Tag Archives: Կռունկ

Վաղվա զորահանդեսի առիթով

20 Սպտ

Վաղը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կկայանա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Իսկ մինչ այդ զորահանդեսի գլխավոր փորձի դուրս եկած բանակայինները կուռ շարքերով անցնում էին Երևանի փողոցներով, երթևեկում էր ծանր զրահատեխնիկան, և մայթերին խմբված քաղաքացիները ծափահարում էին նրանց հիացմունքով ու հպարտությամբ: Իսկապես հաճելի և աչք շոյող տեսարան էր դա, անկեղծ վերաբերմունքի դրսևորում՝ առանց հավելյալ կողմնապահության: Բայց ցանկացած ռազմական շքերթ (իսկ սպասվելիքն՝ առավել ևս) միայն տոնական հանդիսություն չէ և ոչ էլ նույնիսկ զինված ուժերի հաշվետվությունը երկրի քաղաքացիներին, որտեղ կարելի է գնահատական տալ բանակի պատրաստվածությանը, նրա տեխնիկական ու հանդերձանքի հագեցվածությանը: Այն, որ այս շքերթը լուրջ քաղաքական ու մարտավարական նպատակներ է հետապնդում, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Երկար ու հետևողական նախապատրաստությունը դրա ակնհայտ վկայություններից մեկն էր: Ներկայացվող առիթը գործադրելով պատասխան քայլ կատարելու համար, Հայաստանը վաղը լուրջ քննություն է հանձնելու՝ իր հակառակորդներին հակադարձելով նույն ոճով, ինչպես նրանք էին ամիսներ առաջ բռունցք թափահարում մեր ուղղությամբ: Եվ այս տեսանկյունից զորահանդեսը մեծ հաշվով պիտի լինի առկա ուժի բացահայտ ցուցադրում, ինչը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ ինչպես զսպման մեխանիզմների գործադրման, այնպես էլ ուժային հարաբերակցության ճշտման առումով: Հրապարակում քայլերթ կատարող զորքն ու հռնդացող մեքենաները կդառնան այն հայելին, որի մեջ կարտացոլվի պետության լրջության աստիճանը, տնտեսական ներուժը, կարգապահությունը, գիտական մտքի պոտենցիալը և, ինչ խոսք, նաև հոգեբանական գործոնները:
Սակայն կա ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ ապացույցների անհրաժեշտությունը: Եվ վերջին շաբաթների ընթացքում հատկապես այս կետի վրա է բևեռված բոլորի ուշադրությունը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն զինատեսակներին, որոնք բանակի կարողությունների ծանրության կենտրոնը թեքում են նպաստավոր ուղղությամբ: Եվ այսօր հնչող ենթադրությունների, կռահումների ու ապացույցների ակտիվ առատությունը պայմանավորված է հենց դրանցով:
Ի՞նչ ունենք մեր զինանոցում: Ճիշտ է, դեռևս չի հրապարակվել, թե քանի միավոր զինտեխնիկա և մարտական հաշվարկներ են մասնակցելու շքերթին, բայց որոշ բաների մասին արդեն կարելի է խոսել: Մասնակիցները հրապարակում կտեսնեն հարձակողական ու պաշտպանողական բնույթի զինատեսակներ, կլինեն անակնկալներ հայրենական ռազմաարդյունաբերության արտադրանքից: Այս շարքում ուշադրության արժանի են առաջին անգամ ցուցադրվող հայկական անօդաչու թռչող սարքերը, որոնց տրվել է «Կռունկ» բարեհունչ անունը: Օդային հետախուզում իրականացնող այդ սարքերի նախագծման և արտադրության վրա տարիներ են ծախվել: «Կռունկը» պատկանում է միջին դասի անօդաչու ինքնաթիռների շարքին: Աշխարհում գոյություն ունեցող համանման սարքերի 60 տոկոսը հենց այդ դասից են: Այն փորձարկման է ենթարկվել դժվարին եղանակային պայմաններում և մասնագետների գնահատմամբ, սարքի էլեկտրոնային բաղադրիչներն աշխատում են անխափան: Իսկ հատկապես սահմանի վրա ադրբեջանական անօդաչու սարքի ջախջախումից հետո դրանց գոյությունն ու ցուցադրումը միանգամայն այլ իմաստ է ձեռք բերում:
Երևանցիներն արդեն փողոցներում տեսել են նաև ահռելի S-300 համակարգերը: Առավել տեղեկացվածներն ասում են, որ կլինեն հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի տարածքի ցանկացած նշանակետ: Իսկ ահա որոշ ռուսական լրատվամիջոցներ օրերս լուրեր հրապարակեցին այն մասին, թե սեպտեմբերի 21-ի հայկական շքերթի ժամանակ կցուցադրվեն ոչ միայն «Սքաթ» տեսակի միջին հեռահարության հրթիռներ, այլև S-400 նորագույն համակարգերը: Դժվար է ասել, թե սա որքանով է հավաստի, փոխարենը հայտնի է, որ քիչ չեն նաև այն զինատեսակները, որոնք չեն ցուցադրվելու: Նշենք նաև, որ օդուժի մասնակցությունը կառանձնան նրանով, որ մեր ինքնաթիռների բոլոր օդաչուները հայեր կլինեն՝ ի տարբերություն Ադրբեջանի զորահանդեսի, երբ նրանց ինքնաթիռները օդ բարձրացրին այլազգի վարձկաններ: Ինչ վերաբերում է թրթուրավոր տեխնիկային, ապա կազմակերպիչներն այս անգամ որոշել են դրանք հրապարակ բերվել անվավոր քարշակների վրա՝ քաղաքի կենտրոնական հատվածի սալահատակը չվնասելու նկատառումներով:
Հիշատակենք զորահանդեսի ևս մի քանի առանձնահատկություններ, որոնք ոչ միայն ուշադրության արժանի կլինեն, այլև արդեն իսկ առիթ են տվել զանազան հետևությունների ու տարակարծությունների: Հայտնի է, որ առաջիններից մեկը հրապարակ են մտնելու հոգևորականները, այսինքն՝ Զինված ուժերում ծառայող եկեղեցու սպասավորները: Թերևս այս «նորամուծությունը» նպատակ ունի ընդգծելու ուժի և ոգեղեն գործոնի միասնականության կարևորությունը: Սակայն փաստը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ: Ոմանք կարծում են, որ սքեմավորների ներկայությունը անհամատեղելի է ռազմական ներուժի հետ, և որևէ կերպ արդարացված չէ նրանց բացառիկ ընտրությունը, քանի որ նույն հաջողությամբ շքերթով կարող էին անցնել հասարակության այլ խավերի ու խմբերի ներկայացուցիչներ:
Մեծ անակնկալ դարձավ տեղեկությունն այն մասին, որ զորահանդեսի ժամանակ հայ զինվորականների հետ մեկտեղ Հանրապետության հրապարակով կքայլեն Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող ռուս սահմանապահները: Հասկանալի է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը առանձնակի վերաբերմունքի դաշտ են ձևավորել: Միայն թե նրանց միասնականության այս արտահատչաձևն ակամա մղում է երկիմաստ հետևությունների: Մի կողմից սա կարող է մեկնաբանվել որպես ապացույցն այն բանի, որ ռուսական կողմը կիսում է Հայաստանի պաշտպանության պատասխանատվությունը: Մյուս կողմից դա կարող է դիտվել իբրև արտաքին ռազմական ուժից երկրի կախյալ վիճակի վկայություն, ինչն առանձնապես հաճելի չէ: Չչարաշահելով այս թեման, հավելենք միայն, որ հայկական զորահանդեսը դիտելու համար վաղը հրապարակում կլինի նաև ամերիկյան Կանզասից Երևան ժամանած ամերիկացի գեներալ-ադյուտանտ Լի Տաֆանելին: Վերջինս անկասկած առանձնահատուկ հայացքով պիտի դիտի թե հայ-ռուսական միացյալ զորախմբերին, և թե հայկական այն ստորաբաժանումներին, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կազմում:
Այո, Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթն իսկապես ձեռք է բերել հատուկ նշանակություն: Ի դեպ, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում ևս կարող են ուղիղ եթերում դիտել մեր զորահանդեսը: Բանն այն է, որ «Միր» միջպետական հեռուստաընկերությունը ստանձնել է շքերթի հեռարձակումը: Իսկ դա նշանակում է, որ ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրներում, այնպես էլ Ադրբեջանում հայ բանակայինների և ռազմական տեխնիկայի երթը դիտելու հնարավորությունը կունենա յուրաքանչյուր ոք: Նրանց արձագանքների բովանդակությունը կարելի է վաղօրոք կռահել: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա ոչ վաղը և ոչ էլ հաջորդ օրերին չպիտի լքի այն բանի գիտակցումը, որ բանակի ուժն ու մարտունակությունը ցուցադրում են ոչ թե զորահանդեսներում, այլ սահմանին ու մարտադաշտում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: