Tag Archives: ՀՅԴ

Արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ

30 Հնվ

Երբ օրեր առաջ Դաշնակցությունը «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ նույնաբովանդակ նամակներով դիմեցին ԱԺ նախագահին՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով, այս նախաձեռնությունը գնահատվեց ոչ այլ կերպ, քան տագնապի ազդանշան և այդ հիմքի վրա ամենաանսպասելի շփման եզրեր որոնելու նախնական փորձ: Բոլորն էլ հասկանում էին, որ 100 տոկոսանոց համամասնականի ցանկությունը ոչ մի գնով չի հաղթահարի խորհրդարանի ամուր պատնեշը, բայց նաև ակնհայտ էր դառնում այն, որ այս անգամ մեծամասնականով գնալու համար անհրաժեշտ ռեսուրսների պակասը խիստ է անհանգստացնում ՀՅԴ-ին: Հավանաբար երբեք ընտրություններից առաջ դաշնակցականներն այսչափ խոցելի չեն եղել, որքան այժմ:
Տարիներ շարունակ կար այն կարծրացած համոզմունքը, որ ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված, և եթե աշխարհն էլ փուլ գա, նա կարող է հաղթահարել իրեն անհրաժեշտ 7-10 տոկոսի շեմը: Աշխարհն, իհարկե, դեռ փուլ գալու հակվածություն չունի, և Դաշնակցությունն էլ նախկինի նման հրապարակավ հայտարարում է, որ կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհաղթահարի 5 տոկոսի ընտրական սահմանագիծը: Բայց այլ բան են բառերը, մեկ այլ բան՝ ներքին համոզմունքը, ինչն էականորեն տատանված է, և եթե նույնիսկ փորձ է արվում ամեն գնով դա քողարկել, միևնույն է, այն տեսանելի է և ունի իր ծանրակշիռ պատճառները:
Որպես նման՝ «ներկայանալի» հանգամանք պետք է նշել ՀՅԴ-ի կողմից հնարավոր դաշնակիցների փնտրտուքը: Ճիշտ է, օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասաց, թե կուսակցությունը այս պահին տրամադրված է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն հիշյալ «սեպարատիզմը» ոչ այնքան սկզբունքային դիրքորոշում է, որքան նախկին բարեկամներից լքված լինելու և նորերին դեռ չգտնելու արդյունք: Դաշնակցականները նույնպես խոստովանում են, որ քաղաքական դաշտը բավականին նեղացել է և ըստ այդմ պայքարը լինելու է դժվարին: Իսկ սա նշանակում է, որ միայնակությունն այլևս ոչ թե համարձակության ու ինքնավստահության արդյունք է, այլ բացահայտ ձախողման նախանշան, և ՀՅԴ-ն՝ ուզի թե չուզի, ստիպված է շատ արագ համախոհներ գտնել:
Այս ֆոնի վրա խիստ հավաստի հնչեց տեղեկությունն այն մասին, որ բոլորովին վերջերս Հրանտ Մարգարյանի բնակարանում տանտերը Վահան Հովհաննիսյանի և Արմեն Ռուստամյանի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը և արծարծել նախանշվող «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքին ՀՅԴ-ի միանալու հնարավորությանը: Տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, թե որքանով է հավանական նման միությունը, այլ այն մասին, որ Դաշնակցությունը բոլորովին էլ դեմ չէ «ալյանս» կազմել ինչ-որ մեկի հետ, ով կթեթևացնի նրա թռիչքը դեպի ապագա խորհրդարան: Եվ թերևս հենց այս անորոշությունն է նաև պատճառը, որ կուսակցության վերնախավը չի շտապում հստակեցնել իր նախընտրական ցուցակը: Վստահեցումներն այն մասին, թե այդ ցուցակում այս անգամ էլ մեծ անակնկալներ չեն լինելու, հնչում է ոչ այնքան համոզիչ: Անակնկալներ, անշուշտ կլինեն, բայց դրա մասին հանրությունը կիմանա այն ժամանակ, երբ վրա կհասնի ցուցակն անուններով համալրելու պահը:
Համամասնական ցուցակ կազմելուց առավել բարդ մի գործ էլ կա՝ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը: Իհարկե, կարելի է առաջ մղել ցանկացած մեկին և հայտարարել, թե տվյալ անձը պաշտպանվում է ՀՅԴ-ի կողմից: Բայց եթե խոսենք պոտենցյալ թեկնածուների և նրանց հաղթելու հնարավորության բարձր աստիճանի մասին, ապա այս դեպքում դաշնակցականներին չպիտի նախանձենք: Կային ուրախ, բարի ժամանակներ, երբ գործարար աշխարհի կարկառուն դեմքերը ապաստան էին որոնում Դաշնակցության թևերի տակ, պայքարում էին նրա բարեհաճության ու ցուցակներում անդամագրվելու իրավունքը ձեռք բերելու համար: Այժմ այդ օրերը քաղցր հիշողություն են, և ինչպես պատճառների, այնպես էլ հետևանքների մասին ՀՅԴ-ում շատ լավ գիտեն: Հազիվ թե դրամապանակի սիրահարներին կուսակցությունում երբևէ ընկալել են իբրև գաղափարական մարտիկների, բայց Դաշնակցությունն իր հերթին այսօր դրա դառը պտուղներն է ճաշակում՝ զղջալով այն բանի համար, որ դուռ է բացել կասկածելի վարկի ու վարքի տեր մարդկանց առաջ:
Եթե խոսք գնաց ՀՅԴ-ի խոցելի կետերի մասին, ապա չենք կարող շրջանցել կուսակցության առնչությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և վերաբերմունքը ներկայիս նախագահի նկատմամբ: Ասենք, ՀՅԴ լիդերներն իրենք են տվել դրա առիթը: Երկար ժամանակ է, ինչ շրջանառվում է Քոչարյան-ՀՅԴ կապի առկայության փաստը, և դաշնակցականները կարծես թե երբեք չեն բացառել Քոչարյանի ակտիվացումը ընտրությունների նախաշեմին: Հարցին, թե Դաշնակցությունը կընդգրկե՞ր Քոչարյանին իր ցուցակում, ՀՅԴ-ում խոսափողական պատասխան են տալիս. «Ճիշտն ասած` չենք մտածել այդ մասին»,- կրկնում են նրանք: Իհարկե, մտածել են, և ոչ մեկ անգամ: Իհարկե, կներառեն իրենց ցուցակում, եթե Քոչարյանն այդպիսի ցանկություն հայտնի: Միայն թե այն, որ նման շրջադարձը խիստ ընդգծված հետևանքներ կունենա, դեռևս շփոթմունքի ու ցայտնոտի մեջ գտնվող Դաշնակցության համար այսօր այնքան էլ հստակ չէ:
Ճիշտ այդպիսի անորոշ, չպարզեցված վերաբերմունք կա նաև Սերժ Սարգսյանի հանդեպ: Բոլորովին վերջերս էր, երբ Հրանտ Մարգարյանը չբացառեց, որ ՀՅԴ-ն կարող է նորից համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»: Սակայն այս խոսքերն արտասանելուց հաշված օրեր անց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց հարցազրույցի ընթացքում արդեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին սատարելու մասին հարցին` ասաց, որ Դաշնակցությունը ոչ նրա վարած սոցիալական և մոնոպոլիզացված տնտեսական քաղաքականության հետ է համամիտ, ոչ էլ տարվող արտաքին քաղաքականության, հատկապես` հայ-թուրքական արձանագրություններից հետո: Այսինքն, համագործակցության մասին խոսք լինել չի կարող:
Նման պնդուներից որի՞ն հավատալ: Թերևս դարձյալ այն մտքին, որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»: Իսկ քանի դեռ վրա չի հասել բացասման բացասումի ճակատագրական պահը, ՀՅԴ-ն զբաղված է իր նախընտրական ծրագրային դրույթների մշակման գործով: Հիշենք, որ այդ ծրագիրն ավանդաբար ունենում է սոցիալական ուղղվածություն, ու հիմա կարելի է հանգիստ սրտով այնտեղ գրել, որ երկրի վիճակը ծանր է, որ իշխանությունները շարունակում են իրենց գաղջ, գորշ ղեկավարությունը երկրում, որ Դաշնակցությունը չի հավատում նրանց խոստումներին, թե աննախադեպ ազատ ու արդար ընտրություններ են անցկացնելու: Սրանք շատ հարմար ձևակերպումներ ու տարբերակներ են, քանի որ ձախողման դեպքում միշտ էլ կարելի է արդարանալ, որ իրենք նախապես էին դա մատնացույց արել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ուրիշի հայրենիքում՝ հայկական պահանջատիրությամբ

8 Նյմ

Լիբանանից ստացված հակասական տեղեկությունները անհանգստություն հարուցեցին. այնտեղ լուրջ խնդիրներ էին ծագել հայերի ու քրդերի միջև: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր Լիբանանի հայաշատ Պուրճ Համուտ թաղամասին, որտեղ վերջին տարիներին բնակություն են հաստատել մի քանի հազար քրդեր՝ (ըստ որոշ տվյալների՝ ավելի քան 7000 մարդ): Վերջիններս հիմնականում վարձվոր են և հանդիսանում են Սիրիայի քաղաքացիներ: Նրանք չունեն Լիբանանում բնակվելու կեցության իրավունք, իսկ մեր հայրենակիցներն առաջարկում են նրանց դուրս գալ իրենց բնակարաններից` մինչև օրինական փաստաթղթերի կարգավորումը: Բայց սա ընդամենը խնդրի մի շերտն է: Այս ամենին զուգահեռ օրերս տեղի ունեցան մի շարք տհաճ միջադեպեր: Այսպես, ավտոկայանատեղիի համար վիճաբանություն ծագեց հայերի ու քրդերի միջև, հայերից մեկին դանակահարեցին: Նույն օրերին քրդերը փորձել էին բռնաբարել աշխատանքից վերադարձող մի աղջկա, ինչը հեթական խժդժության պատճառ դարձավ: Դրանից հետո սիրիական դեսպանության մոտ կազմակերպված հերթական ցույցից Պուրճ Համուտ վերադարձող քրդերը բախվեցին հայերի հետ: Որպես հետևանք` մեկական վիրավոր յուրաքանչյուր կողմից։ Շատ չանցած՝ հայտնի դարձավ, որ տեղի դաշնակցականները գիշերային պարեկախմբեր են կազմել, նրանք զինված չեն, բայց աչալուրջ հսկում են կուսակցական գրասենյակը, հայկական թաղամասը, ոսկերչական խանութները:
Իրադարձությունների նման շղթան ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվ այդ դեպքում այլևս էական չի լինի՝ շարժառիթները կենցաղայի՞ն էին, թե՞ քաղաքական կամ էթնիկ: Քրդերն այսօր էլ շարունակում են պնդել, թե հայերն իրենց մեղադրում են Բեյրութում Սիրիայի դեսպանատան առջև ցույցեր կազմակերպելու, հակաօրինական գործողություններ թույլ տալու մեջ: Հայերն իրենց հերթին բողոքում են, որ Բեյրութի Դորա և Նեբաա թաղամասերում բնակվող մեր հայրենակիցները ցանկանում են լքել իրենց տները և տեղափոխվել այլ թաղամասեր միայն այն պատճառով, որ այնտեղ քրդերն անկարգությունների են դիմում: Սրա հետ մեկտեղ չենք կարող նաև չնկատել, որ Լիբանանի մամուլն ու Բեյրութի հայերը տեղի ունեցող իրադարձությունների տրամագծորեն հակառակ պատկերն են ներկայացնում: Մի շարք լիբանանյան թերթեր ու կայքէջեր պնդում են, որ Պուրճ Համուտի հայերը և այս շրջանում առաջատար դերակատարություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշել են վտարել սիրիացի քրդերին. ինչի պատճառը վերջիններիս հետ հայերի ունեցած քաղաքական տարաձայնություններն են: Օրինակ, Լիբանանում գործող քրդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մահմուդ Սիվալան ասում է. «Հայերը կարծում են, թե քրդերը, մասնակցելով Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին, անհանգիստ իրավիճակ են ստեղծել Բեյրութում։ Բացի այդ, հայերը պնդում են, թե քրդերը թմրամիջոցներ են օգտագործում և անընդհատ խախտում են օրենքը»: Քուրդ ակտիվիստի այս խոսքերում գուցեև կա ճշմարտություն: Գաղտնիք չէ, որ Պուրճ Համուտում բնակվող քրդերը ակտիվորեն դեմ են հանդես գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը: Իսկ բեյրութահայերի զգալի մասը, հակառակը, դեռ 70-ականներից աչքի է ընկել սիրիամետ կեցվածքով: Եվ այժմ նրանք մտահոգվում են, որ սիրիական «հեղափոխական վարակը» կարող է հատել սահմանը և լուրջ խնդիրներ հարուցել իրենց համար: «Մենք գիտենք, որ այս ամենի պատճառները քաղաքական են: Դաշնակցականները հրահանգել են թաղամասի շենքերի հայազգի սեփականատերերին՝ վտարել քրդերին: Մենք նույնիսկ ձայնագրել ենք տանտերերից մեկին, որն ասում է. «Սա իմ ցանկությունը չէ, ես կատարում եմ Դաշնակցության հրահանգը»,- գրում է քրդական թերթերից մեկի լրագրողը:
Այն, որ ՀՅԴ-ն ազդեցիկ դերակատարություն ունի այդ երկրում, հանրահայտ փաստ է: Սակայն դաշնակները բոլորովին հակված չեն իրավիճակը մատուցել այդ նրբերանգներով: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին կտրականապես հերքել է արտաքսման հետ կապված լուրերին քաղաքական ենթատեքստ հաղորդելու միտումները՝ բացատրելով, թե դա ուղղակի կապված է Բեյրութի որոշ շրջաններում քրդերի գործողությունների արդյունքում առաջացած անվտանգության խնդիրների հետ։ Ելույթ ունենալով Լիբանանի խորհրդարանում և պատասխանելով ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին՝ Բագրատունին ասել է, որ Պուրճ Համուտ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ սխալ և իրականությանը չհամապատախանող ինֆորմացիա է շրջանառվում։ «Պահանջում եմ չշահարկել Պուրճ Համուտում օրինազանցությունները սանձելու այս որոշումը: Պուրճ Համուտից լիբանանցի թե սիրիացի մեր քուրդ եղբայրներին վտարելու մասին խոսելը նշանակում է հարված հասցնել Պուրճ Համուտում տիրող ազգային համերաշխությանը ու համագոյակցությանը, ինչպես նաև միացյալ պատմությանն ու նույն ճակատագրին արժանացած հայ և քուրդ ժողովուրդներին, որոնք սպանդի և ջարդի են ենթարկվել նույն դահիճի ձեռքով»,- հայտարարել է նա:
Դաշնակցությունը, որ կամա թե ակամա ստանձնել է հայ համայնքի անվտանգության պատասխանատվությունը, իրականում գուցե թե իսկապես չէր կարող այս ամենն անարձագանք թողնել: Եվ նախաձեռնելով հայկական թաղամասերի պաշտպանությունն իբրև մի գոտի, որտեղ քաղաքացին կարող է ապրել հանգիստ, ապահով, ազատ տեղաշարժվել, կուսակցությունն իր քայլերի հետ մեկտեղ դիմել քաղաքապետարանին, որպեսզի այն վերջ դնի այս վիճակին: «Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ սխալ լուրեր տարածեցին այն մասին, թե Պուրճ Համուտից, Տորայից և Նաբայից քրդերին վտարելու ուղությամբ ՀՅ Դաշնակցությունն արշավ է սկսել։ ՀՅԴ տեղեկատվական գրասենյակը ցանկանում է հստակացնել, որ Պուրճ Համուտը եղել և մնում է անխտիր բոլոր համայնքների և եկեղեցիների համակեցության խորհրդանիշը՝ աշխարհագրական մեկ տարածքում։ Հարցը, պարզապես, Համուտի քաղաքապետարանի հետ մեկտեղ շրջանի վերադասավորում իրականացնելն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան տարբեր կրոններ դավանող մեծ թվով աշխատավորներ, որոնք շրջանում մեկ կամ երկու սենյականոց տան մեջ 10-15 մարդկանցով են բնակվում։ Այդ հանգամանքը մեծապես անհանգստացնում է շենքերի մյուս բնակիչներին։ Բացի այդ, այդ մարդիկ տները վարձակալում են ապօրինի՝ առանց քաղաքապետարանում համապատասխան գրանցման։ Նրանց թվում կան նաև այնպիսիք, որոնք չունեն ինքնությունը հաստատող փաստաթուղթ»,– ասված է ՀՅԴ հաղորդագրության մեջ։
Իսկ մինչ այդ շարունակվում են գրանցվել առանձին բախումներ, խնդրին արդեն միջամտելու են եկել Լիբանանի անվտանգության ուժերը, բանակը: Թե մինչև եռման ի՞նչ աստիճանի կբորբոքվեն կրքերը՝ առայժմ պարզ չէ: Սակայն արդեն հայտնի է, որ շուրջ 1500 քրդեր լքել էին Պուրճ Համուտը` առանց ավելորդ խնդիրներ հարուցելու: Մնում է հուսալ, որ ուրիշի հայրենիքում փոքրիկ հայրենիք ունենալու ցանկության համար թանկ գին վճարելու անհրաժեշտություն չի ծագի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լուսանցքային ՀՅԴ-ի կարմիր վրանները

30 Օգս

Արդեն մեկ շաբաթից ավելի է, Գյումրիի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, ՀՅԴ ներկայացուցիչները կարմիր վրան են տեղադրել, որտեղ հերթապահում են երիտասարդ կուսակցականները: Դաշնակների այս վաղաժամկետ ակտիվությունը, որը ներկա պահին դրսևորվում է «Քվեն ուժ է» ծրագրի շրջանակներում, արտահայտվում է նրանով, որ նրանք սկսել են պայմանագրեր կնքել քաղաքացիների հետ, ովքեր ընտրական իրավունքի իրացման միջոցով հայտնելու են իրենց պատրաստակամությունը` ձևավորել ժողովրդի իշխանություն: Եթե նույնը պարզ բառերով շարադրենք, ապա նախաձեռնության հեղինակները քաղաքացիներից կորզում են խոստում, որ առաջիկա ընտրություններում իրենց ձայնը կտան Դաշնակցությանը:
Կարմիր վրանների գաղափարը փոխառված է զյուգանովյան կոմունիստներից, ովքեր մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում նման ակցիաներ են իրականացնում: Իսկ դրա հայկական կատարումը առաջիկայում կուղեկցվի նաև Հայաստանի տարբեր մարզերում հանրահավաքների շարքով, որի նախակարապետը ներկա պահին դարձել է Գյումրին: Հարցին, թե ինչո՞ւ են իրենց ակտիվությունը սկսում հատկապես այդ քաղաքից, ՀՅԴ Շիրակի մարզի պատասխանատու Արամ Հակոբյանը պատասխանել էր. «Ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է հանրապետությունում, դրա համար դաշնակցականները նախ որոշել են հանրահավաք կազմակերպել Գյումրիում»:
Առաջին հայացքից նման պատասխանը կարող է ուղղակի անտրամաբանական թվալ: Ի՞նչ կապ ունի բնակչության աղքատությունը միտինգների հետ: Ի վերջո, Դաշնակցությունը չի պատրաստվում հավաքի ժամանակ հումանիտար օգնություն բաժանել կամ բնակարանի բանալիներ նվիրել: Սակայն այս խոսքերի տակ քողարկված մտադրությունը միանգամայն ակնհայտ է: ՀՅԴ-ին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է սոցալական դժգոհություն, զրկվածների այն խումբը, որոնց ցավերի ու խնդիրների նուրբ լարերի վրա խաղալով և դրանց ալիքի վրա կուսակցությունը կկարողանա առաջ լողալ: Երևանն այս իմաստով զբաղեցված է ՀԱԿ-ի ու հարակիցների կողմից: Մնում են մարզերը:
Սակայն սա դեռ գլխավորը չէ: Ներկա պահին ամենաէականն այն է, որ Դաշնակցությունն իր դեմքը պահելու խնդիր ունի, մի դեմք, որը բավականին աղճատվեց վերջին իրադարձություններից հետո: Դրանցից առավել տհաճն ու անսպասելին ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն էր, որում մասնավորապես ասված էր, թե ամերկացի դաշնակցականները չեն պատրաստվում մասնակցել Հայաստանի անկախության վերականգնման 20-ամյակի առիթով ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տոնական հանդիսավոր ճաշկերույթ կազմակերպելու նախաձեռնությունը: «Անկախության տոնակատարությունը չի կարող առիթ ծառայել փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներ, այս պարագայում` մի նախագահ, որի վարած քաղաքականության հետևանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել ևս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարութունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:
Հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի դաշնակների շրջանում մի իսկական խուճապ էր: Բայց այդ խուճապը բացատրություն էր պահանջում: Եթե ՀՅԴ-ն ընդդիմություն է, իսկ դառը խոսքերը բաժին են հասել նախագահին, այդ դեպքում ինչու՞ են անհանգստության ցնցումները փոխանցվել ընկեր հեղափոխականներին: Այս տագնապն արդարացնել էր պետք: Մի քանի օր անց ՀՅԴ բյուրոյի պատասխանատուները համաձակություն կուտակեցին ու քննադատեցին Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի որոշումը: Վերջիններս պնդում էին, թե այդ հայտարարությունն արտահայտում է ԿԿ-ի դիրքորոշումը ու, թերևս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Սրա հետ մեկտեղ հայաստանցի դաշնակները գրում էին, որ Հայաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ «Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի և ձեռքբերումների ամրագրումն է: Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով և հուզական քայլերով առաջնորդվելու»,- ասում էին նրանք:
Իրավիճակը զավեշտալի էր: Նախ, դաշնակներն իրենց պատասխանով բոլորովին էլ չէին ժխտում այն որակումները, որոնք տվել էր ամերիկյան կառույցը: Մյուս կողմից էլ հակազդում էին նրան, քանի որ կատարվածը դեմ էր Հայաստանում գործող ՀՅԴ Բյուրոյի գծին: Ստացվում էր, որ ոչ անկախության տարեդարձը, ոչ էլ նախագահն այս դեպքում էական չէին: Եղածը սոսկ մի բան էր վկայում. կուսակցության ներսում առկա են սուր խնդիրներ ու հակասություններ։ Իսկ դրանց մեղավորները կրկին ՀՅԴ վերնախավում էին, այլ ոչ թե հարակից տարածքներում:
Հիմա նույնիսկ ամերիկացի դաշնակցականների համար գաղտնիք չէ, որ Երևան տեղափոխված կուսակցության ղեկավարությունը վերջին տարիներին ամուր թելերով սերտաճել է իշխանությանը` այդ մերձեցման դիմաց ստանալով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական արտոնություններ: Պատմում են, որ երբ այս տարվա հուլիսի սկզբին Ծաղկաձորում գումարվել էր ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը, սփյուռքից ժամանած կուսակցապետերը դառը խոսքեր ուղղեցին իրենց հայաստանցի կուսակիցների հասցեին՝ մեղադրելով վերջիններիս այն բանում, որ նրանք ընդդիմության իմիտացիա են ստեղծում և հարկ եղածին պես չեն արձագանքում իշխանությունների վարած սխալ քաղաքականությանը: Սրան ի պատասխան տեղի դաշնակները ՀՅԴ Բյուրոյի կազմից դուրս թողեցին ԱՄՆ-ի ու Կանադայի ներկայացուցիչներին: Բայց ռևանշը կարծես թե ձախողվում է: Մի կողմից Դաշնակցության ներսում ծայր են առնում լուրջ հակասություններ հատկապես այն հիմնահարցի շուրջ, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կուսակցությունը Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումների առնչությամբ, մյուս կողմից նվազել է «կերակրափողը»՝ դեպի կուսակցության գանձարան հոսող սփյուռքի ֆինանսական աղբյուրները:
Դրսի անհաջողությունները կարծես թե քիչ էին, ներսում էլ ՀՅԴ-ին միանգամայն լուսանցքային ուժի վերածեցին իշխանությունների ու ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև ծայր առած քաղաքական երկխոսությունները: Դաշնակները խաղից դուրս են: Մնում են փրփուրները, որոնցից էլ այսօր նրանք կառչում են՝ մի դեպքում կարմիր վրաններ շարելով, մեկ այլ դեպքում ակնարկելով այն մասին, թե պատրաստ են նույնիսկ երկխոսությունից դուրս մնացածներ մյուս ուժի՝ «Ժառանգության» հետ համագործակցել, միայն թե վերջնականապես չվտարվեն քաղաքական դաշտից: Նրանք հիմա էլ շարունակում են հայտարարել, թե իբր ՀՅԴ-ն ընդհանուր առմամբ հանդես է գալիս Հայաստանում համակարգային իշխանափոխության օգտին, բայց այս խոսքերի անկեղծությանը օր-օրի ավելի քիչ թվով մարդիկ են հավատում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կազան. նախօրեի բազմաձայնություն

24 Հնս

Վաղը Կազանում կմեկնարկեն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները: Միանգամից ասենք, որ առաջներում որևէ անգամ նման ակատիվություն ու բազմաբևեռ հետաքրքրություն չէր դրսևորվել կարգավորման գործընթացքի նկատմամբ, և շատերը դրան նույնիսկ սահմանագծային նշանակություն են տալիս: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է Կազանի հանդիպման ժամանակ «Ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքները» կոչվող փաստաթուղթի ստորագրումը կամ գոնե զգալի առաջընթաց դրա տեքստի համաձայնեցման հարցում: Ըստ էության, այնտեղ խոսք է գնալու սկզբունքների մասին, որոնց շուրջ երկու կողմերին էլ դեմ չեն արտահայտվել, սակայն այլ բան է, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է դա հասկանում կամ ուզում հասկանալ: Կա նաև կարծիք, որ եղածը ոչ այլ ինչ է, քան ճանապարհային քարտեզ` քննարկումների նոր շրջան սկսելու նկատառումով:
Ամեն դեպքում, այսքանը լիովին բավարար էր, որպեսզի կարևորագույն իրադարձությունից առաջ շահագրգիռ թևերից յուրաքանչյուրը ջանար մի վերջին անգամ իր համար բարենպաստ միջավայր ապահովել, շահավետ դիրքեր ստանալու որոշակի տպավորություն ստեղծել: Եվ այդ նպատակին լծվեցին անխտիր բոլորը` և հակամարտող կողմերը, և շահագրգիռ երկրներն ու նրանց սպասարկու միջազգային կազմակերպությունները, և կողմնակալ կամ անկողմնակալ դիտորդներն ու զանգվածային լրատվամիջոցները: Դրանց թվում քիչ չէին նաև այնպիսիք, որոնք վաղօրոք մշակված սցենարի ու դերաբաշխման համապատասխան իրենց խաղն էին խաղում: Ու եթե փորձենք ընդհանուր հայտարարի բերել արդյունքները, ապա պատկերը մոտավորապես այսպիսին կլինի:
Արտերկրից եկող արձագանքներում կա կարծեցյալ միասնականություն: Համենայն դեպս, բոլորը ցանկանում են տպավորություն գործել, թե խիստ շահագրգռված են հաշտեցմամբ ու համաձայնությամբ: Տարբերությունը նրբերանգների մեջ է և այն բանում, թե ով ինչպե՞ս է դա տեսնում: Նախօրեին Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ այժմ ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի ավարտին հասցվեն հիմնարար սկզբունքների վրա փաստաթղթի պատրաստումը, ինչն այնուհետև թույլ կտա սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Միջազգային ճգնաժամային խումբն այս իմաստով փոքր-ինչ թերահավատ է: «Բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն այնքան էլ մեծ բան չէ: Ի վերջո, դա միայն նշանակելու է գործընթացի սկիզբ, ոչ թե ամփոփում: Սակայն եթե ՌԴ նախագահ Մեդվեդևն այնպես անի, որպեսզի կողմերը ստորագրեն փաստաթուղթը, դա եզակի ու զգալի առաջընթաց քայլ կլինի այդ հակադրության մեջ, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդի համառության ստուգում»,- կարծում են նրանք:
Ամերիկացիները Մեդվեդևին միայնակ թողնել չեն ցանկանում: Դա հաստատեց նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ: Լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք Վաշինգթոնից կողմերին ուղարկված որևէ մեսիջ, որպեսզի նրանց տեսակետները մոտեցվեն, իսկ ռազմական գործողությունները բացառվեն, Թոները պատասխանեց. «Իհարկե, կա»: Այդ մեսիջի մի դրվագն էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգն էր նախագահ Սերժ Սարգսյանին, որի ընթացքում Օբաման կարևորում էր Կազանում տեղի ունենալիք հանդիպումն իր դիրքերից:
Բնականաբար, թուրքական կողմը ևս լռել չէր կարող: Այս առթիվ «Today`s Zaman» պարբերականը գրեց, թե բանակցություններում թարմ դինամիկա մտցնելու և ատելության քարոզչությանը հակադրվելու անհետաձգելի անհրաժեշտություն կա: Բայց դրա հետ մեկտեղ թուրքերը կարծում էին, որ համաձայնագրի կնքումը նախկինի պես անիրագործելի է և վերջնական լուծման համար կողմերից ոչ մեկը չի դրսևորի քաղաքական կամք: Թերթը ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները նախապատրաստված չեն փոխզիջումների համար, իսկ այդ երկրների առաջնորդներն էլ խոսում են մաքսիմալիստական նպատակների մասին:
Այս ֆոնի վրա առանձնակի բացատրություն պիտի պահանջի ռուսների ընդգծված լավատեսությունը: Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ասվածի վառ վկայությունն էր: «Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, կողմերի և համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարևոր շրջանի արդյունք է և առաջ շարժվելու ու Խաղաղ պայմանագրի նախապատրաստման իրական հիմք»,- ասված էր հայտարարության մեջ։
Այստեղ, իհարկե, ավելորդ է մանրամասնել, թե այս օրերին ինչ էին ասում Ադրբեջանում: Դա վաղուց է հայտնի: Բաքվի քարոզչամեքենան կրկին դիմում էր շանտաժի` սպառնալով իր ցանկացածը չստանալու դեպքում պատասխանել պատերազմով: Բայց այս սպառնալիքներին հիմա քչերն են ականջ դնում:
Առավել բազմազան ու հետաքրքրական էր հայկական դիրքորոշումների ներկապնակը: Եվ հասարակական տրամադրություններն էլ գոնե մասամբ արտահայտված էին քաղաքական ուժերի տեսակետներում: Եթե իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հիմնականում լավատեսորեն էին տրամադրված, ապա ընդդիմադիր ուժերը, մասնավորաբար ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը բացասական հնչերանգներով էին ծավալում քննարկումները: Վերջիններս դեմ են Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին և իրենց պահանջներում չեն խուսափում նաև կոշտ արտահայտություններից: «Մադրիդյան սկզբունքների մեջ պատերազմի վտանգը շատ ավելի է, քան նույնիսկ ստատուս քվոյի պահպանումը, իսկ Արցախի սահմանադիր ինքնիշխանությունը սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու և ճանաչվելու նրա իրավունքը»,- ահա նրանց պահանջների էությունը:
Ի դեպ, ծայրահեղ մտքերի պակաս նույնպես չկար: Ոմանք սպառնում էին բողոքի ակցիաներ նախաձեռնել, եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվի, մյուսները խոստանում էին ազատագրված տարածքների հարցում ցանկացած զիջման դեպքում ժողովրդի աննախադեպ բունտ սանձազերծել, մի երրորդ կողմ էլ պատրաստ էր փաստաթղթի տակ ստորագրած անձին մեխանիկորեն ընկալել ազգի թշնամի` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ասենք, նման արձագանքն այնքան էլ անսպասելի չէր, եթե հաշվի առնենք, որ հանրությունը փաստացի ոչինչ չգիտի բանակցությունների ընթացքի և այն հարցերի մասին, որոնք քննության են առնվում: Իսկ անտեղյակությունից ու անորոշությունից պիտի ծնվի հակազդեցությունն ու զգուշավորությունը:
Վաղը Կազանը գոնե նվազագույն չափով պատասխան կտա շատերին հետաքրքրող հարցերին: Լավատեսական սպասումները կարող են վերափոխվել հիասթափության և կամ հակառակը: Միայն թե որոշակիությունն այդ դեպքում ավելին արժե, եթե նույնիսկ այն հաճելի չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: