Tag Archives: հայր

ՍՊԱՍԵՄ ՀՈՐՍ

28 Հլս

Խաչմերուկում կանգնում ու սպասում էիր մեր գալուց կես ժամ առաջ: Թեև նախապես զանգում, ասում էինք` նոր ենք դուրս եկել, բայց դու արդեն կանգնած էիր դրսում: Մեր կես ժամ շուտ տեղ հասնելը քեզ ի՞նչ էր տալու: Մենք դա չիմացանք: Դու գիտեիր:
Քո կանգնած տեղի թափուրը, քո սպասման տեղի թափուրը, քո թափուրը, իմ թափուր-թափուրը, քեզ տարած իմ կոտրված ձեռքի մեղավոր թափուրը, իմ խղճի ցավոտ անթափուրը մեխվել, մոլորվել են այդ մի կետի վրա ու գնալու տեղը չեն գտնում:
Մի օր էլ մենք ենք կանգնելու դատարկ փողոցում` աչքներս ճանապարհին, ժամանակից առաջ ընկած և կես ժամ առաջ երջանկացած լինելու երջանկությամբ: Եկողները կգան: Հեռացածիդ ես ինչքա՞ն սպասեմ…

20375648_1439520362749958_81956451383882570_n

ՍՅՈՒՍԱԿՈՒ ԷՆԴՈ

29 Հնս

Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ոչ թե «կյանքի ուղեկցի» կամ «փոքրիկ կոլեկտիվի անդամի», ինչպես դու ես արտահայտվում (ի դեպ, դու այդ մասին պնդում ես քո ամբողջ նամակի ընթացքում, ասես տղամարդու և կնոջ միջև ուրիշ ոչ մի հարաբերություն չկա և լինել չի կարող), այլ բարեկամական մասնակցություն, նյութական աջակցություն, քնքշանք: Այո, այո, տղամարդիկ երբեմն ցանկանում են, որ իրենց մայրաբար գուրգուրեն:

Երբեմն ուզում ես մոռանալ, որ դու «ամուսին» ես, «հայր» ես, ցանկանում ես տղամարդ լինել: Կանայք մեզ տղամարդ են տեսնում, քանի դեռ մենք նրանց սիրահետում ենք: Հետո արդեն մենք ամուսին ենք: Դա արագ ձանձրացնում է, ինչպես ամանորյա վատնումները:

Ինչ ուզում ես ասա, բայց տղամարդիկ չեն կարողանում այնպես արագ կերպարանափոխվել ամուսնու, ինչպես կանայք: Այս հարցում կանայք ավելի շնորհալի են: Նրանք ընդհանրապես հեշտությամբ են հարմարվում նոր իրավիճակներին…

se_t1

«Ամուսնական կյանք» գրքից

ՍԱՐՈՅԱՆԻ ՈՒ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

12 Փտր

Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ: Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան:
Ասացի.
Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ… Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր… Իսկ հա՞յրս…
Մարդ է, մտածում է, որ աշխարհը չի վերջանում Թիֆլիսով ու Երևանով, հարևան մի երկու գյուղով ու սարերով: Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…
Բան չասի:
Բայց Սարոյանը կգա ու կմնա հովվերգական իր խրճիթում, հերս էլ կգնա աշխարհ տեսնելու: Ոչ տեսնելն է մի բան, ոչ էլ չտեսնելը: Լավը միայն էն է, որ տեսածն ու չտեսածը հանդիպում են իրար, Ահնիձորում, Իգնատի տան դռանը, ոչ տեսել են, ոչ լսել, առաջին անգամ իրար հանդիպում են ու զարմանում՝ էս ու՞ր էինք…

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՏԱԴԵՈՒՇ ՌՈՒԺԵՎԻՉ

8 Ապր

ՀԱՅՐՍ

Իմ սրտի միջով անցնում է
ծերունի հայրս
Նա հաշվենկատ չէր
չէր դնում հատիկը հատիկի վրա
չէր գնում տնակ
և ոսկյա ժամացույց չէր գնում
ոչինչ չէր դիզում

Ապրում էր ինչպես
երգող թռչունը
օրեցօր
բայց ասացեք
արդյոք համեստ ծառայողը
կարող է այսպես ապրել
երկար տարիներ

Նա անցնում է իմ սրտի միջով
իմ հայրը
հնամաշ թիկնոցով
Նա ուրախ մեղեդի է
սուլում
Նա հավատում է
որ դրախտում ապահովված է իր տեղը:

%d bloggers like this: