Tag Archives: հայ-իրանական

Ինչու՞ Ահմադինեժադը չժամանեց Երևան

6 Հնս

Այսօր վաղ առավոտյան լրատվամիջոցները շտապ հաղորդագրություն տարածեցին. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը Հայաստան անորոշ ժամանակով հետաձգվում է: Ասել, որ դա անսպասելի էր, նույնն է, եթե ոչինչ չասել: Հազիվ թե հաջողվի վերհիշել մեկ այլ դեպք, երբ պետության ղեկավարի այցի հետաձգման մասին հյուրընկալող երկիրը տեղեկացնում է հենց դիմավորման օրը: Իսկ այսպիսի շրջադարձը իրավունք է տալիս ամենատարբեր ենթադրություններն անել` սկսած այն տարբերակից, որ հրաժարումը կարող էր բխել անվտանգության նկատառումներից ու Իրանի նախագահը վերջին պահին ինչ-որ վտանգներ է զգացել, և վերջացրած նրանով, որ լուրջ վերանայումներ են տեղի ունեցել հայ-իրանական քաղաքական քննարկումների օրակարգում: Ընդ որում, հայտկապես Իրանի պարագայում դատողություններ ու կռահումներ կատարելու համար միշտ էլ եղել է նյութի առատություն, քանի որ թե ներքին և թե արտաքին հակասությունների բազմազանության իմաստով Իրանն այսօր բացառիկ տեղ է զբաղեցնում աշխարհում:
Սակայն վերադառնալով հայաստանյան այցելության ձախողմանը, փորձենք այնուամենայնիվ հասկանալ այն, ինչը Հայաստանի պաշտոնական աղբյուրները կարող էին, սակայն այդպես էլ չհաղորդեցին: Իբրև առաջին և լիովին հավանական տարբերակ խոսվում է այն մասին, որ կողմերի միջև նախատեսված էր մի համաձայնագրի ստորագրում, որի նախագիծը Հայաստանին էր տրամադրվել ընդամենը օրեր առաջ: Հայկական կողմը չէր կարողացել այդ կարճ ժամանակահատվածում ամբողջապես ծանոթանալ փաստաթղթի էությանը, իսկ պաշտոնական Թեհրանը պնդել էր, որ Ահմադինեժադի այցի շրջանակներում պիտի կայանա դրա վավերացումը: Իրավիճակից ելք գտնելու նպատակով կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախագահի ուղևորությունը մի առ ժամանակ հետաձգել: Կարելի է նույնիսկ գուշակել, թե հատկապես ինչ համաձայնագրի մասին է խոսք գնում, քանի որ վերջին օրերին առավել հաճախ էին հիշատակվում երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես էներգետիկ ոլորտին առնչվող հարցերը և դրանց շուրջ փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը:
Կա շրջանառվող երկրորդ վարկած: Ինչպես արդեն հաղորդվել էր, Իրանը պատրաստվում էր ստանձնել միջնորդի դեր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Բոլորվին վերջերս Երևան ժամանած Իրանի նախագահի հատուկ բանագնացը այդ մասին մեկ անգամ ևս հիշեցրեց` նշելով, որ Կովկասում կայունության և խաղաղության պահպանումն Իրանի առաջնահերթություններից է և Իրանը պատրաստ է բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներ ներկայացնել: Սա, ինչ խոսք, նորություն է հենց թեկուզ այն պատճառով, որ այդպիսի հեռանկարի դեպքում հարկ կլինի հրապարակ բերել միջնորդական առաքելության ձևաչափի փոփոխության խնդիրը, մի բան, որ հազիվ թե ԵԱՀԿ-ի ու գերտերությունների սրտով լինի: Մյուս կողմից հունիսի 25-ին Կազանում մեկնարկող եռակողմ բանակցությունների փաստը էլ ավելի է անհավանական դարձնում Իրանի ներկայության հնարավորությունը: Եվ ուրեմն, եթե Ահմադինեժադի այցի օրակարգի թեմաներից մեկը պիտի լիներ Ղարաբաղը, ապա դա անկասկած վերանայման անհրաժեշտություն էր զգալու: Համենայն դեպս, միչև ընթացիկ ամսվա ավարտը սպասելու անհրաժեշտություն կար:
Հաջորդ վարկածը, ինչի պատճառով Իրանի նախագահը չժամանեց, կարող էր լինել այդ երկրի ներքին իրավիճակը և մասնավորապես Ահմադինեժադի անձի շուրջ ծավալվող դեպքերը: Վերջին օրերին շատ էր գրվում այն մասին, որ նրա դեմ դատական պրոցես են հրահրում, որ խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել, որ հակասություններ կան հոգևոր առաջնորդների հետ և նման բաներ: Չի կարելի բացառել, որ հերթական լարվածությունը դարձել է Երևան չմեկնելու պատճառը:
Իրանի նախագահի վերջին այցը Հայաստան 2007 թվականին էր: Դրանից հետո շատ ջրեր են հոսել, և Երևանում մեծ կարևորություն էին տալիս այսօրվա հանդիպմանը: Ինչպես էլ խնդիրը դիտարկելու լինենք, չենք կարող չխոստովանել, որ Հայաստանը զուտ օբյեկտիվ պատճառներով կախման մեջ է Իրանից, եւ այդ երկրի հետ կապված ցանկացած զարգացում այսպես թե այնպես անդրադառնում է մեր վրա: Եվ երբ օրեր առաջ փորձագետները նշում էին, թե Ահմադինեժադի այցը Երևան Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երկու երկրների ղեկավարների համար «ժամացույցների ստուգման» անհրաժեշտություն է առաջացել, ապա սա ևս հեռու չէր իրականությունից: Իրանն այսօր իրավացիորեն սկսել է կարևորել Հայաստանի դերը, իսկ երկու երկրների միջև շփումները Իրանի կողմից երաշխիքներն են Հայաստանի հավասարակշռված քաղաքականության դիմաց: Այդ ակտիվացած քաղաքական ու տնտեսական առնչությունները կասկած չեն թողնում, որ կատարվում են լուրջ վերագնահատումներ և փոփոխություններ: Բոլորվին վերջերս, Թեհրանում ընդունելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, Ահմադինեժադն ինքն էլ հայտարարել, որ Իրանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դրա կարևոր ցուցանիշներից մեկն էլ կարելի է համարել այն, որ երկրների միջև առևտրի ծավալը 2010 թվականին աճել է 38 տոկոսով` հասնելով 270 միլիոն դոլարի: Իրանի համար Հայաստանն ամենաապահով և ցանկալի գործընկերն է, ավելին` Հայաստանն Իրանի համար նաև հետաքրքիր է որպես Արևմուտքի և Ռուսաստանի հետ ակտիվորեն համագործակցող երկիր: Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, խոսելով տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին, մի առիթով նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում գերազանց դիրք ունի, և Հայաստանի միջոցով Պարսից ծոցի և Սև ծովի միջև հաղորդակցության ապահովումը լավ ազդեցություն կունենա ոչ միայն հայ-իրանական, այլև տարածաշրջանի երկրների առևտրային հարաբերությունների վրա:
Այս առաջընթացը նկատում և արձանագում են նաև մեր մոտիկ ու հեռու հարևանները: Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի սխալվում, երբ ասում է. «Ի վերջո, Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի ազդեցության պլացդարմերից մեկն է և Թեհրանն այս իրավիճակում շատ ակտիվ կլինի: Բացի այդ Իրանը տեսնելով, որ իր փորձերը` Ադրբեջանին ստիպել հրաժարվել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ համագործակցությունից, անհաջողության են մատնվում, խաղադրույք է կատարել Հայաստանի վրա»: Իսկ այս դիտարկումների պոզիտիվ ֆոնը հույսեր է ներշնչում, որ Իրանի նախագահը վաղ թե ուշ կբռնի Երևան տանող ճանապարհը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: