Tag Archives: հավաքորդ

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

17 Փտր

ԿՆՔԱՀԱՅՐՆ ՈՒ ՍԱՆՈՒՀԻՆ

Մի բազմափորձ հավաքորդ, որը ոտքի տակ էր տվել երկրագունդը` հավաքելով ամենայն բան, ինչը կարողացել էր հրացանով խփել, գնել կամ թռցնել, այցի գնաց իր սանուհուն` հնգամյա մի աղջնակի աշխարհի տարբեր երկրներում մեկ տարի հավաքչարարությամբ զբաղվելուց հետո:
— Ես ուզում եմ քեզ տալ երեք բան,- ասաց նա:- Սրտիդ ուզած երեք բանը: Ունեմ աֆրիկյան ադամանդներ և ռնգեղջյուրի եղջյուր, եգիպտական սրբազան կոյաբզեզներ, գվատեմալյան զմրուխտներ, շախմատի փղոսկրե և ոսկե խաղաքարեր, հյուսիսեղնի պոզեր, ազդանշանային թմբուկներ, ծիսական ծնծղաներ, տաճարի զանգեր և երեք հազվագյուտ ու նշանավոր տիկնիկ: Հիմա ինձ ասա,- ամփոփեց նա` աղջնակի գլուխը շոյելով,- ի՞նչ ես ուզում աշխարհում ամեն բանից ավելի:
Նրա փոքրիկ սանուհին, որը տատանվողներից չէր, չտատանվեց:
— Ուզում եմ կոտրել ձեր ակնոցը և թքել ձեր կոշիկներին,- ասաց նա:
Առակս գալիս է այն ասելու, որ թեև ժամանակակից վիճակագրությունը չի հաշվարկել, սակայն հետևում է, որ Տղամարդը շատ բան է ուզում, իսկ Կինը` էլ ավելի շատ:

Թարգմ. Շ. Ավագյան

%d bloggers like this: