Tag Archives: համակարգ

ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՆՉԵՎ ՊԱՅԹՅՈՒՆԸ

24 Մրտ

Ադրբեջանի սպառնալիքը` հարվածել դեպի Ղարաբաղ թռչող ինքնաթիռներին, Բաքվի մեծաքանակ հոխորտանքների շարքում հերթական շանտաժն էր: Եվ նույնիսկ զարմանալի էր, որ այս մի դեպքում աշխարհն արձագանքեց: Սովորաբար լռությունն այնպիսին է լինում, ասել տարօրինակ ու դատապարտելի ոչինչ էլ չի կատարվում, և եթե հայկական կողմն այդ մասին ահազանգում է, ապա նրա պահվածն այլ բան չէ, քան անհիմն աղմկարարության դրսևորում: Սակայն արի ու տես, որ ներկա միջադեպն ընկալվեց` ինչպես որ հարկն էր: Առանց հավելյալ սեթևեթանքների արձանագրվեց, որ ադրբեջանցիները տվյալ իրավիճակում խոստանում են բառի բուն իմաստով ահաբեկչություն իրականացնել պետական մակարդակով և միակ նախընտրելի ճանապարհը դա են համարում` խոչընդոտելու համար Ստեփանակերտի օդանավակայանի վերջնական շահագործմանը:
Հետագա օրերին Հայաստանի համար ամենամեծ անակնկալը պիտի լիներ այն, որ կատարվածի մասին առաջին կարծիքը հնչեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ոչ անհայտ Մեթյու Բրայզայի շուրթերից: Վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, որն ինքնին սպառնալիք չի ներկայացնում, ընդունելի չէ ու հակասում է նախագահների` խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորություններին:
«Մենք կողմերին կոչ ենք անում համատեղ աշխատել`լուծելու համար թռիչքների առևտրային անվտանգության հարցերը մինչ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի բացումը », -նշեց դեսպանը:
Դրանից հետո իր գործընկերոջն անմիջապես լրացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչը: Հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այս կարգի սպառնալիքները բացարձակ անընդունելի են: «Դա չի բխում այն սկզբունքներից, որոնց Ադրբեջանը հետամուտ պետք է լիներ բանակցային գործընթացում»,- հայտարարեց նա` ավելացնելով, որ հակամարտության կարգավորման կոնտեքստում ուժի չկիրառման սկզբունքն ամենակարևորն է:
Այս երկու հայտարարությունները քաղաքագետների կողմից որակվեցին որպես վկայությունն այն բանի, որ Միացյալ Նահանգները վերստին ակտիվացնում է իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում: Այնքան էլ չընդունելով նման դիտարկման իրավացիությունը, մենք դրա հետ մեկտեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նշված հարցի շուրջ ամերիկացի երկու դիվանագետների խոսքերը ընդգրկված են գերազանցապես ԼՂՀ խնդրի կարգավորման համատեքստում, այսինքն երևույթը չի գնահատված իբրև ընդհանրապես ահաբեկչության սպառնալիք, այլ սոսկ դիտարկվել է որպես տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղված մարտահրավեր:
Հաջորդ «մեղադրականը» լսելի դարձավ Եվրոպայից: «Ռազմատենչ հայտարարությունները քաղավիացիայի վերաբերյալ պարզապես անհիմն են, քանի որ բոլոր հարցերն այդ ոլորտում լուծվում են միջազգային փաստաթղթերի հիման վրա»,- հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը`հղում կատարելով ոչ թե մարդկային բանականությանն ու տրամաբանությանը, այլ փաստաթղթերին ու պայմանագրերին, որոնց մեծ մասն ինչպես կնքվում, այդպես էլ պարբերաբար խախտվում են` կախված հանգամանքներից կամ տվյալ երկրի շահերից: Եվ ամենևին էլ անտեղի չէր, որ նույն օրերին European Circle հանդեսում «Որտե՞ղ է Եվրոպան» խորագրի տակ տպագրվեց «Թռիչքներ արգելող գոտի Կովկասո՞ւմ» վերնագրով հեգնական կարծիքը: Դրա հեղինակը` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ պրոֆ. Էկարտ Դ. Շտրատենշուլթեն գրում էր, որ Ադրբեջանի սպառնալիքները սանձահարելու հարցում Եվրոպական Միության դերն առանձնահատուկ պահանջված է, քանի որ հակամարտության կողմերը կապված են Արևելյան գործընկերության ու Սևծովյան համագործակցության միջոցով: «Լավ կլինի, որ նախքան պայթյունը տիկին Էշթոնն արթնանա»,- իր հոդվածն այս բառերով էր եզրափակել պրոֆեսորը:
Իսկ մինչ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը արթնության նշաններ ցույց կտա, ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը պատրաստվում է այս հարցը բարձրացնել ICAO-ի առաջ` ակնկալելով համապատասխան վերաբերմունք Ադրբեջանի հայտարարության նկատմամբ: Հետաքրքրական էին նաև ռազմական փորձագետների կարծիքները, որոնց համոզմամբ ներկայումս Ադրբեջանի ռազմատեխնիկական միջոցները բավարար չեն իրենց խոսում-հայտարարություններն իրականացնելու համար։ Բանն այն է, որ Երևանից Ստեփանակերտ թռիչք կատարող օդանավը խոցելու համար դաշտային պայմաններից ամենամոտիկ ցամաքային սահմանը Աղդամի մերձակայքում տարածված հարթավայրն է, որտեղ հակառակորդը պետք է տեղակայի զենիթահրթիռային C 125 կամ C 200 համակարգեր: Բայց նույնիսկ հնարավոր է, որ C 125-ի հեռահարությունը չբավականացնի խոցելու օդանավը, քանի որ այն նախատեսված չէ ցածրաթռիչք նշանակետերը նման հեռավորության վրա հարվածելու համար: Մի խոսքով, Բաքուն սեփական ժողովրդին հավաստիացումներ է բաժանում` առանց դրանց գործնական կիրառության շանսերն ունենալու:
Միանգամայն այլ թեմա են այդ կարգի գործողությանը հաջորդող հետևանքները: Միջազգային պրակտիկայում բացի ահաբեկչությունից, գրեթե չկան դեպքեր, որ որևէ պետություն դիտավորյալ կերպով քաղաքացիական չվերթի օդանավ կործանի: Նույնիսկ արձանագրված պատահական դեպքերն են ժամանակին շատ լուրջ միջպետական ճգնաժամերի առիթ դարձել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե նրանք որոշեն այնուամենայնիվ իրագործել իրենց արկածախնդրությունը, ապա դա պարզապես կվերածվի ռազմական խոշորածավալ բախման: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հստակ հայտարարություն է արել. «Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով»:
Ավելորդ չէ հիշել նաև այն մասին, որ մինչ օրս Երևանից Արցախ իրականացվել ու իրականացվում են տարատեսակ թռիչքներ, սակայն ոչ մի անգամ անհրաժեշտություն չի ծագել ոչ թույլտվություն հարցնել Բաքվից, ոչ էլ առանձնապես անհանգստանալ այդ թռիչքների անվտանգությամբ: Այնպես որ Ադրբեջանի ներկա սպառնալիքները և ուշացած են, և չկշռադատված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: