Tag Archives: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

19 Փտր

1919 թվականի փետրվարյան մի օր անսովոր եռուզեռ էր Թիֆլիսիում: Քաղաքի տարբեր անկյուններից մարդկանց մեծ ու փոքր խմբերը շարժվում էին դեպի նույն վայրը` Վոզնեսենսկայա փողոց թիվ 18 տունը, որտեղ ապրում էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այս օրը գրողի ծննդյան օրն էր: Նա դառնում էր 50 տարեկան:
Հավաքվել էր մի խառնիճաղանջ ու բազմալեզու բազմություն` հայեր, ռուսներ, վրացիներ, թաթարներ, հրեաներ… Հնչում էր երաժշտությունը, աշակերտներն ասմունքում էին, լսվում էին զվարթ վանկարկումներ ու ծափողջույններ: Վերջապես բացվեց պատշգամբի դուռը և երևաց բանաստեղծը: Նա առաջ եկավ, թույլ մատները հպեց բազրիքին ու նայեց փողոցին: Բազմությունը մի պահ ալիքվեց ու լռեց: Բոլորը սպասում էին Թումանյանի խոսքին: Բայց նա շարունակում էր լռել, իսկ հայացքը հուշում էր, որ կան պահեր, երբ բառերն ավելորդ են: Այն, ինչ կատարվում էր շուրջը, գնահատանքի ու երախտիքի ամենաանկեղծ տուրքն էր, որ կերազեր ամեն մի արվեստագետ: Դա Թումանյանի աստեղային ժամն էր, որ նա վաստակել էր ազնվաբար: Սակայն ի՞նչ գնով: Թերևս միայն իրեն էր հայտնի, թե ինչ արժեր մեծ թռիչքի հատուցումը, թե բարձունքին հասնելու համար որքան դժվարին, ծանր ու երկար էր եղել դեպի վերելք տանող ճանապարհը:

hovhannes_tumanyan11-770x510

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

19 Փտր

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր:

893933

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ

19 Փտր

1903-ին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» գիրքն անկասկած մեծագույն թռիչք էր հայ նոր գրականության մեջ: Ամեն կողմից լսում էին հիցմունքի և գոհության խոսքեր, գրքի օրինակները տարածվում էին ու արտագրվում, դրանք հասնում էին Կովկասի ամենահեռավոր անկյունները: Եվ նույնիսկ այս դեպքում քիչ չէր նրանց թիվը, ովքեր պատրաստ էին ամեն գնով նսեմացնել բանաստեղծի վաստակը, մերկապարանոց մեղադրանքներով արժեզրկել ու վատաբանել բացառիկ ձեռքբերումը: Հնարավո՞ր է այսօր հավատալ, որ ժամանակին ինչ-որ մեկը Թումանյանի մասին կարող էր հնչեցնել այսպիսի տողեր. «…Երգիչը ոտանավոր գրող է, պառնասական շինծու և անհիմն գոռոզության բանաստեղծ, առանց իդեալի, առանց առաջնորդող աստղի, միշտ ճնշված այն ճշմարտության տակ, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ցանկանում»:
Խորապես վիրավորված Թումանյանին պաշտպան կանգնեցին նրա տաղանդի երկրպագուներն ու գրչակից ընկերները: Իշխանուհի Մարիամն, ինչպես միշտ, առաջիններից մեկն էր: Հիմա արդեն նրանց հարաբերությունները թևակոխել էին այն փուլը, երբ երկուսն էլ կարող էին պնդել, որ դա համակիրների բարեկամություն էր, մի մտերմություն, որ ընդունված է կոչել հոգևոր կապվածություն: Բայց որքա՞ն է վիճակված անխաթար պահել հոգեկան կապը, որպեսզի այն դուրս չհորդի իր ափերից ու չպահանջի ավելին: Եվ մի օր վրա հասավ անկեղծության պահը:
Այդ ճակատագրական օրվա մասին թափանցիկ հիշողությունները մեզ են ներկայանում իրենց հուզիչ մանրամասներով` քողազերծելով հույզերի այն դրաման, որ ի սկզբանե զրկված էր հանգուցալուծումից և դատապարտված մշտական զղջման: Սովորական հանդիպումը վերածվում է սիրո խոստովանության: Թումանյանը վերջապես համարձակվում է պատմել իր զգացմունքների մասին, որոնք այնպես հմտորեն թաքցրել էր: Մարիամի համար դա մեծ անակնկալ էր. «Նրա փայլուն աչքերը թափանցեցին իմ սրտի խորքերը. նա մեկնեց իր ձեռքը դեպի ինձ ու… կարծես քողը ընկավ իմ աչքերից ու մի րոպեում ես ամեն բան հասկացա… Իսկույն վեր թռա տեղիցս, բայց գլուխս պտտվեց ու վայր պիտի ընկնեի, եթե Թումանյանը չառներ ինձ իրա գիրկը: Աչքերս փակվեցին ու ես չէի տեսնում Թումանյանի դեմքի արտահայտությունը, միայն լսում էի նրա սրտի բաբախումը: Նա այլևս չէր խոսում, իմ գլուխն էլ չլմած էր ու մեզ շրջապատող լռությունը ոչնչով չէր ընդհատում այդ վսեմ րոպեները: Որքան ժամանակ մնացինք այդ դրության մեջ, ես չեմ կարող ասել. դռան զանգի ուժեղ ձայնը սթափեցրեց մեզ: Ես կամացուկ ազատվեցի Թումանյանի գրկից ու առանց խոսք ասելու նրան՝ մտա սենյակ: Թումանյանն էլ անմիջապես հրաժեշտ տվեց ու տուն գնաց: Այդ գիշեր ինձ թվում էր, որ կրակի մեջ այրվում եմ: Ես սկսեցի մեկ-մեկ հիշել մի քանի դեպքեր, որ ինձ անհասկանալի էին թվում իր ժամանակին, իսկ Թումանյանի խոստովանությունից հետո կարողացա դրանց բացատրությունը գտնել: Անկեղծ եմ ասում, որ երբեք մտքովս անգամ չէր անցնում, որ Թումանյանը կարող էր սիրահարված լինել ինձ…»:
Անկեղծացման արձագանքն այլընտրանք ունենալ չէր կարող: Իշխանուհին իր բարեկամին բացատրեց, որ քնքուշ բարեկամությունից զատ ուրիշ զգացմունք չի կարող երևակայել: Սակայն սրանք ընդամենը այն բառերն էին, որոնք պարտավոր էին հնչել: Մինչդեռ սիրտը այլ պատասխան ուներ, որը բնավ չէր բարձրաձայնվելու: Հետո միայն, երբ հոգիները խաղաղվել էին, Մարիամը պիտի խոստովաներ. «Այդ խոսքերը իմ մեջ խոր ափսոսանքի զգացումներ առաջացրին: Ինչո՞ւ այնպես դասավորվեց իմ կյանքը…»: Իսկ Թումանյանը պիտի գրեր. «Ես շարունակ ափսոսում եմ, թե ինչու… Բայց ավելորդ ինչուներ են: Անցել է, և ամեն ինչ պետք է անցնի, իսկ մենք էնքան ենք անշնորհք ու անճաշակ, որ աշխարհքի գեղեցկությունները գեղեցիկ ու սրտալի ապրել- վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքը անվերջ ափսոսանք է»:
Ինչ- որ մի բան բեկվել ու կորստի էր տրվել անվերադարձ: Արգասավոր «Աբասթումանի աշունից» հետո մի քանի տարին Թումանյանը գրեթե ոչինչ չգրեց…

cjb6klll468bno8xw4d42o0ip-thumb-img-4568-1024-copy-copy.5.175.735.535.full

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

19 Փտր

Երիտասարդ Թումանյանը: Եռանդուն, կենսախինդ, մարդամոտ: Առաջին գործերը լույս ընծայելուց հետո նա ընդարձակում էր իր շրջապատը: Նոր ծանոթություններ, նոր դեմքեր, նոր կապեր: Նրանց շարքում քիչ չէին տարեկից, ազատամիտ գաղափարներով տոգորված երիտասարդները, որոնց հավաքներում գրողը ևս վարակվում էր ընդվզող ոգու համարձակությամբ, վերահաստատում ու լրացնում էր ժամանակի ընթացքն արժևորելու իր հայացքները: Սակայն երիտասարդությունը հարազատ չէր մնա իր էությանը, եթե այդ ամենը չլրացներ անբռնազբոս խենթություններով, կյանքի հաճույքները վայելելու ծարավով, արկածներով ու խնջույքներով: Ինչ խոսք, դժվար էր դիմակայել այդ գայթակղությանը: Թումանյանի համար` հատկապես: Երբեմն այդ հավաքները ձգվում էին մինչև լուսաբաց, և նա տուն էր գալիս, որպեսզի առավոտի հետ նոր հրավերքներ ընդուներ գինարբուքների ու խրախճալից երեկոների համար: Իր այդ օրերի զգացողությունների ու տպավորությունների մասին Թումանյանն անկեղծորեն խոստովանում էր ընկերոջը գրած նամակում. «Ինչ լավ բան է եղել հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփութ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել»:
«Սալոնային» խմբակներում գեղեցկադեմ երիտասարդի ներկայությունը հաճելի էր հատկապես կանանց համար, որոնք միշտ էլ նրանից կարող էին ակնկալել որևէ հաճոյախոսություն կամ մի ջերմ հայացք: «Օլյան ուզում է ինձնից մի բողոք ուղարկել, չլսես: Մի՞թե կհավատաս ինձանից, իբրև թե օրիորդների հետ շատ սիրալիր եմ»,- գրում էր Թումանյանը նույն նամակում:
Իսկ արդյո՞ք պետք էր այս հարցում լիովին հավատ ընծայել բանաստեղծին: Գուցե իրապես ճշմարիտ է այն պնդումը, թե անհնար է մոլորեցնել կնոջ սիրտը, որ պատրաստ է կռահել անգամ ամենամութ գաղտնիքը:
Գաղտնիքը, որպես այդպիսին, դեռ չկար: Բայց արդեն կար նա, ով պատրաստ էր լինել ավելին, քան մյուսները՝ մնալով պատշաճության սահմաններից ներս: Նրա անունն էր իշխանուհի Մարիամ Թումանյան:

50628607_2454284114644038_6300904816382050304_o

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԵՐԸ

19 Փտր

Թումանյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ աշնանային մի օր թիֆլիսյան խուլ փողոցներից մեկում հանդիպեց Օլգա Մաճկալյանին: Հրապուրված երիտասարդը շատ արագ ճշտեց, որ աղջիկը այն նույն Տեր Հովհաննեսի դուստրն է, ում հետ նա աշխատում էր կոնսիստորիայում, և հաջորդ օրն իսկ ինչ-որ պատրվակ հորինելով` այցելեց նրանց: Հետո այցերը դարձան հաճախակի, իսկ պատրվակ փնտրելն` այլևս անիմաստ, քանի որ օրիորդի ծնողներին նույնպես դուր էր եկել գեղեցկադեմ, կիրթ, հավասարակշռված երիտասարդը: Այս հարցում Տեր Հովհաննեսը նույնիսկ ավելի հեռուն գնաց` մտադրվելով ապագա փեսային քահանա ձեռնադրել և նրա տնօրինությանը հանձնել իր ծխերը: Օլգայի մայրն անհամեմատ զուսպ էր, թեև վերջինս ավելի շատ հակված էր վստահելու նախախնամությանը: Ահա թե ինչ է պատմել Օլգան իրենց առաջին տարեմուտի մասին. «1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել»:
Թռչնի թևով ավետվածը շուտով ի կատար ածվեց: Նշանադրությունը կայացավ նույն տարվա մարտի 24-ին` հարազատների մասնակցությամբ և օրհնությամբ: Իսկ դեկտեմբերին նրանք ամուսնացան:
Անօթևան փեսան տեղափոխվեց կնոջ ծնողների տուն: Նա ձեռքին ընդամենը մի փոքրիկ կապոց ուներ` իր հագուստը և երկու գիրք: Սակայն գլխավերևում ծածկ ունենալու հանգամանքը դեռ չէր ազատում հին պարտքերից (նա պարտամուհակ էր տվել նախկին տանտիրոջը վարձի դիմաց ու դեռ մի քանի տարի պիտի նրա կողմից հետապնդվեր ու վճարումներ կատարեր), հետո առանց այդ էլ անմխիթար վիճակին այժմ գումարվում էր նորաստեղծ ընտանիքի հոգսը, և թերևս այդ ծայրահեղ կարիքն էր, որ բանաստեղծին հարկադրում էր մերթ իր համաձայնությունը տալ քահանա դառնալու դրդումներին, մերթ հաշտվել հաշվապահ աշխատելու առաջարկի հետ: Ճիշտ է, թե մեկից, թե մյուսից այնուամենայնիվ հաջողվեց ազատվել, բայց մի՞թե դա կարող էր սփոփանք լինել: Նրան անհրաժեշտ էր ավելին, քան սոսկ կեցության խնդիրն էր պահանջում, և նվազագույնը` երազանքների դռները բաց պահելու համար:

150

ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃՇՏՈՒՄ

13 Մրտ

1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում վախճանվեց Հովհաննես Թումանյանը: Նրա մարմինը տեղափոխվեց Թիֆլիս և ապրիլի 15-ին կայացավ հուղարկավորությունը: Հայաստանից Վրաստան մեկնեց պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «Արմենտա» հեռագրական գործակալությունը հատուկ տեղեկատվություն հրապարակեց: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասվում էր. «Երևանում գտնված գրողներն ու արվեստագետները որոշել են բանաստեղծի թաղմանը Թիֆլիս պատգամավորություն ուղարկել հետևյալ կազմով. ընկ. Մ. Սարյան, Ց. Խանզադյան, որ միաժամանակ նաև համալսարանի ներկայացուցիչն է և Ե. Չարենց: Պատգամավորությունը այսօր առավոտյան՝ ապրիլի 13-ին մեկնեց Թիֆլիս»:
Համաձայն այս վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բանն այն է, որ ապրիլի 15-ին, ժամը 12-ին, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ Թումանյանի աճյունն իր վերջին ճանապարհն էր անցնում, Երևանի պետական թանգարանի դահլիճում ընթանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակին նվիրված քաղաքացիական հոգեհանգստ: «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլի 17-ի համարում ներկայացրել է այդ արարողության մանրամասները: Հրապարակելով ժողկոմ Ասքանազ Մռավյանի ելույթը՝ հոդվածագիրն այնուհետև գրել է. «Նույն իմաստով արտահայտվեց նաև ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանի գրողների և արվեստագետների կողմից: Նա հատկապես ցանկություն հայտնեց, որ ներկայիս գրողները յուրացնեն Հ. Թումանյանի ավանդը…»:
Ստացվում է, որ Չարենցն իրականում Թիֆլիս չի մեկնել: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ բանաստեղծը վերջին պահին հրաժարվել է այդ ուղևորությունից ու ի՞նչ հիմքով էր հեռագրական գործակալությունը վկայում նրա մեկնումը, առայժմ հայտնի չէ:

© Հովիկ Չարխչյան11700877_10202862909774090_1771284148538605615_n

«ԱՆՈՒՇԸ» ՉԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆԸ

19 Փտր

Հայկական առաջին գեղարվեստական կինոնկարը «Նամուսն» է՝ նկարահանված 1924 թվականին: Սակայն պարզվում է, որ առաջինը կարող էր դառնալ «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: Եվ այդ նախաձեռնության հեղինակը եղել է ոչ այլ ոք, քան Վահրամ Փափազյանը: 1922 թվականի վերջին նա իր շուրջն է համախմբում կինոգործին հմուտ եզակի մասնագետների ու դերասանների և այդ փոքր խմբով կարողանում է հիմքեր ստեղծել այն օրերի Հայաստանի պայմաններում աննախադեպ և համարձակ մտահղացման համար: Իսկ 1923 թվականի հունվարին մամուլն արդեն տեղեկացնում էր. «Կենտրոնական բանվորական ակումբի վարչությունը ձեռնարկել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմայի նկարմանը կինոյի ժապավենի վրա: Նախնական աշխատանքները սկսված են դերասան Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ:
Ժապավենը նկարվելու է Լոռիում փետրվարին՝ ձմռան եղանակները, իսկ գարնանը՝ Վարդավառի և մնացյալ մասերը: Միջոցներ են ձեռք առնվում գործը բարձր գեղարվեստական դարձնելու»:
Ցավոք, այդ ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ: Իսկ «Անուշ» խաղարկային ֆիլմն առաջին անգամ էկրան բարձրացավ 1930 թվականին, բայց այս անգամ արդեն բոլորովին այլ արվեստագետների ջանքերով:

©Հովիկ Չարխչյանpizap.com14558438141371

ԻՆՉՈՒ ԱՆԴՐԱՆԻԿԸ ԱՊՏԱԿԵՑ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻՆ

11 Հնվ

«Կյանքի բովից» հուշերի գրքում Ալեքսանդր Շիրվանզադեն իր և Զորավար Անդրանիկի հանդիպման մասին այսպիսի տողեր է գրում. «Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»: (Շիրվանզադե, Երկեր ժողովածու, հատոր 8, էջ 423):
Գրողն այդ մասին այլևս չխոսեց: Ի՞նչ տհաճ միջադեպի մասին էր գրում նա, որն այդպես էլ հետագայում չունեցավ ոչ արձանագրում, ոչ մեկնաբանություն:
Այս գաղտնիքը բացահայտում է մեկ այլ հեղինակ՝ Ավետիս Թերզիբաշյանը 1937 թվականին Փարիզում լույս տեսած «Անդրանիկ» գրքում: Վերջինս գրում է. «… Տարբեր հոսանքի ռուսահայ հայտնի մտավորականներ թշնամական վերաբերմունք ցույց կուտային դեպի այլ տարրը, որ հայ ազատագրության գլխավոր խնդրո առարկա էր և անոր կորիզը կկազմեր: Այդ տարբեր հոսանքներեն հայտնի թատերագիր Շիրվանզադե թույլատրած էր ինքնիրեն ընդվզեցուցիչ կերպով արտահայտվելու՝ ըսելով. «Թուրքերը ինչու՞ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»: Այս բոլորովին հակամարդկային և նողկանքի արժանի ձաբռտուքին առաջ, ըսված Շիրվանզադեի կողմե, ընդվզում առաջ կբերե Անդրանիկի և ուրիշ ներկա հայերուն մեջ, և Անդրանիկ տեղն ցատկելով կու տա երկու փառավոր ապտակ Շիրվանզադեին…»: (Ա. Թերզիբաշյան, «Անդրանիկ», էջ 324):
Որ նման տխուր միջադեպ եղել է, հաստատում են նաև այլ աղբյուրներ: Հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանի օգնությանը: Իր նամակներից մեկում նա ցավով գրել է. «Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու… Որ ես իբրև թե կամեցել եմ վիրավորել մի թշվառ ժողովուրդ, որի վշտերովն եմ ապրել 40 տարի և որի համար բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել…»:
Արդյո՞ք կատարվածի համար անկեղծորեն զղջացող Շիրվանզադեն արժանացավ զորավարի ներմանը և ի վերջո հաշտվեցի՞ն երկու հայ մեծերը: Ցավոք, այս մասին հիշատակումներ չկան:

© Հովիկ Չարխչյանpizap.com14525008691511

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՇԻՐԻՄԸ

5 Նյմ

1938 թվականի օգոստոսի վերջին շաբաթն էր: Խոջավանքի փառաշուք շիրմնաքաղաքը նման էր խորշակածեծ արտի… Րաֆֆու շիրիմից քիչ հեռու մի թարմ հողակույտ կար, շուրջը փռված ծաղկեպսակների մնացորդներ: «Ո՞վ պիտի լինի այս հսկան, որ համարձակվել է Րաֆֆիի հետ հավերժական հարևան դառնալ»,- մտածեցի ես ու սկսեցի պրպտել, բայց նրա ով լինելու մասին ոչ մի հետք չգտա:
Այդ միջոցին ինձ է մոտենում մի տարիքոտ կին, սև զգեստների մեջ պարուրված: Կարծեցի, թե այս թարմ հողաթմբի սգակիր ազգականն է կամհարազատը: Կինը մոտեցավ և բարևեց վրացերեն լեզվով: Ես արձագանքեցի: Ինչ-որ բացատրություններ տվեց, թե՞ հարցեր՝ չհասկացա, որովհետև վրացերեն չգիտեի: Նա կրկնեց իր ասածները և հարցական նայեց ինձ վրա:
— Ներեցեք, տիկին, ցավոք սրտի վրացերեն չգիտեմ, ես հայ եմ,- հայտնեցի ռուսերեն լեզվով:
— Շատ ուրախ եմ, որ հայ եք,- բացականչեց տիկինը՝ այս անգամ հայերեն և քաջալերված ավելի մոտ եկավ:
— Դե հիմա ասացեք, թե ինչ էիք ուզում,- դիմեցի նրան:
— Ես Թումանյանի այրին եմ,- թոթովեց տիկինը՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին:- Ողորմած հոգու գերեզմանը տակնուվրա են արել, շիրիմի քարն էլ էն է՝ դռան մոտ ընկած…

Հ. ԳԵՐՈՒՆՅԱՆ
«Հայրենիք» ամսագիր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

9 Սպտ

Ո՛չ, կանգնեցեք, գրական մեծություններ սանձահարող անսանձ փոքրություն։ Էստեղ տվեք ձեր ականջներն ու կանգնեցեք մեր առջև։ Էսպես։ Ես ճանաչում եմ ձեզ։ Դուք մի որևէ Ռ. Դրամբյան չեք։ Դուք մինը չեք։ Դուք շատ եք։ Դուք տիպ եք։ Դուք էն պստիկ, մաղձոտ ու մութ հոգին եք, էն հավիտենական անկոչ պրոկուրորը, որ ամեն տեղ, ուր կերևա, միայն «դիպվածով» լսած լինելով մի բան, դատում ու դատապարտում է ամեն գործ ու գործիչ, առանց ճանաչելու, առանց ամաչելու։ Դուք էն անհոգի, տափակ ընթերցողն եք, որ կարդում է պարապությունից ու «դիպվածով»՝ ձեռքն ընկած մի քանի տողով, առանց խոր ու լուրջ նայելու, առանց հասկանալու, տգետ ու թեթև սկսում է քննադատել ու «հարվածել», և առանց հասկանալու էլ շպրտում է բառերը՝ շանտաժ, ժանտախտ, բանագող… թեկուզ և դեմը կանգնած լինի մի գրական մեծություն։
Կանգնեցեք՝ ձեզ հասկացնեն, որ եթե մի մարդու ասում եք գրական մեծություն, զգույշ պիտի լինեք նրա դեմ գրական կռվի դուրս գալիս, ճանաչեք ձեր չափը ու չհամարձակվեք մյուս անգամ էլ էդպես ստահակորեն հոխորտալով ու բերաններդ շաղ տալով ծառս լինել մի այլ գրական մեծության դեմ։thumb_medium

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

20 Փտր

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. ՉարխչյանDSC_0094

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԾՆՎԵՑ ՎԱՆՈՒՄ

3 Հկտ

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար…

— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր

Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,

Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,

Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին…

Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,

Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Բանաստեղծության թողած տպավորությունը ցնցող էր։ Ներկաները այդ քերթվածն ընդունեցին որպես երիտասարդությանն ուղղված կոչ, իսկ հեղինակը նրանց համար դարձավ «ցեղին ավելի երջանիկ ու բախտավոր» ապագա գուշակող, «հոգիով սուրբ» հանճար։ Գրող և հասարակական գործիչ Հովհ. Ավագյանը բանաստեղծությունը գնահատեց որպես «…իմաստով կուռ, լեզվով ճոխ ու բովանդակությամբ հյութեղ ուղերձ մը, որ ամեն բանե առաջ, իրավ, հայ կբոլրե ծայրեծայր…»։

Վանից վերադառնալուց հետո Թումանյանը բավական ժամանակ իր այդ ճամփորդության տպավորության տակ էր։ Մխիթարականը նրա համար թուրքական բռնակալությունից նոր ազատագրված Վանի բնակչության խանդավառությունն էր, հատկապես երիտասարդության հերոսական ոգին, ազատ ապրելու նրանց ինքնագիտակցությունը։vDG2MvOoE9UxcPblq6sqAHEFQD

 

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ

18 Հլս

«Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար աչքերով, հազար հազար ականջներով, հազար հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հասնում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարող կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «կեղտոտ» եք: Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան…»։

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆTomanian

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

19 Փտր

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ?????

ՉԱՐԵՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

17 Փտր

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը:

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց

Մոսկվա, 1 հունվարի 1923 թ.»:Безымянный

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿ

11 Փտր

22261969 թվականին` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին, «Հայֆիլմ» կինոստուդիան որոշում է նկարահանել մի կինոալմանախ, որտեղ ընդգրկվելու էին գրողի երեք ստեղծագործությունները: Դրանց թվում էր նաև «Աղքատի պատիվը» պատմվածը: Պատմվածքը սցենարի վերածելու աշխատանքները ստանձնում է Հրանտ Մաթևոսյանը: Սակայն հենց սկզբից ի հայտ են գալիս տարաձայնություններ` մասնավորապես այն հարցի շուրջ, թե ու՞մ պետք է վստահել ֆիլմի նկարահանումները: Պարզվում է, որ կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ բոլորի սրտով էր: Եվ այդ ժամանակ Հրանտ Մաթևոսյանը մի նամակ է հղում ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Գևորգ Արմենակովիչ,

Ես տեղյակ եմ, որ հիմա Ձեզ մոտ վճռվում է «Աղքատի պատվի» և Բագրատ Հովհաննիսյանի բախտը:

Որպես սցենարի հեղինակ, Թումանյանին շատ սիրող և Բագրատ Հովհաննիսյանի ստեղծագործական կարողությունները լավ ճանաչող մեկը, ես Ձեզ հայտնում եմ, որ սցենարը ես գրել եմ միմիայն Բագրատ Հովհաննիսյանի համար, և կարծում եմ, որ պետք է նկարահանի միայն նա: Այդ մասին ես գրավոր հայտնել եմ ստուդիայի դիրեկտորին:

Այլ մարդու հանձնելու դեպքում ես իմ սցենարը ետ կվերցնեմ:

Ձեզ խորապես հարգող` Հրանտ Մաթևոսյան:

21. 4. 1969 թ.»:

Դժվար է այժմ միանշանակորեն պնդել, թե հատկապես մեծ գրողի այս վերջնագրային նամակը վճռորոշ դեր խաղաց խնդրի դրական լուծման համար, սակայն նաև փաստ է, որ «Աղքատի պատիվը» կինոնկարի ռեժիսորը դարձավ Բագրատ Հովհաննիսյանը, իսկ ֆիլմը էկրան բարձրացավ 1971 թվականին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆimg-202682-d12250368f

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ

8 Փտր

1918 թվականի գարունն էր: Թուրքական բանակը պաշարել էր Ղարաքիլիսան: Այդ օրերին քաղաքում էր գտնվում նաև Հովհաննես Թումանյանը: Շուտով լուր ստացան, որ թուրքական բանակը ճեղքել է ճակատն ու քաղաք է մտնում: Նահանջի միակ ճանապարհը, որ տանում էր դեպի հյուսիս, լցվեց խուճապահար գաղթականներով ու քաղաքի բնակիչներով: Այդ խմբերից մեկի հետ էլ Թումանյանը բռնեց Դսեղ տանող ճանապարհը:

Նրանք գյուղ հասան 1918-ի մայիսի 28-ին: Դեռ ոչ ոք ոչինչ չգիտեր Սարդարապատի հաղթանակի ու Հայաստանի անկախության հռչակման մասին: Ուժասպառ ու քաղցած մարդիկ նստոտեցին հենց Թումանյանի հայրական տան բակում: Մթնում էր: Խարույկ վառեցին: Բոլորը ճնշված էին ու տխուր: Թումանյանն էլ նրանց հետ նստեց մի կոճղի վրա և մարդկանց ծանր մտքերը գոնե մի փոքր մեղմելու հույսով սկսեց զանազան ուրախ լեգենդներ, առակներ, հեքիաթներ պատմել հավաքվածների համար: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ մարդիկ կամաց- կամաց քուն մտան: Իսկ հետո ականատեսը պատմում է. «Չեմ հիշում` ինչքան էի քնել, բայց երբ գիշերվա կեսին աչքս բաց արի և վրա նստեցի` միանգամից գլխի չընկնելով, թե որտեղ եմ գտնվում, աչքիս առաջ ներկայացավ անհուսալիորեն ցնցող մի պատկեր: Խորին լռություն էր ու խավար, որ լուսավորվում էր աստղերի առկայծումներով և մարող խարույկի լույսով: Իսկ խարույկի կողքին, նույն կոճղի վրա նստած էր Թումանյանը, միակ մարդը, որ քուն չէր մտել այդ գիշեր: Նա ձեռքի փայտով դանդաղ խառնում էր կրակը` գլուխը հակած կրծքին, և նրա աննկարագրելի տրտում դեմքի վրայով հոսում ու հոսում էին արցունքները…»:

©Հովիկ Չարխչյան

55854_b

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

6 Հլս

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

333312434_b

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

23 Մրտ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ

… Մի թաս սուրճ խմեց: Աչքերը շարունակ վազվզում էին և կարծես բան էր փնտրում: Քույրը բերավ թեյ: Խմելիս ուշքը գնաց. Արդեն ժամը 9-ն էր, շփում էի ճակատը, սրսկեցինք, ուշքի եկավ, բայց միանգամից թուլացավ:
Էլի բժիշկներ եկան, շատ անտարբեր էր: Ես արդեն նստած էի մահճակալի վրա և հաճախ էլ ոտքերը շփում էի: Սոսկալի էր հայրիկի աչքերի արտահայտությունը. կարծես մեզ հետ չէր, այլ ներքին պայքար ուներ: Եկել է հրաժեշտի պահը, նա հեռանում էր իր պաշտելի զավակներից, իր ժողովրդից և այն ամենից, ինչը հարազատ էր իրեն: Ինչ-որ բան շշնջաց, ես չլսեցի, երկրորդ անգամ ասաց, և շրթունքների շարժումից հասկացա, որ ասաց.
— Արի համբուրեմ…
Ավելի ճիշտ՝ Արեգը ինձ թելադրեց, ես գրկեցի, համբուրեցի, հայրիկը նայեց մյուսներին` Նվարդին և Արեգին: Նրանք մոտեցան և համբուրեցին, ես վեր կացա և անցա գլխի վերևը, որ իմ լացը չտեսնի. ասաց` ղոչաղ կացեք: Մի քիչ հետո դեմքի սոսկալի ցնցումներ եղան մի 2 վայրկյան, աչքի բիբերը մեծացան, նորից հանգստացավ, բայց այլևս չէր խոսում: Երեքով նստած էինք շուրջը և շարունակ հետևում էինք շնչառությանը, մարմնի սառնությանը: Արեգը շարունակ պուլսն էր հաշվում, թվում էր, թե դեռ զգում է, լսում է, և ահից ոչինչ չէինք խոսում: Արդեն ռադիոյով ամեն կողմը հայտնել էին Թումանյանի մահվան մասին, իսկ մենք դեռ նստած էինք նրա դանդաղ սառչող և դանդաղ շնչող մարմնի մոտ: Ժամը 9-ն անց 10-ին վերջին շունչն էր, 12-ն էր, որ ճակատը սառավ:

Աշխեն Թումանյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

19 Փտր

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է…

… Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը- տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի- նեղ թայֆայական կյանք- թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

1913

%d bloggers like this: