ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ՄԵՔԵՆԱԳՐՈՒՀԻՆ
Հնչում է՝ հանց եկեղեցական երաժշտություն: Ընկերս հենց նոր վերադարձել է Նյու Յորքից, ուր նրա համար մեքենագրում էր Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին:
Նա հաջողակ գրող է, այնպես որ, վերցրել ու գտել է բացարձակապես լավագույնին, եւ դա մի կին էր, որ մեքենագրում էր Էռնեստ Հեմինգուեյի համար: Միայն այդ մտքից արդեն շունչդ կտրվում է, իսկ թոքերդ անշարժանում են համր մարմարում:
Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին:
Ցանկացած երիտասարդ գրողի մարմնավորված երազանքը` ձեռքերը նման են կլավեսինի, հայացքի կատարյալ լարումը, եւ դրան հետեւող գրամեքենայի խորազգաց դոփյունը: Նա նրան ժամը տասնհինգ դոլար էր վճարում: Ավելին, քան ստանում է ջրմուղագործը կամ էլեկտրիկը: Օրական 120 դոլար: Մեքենագրուհուն:
Ասում էր, որ նա անում է ամեն ինչ:
Նրան տալիս է ձեռագիրը, իսկ ետ ստանում մի հրաշք` հիանալիորեն ճշգրիտ ուղղագրություն եւ կետադրություն, այնքան հիասքանչ, որ աչքերիդ արցունք է գալիս, պարբերությունները, ասես հունական տաճարներ, եւ նա նույնիսկ քո փոխարեն ավարտում է նախադասությունները:
Նա Էռնեստա Հեմինգուեյան է:
Նա Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին է:
Թարգմ. Վ. Ֆերեշեթյան