Tag Archives: կրակոց

Կրակոցներ, զոհեր, խոստումներ…

23 Նյմ

Պատերազմն իր օրենքներն ունի: Այն խաղահրապարակ չէ, և ցանկացած ողբերգություն, միջադեպ, կորուստ, ուզենք թե չուզենք, ընկալում ենք իբրև դառն իրականություն: Դրա հետ մեկտեղ հրաշալի գիտակցում ենք, որ այդ պատերազմը դեռ ընթացքի մեջ է և այն ոչ մի վայրկյան չի դադարել: Սակայն ցավը բանականության հետ միշտ էլ անհաշտ է, և երբ վրա է հասնում պահը, գիտակցությունը դադարում է ընկալել արդարացումները…
Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Սիմոնյանը: Հաջորդ օրը առավոտյան սահմանի մեկ այլ տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղությամբ) կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վերքից զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Մարգարյանը: Երկու զոհ՝ երկու օրում, երկուսն էլ՝ առաջնային գծում: Իսկ հետո հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանն այն մասին, որ Արեն Սիմոնյանը հետամահու պարգևատրվել էր «Մարտական ծառայության» մեդալով: Կնշանակի՝ կատարվածը սոսկ դիպուկահարի կրակոց չէր: Ինչ-որ բան էր կատարվել սահմանի վրա, շատ ավելի ծավալուն մի բախում, քան սովորական դարձած հրաձգությունը կարող էր լինել: Սակայն ի՞նչ: Այս մասին ոչ ոք ոչինչ չի ասում: Մեկ օր անց որոշ լրատվամիջոցներ, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրները, գրեցին, թե ԼՂՀ սահմանի նշված դիրքերում մեր մարտիկներից բացի սպանվել են մի քանի ադրբեջանցիներ, ընդ որում, նրանցից մեկը սպա է։ Բայց այս անգամ էլ ադրբեջանական կողմն է համառ լռություն պահպանում:
Ողբերգական միջադեպերը քչերին կարող էին թողնել հավասարակշիռ վիճակում: Նման էմոցիոնալ-խոցված տրամադրության արգասիք էր ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից, և Բաքուն չի մտածում իր զինվորների անվտանգության մասին: Դրանից հետո բանակի ղեկավարությունը խոստանում էր «անհամաչափ պատասխան» տալ թշնամուն` սպառնալով Ադրբեջանի բնակչությանը: «Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- ասվում էր նույն տեքստում: Սա իր տեսակի մեջ աննախադեպ սպառնալիք էր՝ վաղօրոք տրվող խոստում մահեր սփռելու մասին, զինված ուժերի կողմից առաջիկայում պատժիչ գործողություններ ձեռնարկելու բաց հրաման: «Դա լինելու է մեր բնական, տրամաբանական և օրինաչափ արձագանքը: Եվ եթե դրա արդյունքում ադրբեջանական կողմում լինեն կորուստներ, դրա ամբողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է»,- եզրափակվում էր մեր մարտակոչը:
Այս տարվա ընթացքում հայկական զինուժի ձեռնարկած պատժիչ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմն արդեն ունեցել է 42 զոհ: Մեր կորուստները նույնպես քիչ չեն: Իսկ թվացյալ հրադադարի սպանդը դեռ շարունակվում է, և հայտնի չէ, թե դեռ քանի-քանի կյանքեր կզոհաբերվեն այդ բնագծերում:
Միջադեպերից երկու օր անց Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը «մշտապես հավատարիմ» է հրադադարի ռեժիմին, երբեք առաջինը այն չի խախտում: «Մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կրակում է մեր դիրքերին։ Թող չկրակեն, և այդ դեպքում մենք չենք պատասխանի։ Ինչ վերաբերում է հայ զինծառայողների զոհվելուն, ապա հայկական կողմը պետք է նախ իր բանակի ներսում հետաքննի դրանք և նոր դրանում մեղադրի մեզ»։
Երբ հնչում են կրակահերթերը, պատճառները քննարկելու ժամանակ այլևս չի մնում: Բայց և այնպես մենք էլ առիթ ունեցանք մտածելու որոշ բաների մասին և անպատասխան հարցեր հնչեցնելու: Օրինակ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) տարակուսած հարցրեց, թե ԴՕՍԱԱՖ-ում վարորդություն սովորած երիտասարդին ինչու՞ են դիրքեր տարել, եթե նա պետք է մեքենա վարեր: «Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա. պատասխան պետք է տան հրամանատարները: Շփման գծում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն այնտեղ չի աշխատում: Այս ամենի հանդեպ մեր հրամանատարությունը շատ անլուրջ վերաբերմունք ունի»,- իր զայրույթն արտահայտեց գեներալը:
Ոլորտին տեղյակ մեկ ուրիշը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ևս կիսում էր այդ մտահոգությունները. «Իրականում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի բանակի խոցելիության աստիճանն իջնի զրոյի: Այդ առումով մեծ անելիք ունեն մարտական ստորաբաժանումների հրամանատարները, Զինված ուժերի ղեկավարները»,- ասում էր նա: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ղեկավարած կառույցի մասին յուրաքանչյուր քննադատություն սրերով է դիմավորում և սպառնում է պատժել այդ մարդկանց: Այս անգամ նա ստիպված պիտի լինի իր պատժիչ գործողությունները սկսել Կոմանդոսից ու Աղաբեկյանից…
Բայց վերադառնանք սահմանին ու փորձենք հասկանալ, թե ի՞նչը կարող է լինել հակառակորդի ագրեսիվ պահվածքի դրդապատճառը, ինչու՞ հանկարծ կացությունը կրկին շիկացավ, երբ բավականին ժամանակ առաջին գծում հարաբերական հանդարտություն էր: Այս հարցերի համար ռազմական փորձագետներն ու դիտորդները մի քանի վարկածներ ունեն: Նրանցից ոմանք կարծում են, որ այդ կրակոցներով Ադրբեջանի բանակի բարձրագույն հրամանատարությունը ցանկանում է ինչ-որ կերպ հաստատել նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով նվաճել Արցախը: Այլ կերպ ասած, դիպուկահարների գործողություններով կամ դիվերսիոն-հետախուզական խմբերի մասնակցությամբ թշնամին փորձում է կշիռ հաղորդել ռազմական գործողությունները վերսկսելու իր սպառնալիքներին: Կան կարծիքներ նաև այն մասին, որ Ադրբեջանն ուղղակի փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, ընդ որում` ոչ միայն դիրքերում գտնվող զինվորների նկատմամբ: Բանն այն է, որ այս օրերին ընթանում է աշնանային զորակոչը, և պահը հարմար է տագնապ ու վախ սերմանելու համար, մի մեթոդ, որին նրանք լավ են տիրապետում:
Եղան տեսակետներ էլ, համաձայն որոնց պաշտոնական Երևանը պիտի հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններից` պայման դնելով, որ բանակցությունները կշարունակվեն այն ժամանակ, երբ Բաքուն շփման գծից ետ կքաշի դիպուկահարներին: «Հայկական դիվանագիտությունը պետք է հարցը դնի բավականին կոշտ, որովհետև նշված հարցադրումը միանգամայն իրավացի է»,- ասում էին նրանք: Միայն մի հարցում էին բոլորը համակարծիք՝ Հայաստանն այլընտրանք չունի և շփման գծում հակառակորդին պետք է խոցել ոչ պակաս, քան նույն զենքով, դրսևորվել այնպես, որպեսզի թշնամին հասկանա՝ բացի զինադադարի ռեժիմը պահպանելուց նա այլընտրանք չունի և պետք է հաշտվի այդ մտքի հետ:
Բանակը խոստացել է: Թշնամին գիտի այդ մասին: Հետևանքները կռահել ոչ ոք չի կարող…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հարվածին պետք է հարվածով պատասխանել

2 Մյս

Անցած շաբաթը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առանձնացավ հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճով: Սահմանի ամբողջ երկայնքով միջադեպեր արձանագրվեցին շուրջ 350 անգամ: Արձակվեց մոտ 3000 կրակոց: Լարվածությունն էլ ավելի ինտենսիվ դարձավ ապրիլի 27-ից հետո: Եվ մինչ կողմերը մեղադրանքներ էին փոխանակում իրավիճակն ապակայունացնելու համար, դիպուկահարների կրակոցներից սպանվեցին երեք հայ զինծառայողներ:
Ողբերգությունից անմիջապես հետո ԼՂՀ պաշտպանական բանակը հայտարարություն տարածեց` արձանագրելով, որ «պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին»: Սակայն բոլորն էլ արդեն հասկանում էին, որ պահն ամենևին էլ դեկլարատիվ բնույթի կոչերի ու մեկնաբանությունների կարիք չէր զգում: Անհրաժեշտ էր առավել ազդեցիկ պատասխան քայլ: Սակայն ի՞նչ: Եվ ո՞վ պիտի կրեր դրա հետևանքների պատասխանատվությունը:
Եթե պատերազմն իր օրենքներն ունի, ապա դա օրենքների բացակայությունն է: Այս առումով չէր սխալվում Հայաստանի արտգործնախարարությունը, որն իր հրապարակած հաղորդագրության մեջ նշում էր, թե «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարհել միջազգային տարբեր ատյաններից ու երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման և միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը»: Այո, Ադրբեջանն արհամարհում է և կարհամարհի դեռ շատ երկար, քանի որ վստահ է` մնալու է անպատիժ: Իսկ այսպիսի ինքնավստահությունը ծնող երկու պատճառներ կան: Առաջինը միջազգային հանրություն ասված անհասկանալի գոյացության կրավորական պահվածն է` խարսխված այն սխալ մտայնության վրա, թե կոշտ միջամտությունները կհանգեցնեն բարդացումների: Իսկ երկրորդ պատճառը երկակի ստանդարտների կիրառումն է, երբ պահանջների անհամաչափությունն իր հերթին ծնում է գործողությունների կարելիության սահմանների գերագնահատում: Ահա նման ամենաթողության պայմաններում էլ Ադրբեջանը անկաշկանդ կերպով օգտվում է թե մեկից, թե մյուսից:
Խիստ ընդգծված է ևս մի օրինաչափություն, ինչը թույլ է տալիս մտածել, որ Բաքուն սադրանքների հստակ համակարգ է մշակել: Այդ համակարգի մի բաղկացուցիչն է դարձել է այն, որ ամեն անգամ, երբ տարածաշրջան են ժամանում Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաներ ( այս դեպքում դա ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն էր, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շ. Ֆյուլեն), Ադրբեջանը թեժացնում է մթնոլորտը զանազան սադրանքներով: Այս կարգի մարտահրավերը հավակնում է թաղել այն բոլոր ծրագրերն ու պայմանավորվածությունները, որոնց մեջ ադրբեջանական շահը փոքր-ինչ ստվերված է, ջնջել գրված էջերը ու ստիպել սկսելու դատարկ էջից: Բայց այդ խաղը չի կարող անվերջ շարունակվել:
Վերջին իրադարձությունները Հայաստանի հասարակական ու քաղաքական դաշտում գործելաոճի վերանայման պահանջ են պարտադրում: Փոփոխության անհրաժեշտություն զգում են ամենքը, սակայն առաջարկված տարբերակների հարցում դեռևս չկա միասնականություն: Լեռնային Ղարաբաղում այն կարծիքին են, որ կատարվածը ոչ մարտական գործողությունների արդյունք է, ոչ ռազմական օպերացիա, այլ պարզապես ահաբեկչություն է: «Այդ պետությունը վաղուց դարձել է ահակեբչության բուն»,- համոզված են Ստեփանակերտում:
«Պետք է պատասխանել, պատասխանել նույն կերպ, այլ տարբերակ չկա։ Մի քանի ամիս առաջ նրանք կրակում էին, իսկ մենք լռում էինք, ինչպես գառնուկներ։ Պետք է հասկանալ, որ նրանք այսուհետ էլ կրակելու են, քանի դեռ պատասխան չեն ստացել»,- ասում է գեներալ-մայորը Արկադի Տեր-Թադևոսյանը: Հանրապետական կուսակցությունը ընդհանուր առմամբ կիսում է գեներալի կարծիքը և վստահ է, որ շփման գծում Ադրբեջանի գործողությունները ցանկացած դեպքում ստանալու են համարժեք պատասխան: «Ի՞նչ է, պատերազմ են ուզում: Նրանք 20 տարի առաջ ստացել են այդ պատերազմն ու դրա պտուղները: Ի՞նչ է, մոռացել են, թե ինչպես են իրենց լակոտները դուրս շպրտվել Արցախի հողից»,- այս օրերին հիշեցին ոմանք: Դաշնակցությունը նույնպես պատասխան հարված հասցնելու կողմնակիցն է: Իսկ ահա «Ժառանգությունը» կարծում է, որ Բաքվի սադրանքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում հայկական կողմը պետք է պատասխան տա, բայց ոչ ռազմական հարթությունում:
Ոչ ռազմական կոչված տարածություններում գործելու հնարավորություններ է տեսնում նաև «Բարգավաճ Հայաստանը»: Համաձայն այդ մոտեցման, առաջին հերթին Մինսկի խումբը պետք է մատնանշի ղարաբաղյան հարցի կարգավորումը ձախողող իրական մեղավորներին։ Իսկ եթե միջնորդների միջամտությունն անարդյունավետ լինի (ինչի հավանականությունը մեծ է), ապա այդ դեպքում Հայաստանը կարող է ձեռնարկել մի քանի քայլեր: Օրինակ, Երևանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեկ այլ մոտեցում է առաջարկն այն մասին, որ հայկական կողմը ընդունի միջազգային դատարանի իրավասությունը և հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ` ռազմական գործողություններ սանձազերծելու համար: Եվ վերջապես, Հայաստանը կարող է ժամանակավորապես հրաժարվել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցությունից:
Թե որքանով վերը թվարկված քայլերը կարող են արդյունավետություն խոստանալ, վիճարկելի հարց է: Հազիվ թե որևէ մեկը փորձի խստացնել Ադրբեջանի հանդեպ իր դիրքորոշումը և կամ պատժամիջոցներ կիրառել։ Ասվածի լավագույն ապացույցը կարող է համարվել այն, որ զինվորների սպանությունից այսքան օրեր հետո էլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ոչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ոչ մի կերպ չեն արձագանքել սահմանային արյունալի բախմանը: Եվ ուրեմն այս պահին դիվանագիտություն խաղալու ժամանակը չէ: Եկել է կոշտ միջոցներ ձեռնարկելու ժամանակը: Հարվածին հարվածով են պատասխան տալիս: Իսկ մտահոգությունն այն մասին, թե արդյո՞ք միջազգային հանրությունը վերջապես կգիտակցի, որ անտարբերությունը նման ողբերգությունների է հանգեցնում, թողնենք այդ հանրության խղճին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: