Tag Archives: հույն

ՖՐԱԶԻՄԱԽ

1 Սպտ

… Արդարացի ես համարում եմ այն, ինչը շահավետ է ուժեղին: Ցանկացած իշխանություն ստեղծում է իրեն շահավետ օրենքներ, դրանք հայտարարում արդարացի իր հպատակների համար և այդ օրենքները խախտողներին անվանում անօրեններ ու ճշմարտության հակառակորդներ: Բոլոր երկրներում Արդարությունը մեկն է՝ այն, ինչը շահավետ է հաստատված իշխանության համար: Հովիվները կամ եզնարածները հոգ են տանում ոչխարների ու եզների մասին, կերակրում են՝ նկատի ունենալով տերերի և սեփական շահը… Նույն մտքերը իրենց ենթակաների նկատմամբ ունեն հասարակություն կառավարողները. ինչպես այստեղից քաղել սեփական օգուտը: Արդարացին և արդարը ուժեղի և իշխողի օգուտն է, իսկ հպատակի կամ ծառայողի համար վնաս է:
Արդար մարդն ամեն տեղ ավելի քիչ է շահում, քան անարդարը: Ամենից հեշտ է դա իմանալ, երբ առկա է արդարության բացարձակը, որը վիրավորողին դարձնում է ամենաերջանիկը, իսկ վիրավորվողին ու վիրավորել չցանկացողին՝ ամենադժբախտը: Այդպիսին է բռնապետությունը…

ՄԵՆԱՆԴՐՈՍ

15 Մյս

Ինչ հոյակապ է մարդը, եթե դա իսկական մարդ է: Ամեն մարդու աստվածը իր խիղճն է: Արդարամիտ մարդու բարոյական հատկանիշները լիովին փոխարինում են օրենքներին: Արդարամիտն այն մարդը չէ, ով անարդարություն չի կատարում, այլ նա, ով հնարավորություն ունենալով անարդարացի լինելու, չի ցանկանում այդպիսին լինել: Իսկ որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: Մեղադրողն ու դատավորը չեն կարող համատեղվել միևնույն անձի մեջ: Սակայն թե թշնամիներին և թե բարեկամներին պետք է դատել հավասար չափով: Թող պատահի ոչ թե այն, ինչ ցանկանում ես, այլ այն, ինչ ինձ օգտակար է:
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Ապրում է միայն նա, ով ապրում է ոչ միայն իր համար: Միայն իր համար ապրելը չի նշանակում ապրել: Յուրաքանչյուր ճշմարտություն ժամանակին լույս աշխարհ դուրս կգա: Ով չի կարող պահպանել չնչինը, նա կկորցնի նաև խոշորը: Ով խիզախում է շատ բաներում, նա անխուսափելիորեն շատ էլ սխալվում է: Բայց ով ոչինչ չգիտե, նա սխալվելու տեղ էլ չունի: Օրհնված է նա, ով սովորել է սովորել: Անգրագետ մարդը տեսնող կույր է:

ՅԱՆԻՍ ՌԻՑՈՍ

7 Փտր

ՍԱՌՈՒՑՅԱԼ ԺԱՄ

Փակ են պատուհանները: Փակ են դռները:
Որտեղի՞ց է քամին մտնում տուն:
Փքվում են վարագույրները: Հոգնում են սավանները:
Անկյուններից վեր են խոյանում ծխնելույզները:
Մառանում ականջ է դնում փայտե ձին:
Սանդուղքի ամեն երրորդ աստիճանին ծառաներ են,
մարմարյա, մարած մոմակալներով:
Ինչ-որ մեկը բարձրանում է: Ինչ-որ մեկը իջնում է:

ԷԼԵԳԻԱ

Կեսբաժակ ջուր կա սեղանին: Շուրջը
հավաքվել են լռակյաց, նեղված իրերը-
թուղթ կտրելու դանակը, սանրը, լուցկին, մի գլանակ`
մոխրամանում ինքնիրեն ծխացող,
իսկ դրսում սպանված վայրի բադերի
փետուրները վեր քշող քամին է:

Թարգմ. Մերուժանի

%d bloggers like this: