«Շատերի համար վատ բան եմ ասելու։ Բայց էլ չեմ դիմանում, բիդի գոչեմ։ Սիլվա Կապուտիկյանը շատ վատ բանաստեղծուհի է։ Շատ վատ». բլոգեր Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան ընդամենը այս մեկ գրառումը բավարար եղավ, որ նշված սոցիալական ցանցով կարծես էլեկտրական հոսանք անցներ:
Երեկ արդեն երկրորդ օրն էր, ինչ վիրտուալ իրարանցում էր սկսվել: Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք շտապեցին պաշտպանել Կապուտիկյանին, ոմանք էլ իրենց համերաշխությունն էին հայտնում Սամվել Մարտիրոսյանին: Վերջինների թվում էր բանաստեղծ Կարեն Անտաշյանը: «… մի անգամ Պետրոսի մոտ մի կես բերան Սեւակի մասին իրական կարծիքս էի արտահայտել՝ մինչեւ հիմա փակ համարներից զանգում մահվան սպառնալիքներ են հնչեցնում: Ի աջակցություն լավ մարդու կողմից բարձրաձայնված ճիշտ խոսքի, եւ լիովին գիտակցելով իմ հանդեպ անողոք ժողովրդական ցենզուրայի հնարավոր նոր ալիքի պոռթկումը, ասում եմ, որ այո, Շիրազն ու Կապուտիկյանը միջակ բանաստեղծներ են եւ տեղական նշանակության կարճաժամկետ էմոցիոնալ ֆոնի ձեւակերպումից զատ ուրիշ ոչ մի լուրջ գեղարվեստական խնդիր իրենց տեքստով չեն լուծել ոչ հայ գրականության, ոչ հայոց լեզվի համար»,- գրել է Անտաշյանը:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանին երեկ խնդրեցինք հիմնավորել իր այդքան խիստ գնահատականը: «Պոեզիայի ոլորտում դժվար է կարճ ինչ-որ հիմնավորումներ անել,- պատասխանեց նա, ապա հավելեց, — Այսպիսի խիստ ծայրահեղ` դրական եւ բացասական ռեակցիաները ցույց են տալիս, որ ինչ-որ խնդիր կա»: Սամվել Մարտիրոսյանը նաեւ նկատեց, որ օրինակ դպրոցական դասագրքերում հայտնվում են հեղինակներ, որոնք անքննարկելի են, ու ժամանակի ընթացքում այդ առումով փոփոխություններ տեղի չեն ունենում: «Ես չեմ հանդիպել հասարակական քննարկումներ` օրինակ` ինչը պետք է երեխաների ճաշակը ձեւավորի»,- ասաց նա: Վերջինս պնդում է, որ դպրոցներում Սիլվա Կապուտիկյանը չարդարացված կերպով շատ ավելի գնահատված ու արժեւորված է, քան, ասենք, Համո Սահյանը:
Վերադառնալով ֆեյսբուքյան տիրույթ, նկատենք, որ ի տարբերություն Սամվել Մարտիրոսյանին աջակցողների կամ անարգանքի սյունին գամողների` գրականագետ Հովիկ Չարխչյանը բլոգերի գրառումից հետո սկսեց իր էջում Կապուտիկյանի բանաստեղծություններից տեղադրել` առանց որեւէ խոսքի ու մեկնաբանության: Դա պետք է ի պաշտպանություն բանաստեղծուհո՞ւ ընդունել. հետաքրքրվեցինք նրանից: «Կապուտիկյանը շատ վաղուց իմ պաշտպանության կարիքը չունի, այնպես որ իր բանաստեղծությունները տեղադրելը սոսկ հիշեցում էր, թե այդ ում մասին եք դուք խոսում եւ ինչպես եք համարձակվում անդրադառնալ մի բանաստեղծի, որն այսպիսի ստեղծագործությունների հեղինակ է: Ու մյուս կողմից էլ ավելորդ չէ նաեւ հիշեցնել, որ դրամբյաններ կոչվածները Թումանյանի ժամանակներից ու դրանից առաջ էլ միշտ եղել են: Մարդիկ, ովքեր ցեխ են շպրտում մեծությունների վրա` ինքնահաստատման համար: Ու որպես կանոն` դրանց երբեք չի հաջողվել որեւէ արդյունքի հասնել: Ընդամենը մնացել են պատմության մեջ վարկաբեկված, որպես փոքրատառով գործածվող անձնանուններ»,- պատասխանեց գրականագետը` ափսոսանք հայտնելով, որ այդօրինակ կրկնություններին վերջ չկա: «Դա նշանակում է, որ սերունդը դեռեւս այն չափով հասունացած ու ձեւավորված չէ, որ կարողանա հստակ տարբերակել լավը վատից, իր արժեքների նկատմամբ խորագույն հարգանք ունենալ եւ հասկանալ, որ անցյալը մերժելով` նորը չես հաստատի: Պետք է ժառանգորդը լինել այդ անցյալի, լա՛վ ժառանգորդը: Այնպես, ինչպես զավակներն են հարգում իրենց ծնողներին, այսօրվա ժամանակից հեղինակներն էլ պետք է խորագույն հարգանք ունենան նախորդների հանդեպ»,- հավելեց նա:
Հարցրինք, թե ով եւ ինչպես է որոշում գրողի մեծության ու արժանիքների չափը: «Որոշակի չափորոշիչներ ու սահմանումներ չկան, որպեսզի տեսնես` այս կամ այն հեղինակը դրանց համապատասխանո՞ւմ է, թե չէ: Այդպիսի բանը ժողովուրդն է որոշում, ընթերցողն է որոշում, ժամանակն է որոշում: Չկան մարդիկ, որոնք ժյուրիի պես նստեն ու որոշեն: Եթե գրողը դիմանում է ժամանակի քննությանը, ուրեմն մեծություն է»,- ասաց Հովիկ Չարխչյանը:
Իսկ բանաստեղծ Կարեն Անտաշյանի վերոնշյալ գնահատականը նա չի կիսում: «Մեղմ ասած` ես համամիտ չեմ Կարեն Անտաշյանի հետ: Ես այդպես չեմ կարծում ու կարող եմ հակափաստարկներ բերել` ապացուցելու համար դրա ճիշտ հակառակը: Ի վերջո, ինչ ասել է` տեղական նշանակության գրող: Ինչպիսի՞ նշանակության պիտի լիներ` տարածաշրջանայի՞ն, միջազգայի՞ն, տիեզերակա՞ն: Ու քանի՞ այդպիսի հեղինակների նա գիտի ժամանակակից գրականության մեջ, որ արդեն անհունն են նվաճել, գալակտիկաներ են նվաճել: Ինչի՞ մասին է խոսքը: Գրականությունը աշխարհագրական երեւույթ չէ, գրականությունը հոգեւոր երեւույթ է: Եթե այսօր ընդամենը երկու ընթերցող կա, որ գնահատում է Սիլվա Կապուտիկյանին կամ Հովհաննես Շիրազին, մենք պիտի հարգենք այդ երկու ընթերցողներին»,- հակադարձեց գրականագետը:
Ինչ վերաբերում է այս կամ այն հեղինակին դասագրքերում ընդգրկելուն, ապա, ըստ Հովիկ Չարխչյանի, դա որոշելիս հաշվի են առնվում այլ հանգամանքներ. «Այդ ընտրությունը կատարվում է բոլորովին այլ սկզբունքներով` այլ նպատակների համար: Դասագրքի հեղինակները թերեւս որոշակի չափորոշիչներ ունեն: Բոլորիս է հայտնի, որ դասագրքերը նաեւ այլ կարգի ֆունկցիաներ են կատարում: Եթե հեղինակին ընտրում են տվյալ դասագրքի համար, կնշանակի նրա ստեղծագործությունները համապատասխանում են այս կամ այն նպատակին: Այնպես որ, դասագրքերի հեղինակները ավելի շատ դրանով են առաջնորդվում, քան գրողի արժանի-անարժան լինելով»:
Հ. Գ. Բլոգեր Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, ինչպես նկատել էին բազմաթիվ օգտատերեր, հանրության շրջանում բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց Կապուտիկյանի պոեզիայի նկատմամբ, դա առիթ դարձավ փնտրելու, գտնելու, ընթերցելու կամ վերընթերցելու նրա գործերը, ինչն արդեն լավ է:
Աննա Զախարյան
«Հայկական ժամանակ» օրաթերթ