Tag Archives: Հայ Դատ

Օրակարգից հեռացվածը

23 Դկտ

Երեկ ողջ օրվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսից ստացվող լուրերը վկայում էին այն մասին, որ այդ հարկի տակ ծավալվում էին բուռն, դրամատիկ, շատ դեպքերում նույնիսկ անհասկանալի իրադարձություններ: Եվ եթե անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագիծը 111-րդ գումարման նիստի օրակարգ ընդգրկելու շուրջ պայքարն անհավասար էր, ապա առավելություն ստացած թևը հազիվ թե իրեն զգար հաղթողի դիրքերում: Նկատելի էր, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները անում էին հնարավոր ամեն բան արդյունքի հասնելու համար, և նրանց աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում էր առանց ընդհատման: Այսքանից հետո յուրաքանչյուր հիասթափություն կարող է արդարացված լինել, քանի որ դեկտեմբերի 22-ին ևս նախագիծը չընդգրկվեց քննարկմնան ենթակա փաստաթղթերի ցանկում, և այդ մասին հայտարարվեց առանց ափսոսանքի: Որպեսզի պարզ դառնա, թե ամերիկացի օրենսդիրների համար իրականում ինչ արժե հայերիս հուզող խնդիրը, ասենք միայն, որ երեկ Պալատի 435 անդամներից ավելի քան 100-ը նույնիսկ ներկա չէին գտնվել լիագումար նիստին` իրենց բացակայությունը հիմնավորելով այն հարգելի պատճառով, թե զբաղված են եղել նախատոնական այցելություններով: Բայց նույնիսկ նման պայմաններում հայկական կառույցների ջանքերով հնարավոր էր եղել ապահովել կողմ անձանց նվազագույն անհրաժեշտ թիվը (ներկա դրությամբ բանաձևին սատարող 218 կոնգրեսականի), հետևաբար եթե օրինագիծը օրակարգ մտներ, ամենայն հավանականությամբ կարող էր անցնել:
Սակայն մի կողմ թողնենք լավատեսական կռահումների շարքը և, ինչպես ասում են, իրերը կոչենք իրենց անուններով: Հայկական բանաձևը Կոնգրեսի օրակարգ չմտավ, քանի որ ԱՄՆ-ն միշտ և բոլոր դեպքերում ընտրություն է կատարելու շահի ու բարոյականության միջև` առավելությունը տալով առաջինին: Ներկա պահին Վաշինգտոնի համար Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի մեծ կարևորություն ունեն, քան Հայաստանն է ու նրա Ցեղասպանության ճանաչումը: Եվ ուրեմն ի՞նչ պատմական արդարության, բարոյականության կամ իրավունքների մասին կարող է խոսք գնալ, եթե գերիշխողը մնալու է երկրի շահը, իսկ այդ շահին ծառայող պետական մեքենան գործելու է իրեն թելադրված ուղղությամբ: Ընդամենը հաշված ժամեր առաջ դեռ Կոնգրես չհասած օրենսդիրներին նմանատիպ հստակ հրահանգ իջեցվեց Սպիտակ տնից: Երկրի նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը շատ հասկանալի կերպով հայտարարեց, որ ԱՄՆ-ի համար գերակա են Թուրքիայի հետ անխաթար հարաբերությունները: Հիշյալ պարոնը բոլորովին վատ չզգաց` հաստատելով այն փաստը, որ բանաձևի առթիվ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից «զգուշացում-նամակ» է ստացել` անուղղակիորեն հաստատելով, որ իր անմիջական շեֆին կարող են թելադրել նաև Անկարայից: Փույթ չէ, որ Ցեղասպանության ճանաչումը Օբամայի նախընտրական խոստումներից մեկն էր: Փույթ չէ, որ Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը արագ ընդգրկել օրակարգում: Այդ ամենը կարելի է ուրանալ ու մարսել: Սակայն թուրքական ոսկորը դժվար կլինի կուլ տալ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները երեկ օրվա ավարտին հավաստիացնում էին, որ, ըստ դիվանագիտական աղբյուրների, դեռ կան հնարավորություններ մի շարք մեթոդներով բանաձևը ներկայացնել լիագումար նիստին։ Նման սպասելիքների համար հիմք էր ծառայում այն, որ Պալատի օրակարգը կարող է ծրագրային լրացումներ, ուրեմն և ժամանակային երկարաձգումներ ունենալ: Բացի այդ, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կիրառելով «ընթացակարգային կանոնների կասեցում» մեթոդը, կարող է բանաձևը ուղղակիորեն բերել լիագումար նիստի օրակարգ: Սրանք, ինչ խոսք, քիչ հավանական, համարյա անիրականանալի զարգացումների տեսլականներ են: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ սկսվել, ոչ էլ ավարտվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներսում: Եվ լավ է, որ անհաջողությունը ողբերգություն չի ընկալվում: «Մենք մեր ձեռքերը չենք իջեցնում: Անկախ նրանից` կդրվի օրակարգում, կքվեարկվի թե ոչ, մենք շարունակելու ենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,- երեկ հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը:
Իսկ ինչ վերաբերում է վերջին մեկշաբաթյա խմորումներից ստացած տպավորությանը, ապա ամենահատկանշականը թերևս այն էր, որ այս անգամ Սպիտակ տան վարչակազմի ու պետդեպարտամենտի ճնշումները կոնգրեսականների վրա այնքան էլ ուժեղ չէին, ինչպես եղավ նախկին փորձի ժամանակ: Վերլուծաբանների կարծիքով, պատճառը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի փաստացի տապալումն է: Հիմա այլևս կոնգրեսականների վրա չի ներգործում թուրքերի այն զգուշացումները, թե իբր որոշում կայացնելով նրանք կարող են վտանգել երկու երկրների մերձեցման քայլերը:
Ի դեպ, երեկ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը մի բաց նամակ էր տարածել գործընկերների շրջանում, որով կոչ էր արվում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող այս կարևոր օրինագծին: Նամակի հեղինակներն էին Ֆրենկ Փալոնը Կրտսերը, Էդվարդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Բրեդ Շերմանը: Նրանք գրում էին, թե օրինագիծը «վերահաստատում է մեր ազգի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ»:
Երեկ դա չհաստատվեց: Հայոց ցեղասպանության հարցը շարունակեց մնալ քաղաքական առևտրի առարկա:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: