Tag Archives: ՀՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

17 Ապր

Թմբի հենց ծայրին աճում էր ինչ-որ դեղին ծաղիկ: Ես կանգ առա ծխելու` մտովի տարվելով ինչ-որ բանով` նայեցի ծաղկին, այնպես զգացի, որ ծաղիկն էլ, ասես, ինձ էր նայում: Այդպիսի կապերը երբեմն… Դուք գիտեք, ամեն ոք կարող է դրանք զգալ, դա անվանում են գեղեցկություն: Այ, հենց այդ է, ծաղիկը գեղեցիկ էր, դա սքանչելի ծաղիկ էր: Իսկ ես դատապարտված եմ, ես կմեռնեմ մեկ անգամ եւ մեկընդմիշտ: Ծաղիկը սքանչելի էր, գալիքի մարդկանց համար միշտ կլինեն ծաղիկներ: Հանկարծ ես ընկալեցի անէությունը: Ես կմահանամ, իսկ Լյուկն արդեն մեռել է, այլեւս ծաղիկ չի լինի այնպիսիների համար, ինչպիսին մենք ենք, ոչինչ չի լինի, բացարձակապես ոչինչ չի լինի, անէությունը ծաղկի հենց մշտնջենական բացակայությունն էր, վառած լուցկին այրեց մատներս: Հրապարակում նետվեցի մի ավտոբուսի մեջ, որն ինչ-որ տեղ էր ընթանում, եւ սկսեցի նայել, անկանոն նայել ամեն ինչին, ինչ որ կար փողոցում, եւ այն ամենին, ինչ կար ավտոբուսում: Երբ հասանք վերջնականգառին, ես դուրս եկա եւ նստեցի մի այլ մերձքաղաքային ավտոբուս: Ողջ երեկո, մինչեւ գիշերամուտ, ես ավտոբուսներ էի փոխում, եւ մտքերս դառնում էին ծաղկի եւ Լյուկի շուրջը: Ուղեւորների մեջ ես փնտրում էի Լյուկի նման որեւէ մեկին, որպեսզի նայեմ նրան, իմանալով, որ այդ ես եմ, իսկ այնուհետեւ նրան թույլատրեմ հեռանալ` չասելով ոչ մի խոսք, գրեթե պաշտպանելով նրան, որպեսզի նա կարողանա շարունակել իր անիմաստ կյանքը, իր հիմար, անհաջող կյանքը, որն ընթանում է դեպի մի այլ հիմար ու անհաջող կյանք… Այլ մի…

ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

6 Դկտ

Կյանք ասվածը դոփդոփելն է մի շրջանակի մեջ, որի կենտրոնն ամենուր է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ:
Իսկ ո՞վ է իսկապես տիրապետում ինքն իրեն: Ու՞մն է հաջողվել վերադառնալ ինքն իրեն բացարձակ միայնությունից, մի այնպիսի մենությունից, ես դու չես կարող հույս դնել նույնիսկ ինքդ քեզ հետ շփվելու վրա, և ստիպված ես լինում խցկվել կինո, կամ հասարակաց տուն, կամ հյուր լինել ընկերների մոտ, կամ մի ինչ-որ ամենակարող մասնագիտության մեջ, երբեմն՝ էլ ամուսնության, որ գոնե ծայրահեղ դեպքում միայնակ լինես ուրիշների շրջապատում: Իսկ ի՞նչ է նշանակում ապրել այլ կերպ: Գուցե թե՝ անհեթեթորեն ապրել այն բանի համար, որպեսզի վերջ տաս անհեթեթությանը, մի այնպիսի անողոքությամբ հեռանաս ինքդ քեզնից, որ այդ՝ ինքդ քեզնից անջատումը ավարտվի մեկ ուրիշի հետ գրկախառնությամբ: Երբեմն ինձ թվում է, թե արյունելու աստիճան իրար մռութ տրորող մարդկանց միջև ավելի շատ փոխըմբռնում կա, քան նրանց միջև, ովքեր իրար են նայում այնպես, ասես նայում են կողքից: Այո, մենք հեշտությամբ ենք համբուրվում նրանց հետ, ովքեր մեզ չեն սիրում, քանի որ ինքներս էլ հազիվ թե մեզ սիրեինք…

%d bloggers like this: