլ ունեն: Դրանցից ամենակարևորը կարող է փոքր-ինչ հակասական թվալ: Հուշարձաններում ամենաապշեցուցիչն ու աչք ծակողն այն է, որ նրանց երբեք չես նկատում: Աշխարհում չկա ոչինչ, որ այնքան անտեսանելի լինի, որքան հուշարձանները: Եվ սակայն անկասկած է, որ նրանք կանգնեցվում են տեսանելի դառնալու, դեռ ավելին` մինչև իսկ ուշադրությունն իրենց կողմը գրավելու նպատակով: Սակայն միևնույն ժամանակ, շնորհիվ ինչ-ինչ հատկանիշների` նրանք մի այնպիսի բան ունեն, որ հակոտյան է ուշադրություն գրավելուն, և այդ ուշադրություն կոչվածը, ինչպես ջրի կաթիլը` յուղածածկույթի վրա, սահում է նրանց վրայով առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու: Մարդ կարող է ամիսներ շարունակ միևնույն փողոցով անցուդարձ անել և ճանաչել իր ճամփին հանդիպող յուրաքանչյուր տան համարը, ցուցափեղկում դրված նմուշօրինակները, անգամ ոստիկանին, շատերի ուշադրությունից կարող է չվրիպել նույնիսկ մայթին ընկած տասանոց գրոշը, և սակայն ամեն անգամ ակամայից անակնկալի է գալիս, երբ օրերից մի օր էլ, առաջին հարկի մի շատ հրապուրիչ աղախնին աչքը տնկած միջոցին, նրա հենց կողքին բոլորովին էլ ոչ փոքր մետաղյա մի ցուցասալիկ է հայտնաբերում, որին անջնջելի տառերով փորագրված է այն միտքը, որ այստեղ ահա, հազար ութ հարյուր այսուայսքանից մինչև հազար ութ հարյուր այսքանն ու մի բան էլ դենը ապրել և ստեղծագործել է արժանահիշատակ Այսևոչայնմեկը:Դա հավասարապես վերաբերում է բոլոր այն մարդկանց, ում պատվին վեր խոյացող հավերժահիշատակ կոթողները ցայսօր դեռ կանգուն են մնում: Հարկ է լինում ամեն օր նրանց շրջանցել, կարելի է նույնիսկ գետնախարիսխ հիշեցնող նրանց պատվանդանը որպես պահապան կղզի կամ պաշտպանական ամպհովանի օգտագործել, լինում է, որ նրանք որպես կողմնացույց կամ տարածաչափ են ծառայում, երբ քեզ քաջածանոթ վայրն ես ձգտում հասնել, երբեմն էլ նրանց որպես ծառ ես ընկալում կամ փողոցային ետնաբեմի անհրաժեշտ բաղադրամաս, և պետք է որ մի ակնթարթի չափ միայն շվարած կանգնած մնաս, երբ մի գեղեցիկ առավոտ նրանց բացակայելիս ես տեսնում, բայց նրանց երբեք չես էլ նայում և նույնիսկ դյուզն ինչ պատկերացում չունես, թե ու՞մ են նրանք պատկերում, թերևս միայն այն, որ գլխի ես ընկնում` դիմացինդ տղամարդ է, թե՞ կին…

Թարգմ. Ա. Ալեքսանյան

%d bloggers like this: