Tag Archives: Կովկասի գերուհին

ՆՇԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԱԿԸ

3 Օգս

Ռուսները աֆղանական պատերազմի մասին ֆիլմ էին նկարահանում` «9-րդ վաշտը»: Տեսարաններից մեկի համար ավանակ էր պետք: Նկարահանող խումբը դիմեց Յալթայի գազանանոցին` բացատրելով, որ իրենց այնպիսի կենդանի է անհրաժեշտ, որը չի վախենա տեսախցիկից և բարձր ձայներից: Գազանանոցի աշխատակիցներն անմիջապես առաջարկեցին Լյուսիա անունով ավանակին: Պարզվեց, որ շուրջ 40 տարի առաջ հենց նա է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում` ծառայություններ մատուցելով Շուրիկին: Ավանակին կրկին նկարեցին: «9-րդ վաշտը» ֆիլմում նա իրեն դարձյալ հրաշալի դրսևորեց:

Alexander Demyanenko in film "Kidnapping Caucasian Style" by Leonid Gaidai.

Հիվանդ հոգու փախուստը «առողջ» բարոյալքումից

21 Հլս

Մեր իշխանավորները և առանձնապես մշակույթի ոլորտը ներկայացնող պատկան մարմինները խիստ են վիրավորվում, երբ տարբեր առիթներով նրանց հանդիմանում կամ անվանարկում են: Նրանք խորապես համոզված են, որ դրանք անարդարացի խոսքեր են, իրենց բնավ էլ արժանի չեն այդ կարգի մեղադրանքներին, և ամեն բան արվում է այնպես, ինչպես հարկն է: Սակայն այս պահին, երբ պատրաստվում եմ գրել դերասանուհի Դոնարա Մկրտչյանի մասին, ինձ համար ոչ միայն միևնույն է, թե ինչ կմտածեն նրանք, ում ուղղելու եմ հանդիմանանքի խոսքերս, այլև անկեղծորեն ցանկություն կա նրանց վիրավորել, քանի որ վիրավորված լինելն առավել տանելի է, քան անամոթ լինելը:
70 տարեկան հասակում վախճանվեց հայ թատրոնի և կինոյի ամենասիրված դերասանուհիներից մեկը` Դոնարա Մկրտչյանը: Այս օրերին լրատվամիջոցների մեծ մասը գրեց, թե մահացել է Մհեր Մկրտչյանի կինը: Այո, Դոնարան նրա կինն էր, Ֆրունզիկի երկու զավակների մայրը: Սակայն նրանք, ովքեր այդպես ներկայացրեցին բոթը, ակամա մատնեցին իրենց պատկանելիությունը մարդկանց այն խմբին, որոնք կամ մարմնավորում են անտեղյակությունը և կամ մարդուն գնահատալի են համարում միայն այն դեպքերում, երբ նա այսինչի ամուսինն է, կամ այնինչի բարեկամը:
Դոնարա Մկրտչյանը ինքնահաստատ արվեստագետ էր և հավելյալ ուղղորդումները չէ, որ պիտի լրացնեն նրա անձի ու գործի կարևորությունը: Սակայն վերահաս ողբերգությունը ոչ միայն փոխեց նրա կյանքի ընթացքը, այլև լիովին հեռացրեց իր աշխարհից և իր սպասվելիք վերելքներից: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճանաչված դերասանուհին կյանքի վերջին քսանհինգ տարիները անցկացրեց Սևանի հոգեբուժարանում:
1941-ին Լենինականում ծնված Դոնարան 1959-ին ընդունվել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու մեկընդմիշտ ընտրել բեմը: Նրա արտիստական տաղանդն իր վրա կրում էր մեծ բեմադրիչ Վարդան Աճեմյանի վարպետության կնիքը և այն բնատուր կայծը, որ արվեստը պիտի դարձներ առինքնող, խաղը` երկարակյաց, անունը` սիրելի ու մտապահվող: Իսկ հետո Մայր թատրոնի բեմում պիտի մեկը մյուսին հաջորդեին դերերը «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի և 3 ժամ», «Հանրապետության նախագահը», «Սալեմի վհուկները» և տասնյակ այլ պիեսներում: Հաջողությունը նրան ուղեկցելու էր նաև էկրանի վրա: Ո՞վ այսօր չի հիշում նրա մարմնավորած կերպարները «Կովկասի գերուհին», «Շրթներկ N 4», «Խաթաբալա», «Մհերի արկածները» կինոնկարներում, որոնք լայն ճանաչում բերեցին Դոնարա Մկրտչյանին: Ասվածին գումարենք նաև դերասանուհու բազմաթիվ դերերը, որ խաղացել է հեռուստատեսային թատրոնում, վարել է հեռուստահաղորդումներ, այդ թվում նաև այն տարիներին շատ հանրահայտ «Գարնանային կատակները»` բացահայտելով իր նուրբ հումորն ու կանացի հմայքը:
Նրանք, ում բախտ է վիճակվել բեմի վրա տեսնել Դ. Մկրտչյանի Էսմերալդայի դերակատարումը «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացման մեջ, կամ Անույշի դերը «Պաղտասար աղբար»-ում և, իհարկե, վերջին խաղը Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսում, որը փաստացի դարձավ դերասանուհու կարապի երգը, երբեք չեն կարող ուրանալ, որ առնչվում էին բարձր արվեստի ու ճշմարիտ արվեստագետի մեծ նվիրումի հետ:
Իսկ հետո ամեն բան փլուզվեց միանգամից: Գտնվելով Սևանի հոգեբուժարանում` Դոնարան այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին, իսկ եթե երբեմն գիտակցությունն արթնության պահեր էր ունենում, ապա նա խոսում էր իր վերադարձի, կրկին բեմ դուրս գալու երազանքի մասին: Պատմում են, որ այդպիսի պայծառացումների ժամերին նա սիրով հիվանդների համար հատվածներ էր ընթերցում իր խաղացած դերերից կամ ցուցադրում էր փոքրիկ պատկերներ:
Ասում են, թե մահը փրկություն է հոգու ցավը կրողների համար: Բայց արդյո՞ք Դոնարա Մկրտչյանն իր մահով ազատվեց հողեղեն տառապանքներից: Այն, ինչ կատարվեց հետո, նույնքան տխուր էր, որքան վախճանը: Սևանի հոգեբուժարանի ղեկավար Գագիկ Կարապետյանը շտապեց դերասանուհու մահվան լուրը հայտնել նրա խաղընկերներին` հուսալով, թե նրանց արձագանքը չի ուշանա և հրաժեշտը կլինի հավուր պատշաճի: Սակայն անցավ երկու օր, իսկ մայրաքաղաքից ոչ մի ձայն չկար։ Ճարահատյալ Կարապետյանն անձամբ կազմակերպեց մահացածի հոգեհանգստն ու հոգեհացի արարողությունները` այդ հաստատության միջոցներով։ Իսկ հետո պարզվեց, որ Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության հարցերով զբաղվող այնուամենայնիվ կա` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Թե ի՞նչ պարտականություններ էր նա ստանձնել, դժվար է ասել, բայց հետևանքը եղավ այն, որ ընդամենը մի քանի հոգի մեկնեցին Սևան, Դ. Մկրտչյանի մարմինը բերեցին Երևան և ընդամենը 10 հոգով նրան հողին հանձնեցին Սպանդարյանի գերեզմանատանը։ Խոսում էին նաև, թե իբր մի քանի դերասաններ ծեծել են բազմաթիվ վերադաս ատյանների դռներ, պահանջել կազմակերպել նրա վաստակին վայել թաղման արարողություն, սակայն այդ դիմումները մնացել էին անպատասխան: Ահա այսպես լքված ու արհամարհված հեռացավ կյանքից մեկը, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում նույնպես ապրեց անտեսված ու մոռացված: Ոչ ոք նրան այցի չէր գնում` ոչ հարազատները, ոչ խաղընկերները, ոչ Մկրտչյանների ընտանիքի անդամները և, բնականաբար, ոչ էլ Մայր թատրոնի ղեկավարներն ու թատերական գործիչների միության պատասխանատուները: Դոնարա Մկրտչյանին նրանք վաղուց էին հրաժեշտ տվել` դերասանուհու մահից շատ տարիներ առաջ: Եվ հիմա էլ այդ նույն տրամաբանությամբ մայրաքաղաքում չպիտի գտնվեր մի բեմ, մի հաստատություն, որտեղ կդրվեր դերասանուհու դին և նրա արվեստի երկրպագուները հնարավորություն կունենային վերջին հրաժեշտ տալու: Չէ, այդպիսի բան չէր լինելու: Ու եթե նման անտարբերությունը սոսկ այն պատճառով էր, որ մարդը հոգեկան հիվանդ էր, ապա քանի՞սը գիտակցեցին, որ հիվանդությունը մեղք չէ, ի տարբերություն այն բարոյալքման ախտի, որով տառապում են շատ ապրողներ:
Այո, իրական ու անբուժելի հիվանդը դուք եք, պարոնայք մտավորական պաշտոնյաներ, որ ձեր չհիմնավորված գոյությամբ կրում եք կյանքը, մահը, վաստակը, արժեքը տնօրինելու և ոտնատակ անելու իրավունքը: Եթե մեռնողը լիներ «չխմազ» մի արտասահմանցի, ով ազգանունից բացի որևէ ընդհանուր բան պիտի չունենար այս երկրի հետ, կամ, ասենք, մի ունևոր տղա, որն իր կյանքում օգտակար ոչինչ չէր արել, բայց կասկածելի պարունակությամբ լի դրամապանակներով ժառանգները պատրաստ լինեին մի քիչ թեթևացնել իրենց գրպանները հոր հիշատակի ու «ազգի հմար», ապա այդ դեպքում համազգային սուգն ապահովված կլիներ: Նույնիսկ կարելի էր մի երեք-չորս հատ Մխիթար Գոշի մեդալ կախել հանգուցյալի վզից, հուշատախտակներ ամրացնել տների ճակատներին ու կիսանդրիներ կանգնեցնել զբոսայգիներում: Այս է ձեր իմացածն ու ձեր անկարողության սահմանը: Միայն ափսոս, որ դեռ չկա այն բժիշկը, ով պիտի գա ու ապաքինի երկիր կոչվող այս ընդարձակ հոգեբուժարանի ձեզ նման կենվորներին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: