Tag Archives: հայ-թուրքական

Սառը, շատ սառը, ամենասառը…

24 Նյմ

Հայ-թուրքական ներկա հարաբերությունների անհասկանալի բնույթը, ինչը նույնիսկ թույլ չի տալիս պատասխանել այն պարզագույն հարցին՝ դրանք կան, թե՞ չկան, իր անկայունությամբ հանդերձ շարունակում է ոչ միայն զբաղեցնել առճակատող կողմերին, այլև ժամանակ առ ժամանակ մատուցել այնպիսի թարմ տեղաշարժեր, որոնք ստիպում են կամա թե ակամա վերադառնալ այդ նյութին: Վերջին օրերի ընթացքում միանգամից մի քանի առիթներ ներկայացան հարևան երկրին վերհիշելու համար: Նախ հայտնի դարձավ, որ հաստատվել ու օրենքի ուժ է ստացել Սլովակիայի Ազգային խորհրդին ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում ենթադրող օրինագիծը, ինչը հաճելի անակնկալ էր շատերի համար: Դրանից անմիջապես հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ նույն ճանապարհն են բռնել նաև ֆրանսիացիները, և Ֆրանսիայի Սենատի օրակարգ է վերադարձել համանման մի օրինագիծ՝ դարձյալ քրեական պատասխանատվություն նախատեսող: Կարծես այսքանը քիչ էր, օվկիանոսի մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների հայամետ կոնգրեսականները վերստին հաստատեցին իրենց աջակցությունը Հայաստանի նկատմամբ և հատկապես նշեցին, որ «շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն համապատասխան դիվանագիտություն ցուցաբերի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Հուսով ենք, որ ամերիկյան ղեկավարության մասնակցությամբ կարգավորումը կարող է լինել շուտով»,-ասում էին նրանք:
Սակայն առավել նշանակալի իրադարձություններից մեկն, անկասկած, Երևանում կայացած հայ-թուրքական գործարար համաժողովն էր, որին մասնակցում էին գործարար շրջանակների ու հասարակական կառույցների գրեթե 100 ներկայացուցիչներ, իսկ նրանցից 50-ը ժամանել էին Թուրքիայից: Մասնակիցները չմոռացան այդ հանդիպումը բնութագրել որպես համագործակցության համեստ փորձ՝ թուրք քաղաքական գործիչներին սթափեցնելու համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց կարծրատիպերից, ինչն էլ լրջորեն զայրացրեց պաշտոնական Անկարային: Այլ կերպ դժվար է բացատրել նրանց հապշտապ արված հայտարարությունը, որ տարածվեց համաժողովի փակումից անմիջապես հետո՝ նպատակ ունենալով սառը ջուր լցնել Երևանում հավաքվածների ոգևորության վրա: Թուրքիայի ԱԳ նախարարությանը հատկապես խոցել էր Հայաստանի ու Թուրքիայի ձեռնարկատերերի միջև համագործակցության մասին պայմանագիր կնքելու փաստը։ Եվ ահա ԱԳՆ մամլո ծառայությունը տեղեկացնում էր, որ թուրք բիզնեսմենների այցը Հայաստան և փաստաթղթի ստորագրումը եղել է առանց թուրքական կառավարության գիտության: «Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում կայացած գործարար ֆորումում Թուրքիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ կնքված պայմանագիրը»,- ասված էր արտաքին գերատեսչության տարածած զայրալից տեքստում։
Բայց արի ու տես, որ դա ոչ մեկին առանձնապես չվշտացրեց: Գործարարներն անմիջապես պատասխանեցին, որ արտգործնախարարության բացասական հայտարարությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ պայմանագրով նախատեսված քայլերի իրականացմանը այն պարզ պատճառով, որ կողմերը հասարակական կազմակերպություններ են և այդ բնույթի սպառնալիքները չեն կարող ազդել նրանց համագործակցության վրա:
Թվում էր՝ հենց այսքանով էլ կարելի էր փակված համարել հայ-թուրքական առնչությունների թեման, եթե Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թեմզայի ափին չհիշեր հարևան Հայաստանին և հարկ չհամարեր այդ մասին իր նորագույն տպավորությունները կիսել լրագրողների հետ: Առաջին հերթին Գյուլն անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, ինչի առիթով ասել էր, թե դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։ «Հայ-թուրքական հարաբերություններն այնքան սառած են, որ փչելով չեն հալչում։ Արձանագրությունների ստորագրման պահը լավ ժամանակաշրջանն էր, սակայն, ըստ իս, կային չհամաձայնեցված բաներ։ Այս գործում տարածաշրջանում բոլորն իրենց շահերն ունեին»,-նշել էր նա և ապա հավելել, թե հայ-թուրքական արձանագրությունները դեռ ամբողջովին չեն մահացել։
Շփումների ջերմաստիճանի մասին մրսած մարդու տեսանկյունից դատող նախագահը թերևս ճիշտ կաներ, եթե սանդղակի վրա սառնության չափորոշիչը հստակեցնելուց առաջ նաև բացատրեր, թե այդ ե՞րբ են երկու երկրների հարաբերությունները եղել ջերմագին ու եթե նույնիսկ եղել են, ապա ի՞նչ պատճառով դրանք սառցակալեցին:
Գյուլի փոխարեն այս անգամ էլ պարզաբանումը հնչեց Երևանից: Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե Թուրքիայի նախագահին տաքություն է պետք, ապա նրա երկիրն առաջին հերթին պիտի վերացնի Հայաստանի շրջափակումը, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Թուրքիան, իհարկե, ոչ սահման կբացի, ոչ էլ արձանագրություն կստորագրի: Ի դեպ, այս փաստը օրերս հաստատեց նաև Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը, որը Բաքվում հավաստիացրեց եղբայր ադրբեջանցիներին, թե «թուրք -հայկական հարաբերությունների կարգավորման մասին այդ երկրների ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի»: Իրականում Բոզքիրի պնդումները սոսկ սիրաշահության համար չէին հնչում: Ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական շրջանակներում դեռևս գոյություն ունի լուրջ հակազդեցություն, և ոչ այդ երկրի նախագահը, ոչ վարչապետը չեն կարող այլ բան ասել (կամ անել), քան իշխող տրամադրությունն է թելադրում: Այս իմաստով միանգամայն հասկանալի ու բնական է հնչում նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խիստ քննադատությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին՝ պատմության հետ առերեսվելու կոչի առնչությամբ։ Կուսակցապետն Էրդողանին ուղղված իր քննադատության մեջ հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետի և Հայկական սփյուռքի մտածելակերպի աշխարագրությունը նույնն է։ «Եթե մոտ ապագայում Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության հարցը դնի թուրք ժողովրդի օրակարգում, բոլորովին չեմ զարմանա»,-ասել էր Քըլըչդարօղլուն։ Ու եթե այս մտայնության դիրքերից գնահատելու լինենք կացությունը, ապա նույնիսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերում կարելի է գտնել անկեղծության եզակի նմուշ, ով Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Հայաստանի հետ լարվածության աճը օրակարգում չի դրված:
Այո, օրակարգում կարող է նման հարց չլինել, քանի որ այն լիուլի գոյություն ունի իրականության մեջ: Եվ այդ իսկ պատճառով երկու երկրների հարաբերությունները այլ կերպ չես անվանի, քան սառը: Չափազանց սառը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Pacta sunt servanda

4 Մրտ

ԱԺ քառօրյայի ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները նախագահի կողմից սառեցված են և ԱԺ-ն նման լիազորություն չունի, որպեսզի այդ հարցը քննարկի: Այնուհետև Աբրահամյանը հավելեց.
-Կարելի է ասել, որ օրակարգում այդպիսի հարց չունենք:
Խորհրդարանում հարցը չկա: Իսկ խորհրդարանից դու՞րս: Պարզվում է` այստեղ պատկերը միանգամայն այլ է: Այն շարունակվում է նախկինի պես պարբերաբար արծարծվել, և հենց միայն այդ փաստը լավագույն վկայությունն է այն բանի, որ վիճաբանող կողմերը (որքան էլ կոշտ լինեն նրանց արձագանքները) չեն պատրաստվում վերջնականապես փակ պահել իրենց դռները գալիք հնարավորությունների առաջ: Այս իմաստով շատ դժվար պիտի լինի պարզ զուգադիպություն համարել այն փաստը, որ հիշյալ խնդրի շուրջ միաժամանակ տեսակետներ արտահայտեցին թե Հայաստանի և թե Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրա համար օգտագործեց ավստրիական Der Standard օրաթերթի ընձեռած հնարավորությունը: Այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունները վերստին օրակարգ բերելու համար ինչպիսի՞ ճանապարհներ են առկա, արտգործնախարարը պատասխանեց. «Գոյություն ունի միայն մեկ ուղի, և ոչ թե մի քանիսը: Մենք ստորագրել ենք արձանագրությունները և մենք պետք է դրանք վավերացնենք ու իրականացնենք առանց որևէ նախապայմանների` համաձայն pacta sunt servanda սկզբունքի»,- ասաց նա: Նալբանդյանի հիշատակած լատիներեն ասույթը հայերեն թարգմանությամբ թերևս հնչի այսպես. «Պայմանավորվածությունները պետք է հարգվեն»: Սա, ինչ խոսք, ճշմարիտ սկզբունք է: Բայց մինչ դրա մասին խոսելը դարձյալ անհրաժեշտ կլինի դեմքով դառնալ դեպի հարևանը ու տեսնել, թե նա ինչպե՞ս է պատկերացնում արդեն եղածն ու սպասվելիքը: Այս մասին նույն օրերին խոսեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Նալբանդյանի օրինակով հարցազրույց տալով գերմանական Hannoversche Allgemeine պարբերականին: Զրույցի այն հատվածում, որը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Ցեղասպանությանը, Էրդողանը ներդրեց լավատեսության իր ամբողջ պաշարը. «Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը կարևորություն է տալիս։ Դրա համար էլ սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները այդ ճանապարհին ամենամեծ հաջողություններն են։ Այնտեղ համաձայնեցված տեսակետներն ամբողջ Հարավային Կովկասի վրա ևս դրական ազդեցություն կունենան։ Դրանով հանդերձ կարգավորման գործընթացը թե հայերի, թե թուրքերի տեսանկյունից դժվար և զգայուն գործընթաց է»։ Ինչպես տեսնում են, վերստին ոչ մի խոսք այն մասին, թե հարցը փակված է: Ավելին, բայի ապառնի ժամանակի գործածումը («կունենան») հիմք է տալիս կարծելու, թե Անկարայից տեսանելի է այդ լուսավոր գալիքը:
Իսկ ե՞րբ է այն պատրաստվում վերադարձվել նույն կետին, որտեղ կասեցվեց ընթացքը: Թուրքերն այժմ հաճախ են կրկնում, թե այդ բանը տեղի կունենա ամռանը կայանալիք իրենց խորհրդարանական ընտրություններից հետո: Հայերի համար այս փաստարկը ընդունելի չէ: Եվ Էդվարդ Նալբանդյանի պատասխան խոսքում թերահավատ հեգնանքի տարրեր կան. «Խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն ուրիշ ընտրություններ: Եթե պատճառ ես փնտրում վավերացումը հետաձգելու համար, ապա միշտ կարող ես այն գտնել… Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:
Ամեն դեպքում, Երևանում չեն ժխտում նաև այն իրողությունը, որ այսօր թուրքական հասարակությունը մի կողմից ավելի է տրամադրված աջակցելու կարգավորմանը, իսկ մյուս կողմից դարձել է ավելի ըմբռնող իր անցյալի նկատմամբ: Բայց ներկայիս ակտիվացման միտուների մեջ անհնար է չնակատել ևս մի հետին միտք: Բան այն է, որ մոտենում է ապրիլի 24-ը, և դրա նախաշեմին Թուրքիան անկասկած նոր շահարկումների կդիմի, կփորձի միջազգային հանրությանն ավելի վառ գույներով մատուցել կացությունը, թեև Անկարայի դիրքորոշումը չի փոփոխվել։ Ինչ վերաբերում է հետընտրական հնարավոր զարգացումներին, ապա այստեղ հազիվ թե կարիք լինի սպասել որևէ արմատական տեղաշարժի: Շատ ավելի հավանական է, որ որոշակի քայլեր այս ուղղությամբ արվեն, օրինակ ինչ-ինչ ուղերձներ ու նամակներ փոխանակվեն, հանդիպումներ կայանան, բայց դրանից ոչ ավելի։
Գալով այսպես կոչված արտաքին ճնշումների ու խթանումների խնդրին, չենք կարող շրջանցել վերջերս տեսանելի նախանձախնդրությունը Միացյալ Նահանգների կողմից: Եվ որքան էլ Վաշինգտոնն այսօր փորձում է հանդես գալ իրատեսության սահմաններում ու պնդում է, թե չի կարող «ցանկանալ ավելին, քան այդ իրավիճակներում հայտնված երկրները», սակայն սրա հետ մեկտեղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարում է. «Դրանով է պայմանավորված նաև այն, որ մենք գործընթացն առաջ տանելու համար ճնշում չենք գործադրում։ Մենք տեսնում ենք, որ վերջին մեկ տարվա մեջ գործընթացը կանգ է առել»:
Այսինքն ճնշումների տարբերակը լիովին չի բացառվում: Իսկ այն, որ վերջերս փոխպետքարտուղար Սթեյնբերգի այցը Հայաստան նաև նման նպատակ էր հետապնդում, ամերիկացիները չեն էլ թաքցնում:
Հետաքրքրական է, որ այս օրերին շրջանառության դրվեց մի վարկած, համաձայն որի Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները որոշել են դերերով փոխվել: Սա ենթադրում է, որ Ռուսաստանն այսուհետ սկսելու է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու համար, իսկ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունն է իր ձեռքը վերցնելու: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում անհավանական թվացող այս սցենարը և նման լուրերի տարածումը, միայն կռահել կարելի է:
Մի բան կարելի է հստակ ասել. հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման համար ուղի բացեցին ոչ այնքան արտաքին ճնշումները, որքան աշխարհքաղաքական ընթացիկ զարգացումները և երկու երկրների հասարակությունների ներսում տեղի ունեցող փոփոխությունները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զրոյական սինդրոմի կնքահայրը

21 Հնվ

Մենք սովոր ենք այն բանին, որ անգլիական դիվանագիտությունն այս տարածաշրջանում ներկայանա իր թվացյալ չեզոքությամբ և սակավախոսությամբ: Իհարկե, գոյություն չունի հատուկ վիճակագրություն այն մասին, թե Հայաստանում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը ի՞նչ հաճախականությամբ է ներկայացնում իր երկրի պաշտոնական տեսակետն այս կամ այն հարցի շուրջ, բայց որ նա հանրաճանաչությամբ կգրավեր վերջին տեղերից մեկը, սա անվիճելի է: Այնպես որ դեսպանի ցանկացած հայտնություն վերածվում է իրադարձության և անմիջապես հասկանալի է դառնում, որ նրա խոսքերի թիկունքում պետք է որոնել նախանշվող փոփոխությունների ստվերը և կամ (լավագույն դեպքում) արդեն ամրագրված դիրքորոշումների վերահաստատումը:
Այժմ ևս Լոնսդեյլը քիչ անակնկալներ չմատուցեց, երբ օգտագործելով Երևանում ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգի հայերեն տարբերակի շնորհանդեսի առիթը, հարկ համարեց ներկաների համար շարադրել իր երկրի վերաբերմունքը Հայաստանի համար կարևորագույն երկու հարցերի` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նկատենք, որ երկու դեպքերում էլ Մեծ Բրիտանիան անմիջականորեն ներգրավված չէ գործընթացներում, չնայած ամեն գնով ցանկանում է տպավորություն ստեղծել, թե մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Սակայն, սրանով հանդերձ, չի կարելի չհամաձայնել այն մտքի հետ, որ Լոնդոնի շահերից է բխում կայունության պահպանումը և բնականոն հարաբերությունները հատկապես Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է չանտեսել էներգետիկ նշանակության առավելությունը մյուս գործոնների նկատմամբ: Ու եթե բրիտանացիները ժամանակ առ ժամանակ հիշում են նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների մասին, ապա դա էլ արվում է սոսկ քաղաքակիրթ երկրի իմիջը չվնասելու նկատառումներով:
Բայց այժմ ստացվել է այնպես, որ ի հայտ են եկել միանգամայն նոր նրբերանգներ, որոնցով էլ թերևս պայմանավորված էր դեսպանի ելույթի անհրաժեշտությունը: Իբրև այդպիսի ելակետային գործոն նախ և առաջ շեշտվեց Մեծ Բրիտանիայի նորացված վերաբերմունքը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Հատկանշականն այստեղ ոչ այնքան այն էր, որ Լոնդոնը սատարում է Մինսկի խմբի ջանքերը, որքան այն, որ, ըստ նրանց, հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միջազգային իրավունքի ընդունված սկզբունքների շրջանակներում` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում: «Ցանկացած հակամարտություն կարգավորելու համար պետք է գործեն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, չի կարելի մի սկզբունքը ավելի բարձր դասել, քան մյուսը, քանի որ այդ սկզբունքները հավասար են»,- ասաց դեսպանը` վերահաստատելով Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ ընդունված ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգի հանրահայտ դրույթը: Եվ սա արդեն լուրջ տեղաշարժ է, քանի որ նախկինում երբեք անգլիացիները հավասարության նշան չէին դրել այդ հակոտնյա սկզբունքների միջև:
Այսօր դեսպանը Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ է տալիս հաղթահարել զրոյական սինդրոմը` պարզաբանելով, թե մի պետության հաղթանակը դեռ չի նշանակում մյուսի պարտությունը: Նրա գնահատմամբ, այդ «զրոյական գումարի սինդրոմն» այն լուրջ մարտահրավերն է, որ առկա է տարածաշրջանում: Ու երբ Լոնսդեյլը ասում է, թե չի կարելի ամեն ինչ տեսնել միայն սև ու սպիտակ գույների ներքո, ապա ակամա մտածում ես, որ վատ չէր լինի, եթե վերոհիշյալ սինդրոմի սեփական ախտանիշերի հաղթահարմամբ զբաղվեին նաև Մեծ Բրիտանիայում: Չէ՞ որ այդ նրանք են, որ ճանաչեցին թե՛ Կոսովոյի, թե՛ Հարավային Սուդանի անկախացման իրավունքը, սակայն Ղարաբաղի մասով կարծում են, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է և առանձնակի մոտեցում է պահանջում:
Համարժեք պատկեր կարելի է դիտարկել անգլիացիների վերաբերմունքի մեջ, երբ խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: Ոչ վաղ անցյալում ամեն կերպ Անկարային աջակցող Լոնդոնն այժմ հանկարծ հայտարարում է այն մասին, որ Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե չբացի Հայաստանի հետ սահմանը: «Մենք աննորմալ ենք համարում փակ սահմաններ ունենալը այս դարաշրջանում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Եվրամիություն մտնել: Դա անելու համար նա պետք է խնդիրներ չունենա հարևանների հետ, պետք է ձերբազատվի բոլոր նման խնդիրներից»,- ասում է դեսպանը` իրապես զարմացնելով բոլորիս: Դեռ ավելին, Մեծ Բրիտանիան խրախուսում է հարաբերությունների բարելավման գործընթացը առանց նախապայմանների: Իսկ երբ հարցն առնչվում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա նախկին մերժողականությանը փոխարինելու է գալիս մեղմ վերապահումը, որն իր անդրադարձն է գտնում այսպիսի շարադրանքում. «Երբեք չպետք է մոռանանք զանգվածային սպանդը, բռնի տեղահանություններն ու կոտորածը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին: Բայց նաև կարևոր ենք համարում հայացքն ուղղել առաջ: Իհարկե, սա չի նշանակում մոռանալ անցյալը, բայց պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր լինի առաջ գնալ և դրական համագործակցության հիմք ստեղծել»: Ստացվում է, որ Թեմզայի ափին ըստ էության չեն էլ ժխտում եղեռնի փաստը, պարզապես անկեղծորեն խոստովանում են, որ իրենց կողմից որևէ մեկին առաջնություն տալը որևէ լավ բանի չի հանգեցնի: Այնինչ ընդամենը մեկ տարի առաջ էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեյվիդ Միլլերը բոլորովին այլ ճշմարտություն էր բարձրաձայնում` հայտարարելով, թե «քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս երկրում չի քննարկվի»:
Այն, որ առաջիկայում ևս այդ թեման քննության նյութ չի դառնա Լորդերի պալաստում, սա ևս հասկանալի է, ինչպես որ ղարաբաղյան հարցում պետք չէ սպասել Մեծ Բրիտանիայի ակտիվ միջամտությանը: Այս իմաստով էլ երիցս իրավացի էին այն անգլիացիները, ովքեր ժամանակին մեզ հուշում էին, թե իրականությունն այն է, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ Բրիտանիան ֆինանսական հետաքրքրություններ ունի, ոչ էլ Վրաստան է, որն այսօր ռազմավարական նշանակություն ունի: Եվ ուրեմն կարիք չկա խոսել ինչ-որ զրոյական սինդրոմների կամ սև ու սպիտակ գույների համադրության մասին, քանի դեռ անկաշկանդ քայլեր ձեռնարկելու մասին գաղափարներ հրամցնողը ինքը չի ձերբազատվել կաղապարներից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: