Tag Archives: հերթ

Հիմա ու՞մ հերթն է

27 Հնվ

Ֆրանսիական Սենատի աննախադեպ քայլից և դրան հաջորդած նույնքան մեծ իրարանցումից հետո առաջին հարցը, որ սկսեց հուզել շատերին, հետևյալն էր. ո՞վ է լինելու հաջորդը: Մարդկանց մոտ ոչ միայն տպավորություն, այլև խորին համոզմունք կա, որ Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև դրա ժխտումը քրեականացնելու գործընթացը պիտի ընդունի ֆրանսիական ազդակները, վերածվի անկասելի ու շարունակական արշավի, իր ցանկում ընդգրկի նորանոր պետությունների անուններ: Որպես ասվածի տրամաբանական հետևանք, սկզբում հիշատակվեց Գերմանիան, որը նույնպես կարող է նման օրինագիծ ընդունել, և այդպիսի խոսակցություններ արդեն կան: Այնուհետև հիշատակեցին Իսպանիայի անունը: Բայց առավել հաճախ և առավել հետևողական կերպով այս օրերին խոսվում է Միացյալ Նահանգների մասին: Եվ սա պայմանավորված չէր սոսկ ԱՄՆ-ի հայկական համայնքների այն խոստմամբ, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հաջորդ «մարտը» կծավալվի Վաշինգտոնում: Դրա նախադրյալների առկայությունն այնքան ծանրակշիռ էր, որ նույնիսկ թուրք հայտնի վերլուծաբան, լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդը հայտարարեց. «Հերթում է Միացյալ Նահանգները: Կարող է վաղը չէ մյուս օրն էլ նման օրենք ընդունվի Գերմանիայում կամ Ւսպանիայում: Այս ամենը պետք է հաշվի առնել այժմվանից»:
Երբ Փարիզից ԱՄՆ հասավ ոգևորիչ լուրը, Ամերիկայի ազդեցիկ հայկական լոբբիստական խմբերը անմիջապես հիշեցրին նախագահի Բարաք Օբամային իր խոստումը, հորդորեցին ի վերջո հավատարիմ մնալ դրան` ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն: «Ֆրանսիայի Սենատի համարձակ քվեարկությունն Ատլանտյան օվկիանոսը հատող լույս էր` ուղղված ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք արդեն երկար ժամանակ Անկարային թույլատրում են խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մենք նախագահ Օբամային կոչ ենք անում հարգել իր տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ ենք անում քննարկման դնել Ցեղասպանության ճանաչման մասին 304 բանաձևը»,- ասվում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
Վաշինգտոնի համար գուցե հեշտ է տեղաբնակ հայերին ինչ-որ խոստմամբ կամ հավաստիացմամբ մոլորեցնել, սակայն պիտի դժվար լինի շրջանցել այն փաստը, որ այդ երկրի 42 նահանգների կողմից արդեն իսկ ճանաչվել է ցեղասպանությունը: Մերժել՝ նույն է, թե հակասության մեջ մտնել սեփական ժողովրդի հետ:
Բայց վերադառնանք ամերիկյան իշխանությունների փոփոխական կեցվածքի նոր դրսևորմանը և տեսնենք, թե ուրիշ ինչերի է ընդունակ գերտերության վարչախումբը: Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո այդ հարցի առնչությամբ օվկիանոսի մյուս կողմում առաջին հրապարակային ելույթն ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Վիկտորիա Նուլանդը, ով իր հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց, թե ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի առնչությամբ իրենց տեսակետն արդեն հայտնի է, այն անփոփոխ է, և Ֆրանսիայի կառավարության հետ Սպիտակ Տունն արդեն կիսել է իր մոտեցումները: Սակայն Նուլանդը նաև ասաց. «Սա Ֆրանսիայի և Թուրքիայի խնդիրն է, և մենք ցանկանում ենք, որ նրանք լավ հարաբերություններ ունենան: Ֆրանսիան և Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցներն են: Ահա, սա է մեր ուղերձը նրանց»:
Թվում էր՝ չեզոք պահվածքի մասին անհնար էր ավելի հստակ արտահայտվել, քան շարադրել էր խոսնակը: Բայց պարզվեց, որ դա ընդամենը առաջին և այն էլ խիստ խաբուսիկ ալիքն էր: Դրան պիտի հաջորդեր մյուսը՝ ոչ միայն անհամեմատ հզոր, այլև տրամագծորեն հակառակը: Հենց այդպիսի ալիք էլ պարգևեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մոռացության տալով խոստացված չեզոքությունը, նա հայտարարեց, որ իր երկիրը Ֆրանսիայի ուղին չի ընտրի և Օսմանյան Թուրքիայի օրոք կատարված Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատիժ չի սահմանի: «Մեր ուժեղագույն կողմերից մեկն այն է, որ մենք խոսքերը չենք քրեականացնում: Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն ինչ, ինչ ցանկանում են, և մեր երկրում նրանք այդպես էլ անում են: Այլ երկրներ, այդ թվում` մեր մտերիմ բարեկամներն ու դաշնակիցները, այնպես, ինչպես Ֆրանսիան, այլ չափանիշներ ունեն: Բայց մենք, հուսով եմ, խոսքերը քրեականացնելու ուղին երբեք չենք ընտրի»,- նշեց նա:
Իհարկե, շատ դյուրին է տիկին պետքարտուղարին հիշեցնել այն բոլոր դեպքերը, երբ այդ երկրում մարդկանց դատապարտել են իրենց հրապարակային այս կամ այն ելույթի համար, և խոսքի ազատության մասին կատարյալ օրենսդրություն ունենալու առասպելը հազիվ թե համոզիչ հնչի Քլինթոնի լսարանի համար: Սակայն Հիլարի Քլինթոնը ոչ միայն պնդում է այդ դրույթը, այլև արտասանում է մի թեզ, որը բառ առ բառ վերցված է թուրքական քարոզչությունից: Ըստ նրա խորին համոզման, Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումները պետք է վարեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:
Ահա հենց այս կետի վրա է, որ ամերիկյան դիրքորոշման իրական պատկերը ներկայանում է իր ամբողջ մերկությամբ: Այսինքն՝ եթե կա անհրաժեշտություն խուսանավելու այդ թեմայից, ապա Վաշինգտոնում պատրաստ են նույնիսկ օգնության կանչել թուրքական «բառամթերքը», միայն թե արդարացվի ոչ միայն իրականության հերքումը, այլև խոստմնազանցությունը: Իսկ թե այդ երկրում ինչպես է դա արվում, սրա մասին շատ վաղուց գիտենք: Հայերի զանգվածային կոտորածների փաստը ճանաչելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունն առաջին տարին չէ, որ ելումուտ է անում Կոնգրեսի դռներից: Դրա անցկացնելու փորձերը քանիցս կատարվել են, սակայն հաջողությամբ չեն պսակվել: Եվ եթե նույնիսկ ինչ-որ պահի ԱՄՆ-ի համար ընդունելի դարձավ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացում» արտահայտությունը, ապա դրա հետ մեկտեղ նրանք այդպես էլ չարտաբերեցին «ցեղասպանություն» բառը:
Օրերս ցեղասպանության ճանաչման բանաձևի ջատագով, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դարձյալ նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով նրան կատարել դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում տված խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Օբաման այդ մասին հաստատ չի մոռացել: Բայց հազիվ թե նա դառնա Սարկոզի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: