Tag Archives: հակառուսական

Վրաստանը, Ղարաբաղը և էլի որոշ բաներ

29 Հլս

Այն, որ վերջին շրջանում վրացիները տարբեր մակարդակներում սկսել են ավելի հաճախ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, ակնհայտ փաստ է: Նախկինում, քանի դեռ նրանց գլուխը խառն էր սեփական հոգսերով, այս հարցն առանձնապես մեծ նշանակություն չուներ Թբիլիսիի համար: Սակայն այժմ Վրաստանում ոչ միայն պարբերաբար քննարկման նյութ է դառնում Ղարաբաղի թեման, այլև վերջիններս սկսել են ամեն առիթով ընդգծել իրենց մասնակցության կամ վերաբերմունքի մասին: Ասվածի ամենավերջին դրսևորումը դարձավ Եվրոպական ինտեգրման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլ Չկոիձեի հարցազրույցը, որտեղ նա պնդում է, թե Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում կվտանգվեն Վրաստանի ազգային շահերը, ինչպես նաև ողջ Կովկասի կայունությունը:
Կովկասը հանգիստ թողնենք ու տեսնենք, թե այդ ինչպես պիտի վտանգվի վրացական շահը: Պարզվում է, որ փորձագետն այդ դեպքի համար ունի իրադարձությունների զարգացումների սեփական սցենարը, համաձայն որի պատերազմի բռնկումից կօգտվի Ռուսաստանը և, որպես Հայաստանի ամենամոտ դաշնակից, Հայաստանի պաշտպանության պատրվակով սեփական զինված ուժերն ու ռազմական զինամթերքներն անցկացնելու համար կօգտագործի Վրաստանի տարածքը, իսկ սա էլ իր հերթին Վրաստանում կհանգեցնի անկայունության ու զինված բախման: Ահա այսպես պարզ ու միանգամից: Ասենք, նման բան առաջին անգամը չէ, որ լսում ենք հարևան երկրից: Ցանկացած իրավիճակին հակառուսականության ակնոցով դիտարկող վրացիների համար օբյեկտիվ գնահատական տալն այլևս դարձել է ուժերից վեր զբաղմունք: Այսօրինակ մտքի թռիչքով է պայմանավորված նաև նույն փորձագետի այն դատողությունը, թե այդ սցենարի դեպքում չի նշանակի, որ Վրաստանի անմիջականորեն կներգրավվի հակամարտության մեջ, բայց «շատ հնարավոր է, որ Ռուսաստանի գործողությունները դուրս գան տվյալ խնդրի շրջանակներից ու որոշակի անկայունություն կամ ռազմական հակազդեցություն առաջացնեն Վրաստանում»:
Հայաստանին հարվածելու գնով Ռուսաստանի հետ հաշիվներ պարզելու մտասևեռմամբ համակված մեկ ուրիշ վրացի, այս անգամ ռազմական փորձագետ, Վրաստանի ցամաքայիան զորքերի շտաբի նախկին պետ Գեորգի Թավդգիրիձեն ադրբեջանցիներին հավաստիացրել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Բաքուն կարող է ակնկալել Թուրքիայի ու Վրաստանի աջացությունը: Իսկ այդ աջակցությունն էլ, հասկանալի է, ոչ մի կերպ ուղղված չի լինի հայերի դեմ, այլ ընդամենը լուծում կտա այն ռազմավարական խնդրին, որտեղ Ադրբեջանն ու Վրաստանը դաշնակիցներ են, այսինքն` կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: «Դա պահանջում է շատ նուրբ և քրտնատանջ աշխատանք տարածաշրջանի ու աշխարհի առաջատար երկրների հետ: Հակառակ դեպքում մենք անվերջ արյունոտ պատերազմ կստանանք Կովկասում»,- ասել է նախկին զինվորականը: Մեծ հաշվով վրացիների դիրքորոշումը հանգում է այն մտքին, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել, և իրենց թվում է, որ այսպիսով կարողանում են ցույց տալ, թե իրենք տարածաշրջանում էական խոսք ունեն ասելու, իսկ Ռուսաստանն էլ թող տեսնի, որ իր դիրքերը թուլացել են:
Չի կարելի ասել, թե այս մտայնությունը լայն տարածում ունի սոսկ հասարակության ներսում, իսկ պաշտոնական Թբիլիսին այլ տեսակետի պաշտպան է: Ահա մի պաշտոնյա` Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն խիստ նուրբ, դիվանագիտորեն հղկված բառապաշարով մեզ փորձում է դասեր տալ և բացատրել, թե` գիտե՞ք, սիրելի հայեր, յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի միջազգային մակարդակով ճանաչած սահմանները և բավարարվի նրանով, ինչ ունի: «Գուցե դա արդարացի չէ, սակայն ավելի լավ է պահպանել այն ինչ ունես, քան թե ուրիշից ձգտես խլել»:
Խլողն, իհարկե, մենք ենք: Ղարաբաղ ենք «խլել»: Խլողը նաև ռուսներն են: Վկան` Աբխազիան ու Հարավային Օսիան: Իսկ ահա Վրաստանն ու Ադրբեջանը դրա զոհերն են, և այս իմաստով նրանց հեռակա շահերը համընկնում են: Այնուհետև նախկին դեսպանը մեզ վստահեցնում է (նրանք բոլորն անխտիր ինչ-որ բան են վստահեցնում), որ Վրաստանը ոչ մի դեպքում չի խառնվի և ոչ մի բաղադրատոմս չի առաջարկի Ղարաբաղի հարցի լուծման համար: «Ես այս ամենը հայտարարում եմ Վրաստանի ղեկավարության և ժողովրդի անունից, քանի որ այն չի ցանկանում ոչ մեկի կողմը բռնել: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է գնահատեն Վրաստանի այս քայլը»,-իր խոսքը եզրափակում է Գաչեչիլաձեն:
Անշուշտ, կգնահատեն: Բայց մինչ գնահատելն ու երախտագիտություն հայտնելը նախ կփորձեն հասկանալ, որ եթե Վրաստանի դիրքորոշումը տրամաբանական է, քանի որ նա քիչ թե շատ նորմալ հարաբերությունների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, իսկ սրա հետ մեկտեղ Վրաստանում առկա են հայկական ու ադրբեջանական համայնքներ, ապա դա որոշակի կաշկանդումներ կհաղորդի Թբիլիսիի արտաքին քաղաքականությանը: Մյուս կողմից էլ` անպայման կնկատեն, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման դեպքում շահող կողմը լինելու է հենց Վրաստանը, որովհետև երբ երկուսը կռվում են, միշտ էլ շահում երրորդը: Եվ այժմ նա հոգու խորքում իսկապես կցանկանար մի մեծ իրարանցում, որպեսզի դրա պղտոր ջրերում որսար իրեն ցանկալի ավարը:
Հավանաբար ճիշտ այդպես էր մտածում նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբիշվիլին, ով Արևմուտքին բացատրում էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ խնդիր է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցության և անվտանգության առումով: «Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ խնդրի կարգավորումն ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, այստեղ տեղակայված է ռուսական ռազմակայան, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն: Այսպիսով գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, որովհետև նման նյարդայնացնող խնդիրների առկայության պայմաններում ստիպված ես լինում մի կողմ թողնել այլ խնդիրների հաղթահարումը»,- իր խանգարված հոգեկան վիճակի բացատրությունն էր տալիս դեսպանը:
Ինչ զարմանալի տեղափոխություն: Պարզվում է, որ Կովկասի համար Աբխազիան ու Օսիան այլևս խնդիրներ չեն հարուցում, մնացել է միայն Ղարաբաղը: Ստացվում է, որ վրացիները մեկընդմիշտ հաշվել են այդ տարածքների կորստի հետ և փոխանակ իրենց վիշտը սգան, հիմա էլ մեզ են բացատրում, թե ինչպես կարելի է երկիր կորցնել: Ափսոս միայն, որ այս արկածախնդիր խաղի մեջ թաթախվող Վրաստանը հաշվի չի առնում նաև դեպքերի մի այնպիսի զարգացման հեռանկար, որի պարագայում իր համար արդյունքը էլ ավելի ծանր կլինի: Ախ, ինչքան ծանր կլինի…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: