Tag Archives: Հաղթական կամար

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

21 Փտր

ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՈՒՄ ԵՆ ԳԻՐՔ և ՈՉ ՄԻԱՅՆ…

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ` տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից: Այս տարի Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք:
Տոնի առթիվ զրուցել ենք ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Նրանք, իհարկե, մասնակցելով տոնին հնարավորություն չունեն անձամբ գիրք նվիրել ընթերցողին, այնուամենայնիվ, տարբեր սերունդների,մասնագիտության և խառնվածքի տեր անձինք կմասնակցեն տոնին` ընթերցողին պատմելով իրենց սիրելի գրքի մասին, որն անուղղակիորեն կնվիրեն հենց նրան:

Հովհաննես Չարխչյան-գրող, գրականագետ — «Հաղթական կամար», Էրիխ Մարիա Ռեմարկ
Գիրքը, սիրած ստեղծագործությունը նման է աղմկոտ խնջույքի. քեզ թվում է` ապրում ես ուրիշի կյանքով, հանկարծ բացահայտում ես, որ դա հենց քո կյանքն է:
Առաջին տպավորությունը գրքից ինտուիտիվ է, նրանից որոշակի տեսարաններ են տպավորվում, սակայն բացատրություն չի գտնում` ինչու այն սիրվեց: Որոշ ժամանակ է անցնում, իրադարձությունները հաջորդում են իրար, և դուք նորից վերադառնում եք գրքին` պատահական կամ` անհրաժեշտաբար:
Երեխա ժամանակ, ինչպես շատերը, հրապուրված էի պատմավեպերով, արկածային և դետեկտիվ գրականությամբ, արդեն պատանի հասակում կարդում էի գրքեր, որոնց մեծ մասի իմաստը չէի ըմբռնում, պարզապես չէի կարդում այն, ինչ իմ հասակակիցներն էին կարդում.կարծես ինքս ինձ ինչ-որ բան էի ուզում ապացուցել…
Որպեսզի ամեն կարդացած արդյունք տա, մի գիրքը պետք է մյուսի հաջորդականությունը դառնա, լրացնի մյուսին: Արդյունքում համապատասխան գույնը կտեղադրվի ներկապնակի ճիշտ տեղում:
Արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ կարդացել ինձ վրա ամենաշատը տպավորություն գործած Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը»: Գրողի վարպետությունն ապշեցրել է ինձ. կորստի ցավը ներկայացված է այնքա˜ն իրական, իսկ իրադրությունները` տրամաբանական լուծումներով:
Ստեղծագործության հերոսը կորցրել է ամեն ինչ` ընտանիք, հարազատներ, հայրենիք, ապագա չունեցողը գիտակցում է, որ չպիտի կորցնի ամենակարևորը` վաղվա օրը: Եվ, երբ թվում է` ելք չկա, հայտնվում է Ժուանը` կին, որը մարդկային իր տեսակն է`կնոջ կերպարանքով: Նրանք արդեն երկուսով են, ունեն փոքրիկ աշխարհ, որտեղ կարող են կառուցել վաղվա օրը, բայց պատրանքն անցնում է. աշխարհը մնում է անապագա: Եվ հենց այստեղ է, որ ընդգծվում է Ռեմարկի խորությունը. թվում է` գրողը պիտի ջանք չխնայեր` սիրո կորստի էքսցենտրիկ տեսարանները ներկայացնելու հարցում, այնինչ էջերն ընթերցվում են սպասվածից սառը. հերոսը պատրաստ էր ամենաթանկը կորցնելուն, ու դու հասկանում ես, որ դա է միակ տրամաբանական լուծումը:

Աննա Բաբաջանյան

%d bloggers like this: