Tag Archives: հող

ՀՈՂԵՂԵՆ

1 Նյմ

Հողն այն տեղն է, որտեղ կանգնում են երկու ոտքերի վրա: Մենք գոնե այդպես հասկացանք, երբ առաջին քայլերն արեցինք: Հետո, երբ մայրս ինձ ու եղբորս բակ էր ուղարկում, շեմքին չհասած միշտ հիշեցնում էր.
— Հողերի հետ հանկարծ չխաղաք:
Ու դա հավանաբար առաջին դասն էր այն մասին, որ հողի հետ խաղ չեն անում:
Դպրոցում էր, որ մեզ սովորեցրին հողի բաղադրությունը: Գրատախտակի առաջ կանգնած արտասանում էինք երեկ սերտած դասը և ամեն բառի հետ պինդ, հուսալի հողը մեր աչքի առաջ մի քմահաճ թեթևությամբ փխրվում, մասնատվում, տրոհվում էր նշանների ու տարրերի: Եվ քանի որ մենք արդեն գիտեինք, որ մեր հողից բացի կա նաև ուրիշի հողը, ու քանի որ մեր հողը հարազատ էր, իսկ օտարինը` ոչ այնքան, կռահեցինք նաև, որ հողերի բաղադրության մեջ անկասկած պիտի լինի մի բան, ինչը տարբերակիչ է և դրանով է պայմանավորվում սեփական հողի քաղցրությունը:
Ու միայն հետո, շատ հետո, երբ առաջին անգամ տխրության միջից լսեցինք «հող էիր, հող դարձար» բառերը, այդ պահից ի վեր հողը կորցրեց իր նախնական համադրիչ կազմը, հողահալած մի գիտակցում մեզ ծանուցեց, որ հողի բաղադրություն չկա, կա մարդու բաղադրություն, որովհետև եթե հողը մենք ենք, հողածինն ու հողեղենը մենք ենք և մենք ենք հողին պահ տվողն ու տրվողը, ուրեմն այնտեղ ամեն բան մեզնով է: Եվ հողի սերն էլ մեր սերն է` բոլորիս ու յուրաքանչյուրիս, անցավորաց ու ապրողաց ինքնասեր պաշտումը:

Հովիկ Չարխչյան

zemlya

ԻՐ ՀՈՂԻ ՎՐԱ

29 Օգս

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնը երբեք չի այցելել Մեծ Բրիտանիա, իսկ մի անգամ նույնիսկ հրապարակավ հայտարարել է, որ ոտք չի դնի Լոնդոնում: Եվ երբ նրա մահից հետո ամերիկացիները ցանկություն հայտնեցին Լոնդոնում տեղադրել Վաշինգտոնի արձանը, իրենց նախագահի խոստման մասին չմոռացան: Նախքան քանդակի տեղադրելը նրանք ԱՄՆ-ից հող բերեցին ու լցրեցին արձանի պատվանդանի տակ:

6448beb7ec2fe52b28bdd1276ba6cc17.jpg

ՀՈՂՆ ՈՒ ԴԱՇՈՒՅՆԸ

21 Փտր

Տան ջրագծի համար հողը փորելիս դաշույն գտանք: Հին դաշույն, երկսայրի շեղբով: Մաքրեցինք, տուն բերեցինք: Դրել ենք պահարանի մեջ: Երբեմն վերցնում, երկար զննում եմ: Մետաղն ամուր ու ծանր է առաջվա պես: Երկայնքով ձգվող կրկնակի ակոսների թույլ ստվերները կարծես ինչ-որ բան են քողարկում: Ինչ-որ մեկը սա հավանաբար կապել է գոտուց, իրեն ու իր տունն է պաշտպանել:
Հետո կրկին դնում եմ տեղը, բայց մտքերս արդեն դաշույնի մասին չեն, այլ հողի:
Ի՞նչ հող է սա, որից միայն դաշույններ են դուրս գալիս:

Հովիկ ՉարխչյանCAM00114

ՀՈՂԵՂԵՆ

10 Մրտ

Երբ երեխա էի, գարնանը հորս հետ վերցնում էինք բահերը ու փորում էին մեր տնամերձ հողամասը: Ձմռան մրափից արթնացող հողը շնչում էր ու մենք լսում էինք հողի արտաշնչանքը: Հորս ձեռքերն ուժեղ էին, ոտքի հարվածը` ծանր, և հողը նրա առաջ բացվում էր թեթև ու հեշտ: Ես նախանձով նայում էի նրան, ու մտածում էի, որ եթե երբևէ կարողանամ փորել հորս նման արագ ու խորը, երևի ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում:
Հիմա ես հորիցս արագ եմ փորում: Բայց երջանկությունը չկա: Որովհետև երջանկությունն այն է, երբ հայրդ քեզնից ավելի արագ է փորում:

Հ. ՉարխչյանPerekopka-zemli

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

29 Հնվ

… Մորդ երգը, օրորը, որ նա երգել է քեզ համար, ամբողջ կյանքում քեզ հետ է, որպես այնքան հրաշալի, այնքան դժվար ու գեղեցիկ մեր հողի երգ- երգոցը: Երբեմն բանաստեղծություն ես գրում, որպեսզի ձերբազատվես այն զգացմունքից, որ քեզ հետապնդում, չարչարում, խանգարում է: Հայտնի է, որ ձորալանջերի քարերից արևի հոտ է գալիս: Այդ հոտը սուր է զգացվում հատկապես երեկոյան, մայրամուտից հետո: Այդ հոտն ինձ ծանոթ է մանկությունից: Բայց մի քանի տարի առաջ քաղաքային իմ բնակարանում հանկարծ զգացի քարերի արևային բույրը: Ես ֆիզիկապես ինձ զգացի ձորալանջին, ֆիզիկապես շնչեցի այդ բույրը: Արևի բույր առա սունկից, մամուռից, մութից, ամպից, ծառի շշուկից, աստղերից, ամեն ինչից… Ես ամբողջովին լցված էի արևի բույրով, և ցանկություն առաջացավ այդ բույրը բաժանել մարդկանց, որ նրանք էլ զգան, շնչեն այդ բույրը և գրեցի մի գազել…
Երբ ես դեռ փոքր էի, և մենք ապրում էինք խորը ձորի մեջ, մեզ համար արևի ճանապարհը կարճ էր, երկու, իրար շատ մոտիկ, հանդիպակաց սարերի գագաթից գագաթ ընկած մի անտեսանելի կամուրջ… Մի օր մենք որոշեցինք բարձրանալ սարը և տեսնել, թե ուր է գնում արևը: Հեռու, շատ հեռու արևմուտքում մենք տեսանք երկնքի մեջ մտած մի սպիտակ գագաթ: Արևն իջել էր այդ հեռավոր գագաթի վրա, որը վառվում էր մայրամուտի գույներով: Պատկերը շլացուցիչ էր, տպավորությունը՝ անպատմելի: Ես ուզում էի այդ մասին պատմել մարդկանց… Հիմա ես գիտեմ, որ պոեզիան ամեն ինչից դուրս նաև պատմում է մարդկանց, մեզ շրջապատող կյանքի և բնության հրաշալի, հեքիաթային, հսկայական մետաֆորների մասին: Ես շատ եմ սիրում հողը և այն ամենը, որ բուսնում է նրանից, սնվում է նրանով: Եվ երբ ասում են մայր հող, ես գիտեմ, որ դա գեղեցիկ խոսքի համար չեն ասում: Ես հիշում եմ հեռավոր սովի տարիները, երբ Հայաստանի լեռներում ձմռան հետ վերջանում էին հացի վերջին պաշարները: Մենք՝ գյուղի երեխաներս, չորեքթաթ էին տալիս լանջերն ի վեր և բուսական կեր էինք հայթայթում՝ արմտիքներ, տերևներ, տարբեր տեսակի խոտեր: Կակաչի կոկոններ էինք ուտում, կակաչի ցողունից դուրս եկած կաթնանման խեժը կարմրացնում էր մեր բերանը, մեր ձեռքերը: Կակաչի բողբոջին «պուտածիծ» էինք ասում: Այդպես մայր հողը մոր նման մեզ ծիծ էր տալիս… Չլիներ այդ դժվար և դժվարության մեջ երջանիկ մանկությունը, հնարավոր է, որ ես բանաստեղծ չդառնայի:

%d bloggers like this: