Tag Archives: հունգար

ՄԻԿԼՈՇ ՌԱԴՆՈՏԻ

1 Մյս

ԱՐՄԱՏԸ

Արմատի մեջ ուժն է կյանք…
Հող է ուտում, ըմպում որոտ
Եվ երազում արև ու օդ:

Հողից դուրս է մղվում անվերջ,
Անվերջ ուզում հողը փորել
Իր մատներով պիրկ ու զորեղ:

Որդն է սողում ձեռքերն ի վար,
Ոտներն ի վար որդն է սողում,
Որդերն ինչքան շատ են հողում:

Բայց ապրում է նա հողի տակ,
Որ ներքևից ուղի հարթի
Ճյուղի համար ու սաղարթի:

Նա խորհում է նրանց մասին,
Նա նրանցով ուրախանում,
Անուշ հյութ է նրանց տանում:

Ինքս էլ ասես արմատ եմ պիրկ
Որդերի մեջ այս անհամար,
Հյութ եմ քամում երգի համար:

Ծաղիկ էի, դարձա արմատ:
Թաց հողի տակ հիմա տնքում
Եվ լսում եմ, թե իմ գլխին
Սուր սղոցը ոնց է զնգում:

Թարգմ. Վահագն Դավթյան

ՇԱՆԴՈՐ ՊեՏեՖԻ

16 Փտր

ՁԱԽՈՂՎԱԾ ՄՏԱԴՐՈՒԹՈՒՆ

Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
Ի՞նչ պիտի ասեմ իմ մորը բարի,
Ա՜խ , չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
Չեմ տեսել արդեն ես քանի տարի։

Ու մտերմության ինչպիսի՞ խոսքեր
Պիտի դուրս թռչեն իմ շրթունքներից։
Ի՞նչ պիտի ասեմ նրան, որ անքուն՝
Օրորոցիս մոտ օրորել է ինձ։

Եվ քանի՜, քանի՜ հիասքանչ մտքեր
Իմ ուղեղի մեջ իրար փոխեցին։
Վայրկյանը արդեն տարի էր թվում,
Թեև արագ էր սլանում իմ ձին։

Ու ես ներս մտա։ Եվ հանկարծ դեմից
Ընդառաջ վազեց ինձ մայրս բարի,
Ես ոչինչ չասած՝ կախվեցի վզով,
Ինչպես պտուղը՝ հարազատ ծառից։

%d bloggers like this: