Tag Archives: հիմարություն

ԷՐԱԶՄ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ

13 Նյմ

ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է

ԳԼՈՒԽ I

Թող կոպիտ մահկանացուներն իմ մասին ասեն ինչ ուզում են. ինձ քաջահայտ է, թե որքան վատ համբավ ունի Հիմարությունը նույնիսկ հիմարագույնների մոտ. այնուամենայնիվ ես հանդգնում եմ հավաստել, որ իմ աստվածային ներկայությունը, և մի´միայն դա է ուրախացնում աստվածներին: Դրա լավագույն ապացույցը մեր առջևն է. հենց որ ես ամբիոն բարձրացա այս բազմամարդ ժողովում, անմիջապես բոլոր դեմքերը շաղշողացին աննախընթաց, անսովոր ուրախությունից. ամենքն էլ առաջ մղվեցին, և ամենուրեք թնդաց ուրախ, հրճվագին ծիծաղ: Ձեզ նայելիս ինձ թվում է, թե ես տեսնում եմ Հոմերոսյան աստվածներին` նեպենտով  համեմված նեկտարից հարբած, այնինչ դուք հենց նոր նստած էիք տխուր ու մտահոգ, ասես քիչ առաջ էիք վերադարձել Տրոֆոնյան  քարայրից: Ինչպես վաղորդյան արևը, որ ցույց է տալիս երկրին իր ոսկեշող գեղանի դեմքը, կամ ինչպես վաղահաս գարունը, որ խստաշունչ ձմռանից հետո փչում է որպես հաճելի զեփյուռ, ամեն ինչին նոր գույն ու տեսք և նոր երիտասարդություն են հաղորդում, այնպես էլ բոլորովին փոխվեցին ձեր դեմքերը` հենց որ նայեցիք ինձ: Այն ժամանակ, երբ նույնիսկ մեր ճարտասանները միմիայն երկար ու ջանախնդրությամբ մտմտած ճառից հետո են հարկադրում ձեզ հո·ուց թոթափել ծանր հոգսերը, ես հասա դրան անմիջապես, հենց միայն ձեզ երևալով:

ԳԼՈՒԽ III

Արդարև ես բնավ չեմ մտածում այն իմաստասերների մասին, որոնք ամենահանդուգն հիմար են հռչակում ամեն ոքի, ով ներբող է թմբկահարում ինքն իրեն: Շատ լավ, թող հիմար լինի այդ, քանի որ այդքան ցանկալի է դա նրանց. միայն թե խայտառակ չլինի: Բայց էլ ո՞ւմ, եթե ոչ Հիմարությանը, ամենից ավելի է պատշաճում լինել սեփական փառքի թմբկահարը և սրինգով նվագակցել ինքն իրեն: Ո՞վ կարող է ավելի լավ պատկերել ինձ, եթե ոչ հենց ես: Գուցե միայն նա, ում ես ավելի մոտիկից հայտնի եմ, քան ինքս ինձ: Ավելին. այսպես վարվելով` ես ինձ ավելի համեստ եմ համարում աշխարհիս հզորների ու իմաստունների մեծ մասից: Կեղծ ամոթխածությամբ համակված` նրանք սիրտ չեն անում հանդես գալ անձամբ, բայց փոխարենը վարձում են մի որևէ ծախու ճարտասանի կամ դատարկա·լուխ բանաստեղծի և սրանց շրթներից էլ լսում են գովք, այլ կերպ ասած` անհեթեթ սուտ: Մեր հեզաբարո սիրամարգի նման փռում է պոչը, կատարը տնկում, իսկ այդ միջոցին անամոթ շողոքորթը այդ չնչին մարդուն հավասարեցնում է աստվածներին, ցուցադրում է նրան իբր օրինակ բոլոր առաքինությունների, որոնցից նա, ինչպես երկնային աստղերից, հեռու է, ագռավին սիրամարգի փետուրներ է հագցնում, ջանում սպիտակեցնել խափշիկին ու ճանճը դարձնել փիղ: Վերջապես ես գործադրում եմ ժողովրդական առածը, որն ասում է. «Ինքդ քեզ գովիր, քանի որ մարդիկ չեն գովում»: Չեմ իմանում ինչի վրա զարմանամ` մահկանացուների ծուլությա՞ն, թե ապերախտության. թեև նրանք բոլորն էլ եռանդագին մեծարում են ինձ և հաճությամբ օգտվում իմ բարերարություններից, սակայն ոչ ոք այսքան դարերի ընթացքում ժամանակ չգտավ երախտալի խոսքով ներբող մատուցել Հիմարությանը, այնինչ պակասություն չի եղել այնպիսի ցանկորդների, որոնք, չխնայելով լապտերի ձեթը և զոհաբերելով իրենց քունը, փքուն փառաբանություններ են հորինել Բուսիրիդներին, Ֆալարիսներին6 ընդմիջվող տենդերին, ճանճերին, ճաղատներին ու նման պատուհասներին: Իսկ ինձնից դուք կլսեք մի ճառ, որ նախօրոք պատրաստված չէ, ոչ էլ մշակված, բայց փոխարենը ավելի ճշմարտացի է:

ԳԼՈՒԽ XI

Նախ և առաջ` ի՞նչը կարող է ավելի քաղցր ու թանկարժեք լինել, քան կյանքը: Բայց ո՞ւմ եք դուք պարտական դրա համար, եթե ոչ ինձ: Չէ՞ որ հզոր հոր դստեր` Պալլասի նիզակը և ամպահալած Զևսի վահանը չեն, որ սկզբնավորում ու բազմացնում են մարդկային ցեղը: Ճշմարիտ ասեմ` աստվածների հայրն ու մարդկանց տիրակալն ինքը, որ ձեռքի մի շարժումով ցնցում է Օլիմպոսը, երբեմն մի կողմ է դնում իր եռաժանի շանթերը և տիտանի կերպարանքը, որից այնքան սարսափում են երկնաբնակները: Կամա-ակամա ընդունում է, ինչպես դերասանը, ուրիշի տեսքը, երբ համակվում է երեխաներ պատրաստելու իր համար այնքան սովորական ցանկությամբ: Ստոյիկները կարծում են, թե իրենք ամենից ավելի մոտ են աստվածներին: Բայց տվեք ինձ մի եռապատիկ, քառապատիկ, տվեք, եթե կամիք, հազարապատիկ ստոյիկի, և ես կապացուցեմ, որ նա էլ նման դեպքում հարկադրված է մի կողմ դնելու եթե ոչ իր մորուքը` իմաստության դրոշը, որ, ի դեպ, ընդհանրություն ունի այծերի հետ, ապա իր մռայլ, ծանրումեծ տեսքը և ժեռ-քար դոգմաները ստիպված է կոկելու ճակատի կնճիռները ու ենթարկվել հեշտավետ խելահեղության: Հավաստում եմ, որ ինձ, միմիայն ինձ պետք է դիմի այդ իմաստունը, եթե, իհարկե, տենչում է հայր դառնալ: Ասենք, ինչի համար ես, ըստ իմ սովորության, ավելի անկեղծ չխոսեմ: Ասացեք խնդրեմ, մի՞թե գլուխը, դեմքը, կուրծքը, ձեռքը, ականջը կամ մարմնի այն մասերից մեկնումեկը, որոնք բարեկիրթ են համարվում. կարող է աստվածներ ու մարդիկ առաջ բերել: Ո´չ, մարդկային ցեղը բազմացնում է բոլորովին ուրիշ մի մասը` այնքան անմիտ ու ծիծաղելի, որ չի էլ կարելի դրա անունը տալ, առանց հանուր քրքիջ առաջացնելու: Բայց և այնպես այդպիսին է այդ աղբյուրը, որ ավելի սուրբ է, քան Պյութագորասի թվերը և դրանից է ամենայն կենդանի սկիզբ առնում: Խղճի մտոք ասացեք, թե ո՞ր այրը կհամաձայներ ամուսնության լծի տակ մտնել, եթե իմաստունների սովորությամբ նախօրոք ծանրութեթև աներ ամուսնական կայնքի անձեռնտու հետևանքները: Ո՞ր կինը կթողներ իրեն մոտենա ամուսինը, եթե մտածեր ու խորհրդածեր ծննդաբերության վտանգների ու տառապանքների և երեխաներին դաստիարակելու դժվարությունների մասին: Բայց եթե աշխարհ գալու համար պարտական ենք ամուսնության, իսկ ամուսնության համար` իմ սպասուհի Անոյային, ապա  ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ չափով դուք իմ պարտապաններն եք: Այնուհետև, ո՞ր կինը մի անգամ երեխա բերելու փորձից հետո կհամաձայներ կրկնել այդ, եթե չլիներ իմ ուղեկցուհի Լեթայի աստվածային ուժը: Սակայն ոչ ի զայրույթ Լուկրեցիոսի ասենք` Վեներան անգամ չի համարձակվի բացասել, որ առանց իմ հրաշալի ուժին` նրա ամբողջ զորությունը ո´չ ուժ կունենար, ո´չ ևս ազդեցություն: Այսպիսով. միայն մի արբեցնող և ուրախ խաղի շնորհիվ են աշխարհ գալիս և´ մռայլ փիլիսոփաները, որոնց տեղը մեր օրերում ժառան·ել են այսպես կոչված վանականները, և´ ծրանազգեստ վեհապետները, և´ բարեպաշտ երեցները, և´ երիցս անարատ քահանայապետները, իսկ սրանցից հետո այն աստիճան բազմաթիվ բանաստեղծական աստվածների այս ամբողջ հույլը, որ Օլիմպոսն անգամ, որքան էլ ընդարձակ լինի, հազիվ է կարողանում տեղավորել այդպիսի բազմությունը:

ԳԼՈՒԽ XV

Բայց ի՞նչ ասեմ մահկանացուների մասին: Խուզարկեցեք ամբողջ երկինքը, և թող իմ անունը անարգանքի ենթարկվի, եթե դուք գտնեք թեկուզ մի կարգին ու հաճելի աստված, որը կարողանար գործել առանց իմ աջակցության: Ինչո՞ւ, օրինակ, Բաքոսը շտապես երիտասարդ է ու գանգրահեր: Հենց նրա համար, որ խրախճանասեր է ու գինեմոլ, կյանքն անց է կացնում կերուխումների, պարերի, երգի ու խաղի մեջ և երբեք գործ չի բռնում Պալլասի հետ: Այնքան խորթ են նրա համար ամեն տեսակ մտադրությունները իմաստունի փառքի մասին, որ նա հրճվում է, երբ ծիծաղով ու կատակներով են ծառայում իրեն: Նա չի էլ վիրավորվում այն առածից, որտեղ իրեն մականվանել են դմբո կամ ավելի ճիշտ բանջարանոցի խրտվիլակ: Իսկ խրտվիլակ են անվանել այն պատճառով, որ երբ նա նստում է տաճարի դռան մոտ, երկրագործները զվարճության համար հասած թուզ կամ խաղողի շիրա են քսում նրա դեմքին: Ինչպիսի~ կատակների առարկա չի դարձնում նրան հնադարյան կատակերգությունը: Ա´յ, ասում եմ, խելառների աստվածը զուր չէ, որ ազդրից է աշխարհ եկել: Բայց և այնպես ո՞վ չէր գերադասի մշտապես ուրախ, մշտապես երիտասարդ, ամենուրեք զվարճությունների ու խաղերի պատճառ դարձող այդ դմբոյի ու տխմարի վիճակը ամենքի համար ահեղ ու գաղտնամիտ Յուպիտերի կամ իր վայնասունով սարսափ ազդող Պանի կամ մոխրաթաթավ, դարբնի աշխատանքից կեղտոտ Վուլկանի, կամ իր զարհուրելի Գորգոնայից նիզակից անբաժան ու մշտապես վայրագ հայացքը դեմքից չջնջվող Պալլասի ճակատագրից: Ինչո՞ւ Կուպիդոնը մշտապես երեխա է, ինչո՞ւ: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ նա` այդ անուղղելի չարաճճին, ոչ մի լուրջ բանի մասին չի մտածում: Ինչո՞ւ ոսկեդեմ Վեներան մշտնջենապես փթթում-գեղեցկանում է: Միայն այն պատճառով, որ ինձ ազգական է և դեմքի ոսկեթույր գույնով հիշեցնում է իմ ծնողին. սրա համար էլ Հոմերոսը անվանել է նրան Ոսկեղենիկ Աֆրոդիտե: Բացի դրանից, նա շարունակ ծիծաղում է. եթե հավատանք բանաստեղծներին ու նրանց մրցակից քանդակագործներին: Ո՞ր աստվածությանն էին հռոմեացիներն ավելի եռանդագին մեծարում, քան բոլոր վայելքների մայրը հանդիսացող Ֆլորային…

ԳԼՈՒԽ XIX

Բայց թերևս ձեր մեջ լինեն մարդիկ, որոնք արհամարհում են այսպիսի քաղցրությունները և ուրախություն են գտնում միայն բարեկամների հետ շփում ունենալով, ամեն ինչից լավ ու այն աստիճան անհրաժեշտ համարելով բարեկամությունը, որ նրա հետ չեն կարող համեմատվել ո´չ օդը, ո´չ կրակը, ո´չ էլ ջուրը: Նրանց կարծիքով բարեկամությունից զրկվելը հավասար է արևից զրկվելուն: Վերջապես բարեկամությունն այնքան մածապես արժանի է հարգանքի, որ նույնիսկ փիլիսոփաները, եթե միայն թույլ է տրվում այստեղ  վկայակոչել նրանց, դասում են դա մեծագույն բարիքների շարքը: Հապա եթե ես ապացուցեմ, որ հենց ես եմ այդ մեծ բարիքը ձեզ պատճառող նավի խելն ու ցռուկը: Եվ կապացուցեմ դա ոչ թե կրոկոդիլիտներով, սորիտներով և ոչ ևս  եղջերավոր սիլոգիզմներով  ու ոչ էլ ինչ-որ տրամախոսական մանվածապատություններով, այլ պարզապես, ինչպես ասում են, միայն ցույց տալով: Ներողամիտ լինել բարեկամների թուլությունների հանդեպ, աչքերը փակել նրանց թերությունների վրա, հիանալ նրանց արատների, ասես առաքինությունների վրա. ի՞նչը կարող է ավելի մոտ լինել հիմարության: Երբ սիրահարը համբուրում է իր ընկերուհու խալը, երբ Բալբինը զմայլվում է իր Ագնայի գորտնուկով, երբ հայրը շիլ որդու մասին ասում է, թե իբր սա խորամանկ հայացք ունի, այս ի՞նչ բան է, եթե ոչ ամենազուտ հիմարություն: Այո, իհարկե, եռապատիկ, քառապատիկ հիմարություն. բայց միայն նա Միացնում է բարեկամներին ու բարեկամությունը պահում մշտական:

ԳԼՈՒԽ XX

Բարեկամության մասին ասվածը է´լ ավելի իրավացիորեն կիրառելի է նաև ամուսնության նկատմամբ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու մարդկանց միությունն ամբողջ կյանքում: Ամենակարո~ղ աստված, ամեն տեղ որքան ապահարզաններ և վատ բաներ կլինեին, եթե ամուսիններն ու կանայք ախորժելի չդարձներին ու չթեթևացնեին ընտանեկան կյանքը շողոքորթության, կատակների, թեթևամտության, մոլորության, կեղծումների և իմ մյուս ուղեկիցների օգնությամբ: Եվ արդյոք շա՞տ ամուսնություններ տեղի կունենային, եթե փեսացուն խոհեմաբար տեղեկանար, թե հարսանիքից առաջ ինչպիսի~ խաղերով է զվարճացել արտաքուստ այնքան քնքուշ ու ամոթխած այդ օրիորդը: Եվ  ինչքա~ն կարճատև կլինեին արդեն կատարված ամուսնությունները, եթե կանանց արարքները ծածուկ չմնային ամուսինների անհոգության ու անխելքության պատճառով: Այս ամենը Հիմարության ծառայությունն է, միայն նրան պետք է շնորհակալ լինել, եթե կինը առաջվա պես սիրալիր է մարդու, մարդն էլ կնոջ հանդեպ, եթե տանը խաղաղություն է տիրում և ընտանեկան կապերը չեն խզվում: Խաբված ամուսնու վրա ծիծաղում են և էլ ի՞նչ անուն չեն տալիս նրան, երբ նա համբույրներով չորացնում է անհավատարիմ կնոջ արցունքները: Բայց որքան ավելի լավ է այդպես մոլորվել, քան թե խանդից կրծել իրեն` կյանքը դարձնելով ողբերգություն:

ԳԼՈՒԽ XXI

Մի խոսքով, առանց ինձ ոչ մի ընկերակցություն, ոչ մի կենցաղային կապ հաճելի ու ամուր չէր լինի. ժողովուրդը երկար չէր կարողանա հանդուրժել իր վեհապետին, տերը` ծառային, աղախինը` տիկնոջը, ուսուցիչը` աշակերտին, բարեկամը` բարեկամին, կինը` մարդուն, վարձակալը` տանտիրոջը, հարևանը` հարևանին, ընկերն` ընկերոջը, եթե նրանք փոխադարձաբար չմոլորվեին, չներեին ուրիշների թուլությունները, միմյանց հիմարության մեղր չհրամցնեին: Մեր ասածը, ըստ իս, միանգամայն բավական է. բայց սպասեցեք, հիմա դուք ավելի կարևոր բան կլսեք:

ԳԼՈՒԽ XXIII

Պատերազմը չէ՞ արդյոք արժանա·ով արարքների բուծարանն ու աղբյուրը: Մինչդեռ ի՞նչը կարող է ավելի հիմար բան լինել, քան ինչ-ինչ  պատճառներով մրցման բռնվելը, որի ընթացքում յուրաքանչյուր կողմը ավելի շատ անհարմարություն է զգում, քան օգուտ ձեռք բերում: Նրանց մասին, որոնք սպանվելու են, չարժե, ինչպես ասում էին մի ժամանակ մեռյալների մասին, երկար խոսել: Բայց ես հարց եմ տալիս ձեզ` երբ երկու զրահակուռ զորաբանակ կանգնած են դեմ-դիմաց «… ու ձողերն որոտացին կերկերագոչ հընչյունով»26, ի՞նչ օգուտ մարզանքից հյուծված, երակներում ջրիկացած ու սառն արյուն ունեցող այդ իմաստուններից: Այստեղ պիտո են ուժեղակազմ, առողջ մարդիկ, որոնց քաջությունն ավելի է, իսկ խելքը` պակաս: Ո՞ւմ է պետք այնպիսի մի ռազմիկ, ինչպես Դեմոսթենեսը, որը հետևելով Արքիլոքոսի խորհուրդին` վահանը գցելով փախավ, հենց որ տեսավ թշնամիներին. սքանչելի հռետոր, սակայն բոլորովին անպետք ռազմիկ27: Բայց և այնպես, ասում են, որ ռազմական գործում նախ և առաջ` խելք է պետք: Այո´, զորագլուխների համար, այն էլ ռազմական և բնավ ոչ փիլիսոփայական խելք: Իսկ առհասարակ ամենքից այնքան փառաբանված պատերազմը մղում են ձրիակերները, կավատները, գողերը, մարդասպանները, բթամիտ բռիները, չվճարած պարտապանները և հասարակության այդպիսի տականքները, բայց երբե´ք լուսամիտ փիլիսոփաները:

ԳԼՈՒԽ XXVIII

Բայց դիմենք գիտություններին ու արվեստներին: Ի՞նչը, փառքի ծարավից բացի, կարող էր մահկանացուների մտքերը դրդել հնարելու և հետնորդների համար հավերժացնելու, ըստ հանուր կարծիքի, այնքան հիանալի գիտություններ: Հիրավի, ծայր աստիճան հիմար են մարդիկ, որ կարծում են, թե ինչ-որ անպետք, ոչինչ չարժող հռչակ կարող է վարձատրել իրենց անքուն գիշերներն ու աշխատությունները: Այո, հատկապես Հիմարությանն եք դուք պարտական այնքան շատ և այնքան կարևոր կենսական հարմարությունների համար և, որ ամենից քաղցր է, դուք օգտվում եք ուրիշի խելահեղության պտուղներից:

ԳԼՈՒԽ XXXIII

Ասենք, գիտություններից էլ ամենաբարձրը համարվում են նրանք, որոնք մոտ են առողջ բանականության, այլ կերպ ասած` համարության: Սովահար են աստվածաբանները, սառում են ֆիզիկոսները, ծաղրի են ենթարկվում աստղագուշակները, քամահրանքի մեջ են ապրում տրամախոսները: Միայն բժիշկն հմուտ բազմապատիկ գերադաս է, քան այլ անձինք: Բայց բժիշկների մեջ էլ ով ավելի տգետ է, ավելի աներես, մնացածներից անխելք, նրա գինն ավելի բարձր է նույնիսկ թագակիր վեհապետների մոտ: Եվ բժշկությունն ինքն էլ, այն ձևով, որով այժմ շատերը զբաղվում են, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց հիմարացնելու արվեստ, ճարտասանությունից բնավ էլ ոչ պակաս: Բժիշկներին ամենամոտը օրենսգետ-պատրվակարարներն են. գուցե և պատշաճ է առաջին տեղում սրանց դասել. ինքս չեմ համարձակվում որոշել. համենայն դեպս բոլոր փիլիսոփաները միահամուռ կերպով դրանց արհեստը անվանում են իշային: Եվ, այնուամենայնիվ, այդ ավանակների վճիռներից են կախված բոլոր` թե´ ամենակարևոր և թե´ ամենաաննշան գործերը: Օրենսգետների կալվածքները բազմապատկվում են, մինչդեռ աստվածության խորագույն գաղտնիքներին հասու եղած աստվածաբանը կանկառ է ծամում ու դաժան պատերազմ մղում փայտոջիլների ու լվերի դեմ: Այսպիսով, եթե գիտնականներից ավելի երջանիկ են նրանք, որոնք ամենքից ավելի մերձավոր ազգական են Հիմարությանը, ապա անտարակույս մեծագույն երջանիկները նրանք են, որոնք խուսափում են գիտությունների հետ որևէ շփում ունենալուց և կատարում են միմիայն բնության հրամանները. չէ՞ որ բնությունը երբեք չի մոլորվում, եթե միայն մենք չփորձենք անցնել մարդուն բաժին տրված բախտի սահմանները: Բնությանն ատելի է ամեն տեսակ կեղծում, և ամենալավն այն է լինում, ինչ չեն աղավաղել ո´չ գիտությունը, ո´չ էլ արվեստը:

ԳԼՈՒԽ LVI

Իսկ ի՞նչ ասենք պալատական իշխանների մասին: Հավանորեն նրանցից ավելի ստրկահաճ, ստորաքարշ, գռեհիկ ու զազրելի ոչինչ չկա, այնինչ բոլոր գործերում նրանք ուզում են առաջինները լինել: Մի բանում միայն նրանք ծայր աստիճան համեստ են. բավականալով իրենց ոսկեճամուկ զգեստներով, թանկարժեք քարերով, ծիրանիով և խիզախության ու իմաստության այլ արտաքին նշաններով պճնվելով` այս երկու բաների բուն էությունը ամբողջովին զիջում են մյուս մարդկանց: Նրանց երջանկության համար լիուլի բավական է այն, որ նրանք կարող են արքային անվանել իրենց տերը, ամեն մի պատեհ առթիվ մատուցել նրան իրենց հարգանքը` առատորեն շռայլելով պերճաշուք տիտղոսներ, ինչպես «ձերդ պայծառափայլություն», «ձերդ փառահեղություն», «ձերդ մեծություն»: Որքա~ն ճարպկորեն սովորել են նրանք երեսից սրբել ամոթի շառայլը: Այս երկու արվեստը վերին աստիճանի պատշաճում է տոհմիկ մեծատունին և պալատականին: Բայց ուշադիր նայիր և կտեսնես, որ քո դիմաց կանգնած են իսկական ֆեակներ` Պենելոպեի փեսացուները. արձագանքը շատ ավելի լավ կհուշի ձեզ այս չափածոյի վերջավորությունը, քան թե ես43: Քնում են նրանք մինչև կեսօր, վարձկան մի տերտեր պատրաստ կանգնած է նրանց ակողնի մոտ, և հենց որ պարոնն արթնանա, սա հապճեպորեն կատարում է ժամասացությունը: Դրան հաջորդում է նախաճաշը, որը վերջանալուց գրեթե անմիջապես հետո մատուցում են ճաշը: Այնուհետև զառեր, ցպիկախաղ, գրազներ, խեղկատակներ, ծաղրածուներ, ցոփուհիներ, կատակախաղեր ու  զվարճություններ: Մեջընդմեջ մի երկու անգամ նախաճաշիկ խմիչքներով հանդերձ: Հետո գալիս է ընթրիքի ժամը, որին հաջորդում է գինարբուքը` բազմաթիվ, Յուպիտերը վկա, ձոնումներով: Այսպիսով, առանց նվազագույն ձանձրույթի անցնում են ժամեր, օրեր, տարիներ, դարեր: Անգամ ես երբեմն սրտանց զվարճանում եմ` նայելով այդ երկարապոչներին. ահա մի դեռատի տիկին, որ իրեն աստվածուհիներին հավասար է երևակայում, որովհետև ետևից քարշ է տալիս մի երկար տտուն. ահա մի պնդակազմ ու հուժկու երիտասարդ արմունկներով հրում է հարևաններին, որպեսզի բոլորն էլ իրեն տեսնեն Յուպիտերի կողքին. ահա և մի ուրիշը երջանիկ է նրանով, որ իր վիզը պճնված է ոչ միայն հարստությունը, այլև մարմնական ուժը ի ցույց դնող ծանր շղթայով:

ԳԼՈՒԽ LXVIII

Ասենք, վաղուց ժամանակն է, որ ավարտեմ. ես մոռացա ամեն չափ ու սահման: Եթե ձեր կարծիքով ես որևէ խիստ հանդուգն բան ասացի, ապա մի´ մոռացեք, որ դա ասել է Հիմարությունը, այն էլ կինը: Մի´ մոռանաք նաև այս հունական առածը. «Հաճախ հիմարը անխելք տեղով դիպուկ խոսք է ասում»: Ասենք, չեմ իմանում` ձեր կարծիքով սա վերաբերո՞ւմ է կանանց, թե ոչ: Տեսնում եմ, որ դուք ինձանից եզրակացություն եք սպասում: Բայց, ճիշտ եմ ասում, դուք ծայրահեղ թերամտություն հանդես կբերեք, եթե կարծեք, որ ես հիշում եմ այն ամբողջ բառային շիլափլավը, որ թափեցի ձեր առջև: Առաջ ասում էին. «Ատում եմ լավ հիշող սեղանակցին»: Իսկ ես կասեմ. «Ատում եմ լավ հիշող ունկնդրին»: Ուստի և ողջ լինեք, ծափ տվեք, ապրեցեք, խմեցեք, արժանափառ մասնակիցներդ խորհուրդներին Մորայի: Վե´րջ:

Ռուսերենից թարգմ.` ՎԱՀԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

%d bloggers like this: