Tag Archives: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

5 Հնս

***
Այս գիշեր, քույր իմ, մինչև լուսաբաց
Ես քեզ հետ էի երազներիս մեջ,
Հեկեկում էիր, գլուխս գրկած,
Քեզ ներում էի երազներս մեջ:
Դու դարձել էիր իմ գիրկը նորից,
Ու ես քոնն էի երազներիս մեջ:
Դու լալիս էիր զղջումով անբիծ,
Ես ժպտում էի, ես ցնծում էի,
Մենք ծաղկում էինք երազներիս մեջ,
Ես մեր բաժանումն անիծում էի
Ու ցնծում… բայց, ա՜խ, երազներիս մեջ:

shiraz-634x445

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

22 Դկտ

Ավետիք Իսահակյանն ասում է.
— Հիմա ես քեզ պատմեմ զարմանալի մի բան, աներևակայելի ու անբացատրելի: Երեկ գիշեր մի ոտանավոր գրեցի: Հինգ տուն: Ուզեցի մերոնց կարդալ՝ քնած էին: Դրեցի այ այդ գզրոցն ու քնեցի: Այսօր ցերեկը ժամը 12-ը կլիներ, Շիրազը եկավ: «Վարպետ,- ասում է ինձ,- մի ոտանավոր եմ գրել երեկ գիշեր, կարդամ լսիր, կարծիքդ եմ ուզում իմանալ»: Ու, պատկերացնու՞մ ես, վերջին տունը, չորսը տողը համարյա նույնն էր, ինչ որ ես էի գրել երեկ գիշեր: Եթե ես մեկնումեկին, թեկուզ մերոնց կարդացած լինեի ոտանավորս, չէի հավատա, թե Շիրազին չեն ասել: Դե արի ու հասկացիր՝ ինչ բան է, սա ինչ զարմանահրաշ զուգադիպություն է, նույն տողերը, նույն պատկերը…

Ռուբեն Զարյանի հուշերիցИСААКЯН-И-МОЛОДОЙ-ШИРАЗ-765x510

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

29 Հկտ

Շատ ու շատ մեծեր են ասել ու ողբացել, թե լուսնի տակ նոր բան չկա և բանը ոչ թե միտքն է, այլ միտքը կերտելն է, կերտվածքը, շինվածքը, հյուսվածքը: Ոչ թե թելն է գլխավորը, այլ գորգն է, գորգահյուսվածքը: Ոչ թե կավն է, այլ կավակերտվածքը՝ գավը, կուժը, գավաթը: Այսինքն՝ կավը (միտքը) ամենքինն է, բայց բրուտը՝ բանաստեղծը, ձորերից բերում, իր հանճարով իրենն է դարձնում արդեն իր ձեռքով վերափոխածը՝ որևէ մտքի կորիզը դնելով իր ձիրք կրքի հրեղեն պտղի մեջ, որն արդեն ստանում է իր անձնականի բույրը, նույնիսկ գույնը:

??????????????????????????????????????????????????????????

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Ապր

Շիրազը եկել էր Վեդի: Մշակույթի տան հսկայական դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Բեմի վրա նստել էր, դեմքին բավարարվածության ու իր մեծության գիտակցումի զգացումներն էին միախառնված, կամ գոնե ինձ այդպես էր թվում: Դպրոցական էի ու կարծում էի, որ մեծ գրողը միշտ պիտի բարձրում լինի, իսկ մենք նրան պիտի նայենք ու լսենք ներքևից:
Բայց երբ հանդիպումն ավարտվեց, մի անբացատրելի հանդգնությամբ ինձ նետեցի նրա մոտ՝ իր վեհության հարթակն ու խնդրեցի մակագրել գիրքը:
— Անունդ ի՞նչ է,- հարցրեց:
— Հովիկ:
— Հովի՞կ: Տղամարդ ես, Հովիկս ո՞րն է: Ասա՝ Հովհաննես:
Հետո գիրքն առավ, դրեց սեղանին, դանդաղ գրեց ու վերադարձրեց.
— Հովհաննես…
Հրաժեշտ տվեց հանգիստ, վեհ, հաստատ քայլերով: Գնաց: Ինքը մնաց վերևում, ես՝ ներքում: Ինքը Հովհաննեսն էր, ես՝ Հովիկը:

Հովիկ Չարխչյան11156231_858899874180829_5700464004223103245_n

ՇԻՐԱԶԻ ԶՂՋՈՒՄԸ

6 Հնս

Հովհաննես Շիրազի տաղանդն ու ճանաչումը մի ծանր բեռ է եղել նրանց համար, ովքեր այդպես էլ չկարողացան վեր բարձրանալ միջակության հարթությունից: Այդ մարդիկ, որ պարտաստ էին Շիրազի հասցեին չարախոսել բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով, չէին խորշում գրական բանակռվին շաղախել գրողի անձնական կյանքն ու մարդկային թուլությունները: Այսպիսի հարմար պատրվակ էր Շիրազի հակումը դեպի խմիչքը: Խտացնելով գույները, սովորական մի հրապուրանք ներկայացնելով իբրև հանցավոր մոլություն` նրանք աջ ու ձախ քարկոծում էին Շիրազին: Բանը հասել էր նրան, որ դա քննարկման նյութ էր դառնում նույնիսկ ամենաբարձր ամբիոններից: Շիրազն անկարող էր լռեցնել իր շուրջն ահագնացող հանիրավի աղմուկը: Սակայն չէր կարող խեղդել նաև  հոգու ճիչն ընդդեմ անարդար վերաբերմունքի: Որպես պատասխան նա գրեց «Զղջում» վերնագրով այս բանաստեղծությունը, որն իրականում ոչ այնքան ապաշխարանքի խոսք էր, որքան ըմբռնումի պահանջ և ակնկալիք: Թե որքանով արդարացան բանաստեղծի հույսերը, դժվար է ասել: Բայց մնաց նրա չափածո խոսքն ու 1964-ին արված մի խոսուն ծաղրանկար, որ կարծես գալիս է ամբողջացնելու այդ ցավալի դրվագը:

 © Հովիկ Չարխչյան

10423478_750943134964632_1364194864_n

 

 ԶՂՋՈՒՄ

Էլ չեմ խմում, չեմ խմում, մորս աչքեր, մի լացեք,

Ձեր բաժակով, մոր աչքեր, կխմեմ հույսն իմ բախտի,

Սիրտս խելքի է գալիս, իմաստուններ, տեղ բացեք…

Գինին մորս արցունքն է, գինին` թեկուզ դրախտի,

Էլ չեմ խմում, տխրեցեք, տվայտվեցեք, թշնամիք,-

Ձեր սև բռունցքն է թվում այժմ թասն իմ գինով լիք…

 

Երդվեմ մորս արցունքով, չեմ խմելու էլ երբեք,

Թեպետ Մասսի վշտից էր հորդում գինին մոռացման…

Էլ չեմ ըմպում, և գինով լիքը իմ թանսն էլ` տեսեք,

Օձի գանգ է ինձ թվում, այն, որ խաբեց ինձ անգամ,

Այն, որ երեկ իր գինով ինձ կնոջից թունդ խաբեց

Եվ իմ արծվի թռիչքը բամբասանքում վանդակեց…

Բայց անծանոթ անցորդն էլ ինձ գգվում է մոր նման,

Որ փշրեցի սև բաժակն իմ  անցյալի դառնահամ:

 

Օ, միք խմի, ով մարդիկ, այնքան խմեք, որ հիշեք,

Թե մի փոքրիկ բաժակում ինչ հանճարներ են կորել,-

Խարդախաշուրթ բաժակից ես փախել եմ, ով հուշեր…

Ախ, այն մի բուռ բաժակում իմ ծով սիրտն էր մոլորվել…

Կկորչեի, ժանտ հուշեր, ծովում մի բուռ բաժակիս,

Ախ, թե ծովեր չլային որբ աչքերը մայրիկիս:

Ինձ անծանոթ անցորդն էլ համբուրում է մորս պես,

Որ ծով ձգի սև թասս խենթ անցյալիս մահահամ,

Քանզի արցունքն ու գինին ոչինչ չեն տա, սիրտ իմ, քեզ,

Ինչ ծովով էլ դու հարբես:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ՋՈՆ ՍԹԵՅՆԲԵՔԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

29 Օգս

Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում: Այս փաստը շատերի համար պիտի անակնկալ լինի: «Եթե եղել է, ինչու՞ այդ մասին ոչինչ չի ասվել»,- կհարցնեն նրանք: Ինչպե՞ս է պատահել, որ ամերիկյան գրականության մեծագույն դեմքերից մեկը, Պուլիտցելյան ու Նոբելյան մրցանակների դափնեկիրն այցելել է մեր երկիր, մինչդեռ դրա մասին նույնիսկ ամենահակիրճ հիշատակությունն անգամ չկա:
Նման հարցերի պատասխանը թերևս պետք է փնտրել իր ժամանակի մեջ: Բայց որ Սթեյնբեքն իսկապես եկել է Հայաստան, դա անժխտելի է:
Իսկ պատմությունն այսպիսին է: 1963 թ. Կարիբյան ճգնաժամից հետո ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները կարգավորման կարիք էին զգում: Եվ պետական այրերն այդ գործում ներգրավեցին ոչ միայն դիվանագետներին, այլև մտավորականներին: Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Քենեդին Սպիտակ Տուն հրավիրեց Սթեյնբեքին և առաջարկեց իբրև բարի կամքի դեսպան մեկնել Խորհրդային Միություն: Ուղևորությունը կայացավ 1963 թ աշնանը: Հայտնի է, որ կնոջ հետ ԽՍՀՄ ժամանած գրողը եղավ Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիիում, Լենինգրադում, իսկ այնուհետև ճանապարհ ընկավ դեպի Երևան:
Պետք է ասել, որ մինչ նշանավոր հյուրի ժամանումը Հայաստանում արդեն կար որոշակի նախատրամադրվածություն: Գաղափարախոսական քարոզիչները ջանք չէին խնայել բացատրելու, որ Երևան պիտի գար կապիտալիստական մշակույթի «շնաձկներից» մեկը, կոսմոպոլիտ, թափառական, հարբեցող, Դոն Ժուանի համբավ վայելող Ջոն Սթեյնբեքը, որի կերպարի այս «նրբերանգների» թիկունքում խամրում էր ամենագլխավորը` տաղանդավոր մարդը: Հրահանգն այն մասին, որ օտարերկրացու հետ զրույցներում և շփումներում անհրաժեշտ էր լինել առավելագույնս զուսպ և շրջահայաց, լրացվում էր այն պահանջով, որ Սթեյնբեքը Հայաստանից պիտի հեռանար լավագույն տպավորություններով: Իսկ Երևանում գրողին և նրա կնոջը մշտապես ուղեկցում էին քաղաքացիական հագուստով անժպիտ մարդիկ` նրանց առաջարկելով այն երթուղին և ծագիրը, որ վաղօրոք մշակված էր:
Բայց և այնպես հայաստանյան հանդիպումներն իրենց ջերմությամբ և անմիջականությամբ խախտեցին սահմանված «չափորոշիչները», ու թեև դրանց մասին չափազանց քիչ տեղեկություններ կան, սակայն եղածն էլ բավարար է պատկերացում կազմելու, թե ինչպիսի երկիր ու ժողովուրդ տեսավ Սթեյնբեքն իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու:
Ժուռնալիստների միության կողմից Սթեյնբեքին ուղեկցում էր հայտնի լրագրող Վլադիմիր Շահնազարյանը: Լուսանկարներ էր անում Մոսկվայից եկած ֆոտոթղթակից Յուրի Լևինը: Նաև նրանց օգնությամբ է, որ այսօր հնարավոր է վերականգնել այն օրերի մի քանի դրվագներ: Սակայն ի՞նչ է հայտնի այդ մի քանի օրերից: Տեղեկություններ կան այն մասին, որ Սթեյնբեքը մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի տոնակատարությանը, եղել է Հայաստանի տեսարժան վայրերում, դիտել պատմության հուշարձաններ: Իսկ այնուհետև նա այցելել է Մարտիրոս Սարյանին: Սարյանը որոշում է նկարել գրողի դիմանկարը: Այս հանդիպման մասին մի հետաքրքիր դրվագ է պատմում Վ. Շահնազարյանը.«… Բոլորը լքում են արվեստանոցը, Սարյանը սկսում է նկարել: Սակայն որոշ ժամանակ անց Սթեյնբեքը դուրս է թռչում սենյակից ու տագնապով ասում է ներկաներին.
— Ծերուկն իրեն վատ է զգում: Նա բարկացած է ու ինքն իրեն բարձրաձայն քրթմնջում է…
Հավաքվածները ներս են մտնում, իսկ այնտեղ Սարյանը է` վրձինը ձեռքին և քթի տակ խոսում է. «Ինչ երկնագույն աչքեր ունես: Մի՞թե գույնը չեմ որսալու… Ծեր ավանակ, հարյուր տարի է նկարում ես ու այդպես էլ չսովորեցիր մարդ պատկերել…
Դիմանկարն իսկապես հրաշալի էր ստացվել: Կտավը դիտելուց հետո Սթեյնբեքն ասաց.
— Նա գիգանտ է»:
Բարեբախտաբար, պահպանվել է Սթեյնբեքի այցելության գրավոր վկայությունը, և դրա հեղինակը հենց մեծահամբավ հյուրն է: ԱՄՆ վերադառնալուց հետո որոշ ժամանակ անց Ջոն Սթեյնբեքը մի նամակ է հղում Խորհրդային Հայաստանի գրողներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Գրողների Միություն, Երևան
Սիրելի բարեկամներ,
Ես մտադիր էի առանձին-առանձին գրել ձեզ բոլորիդ, որպեսզի շնորհակալություն հայտնեի այն հյուրընկալության և սիրալիրության համար, որով ընդունեցիք մեզ` վերջերս կատարած մեր շրջագայության ժամանակ: Բայց երբ սկսեցի մտաբերել այն բազմաթիվ մարդկանց, որոնք մեր բարեկամներն են դարձել, իսկույն ըմբռնեցի, որ այդպիսի ծրագրի իրականացումը մի քանի տարի կպահանջի: Կան նաև այլ դժվարություններ: Անտարակույս, պետք է, որ գրեի Մեծ Նկարչին`Սարյանին և նրա ընտանիքին, բայց ի՞նչ ձևով պետք է շնորհակալություն հայտնեի այն գյուղացի մարդկանց, որոնք անուշ սուփրա փռեցին խոտի վրա` լեռներում, կամ այն զույգին, որ մեզ սառն ու թարմ խաղողահյութով հյուրասիրեց բարձրաբերձ տաճարի մոտ:
Ես նրանց անունն անգամ չգիտեմ, բայց կուզենայի, որ նրանք իմանան, թե որքան նշանակալից տեղ են գրավում մեր հիշողություններում:
Մենք այնքան շատ բան ենք հիշում և անչափ հաճույքով ու ջերմությամբ… Երգերը` սեղանի շուրջ, վանքերը` անհավատալի, ժայռափոր, վեհ գահավանդը` ծռված խորը կիրճի վրա, որտեղ հռոմեական լեգիոններն են քայլել, և լուսաբացի տեսքը Արարատ լեռան, և այն, թե ինչպես էր փոխվում նա հետմիջօրեին, և Սայաթ-Նովայի երգերի բառերը, որ անծանոթ էին մեզ, բայց անչափ քաղցրահնչուն:
Վերհիշում եմ Երևանի հնամյա փառքը` լեռան չափ բարձրացած իր սերունդներով, և նրա հարատևումը… Սիրելի մի երկիր, սիրելի մի ժողովուրդ, և հարատևող… Դա է գլխավորը` հարատևումը…
Մենք հիշում ենք, այո, այն միտքը, որ մեր ճանապարհորդության ընթացքում գալիս էր սուր ածելու պես… Չնայած մեզ բաժանող մղոններին ու օվկիանոսներին, չնայած բարքերի, գաղափարախոսության, մեթոդների ու տեխնիկաների, պատմությունների ու ծագման, կենսափորձերի ու հիշատակների զանազանությանը, այն ամենին, որ պետք է տարբերեր մեզ, այնուամենայնիվ, մենք ավելի շատ ենք նման իրար, քան իրարից տարբեր:
Ազնվությունը ինտերնացիոնալ է, միջցեղային:
Ազնվության համար լեզու անհրաժեշտ չէ, որովհետև դա էլ մի լեզու է:
Ոչ, տարբեր չեն մեր իղձերն ու կարիքները: Ի՞նչ են դրանք. խաղաղություն, բարեկամություն, բավարար բարեկեցություն` տվայտանքը հեռու պահելու մեզնից, նաև իրավասություն, ժամանակ, ուժ և կամք բոլոր մարդկանց համար, որ ապրեն ու ձգտեն իրենց կարողությունների բարձրագույն գագաթին:
Այդ ենք ուզում մենք և դուք… Բարեբեր մի աշխարհ, որ չաղարտվի չարամտությամբ կամ տագնապալի աղմուկով, մի դռնբաց աշխարհ, ուր երեխաները կարողանան արտաքնապես ծիծաղկոտ մեծանալ և ներքուստ` ոչ վիրավորված, ոչ էլ խոժոռ:
Եվ եթե այս ամենով մենք նման ենք իրար, էլ ինչու՞ զարմանալ, որ մենք սիրալիր ընդունելության և վերաբերմունքի արժանացանք Երևանում:
Հայաստանն իր հետքը դրոշմեց մեզ վրա: Հարուստ և չքնաղ մի երկիր է դա: Էլ ինչու՞ զարմանալ, որ գրգռել է ներխուժողների ագահությունը: Սակայն եթե Հայաստանը բարեբեր մի երկիր է, ապա նաև բախտավոր է, որ ունի մի ժողովուրդ, որը կրքոտությամբ գիտակցում է նրա գեղեցկությունը և իր սերն է խփել հրե ու ցասումնալի դարերի փորձաքարին: Այդ երկաթյա սուրն է Հայաստանի ուժը, այնպես որ երկիրն օրհնված է իր ժողովրդից և ժողովուրդը` իր երկրից:
Այս զգացումը մենք վերցրինք ձեզնից, և շնորհակալ ենք դրա համար, քանզի գիտենք, որ էլ երբեք օտար չենք լինելու Հայաստանում:
Ձեր Ջոն Սթեյնբեք»:

Թեև գրողը խոստովանում էր, որ բոլորին առանձին-առանձին գրել չի կարող, սակայն մեկի համար նա բացառություն է անում: Եվ այդ ընտրյալը բանաստեղծ Հովհաննես Շիրազն էր: Ահա նրա այն նամակը, որ նա հասցեագրել է Շիրազին.
«Սիրելի ընկեր,
Այն ժամանակներից ի վեր , ինչ իմ կինը ՝ Էլենը և ես վերադարձել ենք տուն , Երևանում կատարած մեր այցելությունը, Ձեզ և Ձեր վերաբերմունքը մեր մտքերում են մնացել: Ձեր ջերմ հյուընկալությունը մեզ հետ է՝ որպես բարի հիշողություն: Մենք չենք մոռանում Ձեր աստվածային այգիները, որոնք երազ չէին: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես Հայաստանի գեղեցկությունն իրական է:
Իհարկե, մենք ունեցանք որոշակի հակադրություններ և տարաձայնություններ մեր տեսակետներում, բայց մենք բնական ենք դա ընդունում, և այն չի կարող խոչընդոտել մեր ընկերությանը:
Ես այն եզրակացության եմ եկել, որ աշխարհում ամեն բան կա՝ և լավ, և վատ, և ուրախություն, և զզվելի աղբ, և ծիծաղ: Ու ես հավատում եմ , որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում, իսկ ես հիշում եմ, որ մենք Երևանում միասին ծիծաղելու բավականին առիթներ ենք ունեցել:
Հուսով ենք, որ մի օր կայցելեք մեզ: Անկասկած հավատում ենք, որ առիթ կունենանք Ձեզ հյուրընկալել այն նույն ջերմ ընդունելությամբ, որ մենք ստացել ենք Ձեզնից:
Ձեր ընկեր` Ջոն Սթեյնբեք
Մայիս 9, 1964»:

Տեղեկություններ կան այն մասին, որ իր ուղևորության ընթացքում Սթեյնբեքը օրագրային գրառումներ է կատարել: Հավանաբար մի օր դրանք լույս աշխարհ կգան և մենք ավելին կիմանանք, թե մեր երկրում ինչ է տեսել ու լսել ամերիկացի մեծ արվեստագետը մոտ կես դար առաջ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՇԻՐԱԶԸ ԳՅՈՒՂ ԱՆՎԱՆԱՓՈԽԵՑ

29 Հնվ

Հովհաննես Շիրազի գրչին պատկանող յուրաքանչյուր վավերագիր ամբողջացնում է բանաստեղծի ու հայրենասերի կերպարը, և դրանց շարքում իր ուրույն տեղը կարող է ունենա նաև այս անտիպ նամակը, որի մասին էլ ուզում ենք պատմել ընթերցողին:
70-ականների կեսերին Արարատի շրջանի Թայթան (այժմ` Վանաշեն) գյուղում, որտեղ գերազանցապես վանեցիներ են ապրում, նախատեսված էր հիմնել Ավարայրի հերոսամարտին նվիրված հսկա մի հուշահամալիր: Եվ ահա այդ օրերին գյուղ է այցելում Հովհաննես Շիրազը, հանդիպում իր երկրպագուներին, ծանոթանում գյուղի կոլտնտեսության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, որն էլ բանաստեղծին ներկայացնում է կառույցի մտահղացումը: Հրապուրված այդ գաղափարով, վերադառնալուց օրեր անց Շիրազը Հ. Խաչատրյանին է հասցեագրում հետևյալ նամակը: Աշակերտական տետրի էջին կարմիր թանաքով արված գրությունը տարեթիվ չունի, սակայն բովանդակությունից ելնելով` դժվար չէ կռահել, որ այն գրված պետք է լինի 1978 թ. նախօրեին, քանի որ այս թվին Թայթանը վերանվանվեց Վանաշեն:
«Սիրելի իմ նորածանոթ Հարություն: Ուրախ եմ, որ այժմ գիտեմ քեզ, ձեռնարկածդ գործը վկայողն է հոգուդ հայեցի ազնվության… Եվ հուսով եմ, որ անշտապ կերպով գլուխ կբերեք մեծ ու քաջն Վարդանին, սուրբ Ավարայրին նվիրված (քո գլխավորած գյուղի մոտերքում) արդեն հիմնվող հուշարձանը, բայց կրկին ահա խնդրում եմ, որ անպայման, նորից անպայման քանդակել տաս անմահ Վարդան Մամիկոնյան սպարապետի գլոիխը պարսպին կամ կամարագլխին… անպայման:
…Առանց դրան ուխտատեղի չի դառնա այդ Կառույցը: Այսպես եմ գրում, վասնզի ճարտարապետը մեծ սրտով չընդունեց առաջարկությունս: Կգամ, հենց որ խնդրածս վարդանակերտվի պատին- ճակատին մեծ ու հայափրկիչ ճակատամարտի ոսկեհուշով… Իսկ գյուղի հին ու եղկելի օտարածին անունը փոխել տուր ու դիր, ասենք, Վանատուն կամ Վանանուշ, կամ Վանակերտ, կամ Վանավարդ, կամ Վանահուշ, կամ Վանաբերդ, կամ Վանահույս, քանի որ բնակիչները Վանից են գաղթել: Այսպես, ուրեմն, ողջույն ողջ հայությանը…
Հ.Շիրազ »:
Ճիշտ է, գյուղը վերանվանելիս, չգիտես ինչու, բանաստեղծի հիշատակած յոթ անուններից միայն առաջին արմատը հիշեցին, բայց եղածը եղած է: Իսկ ահա Ավարայրի ճակատամարտին նվիրված հուշարձանը դեռ մնում է որպես Շիրազի չիրականացած իղձ ու ցանկություն:

Հ. ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: