Tag Archives: հայ-վրացական

Կգա, չի գա, կգա, չի գա…

7 Նյմ

Վերջին շրջանում վրացիները մի հետաքրքիր հակում են դրսևորում՝ պարբերաբար հրապարակում են տվյալներ այն մասին, թե քանի քաղաքացի է այցելել իրենց երկիր և որ երկրներից: Սովորաբար այդ ամփոփագրերում Հայաստանը միշտ ընդգրկված է լինում առաջին եռյակում: Իրոք, մեր հայրենակիցները հաճախ են մեկնում հարևանների մոտ թե իբրև զբոսաշրջիկներ, թե իբրև գործարարներ: Բայց այս ամիս վրացիները ստիպված պիտի լինեն իրենց հաշվարկներում մի փոքր շտկում կատարել՝ մասնավորապես մեկով պակաս նշել Հայաստանից ժամանողների թիվը և մեկով ավելացնել Վրաստանից մեր երկիր եկողներին: Խոսքն այս դեպքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին է, ով ոչ մի գնով չի ցանկանում գնալ Թբիլիսի, և Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի մասին, ով այսօր ժամանում է Երևան: Սպասվում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան եկող Վաշաձեին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո հանդիպում կունենան նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների երկու ղեկավարները: Սակայն սպասվելիք քննարկումների մանրամասները հանրությանն առայժմ այնքան էլ չեն մտահոգում: Բոլորի համար էականը մեկն է՝ ինչու՞ է նա գալիս և արդյո՞ք սա չի նշանակում, որ վերջապես Հայաստանի պահվածքը Վրաստանին անհանգստացրեց: Ու եթե փաստենք, որ փոքր-ինչ տարօրինակ է, երբ Ս. Սարգսյանին սպասող Թբիլիսին հանկարծ ինքն է իր ներկայացուցչին ճանապարհում Երևան, ապա մնում է ենթադրել, որ այս քայլով Վրաստանի նախագահ Մ Սահակաշվիլին ջանում է օր առաջ հարթել առկա տարաձայնությունները:
Բայց մինչ այդ հարցին անցնելը հիշենք վերջին մի քանի օրերի դեպքերը և առաջին հերթին, իհարկե, այն, որ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել, որ Հայաստանի նախագահի վրացական այցը հետաձգվել է։ Այս մասին լրագրողներին հայտարարեց փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան։ Վերջինս, սակայն, չմանրամասնեց Սարգսյանի այցի հետաձգման պատճառները։ Ջալագանիան միայն ասաց, թե երբեմն այդպես էլ է պատահում։ «Հայաստանի նախագահն, իսկապես, իր այցը հետաձգել է: Թե հայկական մամուլը ինչ է գրում՝ չեմ մեկնաբանի, բայց այցի հետաձգումը դիվանագիտական հարաբերություններում սովորական երևույթ է: Իսկ թե ինչու է նա հետաձգել իր այցը, ես դրա կոնկրետ պատճառները չգիտեմ»,- նշեց Ջալագանիան՝ տարակուսանքի մատնելով իրեն ունկնդրող լրագրողներին: Նախ, վերջիններս չգիտեին, որ այցերի հետաձգումն ու ձախողումը սովորական բաներ են, և բացի դա նաև չգիտեին, որ բարձրաստիճան դիվանագետը կարող է տեղյալ լինել հետաձգման մասին, սակայն չիմանալ դրդապատճառները: Իսկապե՞ս չգիտեր, թե չցանկացավ ասել՝ սա այդպես էլ կմնա գաղտնիք: Իսկ ահա մեկ այլ իրավիճակում վրացի դիվանագետները կարող են հանդես բերել այնպիսի բացառիկ տեղեկացվածություն, որ կարող է ոչ միայն տեղի լրագրողների, այլև հայաստանցիների զարմանքը հարուցել: Նման առանձնաշնորհով օժտված է վրացի մյուս ԱԳ փոխնախարարը՝ Նինո Կալանդաձեն, ով օրերս կտրականապես ժխտեց տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի նախագահը նեղացել է Վրաստանի նախագահից, ինչի պատճառով էլ հետաձգվել նրա այցը Թբիլիսի: «Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա՝ Հայաստանի նախագահի խոսնակին ու ԱԳ մամլո քարտուղարին զրկելով իրենց «փեշակից»: Թե որտեղից կարող է տիկին վրացուհին այդչափ տեղեկացված լինել ՀՀ նախագահի տրամադրությունների մասին, մնում է միայն կռահել, բայց որ Կալանաձեն մինչ այդ արդեն մեկ անգամ սխալվել էր, դա ևս փաստ է: Ու թերևս սա է պատճառը, որ երկրորդ սխալը նրան շատ ավելի հեշտությամբ է տրվում: Նրա խոսքով` Հայաստանի նախագահի այցը չի հետաձգվում, պարզապես դրա վերջնական ամսաթիվը հայտնի չէր, և այս պահին հենց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Տարօրինակ է: Գիտի, որ հետաձգվել է, չգիտի՝ թե ինչու և մինչև երբ: Եվ, ընդհանրապես, այս ծայրահեղ հակասությունները, երբ մի դեպքում գիտեն ավելին, քան անհրաժեշտ է, իսկ մեկ այլ դեպքում չգիտեն ոչինչ, մղում են այն մտքին, որ հավանբար վրացական կողմը հույս ուներ այդ ընթացքում համոզել հայերին, որ մոռանան իրենց վիրավորանքի մասին և հարաբերությունները վերադարձնեն նախկին հունը: Բայց, ինչպես երևում է, վրացական խորամանկությունն այս անգամ իր արդյունքին չի հասել: Եվ դրա համար էլ քաղաքական լրջությանը փոխարինելու է եկել ծաղկաթերթերով գուշակություն կատարելու արարողությունը՝ «Կգա, չի գա… Կգա, չի գա…»:
Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին տարածել, որ նախագահ Սարգսյանը նեղացել է Միխայիլ Սահակաշվիլիից այն հայտարարության համար, որը վերջինս հնչեցրել էր Տավուշի ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով առաջացած ողբերգության առնչությամբ: Այդ ժամանակ Վրաստանի նախագահը նշել էր հայկական համապատասխան ծառայությունների աշխատանքի դանդաղկոտության մասին: Բայց ոչ միայն սա: Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում լուրջ լարվածություն է նկատվում, ինչը արտահայտվեց ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի բավական կոշտ հայտարարությամբ, դրան հաջորդեց Հայաստանի անկախության 20-ամյակին վրացական կողմի շնորհավորական ուղերձի պատմությունը (Մ. Սահակաշվիլու ուղերձը տոներից օրեր անց միայն հրապարակվեց), Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ նրանց Սփյուռքի նախարարի հայտարարությունը, ՄԱԿ-ում փոխադարձ պայմանավորվածությունները չհարգելու փաստեր և այսպես շարունակ: Ցանկը բավականին ընդարձակ է, իսկ այդ առատությունը հազիվ թե թույլ տա խոսել ջերմության ու բարեկամության մասին: Սա է պատճառը, որ այժմ շատերն են ակնկալում, թե Վաշաձեի այսօրվա այցը որոշակի հստակություն մտցվի հայ-վրացական հարաբերություններում և հրապարակ կհանի այն, ինչի մասին չգիտենք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հայ-վրացական WikiLeaks

7 Սպտ

WikiLeaks- ի մասին կարելի է գտնել ամենատարբեր բնորոշումներ: Ոմանց դա դուր է գալիս, ոմանք չեն վստահում այդ էջերի արժանահավատությանը, մյուսները կարծում են, որ նման հրապարակումներն անթույլատրելի են թե քաղաքական, թե բարոյական իմաստներով: Սակայն ինչ էլ ասելու լինենք, դիվանագիտական գաղտնի նամակագրության բացահայտումն իր դատապարտելի կողմերով հանդերձ ունեցավ մի կարևոր դերակատարություն. շատ հարցերում վերահաստատվեցին համոզմունքները և ցրվեցին անտեղի պատրանքները: Այս առումով բացառություն չդարձան նաև այն փաստաթղթերը, որոնք էական մանրամասներ են պարունակում հայ-վրացական հարաբերությունների մասին: Եվ խնդիրը ոչ այնքան դրանցում տեղ գտած փաստերն են (որոնց հիմնական մասն առանց այդ էլ հայտնի էր), այլ այն, որ դրանք վերջնականապես հստակ տարանջատում կատարեցին պաշտոնական տեսակետի և առկա վիճակի միջև: Եվ եթե Հայաստանի վերնախավին հարմար է ինչ-ինչ խնդիրներից ելնելով լեզուն պահել ատամների ետևում, ապա ամերիկացի դիվանագետներն ու WikiLeaks- ը նման բարդույթներով կաշկանդված չեն: Մյուս կողմից պետք է կարևորել նաև այն փաստը, որ այս դեպքում լսելի է ոչ միայն երրորդ կողմի տեսակետը, այլև հենց վրացիների խոստովանությունները իրենց մտադրությունների և գործողությունների մասին:
Ասվածն առավել առարկայական դարձնելու համար վերհիշենք դրանցից մի քանիսը: Ահա գաղտնազերծված փաստաթղթերից մեկը, որը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրեգորի Տաբատաձեի ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարիա Յովանովիչի հանդիպման մանրամասները։ Վերջիններս քննարկում են հայ-վրացական սահմանի հարցը, և այդ ընթացքում վրաց դեսպանն ասում է. «Հայերը չափազանց շատ պահանջներ են ներկայացնում սահմանազատման հետ կապված բանակցությունների ժամանակ և ցանկանում են փոփոխել սահմանը` ավելի ընդարձակ տարածքներ ձեռք բերելու նպատակով` փոխարենը ոչինչ չառաջարկելով»: Ըստ Տաբատաձեի, Հայաստանը նույն կերպ է վարվում նաև Վրաստանի եկեղեցիների հարցում, որոնց նկատմամբ պահանջներ է ներկայացնում: «Մենք չենք ցանկանում այդ եկեղեցիները: Բոլորը գիտեն, որ դրանք հայկական եկեղեցիներ են»,- ընդգծում է նա: Սա, ինչ խոսք, հատկանշական փաստ է, քանի որ վրացի պատմաբանները հայտարարում են, թե Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան, իսկ այսօր վրացական մամուլը հեղեղված է հայերի հանդեպ ամենածանր մեղադրանքներով այն բանի համար, որ իբր մենք պահանջում ենք մի բան, ինչը երբեք մերը չի եղել:
Սակայն էլ ավելի հետաքրքրականն այն է, որ մեր օրինական ու հիմնավոր պահանջի համար վրացիները գտել են բացատրություն: Դժգոհելով հայերից, որ վերջիններս չեն գնահատում այն, ինչ վրացիներն արել են իրենց համար, վրացի դիվանագետն այնուհետև պնդում է, թե իբր ռուսական կողմն է դրդում Հայաստանի կառավարությանը ներկայացնել այդ պահանջները` օգտագործելով դա որպես միջոց Վրաստանի դեմ ուղղված ռուսական քաղաքականության մեջ: Եվ այս կարգի մտասևեռմանը հաջորդում է պատասխանը: Տաբատաձեն տեղեկացնում է, որ Վրաստանի ԱԳՆ-ում կա տեսակետ, թե Վրաստանը պետք է դաս տա Հայաստանին` փակելով սահմանը, եթե Հայաստանը շարունակի իր ծայրահեղական քարոզչությունը: «Մենք կարող ենք մի օր փակել սահմանը»,-հայտարարում է Տաբատաձեն:
Վրացական նօրօրյա մոլուցքը՝ դասեր տալ հայերին, գնալով կորցնում է իրականության զգացողությունը: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա կարծում ենք, որ վաղուց է եկել ժամանակը բացատրելու մեր հարևաններին, որ փակ սահմանները բացելու մի քանի եղանակներ կան և դրանցից ոչ մեկը ձեռնտու չի լինի հատկապես Վրաստանի համար:
Քանի որ խոսք գնաց սահմանների մասին, ապա ավելորդ չէ դիտարկել նաև օդային սահմանի հարցը, ինչը նույնպես դուրս չի մնացել WikiLeaks-ի տեսադաշտից: Աղմկահարույց այդ կայքը հրապարակել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի` 2010 թ. փետրվարի 17-ին պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանը լրջորեն անհանգստացած է Հայաստան ռուսական զենքի ու զինտեխնիկայի մատակարարման ծավալի աճից: Ըստ դեսպանի` թեև Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով Հայաստան տեղափոխել մեծաքանակ զինամթերք, սակայն լուրջ կասկածներ ունի, որ դրանք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար են: Վրաստանը վախենում է, որ այդպիսի սպառազինությունը, ինչպիսին որ ինքնաթիռների համար նախատեսված խոշոր տրամաչափի զինամթերքն է, նախատեսված են Հայաստանում գտնվող ռուսական զորքերի համար։ «Նմանատիպ մատակարարումները կարող են ոչ միայն խախտել Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը, այլև գործածվել Վրաստանին հարավից դուրս մղելու համար, եթե ապագայում այնտեղ հակամարտություն առաջանա Ռուսաստանի հետ»,- ասում են նրանք։
Ինչպես և պետք էր սպասել, պաշտոնական Թբիլիսին անմիջապես հերքեց այս տեղեկությունը: Իհարկե, հերքելը հեշտ է, դժվարը հերքման հիմնավորումն է, ինչը դեռ լսելի չէ Վրաստանից: Բանն այն է, որ Հայաստանն իսկապես շարունակում է սպառազինություն ստանալ և կասկածից վեր է, որ դա գալիս է հենց Վրաստանի օդային տարածքով: Անկախ այն բանից, որ վրացիները օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած համաձայնագիրը չեղյալ են հայտարարել, նրանց համար հեշտ չէ վերցնել ու միանգամից խոչընդոտել այդ թռիչքները: Վերջին շրջանում գոնե նմանօրինակ մի դեպք հայտնի դարձավ, երբ ռուսական քաղաքում վթարային վայէջք էր կատարել հայկական ռազմական ինքնաթիռը, որը վերանորոգումից հետո վրացական երկնքով բարեհաջող հասավ Հայաստան: Բայց նշված փաստաթղթում շատ ավելի էական է միտքն այն մասին, թե այդ մատակարարումների պատճառով խախտվում է Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը: Ասել է, թե՝ Թբիլիսին լուրջ մտահոգվում է Բաքվի համար, և ի սրտե չէր ցանկանա, որպեսզի հայերն այդ հարցում գերազանցություն ունենային:
Հայաստան-Վրաստան դաշտում առկա մեծ ու փոքր խութերի շարքում անհնար պիտի լիներ շրջանցել վրացահայության և ջավախքահայության խնդիրները, որոնցով էլ հարստացված են WikiLeaks- ում զետեղված ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մի քանիսը: Մանրամասնորեն դրանց չանդրադառնալու համար ասենք միայն, որ ամերիկացիներն այդ շարքում առանձնացրել են երեք գլխավորները, որոնք կարևոր են Վրաստանի հայերի համար: Դրանք են՝ հայերենը որպես պաշտոնական լեզու տեղական մակարդակներում օգտագործելու հնարավորությունը, էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծումը և վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձը: Հարկ է ընդգծել, որ այս պարագայում նույնիսկ օտարերկրացին է հասկացել, որ այդ հիմնահարցերը «նման են հրաբխի. չգիտես, թե երբ են դրանք ժայթքելու», մի բան, որ շատ դեպքերում տեսնել չեն ցանկանում հենց «հրաբխի» խառնարանի վրա կանգնածները:
Այստեղ արժե խոստովանել, որ Wikileaks-յան նոր հրապարակումների ամենամեծ անակնկալը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի զրույցի բովանդկությունը, ինչպես նաև վեհափառի նամակը ԱՄՆ նախագահ Բարք Օբամային։ Երկու դեպքերում էլ կաթողիկոսը խոսել է Վրաստանում «վիճելի եկեղեցիների» սեփականության հարցի, ինչպես նաև Հայաստանում գտնվող այն եկեղեցիների մասին, որոնց նկատմամբ վրացիները հավակնություն ունեն։ «Կաթողիկոսն ասել է, որ եթե Վրաց ուղղափառ եկեղեցին կարողանա ներկայացնել դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապացույց, ինքն անձամբ կօգնի վրացական եկեղեցուն՝ դրանց վերադարձի հարցում»,– գրում է Յովանովիչը։ Իսկ ահա Օբամային հասցեգրված նամակում կաթողիկոսն իր բողոքն է հայտնում Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ:
Վերոհիշյալ երկու փաստաթղթերն էլ դառնում են վկայությունն է այն բանի, որ հայ կաթողիկոսը հայրենի իշխանությունների մակարդակով այս խնդիրների տեղաշարժ չի ակնկալում և անհրաժեշտություն է զգում ստեղծված կացության մեջ ներքաշել երրորդ կողմի՝ այս դեպքում ամերիկացիներին, իբրև միջնորդ կամ երկիր, որ ազդեցիկ ձայնի իրավունք ունի: Եվ հենց այդ նույն միտումն է, որ հաջողությամբ կարելի է տարածել մնացած բոլոր իրավիճակների վրա՝ հասկանալու և բնորոշելու հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը, ինչը ոչ միայն հույսեր չի ներշնչում, այլև օր-օրի ավելի է գլորվում դեպի այն խորխորատը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների բացահայտ առճակատմանն ու անհադուրժողականությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: