Tag Archives: Կուրտ Վոննեգութ

ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ

21 Մյս

Երբ դուք հասնեք իմ տարիքին (եթե, իհարկե, հասնեք), և ժառանգներ ունենաք (եթե իհարկե ունենաք), դուք անշուշտ կհարցնեք ձեր արդեն ոչ այնքան երիտասարդ զավակներին` «Ի՞նչ է կյանքը»: Կյանքի իմաստի մասին այդ հարցը ես տվեցի որդուս, ով բժիշկ է: Եվ ահա դոկտոր Վոննեգութը պատասխանեց իր զառամախտով տառապող հորը. «Հայրիկ, մենք լույս աշխարհ ենք գալիս այն բանի համար, որպեսզի օգնենք միմյանց մի կերպ ապրել այս կյանքը, ինչ էլ որ ուզում է լինի նրա իմաստը»:

ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ

24 Հկտ

… Լավ, ավելի լավ է՝ երաժշտության մասին: Նրա հետ կյանքն ավելի հաճելի է: Ինձ կայտառացնում են նույնիսկ զինվորական նվագախմբերը, թեպետ ես պացիֆիստ եմ: Ինձ շատ են դուր գալիս Շտրաուսն ու Մոցարտը եւ այլ դասական երաժշտությունը, սակայն մարդկությանը հիրավի անգնահատելի ընծա են մատուցել աֆրոամերիկացիները, դեռեւս այն ժամանակներում, երբ նրանք ստրուկներ էին, եւ այնչափ անգնահատելի, որ այսօր այն մնում է համարյա թե միակ պատճառը, որի համար շատ ու շատ օտարերկրացիներ մեր մեջ դեռեւս ինչ-որ լավ բան են գտնում: Այդ ընծան, որ հատուկ նախատեսված է աշխարհը համակած ընկճախտի բուժման համար` կոչվում է բլյուզ: Ողջ ժամանակակից փոփ երաժշտությունը` ջազը, սվինգը, բիբոպը, Էլվիս Փրեսլին, «Բիթըլզը», «Ռոլլինգ Սթոունզը», ռոք-ընդ-ռոլլը, հիփ-հոփը, եւ այլն, եւ այլն` ծագում է բլյուզից:
Հիասքանչ գրող Ալբերտ Մյուրեյը, ով մնացյալ բաներից զատ, նաեւ ջազի պատմաբան է եւ իմ ընկերը, պատմում էր ինձ, որ մեր երկրում ստրկության տարիներին (այդ անմարդկային երեւույթի հետեւանքներից մենք, երեւի թե, երբեք ուշքի չենք գա) ստրկատերերի ինքնասպանությունների միջին թիվը շատ ավելի բարձր էր, քան` ստրուկներինը:
Մյուրեյի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ ստրուկները գտել էին ընկճախտի դեմ պայքարելու միջոցը, որն իրենց սպիտակամորթ տերերին հասու չէր: Նրանք բլյուզներ էին նվագում եւ երգում, եւ «ծերուկ Սուիցիդը» ձեռնունայն հեռանում էր: Ի դեպ, նա մի գաղափար էլ ունի` իմ կարծիքով՝ միանգամայն ճիշտ: Նա ասում է, որ բլյուզը չի կարող լիովին տնից վտարել ընկճախտը, բայց ստիպում է նրան թաքչել սենյակի մութ անկյուններում: Հիշեք` պետք կգա:
Օտարերկրացիները սիրում են մեզ ջազի համար: Իսկ ատում են` ոչ թե ամենքի համար նախատեսված ազատության եւ արդարադատության համար, որն իբր իշխում է մեր երկրում: Մեզ ատում են մեր մեծամտության համար:Այսօրվա գլխավոր ճշմարտությունը, որն ուժգնորեն կփչացնի օրերիս մնացուկը, այն է, որ մարդիկ թքած ունեն, թե երկիրը կապրի թե կկործանվի: Այնպիսի զգացողություն է, որ բոլորը ասես մեկօրյա «ծպտյալ հարբեցողներ» ծրագրի մասնակիցներ են: Մի խոսքով, մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
Իմ ծանոթներից շատ քչերն են երազում այն մասին, թե ինչպիսի աշխարհ են թողնելու թոռներին: Տարիներ առաջ ես այնքան միամիտ էի, որ դեռեւս կարծում էի, թե մենք կարող ենք դառնալ այն մարդասեր եւ բանական Ամերիկան, որի մասին երազում էին իմ սերնդի բազում մարդիկ: Մենք երազում էինք այդպիսի Ամերիկայի մասին Մեծ Ընկճախտի տարիներին, երբ մարդիկ աշխատանք չունեին: Իսկ այնուհետեւ մենք մարտնչում էինք, եւ շատերը մահացան հանուն այդ երազանքի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մարդիկ չունեին խաղաղություն:
Հիմա ես գիտեմ` ոչ մի գրողի տարած շանս չկա այն բանի համար, որ Ամերիկան կդառնա մարդասեր եւ բանական: Որովհետեւ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը` բացարձակ այլասերում է: Մարդիկ իշխանությունից հարբած շիմպանզենե՞ր են: Ես խիզախում եմ կոտրել մեր զինվորների մարտական ոգին, նրանց, որ մարտնչում եւ զոհվում են Մերձավոր Արեւելքում: Նրանց մարտական ոգին, ինչպես եւ բազում մարդկային մարմինները, ոչ թե պարզապես կոտրված է, այլ ցաքուցրիվ է արված: Նրանց վերաբերվում են՝ որպես խաղալիքների, որ ծննդյան տոներին նվիրել են մի լկստված երեխայի:
Միլիոն տարի, կամ մոտավորապես այդքան, այն օրերից ի վեր, երբ երկրի երեսին հայտնվեց մարդը, մենք փաստորեն պիտի ամեն ինչի մասին գլխի ընկնենք: Եվ մեր պատմական աշխատությունների գլխավոր հերոսները դառնում են «գուշակները», նրանք, որոնց մյուսներից լավ է հաջողվում մեզ հմայել, իսկ երբեմն` զարհուրեցնել:
Տա՞նք մի երկու անուն, օրինակի համար` Արիստոտել եւ Հիտլեր: Մեկը՝ բարի «գուշակ», մյուսը` չար: Եվ մշտապես մարդկանց մեծամասնությանը, ինչպես եւ մեզ՝ ձեզ հետ, գիտելիքների պակասը զգացողներիս, առանձնակի ընտրության հնար չէր մնում, քան այս կամ այն գուշակին հավատալը:
Ենթադրութունների ճշմարտացիությունը համոզելու ունակությունը ընկած է իշխանության հիմքում, այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ մեր երկրի այժմյան առաջնորդների մեծ մասը, չնայած այն բանին, որ մեր ձեռքի տակ վիթխարածավալ ինֆորմացիա կա, կամենում է, որ «սուրճի մրուրով գուշակությունները» շարունակվեն. թե որ հիմա ենթադրություններ մատուցելու իրենց ժամանակն է: Վաշինգտոնի «գուշակները», որ ամենաաղմկոտն են ողջ աշխարհում, ամենքից շատ են հպարտանում իրենց տգիտությամբ: Արժանահավատ ինֆորմացիայից մեր առաջնորդների սիրտը խառնում է: Նրանք համարում են, եւ գուցե թե արդարացիորեն, որ գիտելիքների լիությունից ողջ երկրի սիրտը խառնում է: Նրանք ուզում են մեզ վերադարձնել ուղենիշերն ու ստանդարտները, սակայն՝ ո՛չ ամենեւին «ոսկե ստանդարտը», այլ դրանից էլ պրիմիտիվ մի բան: Նրանց իդեալական ստանդարտը` «բոլոր հիվանդությունների համընդգրկուն միջոցն է», որ մեզ է փորձում խոթել ինչ-որ խարդախ…

%d bloggers like this: