Tag Archives: Հենրի Միլլեր

ՀԵՆՐԻ ՄԻԼԼԵՐ

18 Նյմ

Ես ազատ մարդ եմ և ինձ անհրաժեշտ է իմ ազատությունը: Ինձ անհրաժեշտ է լինել միայնակ: Անհրաժեշտ է խորհել իմ ամոթի և հուսահատության մասին միայնության մեջ: Ինձ պետք են արևն ու կամրջի քարերը, բայց առանց ուղեկցի, առանց խոսակցության. ես պետք է դեմ առ դեմ մնամ ինքս ինձ հետ և այն երաժշտության, որ հնչում է սրտումս: Դուք բոլորդ ի՞նչ եք ուզում ինձնից: Եթե ինձ պետք լինի ինչ-որ բան ասել, ես դա կմեքենագրեմ: Եթե պետք լինի ինչ-որ բան տալ, ես կտամ: Ձեր հետաքրքրասիրությունը սրտխառնոց է հարուցում: Ձեր հաճոյախոսությունները վիրավորում են ինձ: Ձեր թեյն ինձ համար թույն է: Ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ: Ես պատասխանատու եմ միայն Տիրոջ առաջ, եթե նա գոյություն ունի…

«Խեցգետնի արևադարձը» գրքիցHenryMiller[1]

ՀԵՆՐԻ ՄԻԼԼԵՐ

7 Նյմ

‎… Ոչ փող, ոչ ապրուստի միջոց, ոչ հույս չունեմ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Մի տարի վեց ամիս առաջ կարծում էի, թե գրող եմ: Հիմա էլ չեմ մտածում դրա մասին. գիտեմ, որ գրող եմ, և վերջ: Գրականության հետ կապված ամեն ինչ պոկվել-անջատվել է ինձնից: Այլևս ոչ մի գիրք գրելու կարիք չկա, փառք Աստծո: Ուրեմն այս մեկն ի՞նչ է: Սա գիրք չի: Սա բամբասանք է, չարախոսություն` ուղղված մարդկային բնությանը: Սա գիրք չի, բառիս բուն իմաստով: Չէ, սա երկարացված հայհոյանք է, թուքումուր Արվեստի երեսին, ապտակ դեմքին Աստծո, Մարդու, Ճակատագրի, Ժամանակի, Սիրո, Գեղեցկության… ինչին ուզում եք: Ես ուզում եմ երգել ձեզ համար. ձայնս այդքան էլ հաջող չի, բայց կերգեմ: Կերգեմ, մինչ դուք խռխռացնում եք, կպարեմ ձեր կեղտոտ դիակի շուրջ… Երգելու համար նախ պետք է բացել բերանը: Պետք են մի զույգ թոքեր և տարրական գիտելիք երաժշտությունից: Պարտադիր չի ունենալ ակորդեոն կամ կիթառ: Էականը երգելու ցանկությունն է: Այդժամ այն կկոչվի երգ: Ես երգում եմ: Քեզ համար եմ, Տանյա, երգում: Կուզենայի ավելի լավ երգել, ավելի մեղեդային, բայց այդ դեպքում դու հավանաբար չէիր էլ ցանկանա լսել ինձ: Դու լսել ես ուրիշների երգերը, և նրանք քեզ վրա տպավորություն չեն գործել: Նրանց երգը չափազանց գեղեցիկ կամ ոչ բավականաչափ գեղեցիկ է եղել: Այսօր հոկտեմբերի քսանքանի՞սն է: Օրերի հաշիվը կորցրել եմ: Կասե՞ք ինձ` վերջին երազս նոյեմբերի տասնչորսի՞ն էր: Կան ինտերվալներ, բայց դրանք երազների միջև են, իսկ գիտակցությունս ոչինչ չի պահել դրանցից: Աշխարհն իմ շուրջ անէանում է` այստեղ-այնտեղ ժամանակի բծեր թողնելով: Աշխարհը ինքն իրեն խժռող քաղցկեղ է… Մտածում եմ… երբ ամենքի ու ամենի վրա իջնի մեծն լռությունը, երաժշտությունը վերջապես կհաղթանակի: Երբ ամեն ինչ կրկին ներծծվի ժամանակի արգանդի մեջ, քաոսը կվերականգնվի, իսկ քաոսը իրականության համար գրված պարտիտուրան է: Դու, Տանյա, իմ քաոսն ես: Հենց դրա համար էլ երգում եմ: Այսինքն դա նույնիսկ ես էլ չեմ, այլ մեռնող աշխարհը, որի վրայից կլպվում է ժամանակի կեղևը: Բայց ես դեռ կենդանի եմ և խաղում եմ արգանդիդ մեջ — իրականություն, որի համար կարելի է պարտիտուրա գրել:

%d bloggers like this: