Tag Archives: հաղթանակ

ՎԻԿՏՈՐ ՏՈՉԻՆՈՎ

10 Ապր

Ուժեղները միշտ հաղթում են թույլերին: Եթե թվում է, թե հաղթում է թույլը, ապա դա ընդամենը թվում է, որովհետև ուժեղը նա չէ, ով մյուսներից ուժեղ է թվում, և ոչ էլ նա, ով իրեն մյուսներից ուժեղ է համարում: Ուժեղը նա է, ով հաղթում է: Ուժը միայն մի չափանիշ ունի` հաղթանակը:

Сильные-и-слабые-стороны-человека

1992-ի մայիսյան մի օր

8 Մյս

Նախորդ օրը երեկոյան Արարատի գործկոմի նախագահի աշխատասենյակում էինք: Վազգենը զանգեց: Ասաց, որ Նախիջևանի սահմանի ուղղությամբ ուշադիր լինեն, ուժեղացնեն հսկողությունը:
Հաջորդ օրը առավոտյան իմացանք, որ Շուշին ազատագրվել է: Մարդիկ փողոց էին թափվել: Ով դաշտում էր՝ լուրն առել, գործը թողել ու շտապել էր գյուղ: Հետո հավաքվեցին գյուղի կենտրոնում: Ինչ-որ մեկը ոչխար բերեց: Մորթեցին զոհաբերելու նման: Գյուղամիջում վառած օջախի վրա միսը եփեցին ու մատաղի պես բաժանեցին տնետուն: Հաղթանակի համ ուներ:

Հ. Չարխչյան7

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

9 Մյս

Չեն լինում տոներ, որոնք ինչ-որ մեկինն են: Տոնը բոլորինն է: Չեն լինում հաղթանակներ, որոնք պատկանում են առանձին մարդկանց: Հաղթանակը բոլորի վաստակն է: Սակայն լինում են անհատներ, որոնց համար օրն ու հաղթանակը դառնում է նրանց ճակատագիրը: Պատերազմը Վազգեն Սարգայանի ճակատագիրն էր: Բայց ոչ նրա կյանքը: Կյանքը խաղաղությունն էր: Կյանքը հաշտությունն ու ներդաշնակությունն էր աշխարհի հետ: Կյանքը ամենքի պես ու ամենքի հետ ապրելու ցանկությունն էր:
Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Սարգսյանի երեք բացառիկ լուսանկարներ՝ արված տարբեր տարիներին: Եթե նույնիսկ սրանք ակնթարթներ են մեծ ժամանակի մեջ, ապա այդ ակնթարթները մեզ կհուշեն պարզագույն մի ճշմարտություն՝ պետք է իմանալ նախ մարդուն, ապա նոր հերոսին:

Հ. Չարխչյան


ՀԵՆՐԻ ԲԻՉԵՐ

21 Հնվ

Դժբախտության մեջ ընկած մարդուն բարի խոսքով սատարելը հաճախ նույնքան կարևոր է, որքան երկաթգծի վրա սլաքը ժամանակին փոխելը, երբ ընդամենը մի մատնաչափ է բաժանում աղետը կյանքի համաչափ ու անվտանգ ընթացքից: Գոռոզը հազվադեպ է երախտապարտ մարդ լինում. նա միշտ համոզված է, որ ստանում է ավելի քիչ, քան արժանի է: Համառության և կամակորության միջև տարբերությունը նրանում է, որ առաջինի համար աղբյուր է ծառայում ուժեղ ցանկությունը, իսկ երկրորդի համար, ընդհակառակն, ցանկության լիակատար բացակայությունը: Մարդու բոլոր վեհ մղումները, գաղափարները, մտահղացումները գրոշ չարժեն, եթե դրանք չեն զորացնում նրան` առօրյա կյանքում պարտականությունը լավագույն ձևով կատարելու համար:
Չի կարելի խելացի համարել այն մարդուն, ով չի կարողանում մոլեգնել, երբ դա հարկավոր է: Հեշտությամբ ձեռք բերված հաղթանակները շատ բան չարժեն: Դրանցից միայն այն հաղթանակներով կարելի է հպարտանալ, որոնք արդյունք են համառ պայքարի: Չկա նրանից ավելի ուժեղ հաղթող, ով հաղթում է ինքն իրեն:

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

27 Նյմ

Լույսի զինվորի գիրքը

Լույսի զինվորը նա է, ով ընդունակ է հասնելու կյանքի հրաշքին և մինչև վերջ պայքարելու այն ամենի համար, ինչին հավատում է: Եվ չնայած ոչ ոք ինքն իրեն լույսի զինվոր չի համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք կարող է լույսի զինվոր դառնալ:
1
Լույսի զինվորը չի մոռանում բարիքը:
Կռվում նրան օգնում են հրեշտակները. երկնային ուժերը ամեն ինչ այնպես են դասավորում, որ հնարավորություն են տալիս նրան լավագույնս դրսևորելու իրեն: «Ո՛նց է բախտը բերում»,- ասում են ընկերները:
Իսկ լույսի զինվորին հաճախ է հաջողվում այն, ինչ վեր է մարդկային ուժերից: Դրա համար էլ ամեն արևածագի նա ծնկի է գալիս ու գոհացում հայտնում իրեն պահպանող բարեգութ հովանավորության համար:
Սակայն լույսի զինվորի երախտագիտությունը միայն հոգևոր ոլորտով չի սահմանափակվում. նա երբեք չի մոռանում ընկերներին, որովհետև իրենք միասին են արյուն թափել մարտի դաշտում:
Կարիք չկա լույսի զինվորին հիշեցնելու ուրիշների ցուցաբերած օգնության մասին: Նա ինքը միշտ հիշում է դա և բոլոր պարգևները կիսում նրանց հետ:

2
Աշխարհի բոլոր ճանապարհները տանում են դեպի լույսի զինվորի սիրտը. նա առանց երկմտելու նետվում է հորձանուտը կրքերի, որոնցով մշտապես լի է նրա կյանքը:
Զինվորը գիտե, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ, նա խիզախորեն է որոշում կայացնում` առանց ետ նայելու, իսկ հաճախ նաև` գլուխը կորցրած:
Նա սիրում է իր կրքերը և քաղում դրանց պրուղները: Նա գիտե` պետք չէ հրաժարվել հաղթանակների նվիրած բերկրանքից: Հաղթանակները կյանքի մի մասն են, և ուրախացնում են նրանց հոգիները, ովքեր հասել են դրանց:
Բայց երբեք զինվորը տեսադաշտից չի կորցնում այն, ինչ ստեղծվում է դարերի համար, հիշում է, թե որքան ամուր են այդ կապերը, և ժամանակն ինչքան անզոր է դրանց դեմ:
Լույսի զինվորը կարողանում է զանազանել անցողիկը հաստատունից:

3
Լույսի զինվորը հույսը դնում է ոչ միայն սեփական ուժերի վրա, այլև օգտագործում է իր հակառակորդի էներգիան:
Նա մարտի է նետվում` զինված միայն արվեստով խանդավառության և հարվածելու ու հակահարված տալու. մարտի հնարքներ, որոնք նա երկար սովորել է: Սակայն հետո գիտակցում է, որ ո՛չ խանդավառությունը, ո՛չ էլ հմտությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար. անհրաժեշտ է նաև փորձառություն:
Եվ այդ ժամանակ նա բացում է իր սիրտը տիեզերքի առաջ ու խնդրում, որ Աստված խելք տա ու ոգևորի իրեն՝ հակառակորդի յուրաքանչյուր հարվածից «պաշտպանություն» գիտության դասեր քաղելու: «Նա լի է նախապաշարումներով,- ասում են ուղեկիցները: -Դադարեցնում է մարտը և աղոթում: Իսկ հակառակորդին հենց դա էլ հարկավոր է»:
Լույսի զինվորը բանի տեղ չի դնում ծաղրական խոսքերին, քանզի գիտե, որ ամեն մի ուսումնառություն, առանց խանդավառության ու փորձի, իզուր կորած է:

4
Լույսի զինվորը երբեք չի գնում խարդավանքների, բայց կարողանում է շեղել հակառակորդին և մոլորության մեջ գցել:
Որքան էլ նրա հոգին տոչորում է հաղթական նպատակին հասնելու անհագ ծարավը, միևնույն է, նա չի խուսափում խաղեր տալուց և այսպես ռազմավար է դառնում:
Զգալով, որ ուժերը տեղի են տալիս՝ նա ստիպում է հակառակորդին մտածել, թե ինքը չի շտապում, պատրաստվելով հարձակվել աջ թևի վրա, նա իր զորքերը տեղափոխում է ձախակողմ:
Պատրաստվելով անհապաղ սկսել ճակատամարտը` ձևացնում է, թե իրեն պատել է նինջը և իբր ուր որ է՝ քնելու է:
‹‹Տեսե՛ք` ոնց է ընկել նրա մարտական ոգին››,- ասում են ընկերները: Այնինչ լույսի զինվորը բանի տեղ չի դնում այդ դիտողությունները, քանզի բարեկամներին անգամ անհասանելի են այն խորամանկություններն ու հնարքները, որոնք նա կիրառում է ռազմադաշտում:
Լույսի զինվորը գիտե, թե ինչ է ուզում: Եվ իր ծրագրերը բացատրելու կարիքը չունի:

5
Ահա թե ինչ է ասում լույսի զինվորի ռազմավարության մասին չինացի իմաստունը:
‹‹Քո թշնամուն հարկադրի՛ր հավատալ, որ նա քիչ բանի կհասնի` քեզ վրա հարձակվելով, և դրանով դու կթուլացնես նրա մարտական եռանդը:
Եթե հասկացել ես, որ հակառակորդը գերազանցում է քեզ, մի՛ ամաչիր ռազմի դաշտը նրան զիջելուց, քանզի կարևոր է ոչ թե մի ճակատամարտի արդյունքը, այլ պատերազմի վերջնական ելքը:
Եթե քո ուժերը բավարար են, մի կո՛ղմ նետիր կեղծ ամոթը և թու՛յլ ձևացիր: Դա կստիպի հակառակորդին կորցնել զգուշավորությունը և հաձակվել քեզ վրա` չսպասելով հարմար պահի:
Հակառակորդին հանկարծակիի բերելու ունակությունը հաղթանակի գրավականն է պատերազմում››:

6
‹‹Տարօրինակ է,- ինքն իրեն խորհում է լույսի զինվորը,- ինձ այնքան շատ մարդիկ են հանդիպել, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում են ներկայանալ իրենց ամենավատ կողմերով: Զինվորական ճնշման տակ նրանք թաքցնում են իրենց ներքին ուժը, մենակության վախը ծածկում են անկախության դիմակով: Նրանք չեն հավատում սեփական հնարավորություններին, բայց ամեն անկյունում ազդարարում են իրնց առաքինությունների և արժանիքների մասին››:
Զինվորը տեսնում է այդ հատկանիշը շատ կանանց ու տղամարդկանց մեջ, որոնց ճանաչել է: Բայց նա երբեք չի տրվում խաբեությանը, չի հավատում առաջին տպավորությանը, իսկ եթե ցանկանում են հետաքրքրել ու զարմացնել նրան, համառորեն լռություն է պահպանում: Սակայն անխտիր օգտվում է նա ցանկացած հարմար պահից, որ շտկի իր թերությունները, քանզի, ինչպես հայելու մեջ, ինքն իրեն տեսնում է ուրիշ մարդկանց մեջ:
Լույսի զինվորը միշտ բաց է` ամեն մի նոր բան սովորելու համար:

Թարգմ. Թամար Ղահրամանյան

%d bloggers like this: