Tag Archives: հավատ

ԱՆՏՈՒԱՆ ԴԵ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

24 Սպտ

Հավատները թշնամացել էին: Ատելով այլախոհներին, նրանցից յուրաքանչյուրը կառուցում էր իր փոքրիկ տաճարը`սովորության համաձայն մարդկանց բաժանելով այլախոհների և ուղղահավատների: Եվ այն, ինչը չէր ճանաչվում ճշմարտություն, համարվում էր մոլորություն, իսկ այն, ինչը մոլորություն չէր դիտվում, դառնում էր ճշմարտություն: Բայց ես հո գիտեմ, որ մոլորությունը ճշմարտության հակառակը չէ, այն նույնպես տաճար է ու կառուցված է նույն քարերից, սակայն այլ կերպ: Սիրտս արյունվում էր` տեսնելով մարդկանց, ովքեր պատրաստ էին մեռնել հանուն պատրանքի: Ես աղոթեցի Տիրոջը. «Բացահայտիր ինձ համար իսկությունը, որտեղ կարող են տեղ գտնել նրանց բոլոր փոքրիկ ճշմարտությունները, որը կառնի ամենքին մի ծածկոցի տակ: Որպեսզի թշնամացած ցողուններից ես ծառ արարեմ, նրա հոգին ոգեշնչի բոլորին և մի ճյուղն աճի մյուսի զորության շնորհիվ, քանի որ ծառը միշտ էլ համախմբման ու ծաղկունքի հրաշքն է արևի տակ: Մի՞թե իմ սիրտը չի բավականացնի, որ այնտեղ բոլորին օթևան տամ»:image52630159

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

2 Հնս

ՀԱՎԱՏՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ

Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և շնորհիվ դրա` բնանկարը հազարամյակների ընթացքում անփոփոխ էր մնում:
Սակայն հավատի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ համի ընկան ու սկսեցին լեռները շարժել, նրանց գտնվելու տեղը սկսեց անդադար փոխվել: Եվ լեռները ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր հայտնաբերել այնտեղ, ուր դուք նրանց թողել էիք նախօրեին: Դա ավելի շուտ բարդություններ էր ստեղծում, քան օգնում էր դրանք հաղթահարել:
Եվ այդժամ բարի մարդիկ գերադասեցին հրաժարվել Հավատից, և այժմ լեռները, որպես կանոն, կենում են իրենց տեղում: Եվ երբ լեռնային ճանապարհին փլուզում է լինում, որը անցորդներին ողջ-ողջ թաղում է, կնշանակի, ինչ-որ տեղ շատ հեռվում կամ շատ մոտիկ որևէ մեկի հոգում թեթևակի արթնացել է Հավատը:

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

29 Սպտ

ՁՈՆ Հ ՏԱՌԻՆ

Օր չի լինում, որ հարյուրներով, հազարներով տառեր չհանդիպեն մեզ. մեծ, փոքր, հաստ, երկար, ինչ ձևի ուզես: Նայում ես` մեջները մարմին չկա, նյութ չկա, բայց ինչքան բան են ասում դիտողին: Եվ ահա մի տառ իմ մեջ այնպիսի հույզեր առաջ բերեց, որ ցանկացա պատմել նրա մասին, նրա գովքն անել հին գուսանների նման: Այս ցանկությունն ունեցա, երբ մի անգամ տեսա, թե ինչպես երկու երիտասարդ մի մեծ ու երկարաշունչ կոչ էին գրում կտավի վրա:
Աչքս սահեցնելով գրածի վրայով` կանգ առա «Հ» տառի վրա. տառը դուրս էր բերված շատ անհաջող, մի տեսակ թուլացած, անկայուն, կորցրած իր այնքան պարզ, հաստատուն ձևը:
Եղածը, իհարկե, մի մեծ բան չէ. երկու գիծ` անկյան տակ և ուրիշ ոչինչ, բայց այնքան տարբեր են դրանք ընթերցվում, երբ լինում են գտնված, համաչափությունը պահպանած, որից և ստանում են տարբեր ուժ, տարբեր արտահայտչականություն:
Տառը շատ զգայուն էակ է, անմիջապես ազդվում է, փոխում իր կերպարանքը չնչին միջամտությունից, ընթերցողին կողմնորոշում, զգաստացնում, սթափեցնում, հիասթափեցնում, ոգևորում…
Երևի դուք էլ նկատած կլինեք, որ կան թվեր ու տառեր, որ մարդկանց են հիշեցնում, ասենք, «Ե» տառը ինձ ներկայանում է որպես հաստափոր մարդ, իսկ ասենք 2-ը մի կռացած ծերուկի կերպարանք է հիշեցնում: Եվ ահա, այդ վտիտ «Հ» տառն էլ ինչ-որ հաշմանդամի նմանեցրի` անճարակ, օգնության կարիք զգցող, այդ պատճառով էլ չդիմացա և հանդիմանեցի տղաներին:
— Մի՞թե կարելի է «Հ» տառին այնպես անհոգի վերաբերվել, երբ նա մեր ամենասիրած տառն է, սկիզբն այնպիսի բառերի, առանց որոնց մեր լեզուն չէր ունենա իմաստ, հոգի, ուժ, կլիներ ողորմելի` անձրևային որդի նման:
Կարելի է «հաղթանակ» բառը պատկերել ձեր գրած հ-ով: Իսկ «հզոր» բա՞ռը, որով բնորոշվում են մեր երկրի ուժը, մեր լեռների զանգվածները: Հապա որքան հուզիչ է այն բառը, որով մեր նախնիները դիմել են ճակատագրական մարտերի: «Հառաջ» ասել է մեր Վարդան Մամիկոնյանը վերջին շնչում` իր կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի, ժողովրդի:
Մեր «Հ»-ն ինչքան որ պետք է հուժկու և համարձակ բառեր գլխավորելու համար, նույնքան հարակավոր է նուրբ ու քնքուշ բառերին: Ինչ կա ավելի գեղեցիկ ու մեղմ, քան «Հասմիկը», որը գարնան սիրո երգ է հիշեցնում: Եվ այստեղ «Հ»-ն պատկերանում է բարկ ու ճկուն, ասես ուզում է ծաղկի պսակի նման բոլորել այդ քնքուշ բառը: Եվ այդպես, շատ ու շատ բառեր է գլխավորում հ-ն, բառեր, որ անբաժանելի են մեր նիստուկացից, մեր առօրյայից ու ապագայից, բառեր, որ ձև են տալիս մեր մտքերին: Ինչպես կարելի է հ-ն չհագել և չտալ նրան հաստատուն ձև, երբ գործ ունես այնպիսի բառի հետ, ինչպիսին «հիմքն» է, գրավականը մեր ձեռնարկած ամեն մի գործի, եթե ուզում ենք, որ դա լինի կայուն և հիմնավոր: Եվ էլի շատ ու շատ բառեր կան մեր շքեղ լեզվում, որոնք սկսվում են այդ հրաշալի տառով` «հայր» ու «հայրենիք», հ-ն գլխավորում է անունը մեր ազգի և մեր երկրի, որոնցով հպարտանում ենք, որոնք սիրում ենք ամենամեծ սիրով:
Հայաստան բառի դրոշակակիրն է «Հ» տառը: Ահա թե ինչպիսի պատվի է արժանացել, ահա թե ինչու նա միշտ պետք է լինի զուգված, հանդիսավոր, պետք է գծագրվի գեղեցիկ, պետք է նկարվի հաստատուն մարմնով, զորեղ ու հպարտ, որ հպարտություն ներշնչի ամենքին…

ՉՀԱՆԴՈԳՅԱ ՈՒՊԱՆԻՇԱԴ

5 Ապր

— Արդարև, եթե մեկը իմանում է, ապա ասում է ճշմարտությունը: Ով չի իմանում` չի ասում ճշմարտությունը: Ճշմարտությունն ասում է իմացող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ իմացությունը:
— Ես ձգտում եմ իմանալ իմացությունը, տեր իմ:

— Արդարև, եթե մեկը մտածում է, ապա իմանում է: Ով չի մտածում` չի իմանում: Իմանում է մտածող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ մտածողությունը:
— Ես ձգտում եմ իմանալ մտածողությունը, տեր իմ:

— Արդարև, եթե մեկը հավատում է, ապա մտածում է: Ով չի հավատում` չի մտածում: Մտածում է հավատացող մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ հավատքը:
— Ես ձգտում եմ իմանալ հավատքը, տեր իմ:

— Արդարև, եթե մեկը հավատարիմ է ու հաստատակամ, ապա հավատում է: Ով հաստատակամ չէ, չի հավատում: Հավատում է հաստատակամ մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ հաստատակամությունը:
— Ես ձգտում եմ իմանալ հաստատակամությունը, տեր իմ:

— Արդարև, եթե մեկը գործում է, կատարում սրբազան պարտականությունները, ապա հաստատակամ է: Ով չի գործում, հաստատակամ չէ: Հաստատակամ է գործուն մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ գործունեությունը:
— Ես ձգտում եմ իմանալ գործունեությունը, տեր իմ:

— Արդարև, եթե մեկը հետամուտ է երջանկության, ապա գործում է: Ով հետամուտ չէ երջանկության` չի գործում: Գործում է երջանկության հետամուտ մարդը միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ երջանկությունը:
— Ես ձգտում եմ իմանալ երջանկությունը, տեր իմ:

— Արդարև, անհունորեն մեծ է երջանկությունը: Չկա երջանկություն մանր բաների մեջ: Երջանկությունը անհունորեն մեծն է միայն: Բայց պետք է ձգտենք իմանալ անհունորեն մեծը:
— Ես ձգտում եմ իմանալ անհունորեն մեծը, տեր իմ…

Թարգմ. Հ. Էդոյան

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

13 Նյմ

… Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգիացիք, մինչդեռ որպիսի~ դյութական անուններ են դրանք, որքա~ն սիրելի ոչ միայն իրանց` այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար… Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները` դրանք միշտ կան և դրանց դեմ, այո’, պետք է կռվել:Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն` առանց այդ ավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջել, քանի որ երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը` այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը: Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:

%d bloggers like this: