Tag Archives: Հարավային հոսք

Խողովակային պատերազմի հաղթողներն ու պարտվողները

17 Սպտ

Արդեն հաղորդվել է այն մասին, որ այսօր Սոչիում «Հարավային հոսք» գազատարի նախագծի բաժնետերերը կտորագրեն այնքան սպասված համաձայնագիրը: Ռուսական «Գազպրոմը» իտալական ENI, ֆրանսիական EDF և գերմանական Wintershall ընկերությունների հետ կվավերացնի մի պայմանագիր, որում կնշվեն կողմերի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Իսկ դա արդեն պիտի նշանակի մեծ նախագծի իրականացման երաշխիք: Փաստաթուղթը կստորագրվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Հատկապես նրա «հոգեզավակն» են համարում «Հարավային հոսքը», որի նախնական արժեքը գնահատվում է 15.5 մլրդ եվրո:
Հազիվ թե այս իրադարձությանն այդչափ մեծ կարևորություն տրվեր, եթե չլիներ այն էական հանգամանքը, որ ի սկզբանե նախագիծն ուներ բազմաթիվ հակառակորդներ: Սակայն այժմ ռուսները վստահեցնում են, որ վերջիններիս ջանքերն ապարդյուն են անցել։ Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղը Նովոռոսիյսկից Սև ծովի հատակով անցնելու է բուլղարական Վառնա նավահանգիստ, այնտեղից էլ դեպի Իտալիա, Ավստրիա ու Գերմանիա: Նրա երկու ճուղավորումները ձգվելու են Հարավային ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Եվ իր այս ընդարձակ ու համարձակ ձգտումներով էլ ռուսական բնական գազը դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնող նախագիծը չէր կարող մնալ առանց չարացած մրցակիցների: Խոսքն այս դեպքում նախ և առաջ Nabucco-ի մասին է:
Եվրամիության ու ԱՄՆ-ի կողմից օժանդակվող Nabucco-ն վաղուց ի վեր դադարել է սոսկ տնտեսական նշանակություն ունենալ և վերածվել է քաղաքական զսպաշապիկի: Համենայն դեպս, մինչ օրս այդպես էին մտածում Միացյալ Նահանգներում, որտեղ շահագրգռված են Nabucco-ի ապագայով հատկապես նրա համար, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը: Եվրոպայում նույնպես քիչ չեն այն քաղաքական խմբերը, ովքեր կարծում են, որ շատ մեծ է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և դա պատք է առավելագույնս պակասեցնել: Սակայն այլ բան է ցանկությունը և մեկ այլ բան դրա իրագործումը: Ու եթե այսօր Ռուսաստանի վարչապետ Վ. Պուտինը՝ խոսելով գազամուղերի այլընտրանքային երթուղիների մասին, հեգնաբար հարց է տալիս, թե՝ « Որտե՞ղ են այդ բոլոր այլընտրանքային նախագծերը», ապա դրա պատասխանը շտապում է առաջինը հենց ինքն էլ հնչեցնել. «Դրանք բոլորը թղթի վրա են»:
Թերևս հաղթողներին իրավունք վերապահվում է ծիծաղել իրենց ձախողված մրցակիցների վրա: Nabucco-ի շուրջ բարձրացված աղմուկն արդեն մի քանի տարի շարունակ փորձում էր խլացնել բոլոր կարգի այլ ծրագրերի հնարավորությունների մասին խոսակցությունները, սակայն որքան բարձր են ձայները, այնքան ցածր է տեղաշարժի արդյունավետությունը: Հենց սկզբնապես նպատակ ունենալով թուլացնել եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից, Nabucco ծրագիրը սկսեցին մշակվել 2002 թվականին: Դրա կառուցումը նախատեսվում էր սկսել այս տարի ու ավարտել 2014-ին: Սակայն շատ շուտով հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է մինչև 2017-ը: Բանն այն է, որ այն նախատեսում էր իրանական գազի մատակարարումը Եվրոպա, միայն թե Արևմուտքի հետ հակասությունների և միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետևանքով մտադրությունները փոփոխման ենթարկվեցին՝ ի վերջո նախապատվությունը տալով այն հեռանկարին, որ կարելի է նույն գազամուղով մատակարարել գազը Ադրբեջանից և Թուրքմենստանից: Բայց հիմա էլ բազմաթիվ փորձագետներ հանգել են այն կարծիքին, որ Nabucco-ի հնարավորությունները բավարար չեն Եվրոպայի համար ու վերջինիս իրագործումը դառնում է անշահեկան ու աննպատակ:
Օրերս կատարվածի առթիվ իր զայրույթն այլևս չկարողացավ զսպել Եվրամիության էներգետիկ հարցերով կոմիսար Գյունտեր Էտինգերը և բացեիբաց ասաց այն ամենն, ինչ մտածում էր: Նա հատկապես շեշտեց, թե «Հարավային հոսք» ռուսական ծրագիրը փորձ է այլընտրանք ստեղծել Nabucco գազամուղին, որի շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն ակտիվորեն պաշտպանվում է Եվրոպայի կողմից, միայն թե, ըստ էներգոնախարարի, «Հարավային հոսք»-ը չի ստիպի ԵՄ-ին հրաժարվել Nabucco-ից, որի նպատակը եվրոպական շուկա գազի մատակարարումների դիվերսիֆիկացումն է: Էտինգերի վատ քողարկված սպառնալիքների առկայությունն առաջին իսկ վկայություններից է այն բանի, որ մեծ ցանկությունները հօդս են ցնդում և այլ բան չի մնում անել, քան հաշվի նստել առկա իրողությունների հետ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ ռուսները նույնքան մեծ հաջողությամբ կյանքի կոչեցին նաև «Հյուսիսային հոսքը», իսկ այս նույն ժամանակ լույս աշխարհ է գալիս ևս մի մրցակից՝ հանձին Իրան-Իրաք-Սիրիա գազախողովակաշարի շինարարության, որ նախատեսված է իրանական հանքավայրից գազը Եվրոպա հասցնելու համար, ապա «խողովակային» պատերազմից տուժածներն ի հայտ պիտի գան ամենամոտ ժամանակներս:
Ի դեպ, նման մի «զոհ» արդեն իսկ գծագրվում է ասպարեզում: Հենց բոլորովին վերջերս Մոսկվան որոշում կայացրեց սառեցնել Սամսուն–Ջեյհան նախագծը՝ տհաճ անակնկալ մատուցելով Թուրքիային: Ռուսներն ասացին, որ դա տնտեսապես ձեռնտու նախագիծ չէ: Սակայն Անկարայում թերևս գլխի ընկան, որ դա կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիան հանդես եկավ իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու մասին հայտարարությամբ, ինչի առնչությամբ Ռուսաստանը հայտնեց իր մտահոգությունը։
Այսօր վավերացվող «Հարավային հոսքը» դեռ շատ խաղաքարտեր է խառնելու: Այդ գազատարն ունենալու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակություն, իսկ տարեկան 15.75 մլրդ. խմ հզորությամբ առաջին ճյուղը պետք է շահագործման հանձնվի 2015 թվականից ոչ ուշ: Իր սովորության համաձայն, Եվրոպան մի-փոքր կմռայլվի, կդժգոհի, ծանրութեթև կանի, բայց ի վերջո կհամակերպվի այդ փաստի հետ, քանի որ անհաշտությամբ Եվրոպան չես ջերմացնի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեծ նախագծի մեծ ձախողումը

11 Մյս

Nabucco-ի գլխին սև ամպեր են կուտակվել: Դարի նախագիծը կարող է ժամանակից շուտ իր մահկանացուն կնքել: Համենայն դեպս, ներկա պահին նման հեռանկարի համար կան բոլոր նախադրյալները: Շուրջ 3300 կմ երկարությամբ գազամուղ մագիստրալը, որ պիտի Կասպից ծովի տարածաշրջանից կապույտ վառելիքը Թուրքիայի ու Բալկանների վրայով հասցներ Եվրոպա, հետզհետե վերածվում է չիրագործված երազանքի: Դեռ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը Ստամբուլում 13-րդ Եվրասիական տնտեսական գագաթաժողովի ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանը պատրաստ է երկրում արդյունահանվող գազի 50 տոկոսը ուղղել Nabucco նախագծին, ապահովել եվրոպական գազային պահանջմունքների 5 տոկոսը: Ոգևորված Բաքուն դրա հետ մեկտեղ նաև այլ հույսեր էր փայփայում` իր վառելիքի միջոցով ինտեգրվել Եվրոպային, բարձրացնել սեփական նշանակությունը մի շարք եվրոպական երկրների համար, ինչը ոչ միայն կերաշխավորեր կայուն ֆինանսական ներհոսք, այլև քաղաքական կնճռոտ խնդիրների լուծման գրավականը կդառնար: Այսօր ադրբեջանական ոգևորությունից փշրանքներ են մնացել:
Գազատարի մեկնարկը նախատեսված էր 2015թ., որի թողունակությունը կազմելու էր 31 մլրդ խմ: Սակայն այժմ այն կարող է հետաձգվել նվազագույնը ևս երկու տարով: Այդ բանն արդեն խոստովանել է նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: «Կարծում եմ՝ նախագիծը կարող է մեկնարկել արդեն 2017թ.»,- հայտարարել է խիստ շահագրգիռ թուրք նախարարը: Ասենք, դրանից առաջ էլ ամեն ինչ չէ, որ հարթ ու հանգիստ էր ընթանում: Ավելի վաղ նույն Յըլդըզը ակնարկել էր այն մասին, թե իբր Nabucco-ի շինարարության շուրջ պաշտոնական Անկարայի և Բաքվի միջև բանակցություններն ընդհատվել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացի պատճառով: Նույն այդ ժամանակ էր, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մոսկվային առաջարկել էր ի վնաս Nabucco- ի և հօգուտ ռուսական «Հարավային հոսքի» հնարավոր որոշում ընդունելու դիմաց մեկ փաթեթում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Միայն թե Մոսկվան հստակ բացատրել էր, որ թեև սպասումներ ունի, որ Անկարան կնախընտրի ռուս-իտալական նախագիծը, սակայն ոչ «ի հաշիվ հայկական գործարքի»: Կարծիք կա, որ հենց Մոսկվայում անհաջող բանակցություններից հետո թուրքական շրջանակներն սկսեցին ավելի շատ հակվել Nabucco նախագծի կողմը:
Իսկ խնդրի քաղաքական անհաջողություններին այժմ եկել ու գումարվել է նաև նյութական դժվարությունների ծանրությունը: Պարզվել է, որ Nabucco գազատարի նախագծի ներդրումների գնահատականը 7,9 միլիարդից ավելացել ու կազմել է 12-15 միլիարդ եվրո: Ավելին, նավթային հետազոտությունների կենտրոնն իր հերթին կարծում է, որ այդ 12 մլրդ եվրոն նվազագույն գինն է, քանզի դեռ պետք է հող գնվի, միջանցք ապահովվի, այդ միջանցքի անվտանգության հարցը լուծվի և հզոր պոմպակայաններ տեղակայվեն, որոնք չափազանց թանկ արժեն։ Իրենց հերթին արդեն ներդրումներ կատարած որոշ գործընկերներ ոչ մի գնով լսել չեն ցանկանում «հավելավճարի» մասին և դեմ են արտահայտվել հաշվարկների վերանայմանն ու նոր գնահատումներին: Իսկ սա նշանակում է, որ ներդրումային որոշումը կարող է հետաձգվել մինչև 2013 թվականի սկիզբը: Ստեղծված կացության առաջին ծանր հետևանքներից մեկը եղավ այն, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ-2» հանքավայրի շահագործումը հետաձգվեց մինչև 2017 թ.։
Հասկանալի է, որ ամեն դեպքում Nabucco-ն ոչ միայն հավակնոտ տնտեսական, այլև հավակնոտ քաղաքական ծրագիր է: Հազիվ թե այն կյանքի կոչվի, քանի դեռ չկա տնտեսական գերշահեր ունեցող պետությունների համերաշխ համաձայնությունը: Բայց մի՞թե նման ներդաշնակ փոխըմբռնումը երբևէ իրականություն կարող է դառնալ: Այս պահին ադրբեջանական մամուլը հեղեղված է Ռուսաստանի հասցեին ամեն կարգի քննադատական ու հանդիմանական մտքերով: Բաքուն խողովակաշարի շինարարության հետաձգուման ամբողջ մեղքը բարդել է Ռուսաստանի վրա՝ նշելով, թե հատկապես Մոսկվան է պարբերաբար տապալում Nabucco-ն` այս կամ այն պետության հետ առանձին պայմանավորվածություններ ձեռք բերելով։ Նրանց ձայնակցում են համակիրները Եվրոպայից` կոչ անելով չարգելափակել Nabucco գազատարի շինարարությունը: Եվրոպայում կարծում են, թե Մոսկվան իրավունք չունի ճնշում գործադրել Կենտրոնական Ասիայի երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն մասնակցությունից: Իրենց հերթին Արևմուտքի գործարար ու քաղաքական շրջանակների պատասխանատուները խոստանում են, որ Եվրամիությունը չի սկսի խոչընդոտել ռուսական «Հարավային հոսք» նախագծին, և ընդգծում, թե Nabucco-ն դրա մրցակիցը չէ:
Միայն ասվածի վերջին հատվածի հետ են ռուսները համամիտ: Այս առթիվ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը նշել էր, որ Nabucco-ն որևէ հեռանկար չունի: Իսկ ահա վարչապետ Վլադիմիր Պուտինի գնահատականները շատ ավելի խիստ էին: «Nabucco-ի հիմնական խնդիրը երաշխավորված ծավալների բացակայությունն է, արտահանվող անհրաժեշտ հումքի քանակի ու ծրագրի իրագործման աղբյուրների սակավությունը»,- ասել էր Պուտինը: Իբրև իր խոսքերի հիմնավորում նա նշել էր, որ Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի առաքի, Իրանում հանքատեղերը դեռևս շահագործված չեն, բացի այդ էլ առկա են Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև տարածքային տարաձայնությունները Կասպից ծովի ջրային ռեսուրսների բաժանման հարցում: «Գազատարի կառուցումը նման հանգամանքներում, իմ կարծիքով, դժվար իրագործելի է, եթե ոչ անհնար»,- եզրափակել էր ՌԴ վարչապետը:
Այս փաստարկումներն իրենց ներգործությունն ունեցան: Եվրոպայում ևս սառույցը շարժվեց: Եվ այսօր արդեն արևմտյան ԶԼՄ-ներն ավելի հաճախ են նշում այն մասին, որ Nabucco-ն գնալով անհույս է դառնում: «Խողովակաշարի հիմնական մատակարար երկրներն են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Իրաքը, որոնց հետ կոնսորցիումն այդպես էլ հստակ պայմանավորվածություններ չի ունեցել։ Մինչդեռ Ռուսաստանն ինքը ավելի հստակ է աշխատում՝ նախատեսելով կառուցել «Հարավային հոսք» այլընտրանքային խողովակաշարը»,-գրում է գերմանական մամուլը և երևույթը միանգամայն բնական համարում, քանզի Մոսկվան ցանկանում է պահպանել իր՝ արևելյան տարածաշրջաններից գազ արտահանողի գերիշխող դիրքը։ Իսկ գերիշխողները սովորաբար չեն հանդուրժում մրցակիցների:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: