Tag Archives: համաձայնագիր

ՀԱՊԿ-ի կոսմետիկ փոխակերպումը

14 Սպտ

Երեկ, այն բանից հետո, երբ Ազգային ժողովում վավերացման ներկայացվեց անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում ստորագրված «ՀԱՊԿ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման միջպետական գիտարտադրական միավորումներ ստեղծելու ընդհանուր սկզբունքների մասին» և «ՀԱՊՀ անվտանգության հավաքական ուժերի ու միջոցների կազմավորման և գործունեության կարգի մասին» համաձայնագրերը, սա առիթ տվեց, որպեսզի ՀԱՊԿ-ի անհրաժեշտության, գործառույթների և անդամակցության խնդիրները վերստին դառնան ակտիվ քննարկման նյութ: Ներկայացված երկու փաստաթղթերի էությունը կայանում էր նրանում, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը հավակնում է մասնակից պետությունների ուժերի ու միջոցների հաշվին պայքար ծավալել զինված հարձակման, ագրեսայի և այլ մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, ինչպիսիք կարող են համարվել նաև միջազգային ահաբեկչությունը, հանցագործությունները, արտակարգ իրավիճակները և այլն: Սակայն այս բարի ցանկությունների ու մտադրությունների թվարկումը դեռևս փաստարկը չէր, որ կարող էր համոզիչ լինել թերահավատների համար: Քիչ չէ նրանց թիվը, ովքեր այսօր համոզված են, թե ՀԱՊԿ-ն օր-օրի հաստատում է իր «ռազմաքաղաքական անկարողությունը»։ Իսկ այդպես պնդելու համար օրինակների պակաս չի զգացվում: Հայաստանի համար դա նախ և առաջ նշանակում է ստանալ հստակ և աներկմիտ հավաստիացումներ, որ մեր երկիրը կարող է անհրաժեշտության դեպքում հույսը դնել վերջինիս օժանդակության վրա: Իսկ երեկ նախկին պահանջներին գումարվեց ևս մեկը: Բանը հասավ նրան, որ պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ եթե ՀԱՊԿ շրջանակներում պաշտպանական միությունը դատարկ ձևականություն չէ, ապա ՀԱՊԿ անդամ երկրները պետք է հայտարարեն Ադրբեջանի ու Թուրքիայի շրջափակման մասին: Նման պահանջը բխում էր այն դատողությունից, որ եթե կազմակերպության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է արտաքին ագրեսիայի և այլ մարտահրավերների դեմ համատեղ դիմակայության դրսևորում, ապա պետության արտաքին շրջափակումը նույնպես կարող է որակվել որպես ագրեսիա:
Սակայն ՀԱՊԿ արձագանքն ու օգնությունը վերջին շրջանում ստանում են նոր նրբերանգներ, ինչն իր հերթին կարող է այդ կառույցի անմիջական ներկայությունը դիտարկել ոչ այնքան ցանկալի: Եվ նրանք, ովքեր այսօր պահանջում են ռազմական դաշինքի արագ արձագանքը, հենց իրենք կարող են հայտնվել նույն արձագանքի հարվածի տակ: Խոսքն այն նոր մտայնության մասին է, համաձայն որի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը անդամ երկրներում կարող են օգտագործվել սահմանադրական կարգը պաշտպանելու համար: Գաղափարն առաջինը շրջանառու դարձրեց Բելառուսի նախագահը, նրան մերժեցին, բայց կարծես թե այն հրապուրիչ թվաց, և այժմ դիտարկվում է նույնը շատ ավելի մեղմ, ոչ այնքան թափանցիկ շղարշի ներքո ներկայացնելու հարցը: Ճիշտ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շտապեց հրապարակավ հայտարարել, թե «ՀԱՊԿ-ն իր վրա չի վերցնի ժանդարմի գործառույթներ» և որ կտրականապես դեմ են դրան, միայն թե նույն պահին էլ հավելեց, որ, այո, ակնկալվում են որոշ վերաձևումներ, սակայն դրանք «կրելու են ոչ թե խորքային, այլ կոսմետիկ բնույթ, իսկ անդամ որևէ երկրի ներսում անկարգությունների պարագայում ընդունող երկրի համաձայնությամբ կուղարկվեն ոչ թե արագ արձագանքման, այլ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր` դիմակայությունը թուլացնելու ու կայունություն հաստատելու նպատակով»:
Հասկանալի է, որ սա խնդրի էությունը չի փոխում և միևնույն խաղն է՝ այլ դերակատարներով ու դեկորացիայով: Իբրև ասվածի լրացում օրերս շրջանառվեց ևս մի տեղեկություն, համաձայն որի այսուհետ ՀԱՊԿ-ն վերահսկելու է սոցիալական ցանցերը` արաբական հեղափոխությունների սցենարով իր ներսում անկարգությունների կրկնությունը կանխելու համար: Ըստ որոշ աղբյուրների, այդ նպատակով կկիրառվեն բջջային կապը, սոցիալական ցանցերը, հնարավոր է նաև` ոչ կառավարական կազմակերպությունները: Եվ դեռ այսքանից հետո էլ հնչում են հավաստիացումներն այն մասին, թե խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ:
Մի խոսքով, կառույցը հետզհետե ձեռք է բերում բոլորովին նոր գործառույթներ՝ այդպես էլ անհայտության մեջ թողնելով իր նախկին պարտավորությունների կատարման հաստատակամությունը: Իսկ եթե անկեղծ ասենք, ապա ՀԱՊԿ-ում շատ բաներ կան, որոնք տարակուսանք ու մտահոգություն են ծնում: Օրինակ, վերհիշենք կազմակերպության կանոնադրության առաջին հոդվածը, ուր ասվում է, որ մասնակից երկրները պարտավորվում են չմասնակցել «այլ մասնակից պետության դեմ ուղղված գործողություններին»: Սակայն արի ու տես, որ նույն ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին վաճառվում է մեծ քանակությամբ սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` հարձակողական բնույթի (ռազմական ինքնաթիռներ, տանկեր, հրետանային և հրթիռային համակարգեր): Վաճառողները հրաշալի հասկանում են, որ դա ուղղակի ռազմական սպառնալիք է Հայաստանի նկատմամբ և հակասում է նրանց իսկ պարտավորություններին: Բայց այդ բանի գիտակցումը որևէ կերպ չի կաշկանդում «առևտրականներին»:
Եվ ի՞նչ է ստացվում: Մի կողմից մենք դժգոհ ենք, մյուս կողմից ստիպված ենք ղարաբաղյան հակամարտության առկայության, Թուրքիայի վարած քաղաքականության պայմաններում ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի միջոցով հավասարակշռություն պահպանել: Ասվածին կարելի է հավելել նաև այն փաստը, որ Հայաստանն այսօր դեռ չի տեսնում մեկ այլ համակարգ, որը այլընտրանքային դիտվեր ու համեմատության մեջ դրվեր եղածի հետ: Նույնիսկ ըմբռնելով, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որպես պետություն, այդ թվում` Հայաստանի կողմից, հետևաբար, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում չէ, մենք վերստին շարունակում ենք հույսեր փայփայել, թե անհրաժեշտության պարագայում մեզ մենակ չեն թողնի, քանի որ Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտությունը հեշտությամբ կարող է դառնալ հայ-ադրբեջանական, իսկ սա դաշնակիցներին կհիշեցնի իրենց պարտավորությունների մասին:
Դեկտեմբերին կանցկացվի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակներում կառաջարկվի լիազորությունների ընդլայնման հաշվին հզորացնել կազմակերպությունը: Հայաստանը հաստատապես դեռ կշարունակի իր անդամակցությունն այդ շրջանակներում, քանի որ, ամեն բանից անկախ, ՀԱՊԿ-ն առայժմ հույսեր է ներշնչում, թե ինքը կայացող ու խոստումնալից ռազմաքաղաքական միավոր է: Բացի դա էլ կառույցում ընդգրկված են երկրներ, որոնք թեև հակասական շահեր ունեն, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան միավորել է, եթե նրանք հայտնվել են այդ տանիքի տակ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մոտեցված դիրքորոշում. ի՞նչ բան է դա

13 Հնս

Այն, որ հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային հանդիպում էին ունենալու Մոսկվայում, նախապես հայտնի էր: Եվ, ելնելով համանման այլ հանդիպումների արդյունքներից, այս անգամ էլ հանրությունն առանձնապես լուրջ սպասելիքներ չուներ նրանց քննարկումներից: Բոլորն այն կարծիքին էին, որ երեք նախարարներն ուղղակի հավաքվել էին` տեխնիկապես նախապատրաստելու իրենց նախագահների Կազանում կայանալիք հանդիպումը, հստակեցնելու աշխատանքային բնույթի դրվագներ: Եվ այս ամենից հետո տեղեկությունը, որ շաբաթ ուշ երեկոյան շտապ կարգով տարածեցին լրատվամիջոցները, իր բովանդակությամբ և անսպասելիությամբ չէր կարող առաջին իսկ պահից հակասական տրամադրություններ չհարուցել: ԶԼՄ-ները փոխանցում էին, որ Մոսկվայում կայացած քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները: Այնուհետև տեղեկացվում էր, որ հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք նախագահների մակարդակով հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ:
Հիմա նույնիսկ դժվար է վերհիշել, թե վերջին անգամ ե՞րբ ենք առիթ ունեցել լսելու նման բառակապակցություն`« հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները»: Սովորաբար եղել է ճիշտ դրա հակառակը` դիրքորոշումները տրամագծորեն տարբերվել են և անգամ ամենաչնչին ընդհանրությունները տեղիք են տվել այլատեսակ մեկնաբանությունների:
Ինչ-որ պահի նույնիսկ կասկածներ ծնվեցին այն մասին, որ գուցե թե լրագրողները խտացրել են գույները և ցանկալին ներկայացվել է իրականության տեղ: Սակայն այդ վարանումներն անմիջապես փարատվեցին, քանի որ շատ չանցած փաստը հաստատեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկու երկրները պնդում էին միևնույն բանը: Կնշանակի` իսկապես համաձայնություն ձեռք է բերվել: Բայց ինչի՞ շուրջ: Ահա մի հարց, որի պատասխանը ոչ ոք այս պահին չունի: Ընդհանուր բնույթի ձևակերպումները սոսկ թույլ են տալիս խոսել առաջընթացի մասին, միայն թե դրան հաջորդած լռությունը ստեղծում է այնպիսի մի անորոշություն, որից անհնար է կռահել` առաջընթաց դեպի ու՞ր:
Այստեղ թերևս հարկ է հիշել, որ Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հանդիպումից ժամեր առաջ ակնարկել էր այն մասին, թե քննարկումներն ունենալու են «փուլային, սահմանագծային բնութագիր»: Դրանից հետո նա ասել էր, որ ներկա պահին բանակցությունների սեղանի վրա են Հինարար սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում հետո հերթը կգա համաձայնագրի մշակմանը` խարսխված այդ փաստաթղթի դրույթների վրա: Ռուսական կողմը նաև չափազանց թափանցիկ կերպով զգուշացրել էր, որ այս գործընթացը հետաձգելը կամ հռետորաբանությամբ զբաղվելը կգնահատվի իբրև հակում դեպի անարդյունավետություն:
Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել վատ քողարկված սպառնալիքով հորդորները: Նույն բանը կրկնվեց նաև մայիսի 26-ին, Դովիլում: Այնտեղ էլ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հակամարտող կողմերին կոչ էին անում քաղաքական կամք դրսևորել, իսկ այնուհետև զգուշացնում էին, որ «հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»: Գուցե իսկապե՞ս այս անգամ Հայաստանն ու Ադրբեջանը լուրջ վերաբերվեցին հզորների նախազգուշացմանը: Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե հարկ համարեց սա ընկալել ի գիտություն: Նրա վերջին ելույթը էականորեն տարբերվում էր նախորդներից: Բացի այն, որ Ալիևը գտնում էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, նա նաև խոստովանում էր, որ անձամբ իր համար «համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը շատ լուրջ ազդակ էր»: Նախկինում նա երբեք նման բան չէր ասել, թեև այդ նույն ղեկավարները ճիշտ նույն բովանդակությամբ այլ հայտարարություններ ևս արել էին:
Ասվածին պետք է հավելել նաև այն, որ Ադրբեջանի կարծիքով այժմ խնդրին առնչվող մի շարք դրույթներ ամբողջովին բխում են Ադրբեջանի շահերից։ Դրանցից կարևորագույնը Բաքուն գնահատում է այն, որ միջնորդներն անընդունելի են համարում ներկայիս ստատուս քվոն: Եվ հենց սա է, որ իրավունք է տվել Ալիևին մի հերթական անգամ վերջնագիր ներկայացնել Երևանին ու շահագրգիռ երկրներին. «Իմ համոզմամբ, այս փուլում քննարկվող տարբերակը խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունն է, որը մենք պետք է օգտագործենք»։
Վերջին է սա, թե՞ հերթականը, պարզ կդառնա մի քանի օրից` Թաթարստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը: Գուցե և կատարվի հրաշքը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հավանություն տան Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Հատկանշականն այն է, որ հայկական կողմը նույնպես բավարար չափով ոգևորված է այս հեռանկարով, և դա առավել ակնհայտ դարձավ օրերս նախագահ Ս. Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հանդիպման ժամանակ: Միայն թե այս համընդհանուր լավատեսության ֆոնի վրա, որտեղ բոլորը հաղթողներ և շահողներ են, որտեղ դիրքորոշումները մոտեցված են ու հարաձայնությունները` հարթված, ակամա հարց է ծագում` իսկ ո՞վ է լինելու պարտվողը…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: