Tag Archives: համայնք

Զայրացած Ազնավուրը և ուրացող Սարկոզին

26 Հնվ

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ որոշեց իր ուժերը փորձել քաղաքականության ասպարեզում և վերջին օրերին մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց: Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում էին հայ-թուրքական հարաբերություններին, միայն թե հատկանշական էի նրանով, որ այս անգամ խիստ կտրական էին և նույնիսկ ինչ-որ չափով ագրեսիվ: Թե ինչով է պետք բացատրել Ազնավուրի նման հանկարծակի ելույթը, և արդյո՞ք սա կարելի է դիտարկել նոր ամպլուայում հայտ ներկայացնելու տեսանկյունից, դժվար է ասել: Բայց որ դրանք անարձագանք ու անհետևանք չեն մնա, նույնիսկ երգիչն ինքը կասկած չունի:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի սահմանած միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ազնավուրը դառը խոսքեր արտասանեց թուրքերի հասցեին, հայտարարեց, թե միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», այդ երկիրը ակնհայտ հակահրեական դիրք է զբաղեցրել բոլոր մերձավորարևելյան խնդիրներում, որից անմիջապես հետո Իսրայելին կոչ արեց պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս ելույթից չէր անցել երկու օր, երբ շանսոնյեն հարկ համարեց երկրորդ անգամ նույն հարցի առնչությամբ հրապարակային ելույթ ունենալ, բայց արդեն իր դժգոհության նետերն ուղղելով Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Le Dauphiné Libéré պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն առանց հավելյալ նրբանկատության նախագահին մեղադրեց այն բանի համար, որ վերջինս ուրացել է ընտրություններին ժամանակ տված իր խոստումները: Երգչի խոսքը վերաբերում էր նրան, որ Սարկոզին 2007թ. ապրիլի 24-ին խոստացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին աջակցել ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունման հարցում, սակայն արդյունքում ոչինչ չարեց: Եվ այժմ Ազնավուրը կարծում է, որ ուրացողի հետ հաշվեհարդարի իր մեթոդն ունի: «Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է և համարձակ: Այն արյուն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը»,- սպառնաց Ազնավուրը: Երգչի հաշվարկն այս դեպքում պարզ է. «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել»,- իր միտքն այս խոսքերով ամփոփել է 86-ամյա դիվանագետ-արվեստագետը:
Հավանաբար Ֆրանսիայում ևս նախագահի հետ առճակատման մեջ մտնելը լի է բազում վտանգներով: Սակայն Ազնավուրը կարծում է, որ ռիսկն արդարացված է և այդ քայլը պիտի դառնա իր պատասխանը WikiLeaks կայքէջի հերթական բացահայտմանը, ինչի շնորհիվ հասարակությանը հայտնի դարձավ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է հայերի ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը «թաղել Սենատում»: Մնում է տեսնել, թե երկուսից ո՞ր մեկն առաջինը ձեռնամուխ կլինի «հուղարկավորման» արարողությանը:
Եթե Սարկոզիին ինքնավստահություն կարող է ներշնչել իր զբաղեցրած դիրքը, ապա Ազնավուրը հրաշալի գիտի, որ Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրությունները 2012-ին են, ու Սարկոզիի մասնակցության հավանականությունը չափազանց մեծ է: Եվ ահա երգիչը նախագահին մեկ անգամ ևս հիշեցնում է այդ երկրում 500 հազար հայերի գոյության հանգամանը, ինչը թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Սարկոզին ընտրությունների ժամանակ կարող է կորցնել հայ էլեկտորատի աջակցությունը:
Թուրքական մամուլի, մասնավորապես Milliyet և Hurriyet թերթերի կողմից Շառլ Ազնավուրի մարտահրավերը բնութագրվեց որպես շանտաժ: Մի պահ թուրքերը հավանաբար մոռացել էին, որ իրենց երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է կառուցված այդ մեկ հատիկ բառի վրա, և նրանք Ազնավուրից շատ ու շատ առաջ պաշտոնական Փարիզի հետ բազում առիթներով երկխոսել են հենց այդ «հզոր» զենքի լեզվով: Սակայն փոխարենը գոնե կարող էին վերհիշել այն մասին, որ Ազնավուրն անձամբ մասնակցում էր թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման արարողությանը, ինչի առթիվ 2009-ի աշնանը ասում էր. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ: Ես շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»: Նույն տարվա նոյեմբերին նա արդեն հայտարարում էր, որ Արևմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Այժմ նա այդ մասին դարձյալ հիշեցնում է Անկարային, ինչպես որ փորձում է Սարկոզիին բացատրել այն հանրահատ ճշմարտությունը, որ Ֆրանսիայի համար հայերը մշտապես համարվել են «օրինակելի սփյուռք» և այդ հողում ապրող ժողովուրդը ավելի մոտ է հայերին, քան թուրքերին:
Ի դեպ, Ազնավուրի այս ելույթները առիթ տվեցին հիշելու մեկ այլ բան ևս: Դեռ բոլորովին վերջերս նրա հասցեին թերահավատ կարծիքներ էին հնչում և տխուր կանխատեսումներ էին արվում, որ Ազնավուրը որևէ դեր չի խաղա ու չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: «Ընդհակառակը, պաշտոնական ստատուսն ավելի կկրճատի նրա գործողությունների և հեղինակության շառավիղը, քան կար, երբ ազատ արվեստագետ էր… Մինչ օրս Շառլը որևէ հայտարարություն կամ դեմարշ այդ ուղղությամբ չի արել: Համենայնդեպս, դրանք հայտնի չեն: Սա խոսում է նրա ապաքաղաքական դիրքորոշման մասին»,- գրում էր դիվանագիտական կոչումով օժտված մեկը: Այս անբարեհույս գուշակության նվազագույնը կեսը ներկա պահին արժեզրկվեց: Մնում է լինել համբերատար և սպասել մյուս կեսի ճակատագրին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Բախումներ, որ եղել ու չեն եղել

12 Հնվ

Միանգամից ասենք, որ այն, ինչ տեղի է ունեցել հունվարի 1-ին և հետագա օրերին Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքում, դրա մասին ոչ ոք ամբողջական ճշմարտությունը չգիտի: Ինչ-որ մեկին անհրաժեշտ էր ամեն գնով քողարկել իրականությունը, և այդ մեկը (կամ մի քանիսը) այս դեպքում կարող են լինել ոչ թե ուկրաինացիները, այլ հայերը: Իսկ պատմությունը սա է: Տարվա առաջին գիշերը Նիկոպոլի «Կորալ» սրճարանում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է ծագում, որը շուտով վերածվում է ծեծկռտուքի: Հենց այդ ժամանակ էլ ազգությամբ հայ, Յալթայի 20-ամյա բնակիչը գրպանից հանում է դանակն ու դանակարում իր 4 հակառակորդներին: Սպանվում են 23-ամյա երկու ուկրաինացի, իսկ 19-ամյա մի երիտասարդ և մի աղջիկ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց:
Հաջորդ օրն արդեն Նիկոպոլից տագնապալի լուրեր էին տեղ հասնում: «Նիկոպոլը շուրջկալի մեջ է: Հարևան Մարգանեց, Կրիվոյ Ռոգ, Զապորոժիե, Էներգոդար քաղաքներից եկող մեքենաների և ավտոբուսների արական սեռի ներկայացուցիչների մուտքը քաղաք արգելափակված է: Տեղացիների խոսքով` տեղի ունեցածի համար պատասխանատու են տարածաշրջանում ամենամեծ հայկական համայնքի ներկայացուցիչները: Քաղաքի բնակչությունը հավաքվում է փողոցներում և պահանջում է պատժել մարդասպաններին»,- ահա այսպիսի տեղեկություններ էին հրապարակվում այդ օրերի ուկրաինական թերթերում: Դրանք հաճույքով արտատպում էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Ասվում էր նաև, թե իբր զանգվածային անկարգությունների ժամանակ հնչել են քաղաքապետարանը գրավելու կոչեր, թալանվել ու ավերվել են հայերին պատկանող մի քանի առևտրի կետեր, ջարդվել են մեքենաներ, իսկ կովկասցիների ընտանիքները լքում են քաղաքը: Գրվեց, որ երիտասարդները և զապորոժյան կազակները ոչնչացրել են «Ուկրաինա-հայկական բարեկամություն» հուշարձանը։
Մինչ կպարզաբանվեր, թե այս տեղեկություններից ինչն էր ճշմարտացի և ինչը` հորինվածք, հաջորդեց մյուս ցավալի լուրը: Նիկոպոլում հունվարի 4-ին, ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ավերել էին քաղաքի Գագարինա և Կաշտանովա փողոցների խաչմերուկում կանգնեցված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Այդ խաչը դեռևս 2008 թվականի աշնանը քանդակվել էր հայաստանցի վարպետների կողմից ու կանգնեցվել էր տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ: Հետո` դեպքից ավելի ուշ, պիտի ասվեր, որ հայ երիտասարդի կողմից սպանված ուկրաինացիներից մեկն ապրել է խաչքարի մոտ գտնվող շենքում, որի թաղումից վերադառնալիս մի խումբ հարբած ուկրաինացիներ որոշել են «վրեժ լուծել» խաչքարից: «Այս դեպքը կրում է անձնական, այլ ոչ զանգվածային բնույթ: Երիտասարդների խումբը ջարդել է խաչքարը` լինելով ոչ սթափ վիճակում: Այս արարքը դատապարտվել է հասարակության կողմից»,- շտապեցին անմիջապես հայտարարել քաղաքի իշխանությունները, իսկ ոստիկանությունը հայկական համայնքին խոստացավ հանցագործին անմիջապես գտնել: Մի քանի օր անց արդեն խոսում էին վանդալիզմի 4 հեղինակներն ձերբակալելու մասին, թեև իրականում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր գտնել միայն 28-ամյա մի գործազուրկի, և ասվում էր, թե իբր հենց նա է ավերել խաչքարը: Ինչ վերաբերում էր դանակահարության պատմությանը, ապա դրա առթիվ Դնեպրոպետրովսկի շրջանի դատախազության և միլիցիայի ներկայացուցիչները մամլո ասուլիս հրավիրեցին, հայտարարեցին, թե դեպքը կապ չունի ազգամիջյան թշնամանքի հետ, այն բացառապես կենցաղային բնույթ է կրել և դրա մեղավոր հայն արդեն ձերբակալվել է։ «Украина криминальная» պարբերականը փոխանցում էր Նիկոպոլի ոստիկանության վարչության ղեկավար Նիկոլայ Կոլբատովի խոսքերը, համաձայն որի հետաքննության ընթացքում վերոնշյալ գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև խուլիգանության մեջ կասկածվող ծեծկռտուքի մեկ այլ մասնակից։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ուկրաինայի ՔՕ 296–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն։ Նիկոպոլի հայ համայնքն էլ իր հերթին մամուլին հայտնում էր, որ արդեն լուծում է խաչքարի վերականգնման հարցը, իսկ 2 տուժածներց մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Թվում է` եղածին հավելելու նոր բան այլևս չկա: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, հետո հարթվել է, մեղավորները պատժված են, էլ ի՞նչ իմաստ ունի կրքեր բորբոքել, յուղ լցնել կրակի վրա: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէր: Ահա թե ինչ էր գրում այդ ժամանակ «Свободная пресса»-ն. «Դնեպրի ցածրադիր գոտում տեղի ունեցած ամանորյա բախումներից հետո, որոնց հետևանքով սպանություններ են գրանցվել, ուկրաինական իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկում` «կովկասյան կոտորածները» կանխելու ուղղությամբ»: Մինչդեռ նույն օրերին այն հարցին, թե ճի՞շտ է, որ Նիկոպոլում զանգվածաբար ջարդում ու թալանում են հայկական խանութները, տեղի հայ համայնքի ղեկավարը զարմանքով պատասխանում էր. «Այդ ո՞վ է ասել: Չկա այդպիսի բան, այդ ամենն ապատեղեկատվություն է: Այստեղ ամեն ինչ խաղաղ է»: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հայտարարության համաձայն՝ որևէ միջադեպ ընդհանրապես տեղի չի ունեցել, մանավանդ ազգային հողի վրա։
Այսպիսի կտրուկ հերքումները փոքր-ինչ տարօրինակ են հնչում երկու դիակի, երկու վիրավորի, փշրված խաչքարի ու մի քանի ձերբակալվածների առկայության պայմաններում: Էլ չենք խոսում բոլոր այն հրապարակումների մասին, որ մի քանի օր շարունակ հաջորդաբար հայտնվում էին ուկրաինական թերթերում: Ի վերջո տեսնելով, որ այնքան էլ հեշտ չէ մախաթը պարկում պահել, որոշեցին մեղքը բարդել ադրբեջանական լրատվամիջոցների վրա` պնդելով, թե հատկապես նրանք են ստում ու ցանկանում փչացնել երկու բարեկամ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: «Նիկոպոլում ամեն ինչ, խաղաղ ու հանգիստ է, հուզումների վերաբերյալ այստեղ նույնիսկ ակնարկ չկա»,-հայտնեց հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքերի նման զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Խոսքն, իհարկե եղավ ու դեռ մի բան էլ ավելի` առանց Տ. Սարգսյանի ցանկությունները հաշվի առնելու: Եվ եթե, աստված մի արասցե, իրավիճակը կրկնություն ունենա կամ ձեռք բերի այլ դրսևորումներ, հետևանքները պիտի ծանրանան նաև նրանց խղճի վրա, ովքեր հանուն ինչ-ինչ նպատակների պատրաստ են քողարկել իրականությունը և սպիտակ դրոշակներ ծածանել ի հաշիվ ազգային արժանապատվության:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: