Tag Archives: հարսանիք

ՄԵՐԺՎԱԾ ՄԱՅԻՍԸ

14 Մրտ

Մայիսին հարսանիքներ չանելու սովորությունը բավականին տարածված է: Ասում են, որ դա վատ բանի նշան է, սակայն թե ինչու է վատ` գրեթե ոչ ոք չգիտի: Իսկ իրականում նման ավանդույթը սկիզբ է առել դեռևս Հին Հռոմում: Եվ դրա մասին հիշատակություն է թողել Պլուտարքոսը: Համաձայն նրա գրառումների, մարդիկ մայիսին չեն ամուսնանում, քանի որ մայիսը գտնվում է Վեներային նվիրված ապրիլի և Յունոնային նվիրված հունիսի միջև, իսկ այդ երկու աստվածներն էլ ամուսնության հովանավորներն են: Մեկ այլ վարկածի համաձայն, մայիս անունը առաջացել է maiores` երեց բառից, իսկ հունիսը` iuvenes` պատանի բառից, այդ պատճառով էլ երիտասարդները սպասում են մինչև ամառ:

4a433884fecc

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՍԵՎԱԿԻՆ

14 Ապր

Ես իսկապես տեսել եմ Սևակին: Միայն մի անգամ: 1970-ի դեկտեմբերին: Մեր բարեկամուհու հարսանիքն էր, և ծնողներս իրենց հետ տարան հարևան գյուղ: Վեց տարեկան էի: Աղմկոտ խնջույքը ինձ հրապուրել չէր կարող, իսկ դրսում առատ ձյուն էր եկել, ու մենք երեխաներով թավալվում էինք սպիտակ կույտերի մեջ:
Հետո մայրս դուրս եկավ, թափ տվեց վերարկուս և ասաց. «Արի ներս գնանք, քեզ ցույց կտամ Պարույր Սևակին»: Ես չգիտեի, թե ով է Սևակը, բայց մայրս այդ բանն ասաց այնպիսի ձայնով, որ մանկական պարզամիտ հետաքրքրությունն ինձ հուշեց. դա մի բան է, որը պետք է տեսնել:
Հարսանքատանը` ընդարձակ սրահի վերջում դրված սեղանի մոտ կանգնել էր առատ մազերով, կոպիտ դիմագծերով մի մարդ և բաժակը ձեռքին խոսում էր: Մայրս ականջիս շշնջաց. «Տես, նա է»: Ես նայեցի նրան, հետո հիշեցի դրսի ձյունը ու փողոց վազեցի:
Դա վերջին անգամ էր: Մի քանի ամիս անց մեր տանը բոլորը տխուր էին, և ինձ ասացին, որ մահացել է Պարույր Սևակը: Ես անմիջապես հիշեցի հարսանիքը, կոպտադեմ մարդուն ու էլ երբեք չմոռացա:

Հովիկ Չարխչյանsevak-harsaniq

ԹՈՆԻՐՆ ԸՆԿԱՆ

2 Ապր

Վերջերս ամուսնացավ Այգեստանի բջջի անդամ ընկ. Հայկ Ասատրյանը: Նա, ճիշտ է, տերտերով չամուսանցավ, բայց հարսանիքը հին ձևով արավ: Նա զուռնա դհոլով գնաց հարսին բերեց, հետո հարսանիքում հարբեցին և տուր ու դմբոց սարքեցին, որի ժամանակ մի քանի հոգի թոնիրն ընկան և վերքեր ստացան և որ գլխավորն է, ընկերը շռայլ ծախսեր շատ արավ:
Մենք դեմ ենք շռայլ ու անտեղի ծախսերին և մեր կոմերիտականները փոխանակ շռայլ ծախսեր անելու, պետք է աշխատեն այդ փողով կանոնավոր ապրուստ ստեղծել իրենց համար:

ՏԵՍՆՈՂ
Այգեստան- Ղամարլու

«Ավանգարդ» թերթ, 1927 թվական7kata7

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ

27 Սպտ

Իհարկե, Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենևին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեևնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետևում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…  

 Անտոնինա ՄԱՀԱՐԻ

«Իմ ոդիսականը» գրքից1376376779,0703

ՍԵՎԱԿ. ԼՈՒՍԱՆԿԱՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

18 Փտր

Պարույր Սևակը՝ հարսանիքի կնքահայր (1970 թ. դեկտեմբեր, Արարատի շրջան, գյուղ Այգավան):

Պարույր Սևակի առաջին շիրմաքարը (1971 թ. աշուն):

Պարույր Սևակը մի խումբ լրագրողների հետ (Չանախչի, 1970 թ.):

%d bloggers like this: