Tag Archives: համադաշնություն

Մեկը երկուսի համար, երկուսը` մեկի

30 Դկտ

Երբ օրերս Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հերթական անգամ հիշեցրեց իր վաղեմի ցանկության մասին` ստեղծել Կովկասի երկրների համադաշնություն, նրա այդ հայտարարությունը շատ ավելի մեծ տարակուսանք հարուցեց, քան այն ժամանակ, երբ գաղափարը հնչում էր առաջին անգամ: Դեռևս այս տարվա հուլիսին Սահակաշվիլիի շրջանառության մեջ նետեց այն միտքը, թե Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կարող են համախմբվել մի ընդհանուր տանիքի տակ: Նրա կարծիքով` Հարավային Կովկասի երկրները պետք է Կովկասի խնդիրը այնպես լուծեն, որպեսզի այն լինի միասնական տարածաշրջան, որտեղ ժողովուրդները հարգեն միմյանց, չլինի բռնություն: Դրանից շատ չանցած Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց նախագահի միտքը` պատճառաբանելով, թե իբր նրան սխալ ենմ հասկացել, և խոսքն ընդամենը եղել է այն մասին, որ Հարավային Կովկասի երկրները չունեն առանձին ճանապարհ, և բոլոր հարցերը տարածաշրջանում պետք է լուծվեն միասնաբար:
Բայց Սահակաշվիլին իր նախարարին լուրջ մտահոգվելու առիթ տվեց, երբ հոկտեմբերին դարձյալ հիշեցրեց համադաշնության ծրագրի մասին, իսկ բոլորովին վերջերս այդ գաղափարի երրորդ հիշատակումն այլևս կասկած չի հարուցում, որ Վրաստանն ինչ-որ բան ցանկանում է նախաձեռնել, միայն թե իրական մտադրությունների ու պատկերացումների շրջանակն առայժմ փոքր ինչ անորոշ է:
Այս առումով առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Սահակաշվիլու վերջին ակնարկի մեջ Հայաստանն այլևս տեղ չունի, և խոսքը բացառապես գնում է Վրաստան-Ադրբեջան միասնության մասին: Վրացի նախագահի համար միայն այդ զույգի հարաբերություններն են, որ կարող են համարվել հրաշալի օրինակ և կարող են ապագա ունենալ:
Սա, ինչ խոսք, պետք էր սպասել, առավել ևս, որ Հայաստանն առանձնապես հիացած չէր նոր գաղափարով և հազիվ թե որևէ կերպ խրախուսեր դրա իրագործմանը: Ինչ վերաբերում է մեր մյուս հարևաններին, ապա կոնֆեդերացիայի թեման այդ երկրներում ներկայումս ամենաաշխույժ կերպով արծարծվող հարցերից մեկն է դարձել: Վրաստանում ասում են, թե պատճառն այն է, որ մեկնարկը տրվել է պետության ղեկավարի կողմից, այսինքն դրան հարկ է լրջորեն վերաբերվել: Իսկ այդ ղեկավարն առայժմ միայն բավարարվել է ձևակերպումներով առ այն, որ «երբ մենք օգնում ենք միմյանց, երբ կողք-կողքի ենք կանգնում, շատ դժվար է մեզ պառակտել, շատ դժվար է ոչնչացնել առանձին-առանձին: Մյուս կողմից էլ, հենց սկսում ենք կռվել իրար հետ` դյուրին որս ենք դառնում մեծ խաղացողների համար»: Եվ իհարկե, սրան հակառակ «կոնֆեդերացիան առավել կայուն կդարձնի իրադրությունը Վրաստանում ու Ադրբեջանում: Դա կնպաստի կայունության հաստատմանը ողջ Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում»:
Գեղեցիկ ապագայի հեռանկարներ գծելն, ինչ խոսք, ավելի դյուրն է, քան դրանք կյանքի կոչելը: Եթե միայն հարցն առնչվեր տնտեսական ոլորտում համագործակցության խորացմանը, դա դեռ կարելի էր ընդունելի համարել: Բայց երբ շրջանակն ընդլայնվում է մինչև հարաբերությունների բացառիկության աստիճան, այդ ժամանակ կարիք է զգացվում հարցնելու. «Սա լու՞րջ է, թե՞…»:
Թե-ի մասին` առանձին: Մինչ այդ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն Թբիլիսիում հայտարարում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մեկ այլ ձևաչափի կազմավորումն այս փուլում իրավական դաշտում է: Իսկ այդ ընթացքում գաղափարի երդվյալ հակառակորդները պարզապես պնդում են, որ ներկայումս Կովկասում ստեղծված քաղաքական իրավիճակի պայմաններում համադաշնություն ստեղծել հնարավոր չէ, իսկ դրա շուրջ արվող հայտարարություններն ավելի շատ տեղեկատվական, փիար նպատակով են հրապարակ նետվում, քան իրական հիմքեր ունեն: Գաղափարի կնքահայր Սահակաշվիլին այդ գնով նպատակն ունի դուրս բերել Վրաստանը տարածաշրջանային կամ միջազգային մեկուսացումից, սակայն ամենալավը հենց նա գիտի, որ համադաշնության ստեղծման հեռանկարներ չկան և չեն կարող լինել:
Այն, որ նախաձեռնությունը քաղաքական մետաֆորա է, շատերն են համոզված: Նույնիսկ նրանք, ովքեր ամեն առիթով պնդում են, թե միավորման ձևաչափեր ստեղծել արժե, քանի որ ցանկացած միավորում օգտակար է, նրանք ևս հակված են փոքր-ինչ հարթեցնել այդ հարցի սուր անկյունները` նշելով, որ ասվածը կարելի է համարել Վրաստանի նախագահի` որոշ չափով էմոցիոնալ ոճի արդյունք ու ոչ ավելին:
Բայց արի ու տես, որ ավելորդ էմոցիան տխուր արձագանքների է հանգեցնում: Այս օրերին Մոսկվան ուղղակի սպանիչ ծաղրի է ենթարկում Վրաստան-Ադրբեջան դաշնություն ստեղծելու վրացական ծրագիրը: Իրենց հեգնանքի հետ մեկտեղ ռուսները իբրև թե զարմացած ասում են. «Մենք չենք պատկերացնում` ի՞նչ տեսք կունենա այդ դաշնության դրոշը` քրիստոնեական խաչի և մահմեդական կիսալուսնի համադրությա՞մբ…»:
Չեղած դաշնության դրոշները ծածանելուց առաջ Բաքվում ու Թբիլիսիում ստիպված կլինեն խոստովանել, որ բոլոր դեպքերում իրենց աննյութեղեն ձեռնարկը հստակ հակառուսական և հակահայկական երանգներ ունի: Իսկ դա անհետևանք չի մնա: Նույնիսկ եթե ըմբռնումով ընդունենք փաստը, որ Վրաստանը մեր տարածաշրջանում փորձում է գոնե մի դաշնակից գտնել Ռուսաստանի դեմ, ապա չենք կարող չնկատել նաև, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ադրբեջանի զգուշավորությունը թույլ չի տա նրան գնալ այդպիսի արկածախնդրության: Այդ դերակատարը չի կարող լինել նաև Թուրքիան: Հայաստանի մասին խոսելն իսկ ավելորդ է: Ուրեմն ի՞նչ իմաստ կա շրջանառել մի գաղափար, որն, ի դեպ, այնքան էլ վրացական արմատներ չունի: Այսօր դեռ շատերն են հիշում Թուրքիայի` «Կովկասյան նոր տուն» կառուցելու նկրտումները: Բայց Անկարայում շատ արագ հասկացան, որ դա բոլորովին էլ իրատեսական չէ ու հրաժարվեցին իրենց ցանկությունից: Թբիլիսիին այլ բան չի մնում, քան հետևել թուրքերի օրինակին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: