Tag Archives: Կոնգրես

Զենքի եղբայրություն և ոչ մի բարոյականություն

16 Նյմ

Կատարվեց այն, ինչի հնարավորությանը քչերն էին կասկածում. ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Պենտագոնի կողմից Թուրքիային 111 մլն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ այլ գործարքների թվում Վաշինգտոնը կանաչ լույս վառեց նաև Թուրքիային AH-1W Super Kobra ռազմական ուղղաթիռների վաճառքի պայմանագրի համար։ Եթե հավատ ընծայենք Անկարայի հավաստիացումներին, Super Kobra-ները հաջորդ տարի ամռանը կսկսեն մասնակցել PKK-ի դեմ մղվող մարտական գործողություններին:
Թուրքիային սպառազինություն վաճառելու նպատակով համապատասխան թույլտվություն ստանալու համար դեռևս հոկտեմբերի 28-ին կառավարությունը պաշտոնապես դիմել էր Կոնգրեսին։ Դրան ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ համատեղ նախագիծ ներկայացրեցին օրենսդիրներին, որով պատրաստվում էին արգելք սահմանել զենքԻ վաճառքի վրա: Ընդարձակ նախագծը լի էր բազմաթիվ փաստարկների թվարկմամբ: Փաստաթղթի հեղինակները անհանգստություն էին հայտնում այն մասին, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցներ Իսրայելի, Հայաստանի ու Կիպրոսի նկատմամբ սպառնալից վերաբերմունք է դրսևորում: «Թուրքիայի` Իսրայելի նկատմամբ ավելացող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի բռնազավթումն ու Հայաստանի դեմ ուղղված շրջափակումը մեզ խորին կերպով մտահոգում են: ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է նման լուրջ անհանգստությունների շուրջ մտածի»,-նշվում էր նախագծում՝ հավելելով նաև այն փաստը, թե պաշտոնական Անկարան Իրանի ու Սիրիայի պարագայում նույնպես սեփական խաղն է տանում` հարվածելով տարածաշրջանում ամերիկյան շահերին:
Միացյալ Նահանգներում գործող զանազան լոբբիստական կառույցներ իրենց աջակցությունն արտահայտեցին այս նախաձեռնությանը: Անմասն չմնացին նաև հայկական կառույցները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն գոհունակությամբ արձագանքեցին Կոնգրեսի երկկուսակցական խմբի անդամներին: «Մենք միանում ենք Հայաստանի, Իսրայելի, Կիպրոսի և քրդերի բարեկամների` Թուրքիային զենքերի վաճառքը արգելափակելու կոչին: Թուրքիան շարունակում է այդ զենքով մահ սփռել քրդերի շրջանում, սպառնալ Հայաստանին, հակամարտության մեջ մտնել Իսրայելի և Կիպրոսի հետ»,- ասվում էր նրանց տարածած հայտարարության մեջ: Միայն թե վերջնական արդյունքում այդ բոլոր ջանքերը անպտուղ դարձան: Կոնգրեսն իր համաձայնությունը տվեց պայմանագրի հաստատմանը՝ դրանով իսկ հերթական անգամ փաստելով, որ Վաշինգտոնը մեծ հաշվով թքած ունի քրդերի, հույների, կիպրոսցիների, հայերի և մյուսների խնդիրների վրա, քանի դեռ կա գերակա շահը և այդ շահը պահանջում է վարվել ճիշտ այնպես, ինչպես կայացավ: Այս առումով խիստ հատկանշական էր նաև այն փաստը, որ Թուրքիային դեմ արտահայտվող ամերիկացի օրենսդիրների կոչը հնչում էր մի իրավիճակում, երբ պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե Վաշինգտոնի հետ հարաբերություններում լուրջ դիվանագիտական հաղթանակի է հասել։ Թուրքերի համար դիվանագիտական հաղթանակ ասվածը սովորաբար նույնացվում է շահավետ գործարքների հետ, իսկ ինչպես այս, այնպես էլ մյուս համաձայնեցված քայլերին այլ կերպ չես անվանի, քան ձեռքբերում: Ի վերջո, զենքի եղբայրությունը վերահաստատող այդ գործարքը ոչ առաջինն էր, ոչ էլ ամենամեծը: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիա- ԱՄՆ համագործակցությունը արձանագրել է աննախադեպ ծավալների ռազմական աջակցություն և առևտուր: Իբրև ակնառու օրինակ կարելի է հիշատակել այն փաստը, որ ամերիկյան հետախուզական Predator անօդաչու 4 թռչող սարքերն արդեն գտնվում են Թուրքիայում, Ինջիրլիքի ռազմակայանում։ Ընդ որում, ԱՄՆ-ը Թուրքիային հանձնել է ոչ թե 2, ինչպես խոստացվել էր, այլ 4 Predator։ Հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը G-20 համաժողովի ժամանակ նախագահ Օբամայից պահանջել էր հիշել իր խոստման մասին և արագացնել Predator-ների առաքումը: Դրանից հետո Վաշինգտոնը շտապեց պարզաբանել, թե ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաև թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ Թուրքիային երաշխիքներ չի տրվել, որ հետախուզության տվյալները երրորդ երկրի չի հանձնվելու։ Միայն թե ո՞վ կարող է նախօրոք կռահել, թե ինչեր կլինեն վաղը:
Ամերիկացիների առատաձեռնությունն այսքանով չսահմանափակվեց: Շուտով հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն առաջին անգամ որոշում է կայացրել F-16 կործանիչների ծրագրային կոդերը հանձնել այլ երկրի։ Եվ այդ բացառիկ երկիրը, բնականաբար, կրկին Թուրքիան էր: Վաշինգտոնը թուրքերին է տրամադրելու Lockheed Martin ընկերության կողմից արտադրված F-16 (Fighting falcon) ռազմական օդանավերի ծրագրային կոդերը։ Դա ոչ միայն թանկարժեք, այլև բաղձալի նվեր պիտի լինի նրանց համար: Վերհիշենք, որ Թուրքիան երկար տարիներ ԱՄՆ-ից պահանջում էր այդ կոդերը։ Իսկ այժմ՝ ստանալուց հետո նրանք կարող են օդանավերի մասերն արտադրել հենց տեղում և նույնիսկ դրանք վաճառել այլ երկրների։
Իսկ եթե թվարկված դեպքերին հավելենք նաև այն, որ Թուրքիան ԱՄՆ-ից 60 մլն դոլարով ևս 30 նոր F-16C տիպի կորածանիչներ է գնել, ապա պատկերը ոչ միայն ամբողջական, այլև ամեն կարգի կասկածներից զերծ կդառնա: Այժմ Թուրքիան իր կործանիչների քանակով ԱՄՆ-ի հետ դարձավ աշխարհի ամենաշատ F-16 ունեցող երկիրը։ Իբրև դրա հավելում Վաշինգտոնի ու Անկարայի միջև կնքված 2,9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրով ամերիկացիները կարդիականացնեն այդ կործանիչները, որոնց յուրաքանչյուրի վրա կծախսվի 5,2 մլն դոլար։
Այս ահռելի ծախսերի և ներդրումների ֆոնի վրա Կոնգրեսում ներկայացված բանաձևը, դրա շուրջ բարձրացված աղմուկը, վատնված ջանքերը և այն միամիտ հույսը, թե ինչ-որ մեկը կարող է հանկարծ առաջնորդվել բարոյականության սկզբունքներով ու խաչ քաղել ծրագրված գործարքների վրա, արդեն մանկական խաղ են թվում: Եթե կան զենքեր ու սպառազինություն, դրանք անպայման մի օր գործածության մեջ պիտի դրվեն: Իսկ այնտեղ, որտեղ արյուն է հեղվում, բարոյականությունն ու արդարությունը անելիք չունեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վաշինգտոնի «մխիթարական» նվերը

2 Օգս

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից օրերս ընդունած «վրացական» բանաձևը եկավ լրացնելու քաղաքական պատեհապաշտության արգասիք հանդիսացող այն փաստաթղթերի շարքը, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե համոզմունքների ու սկզբունքների դրդմամբ, այլ իրավիճակների և հարաբերությունների հետ հարմարվելու արդյունքում: Ով` ով, բայց հայերս շատ լավ ենք հասկանում այս ամենը և բազում առիթներ ենք ունեցել բախվելու հատկապես ամերիկյան քաղաքական նպատակահարմարության խութերին: Եվ այժմ ասել, թե ի տարբերություն մեզ, վրացիների բախտը բերեց, պիտի որ խիստ կասկածելի տեսակետ լինի:
Ի՞նչ էր ասում այդ նոր բանաձևը: Նախ, այն դատապարտում էր «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան» ու Ռուսաստանին կոչ էր անում հարգել Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Փաստաթուղթը Մոսկվայից պահանջվում էր կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրով ամրագրված բոլոր պարտավորությունները, նշվում էր փախստականների` իրենց բնակավայրեր վերադարձի մասին ու հիշյալ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման հրամայականը: 5 էջանոց այդ փաստաթղթում ամերիկյան օրենսդիրները, Սպիտակ տան օրինակով, գործածում էին «օկուպացված» տերմինը։ ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ սենատորները միաձայն աջակցեցին Վրաստանին առնչվող բանաձևին։ Ապա Սենատի կայքում հրապարակվեց հաղորդագրություն, ուր ասված էր. «Այս բանաձևն արտահայտում է Սենատի վերաբերմունքը Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության շարունակվող խախտումների վերաբերյալ և շեշտում է հակամարտության խաղաղ և արդար կարգավորման կարևորությունը՝ Վրաստանի միջազգային ընդունված սահմաններին համապատասխան»:
Հասկանալի է, որ նման քայլից հետո ոչ ռուսները պիտի հլու-հնազանդ հետևեին դրա պահանջներին, ոչ էլ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները պիտի դառնային ավելի ջերմ: Եվ ստացվում է, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան հավելյալ լարվածություն հաղորդելու մտադրություն, իսկ թե ու՞մ է անհրաժեշտ այդ նոր հակասությունը, դեռ հստակեցման կարիք ունի:
Ինչպես և պետք էր սպասել, դեռ լույսը չբացված Վրաստանի ԱԳՆ հրապարակեց իր արձագանքը, որով երախտագիտություն էր արտահայտում ամերիկյան փրկիչներին և հավելում, որ «ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը կարևոր քայլ է ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական ու գործընկերային հարաբերություններում։ Վրաստանին առնչվող բանաձևի միաձայն ընդունմամբ Սենատը պաշտոնապես հայտնեց իր հստակ և միացյալ դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և Ռուսաստանին անվանեց օկուպանտ»։ Համարյա նույնը բառացի կրկնեց նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին:
Այժմ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Նախ, նկատենք, որ սա թերևս այն առավելագույնն էր, ինչ կարող էր անել Վաշինգտոնը Թբիլիսիի համար: Երեք տարի առաջ անուղղակիորեն հրահրելով ռուս-վրացական ընդհարումը և ապա ստանձնելով դիտորդի կարգավիճակը, Միացյալ Նահանգները փաստացի իր դաշնակցին մղեց աղետալի արկածախնդրության, պատճառ դարձավ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերջնական ու անվերադարձ կորստին, և հիմա իբրև «մխիթարական նվեր» Թբիլիսիին է տալիս մի բանաձև, որը մեծ հաշվով ոչ մի արժեք չունի և չի կարող ոչինչ փոխել: Իսկ ռուսներն, ինչ խոսք, պիտի նեղանային դրանից: «Սրանով հերթական անգամ թքում են Ռուսաստանի վրա, որը գործնական արդյունք չի ենթադրում»,- կատարվածն այս բառերով մեկնաբանեց ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Հետո հաջորդեցին առավել ծանր մեղադրանքները: Մոսկվան Սենատի կողմից վրացական բանաձևի ընդունումը պայմանավորեց Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև «վերաբեռնման» քաղաքականության վարկաբեկման փորձով` մեկ անգամ էլ բացատրելով, թե իր ռազմական ներկայությունը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում ժամանակավոր միջոց է և պայմանավորված է Վրաստանի ագրեսիայով:
Բանը հասավ նույնիսկ կանանց: Ռուսական թերթերը գրեցին, թե զուր չէ, որ Վրաստանում լուրջ նախագիծ են մշակվել, ինչպես որ զուր չէ, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը իր դերն է ունեցել Սահակաշվիլիի և նրա ապագա կնոջ ծանոթության հարցում։ Մի խոսքով, միջոցների մեջ ընտրություն կատարելու ժամանակ այլևս չկա: Հարվածը հաջորդելու է հարվածին:
Այստեղ ավելորդ չէ նաև վերհիշել, թե ինչը հաջորդեց բանաձևի ընդունմանը: Հաշված օրեր առաջ Ռուսաստանը կոպիտ կերպով մերժեց Թբիլիսիի հետ բանակցություններ վարելու առաջարկը: Այսինքն ոչ միայն մերժեց, այլ ի պատասխան այդ առաջարկի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանը ներկայացրել Սուխումի հետ մաքսային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Սա ծանր ապտակի պես մի բան էր: Հաջորդ օրը Վրաստանի ԱԳՆ իր հերթական հայտարարությունը տարածեց` փաստելով, որ Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական ռեժիմով բանակցություններ վարել վրացական կողմի հետ: «Բոլոր հարաբերությունները, որոնք հաստատում է ՌԴ-ն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորություններին»,- ասվում էր նույն տեքստում: Միաժամանակ Աբխազիան տեղեկացրեց, թե իր ուղեգիծը` ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի հետ կապված, կմնա անփոփոխ` ցանկացած նախագահի օրոք, և որ այդ դաշինքին այլընտրանք ուղղակի գոյություն չունի, քանի որ տարածաշրջանի մյուս երկրները դեռևս չեն ճանաչել Աբխազիան:
Եվ ահա այս մերժումների ու վերջնագրերի ֆոնի վրա հայտնված ամերիկյան բանաձևը պիտի որ խիստ հաճո լիներ վրացիների քիմքին: Սակայն իրականում ի՞նչ էր ակնկալում Վաշինգտոնը: Որոշ վերլուծաբաններ ուղղակի համոզված են, որ նման բանաձևի ընդունմամբ նրանք փորձում են լուծել իրենց նախընտրական խնդիրները և այդօրինակ քայլով պատրաստվում են ստանալ ԱՄՆ-ում վրացական համայնքի աջակցությունը: Հասկանալի է, որ Ամերիկայում նաև ռուսական համայնք կա, որը անհամեմատ ավելի մեծ է: Սակայն ամերիկացի քաղաքագետները գիտեն, որ ռուսական համայնքն իր տրոհվածության ու իներտության պատճառով որպես մեկ միասնություն ազդեցություն չունի, մի բան, ինչը չի կարելի ասել վրացիների մասին: «Վստահ եմ, որ ամերիկացի սենատորները թքած ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի վրա, ինչ-որ իմաստով՝ նաև Ռուսաստանի վրա։ Այդօրինակ որոշում ընդունելով՝ նրանք միայն փորձում են դուր գալ ամերիկացի ընտրողին»,- ասում է նույն Ռոգոզինը։
Արձանագրենք ևս մի հատկանշական փաստ: ԱՄՆ Սենատի թիվ 175` «վրացական» բանաձևի ընդունման փաստից ոգևորված և այդ առիթից օգտվելով, ադրբեջանցիները դիմել են Սենատին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք ճանաչելու խնդրանքով: Ու եթե վաղը լսենք, որ ԱՄՆ սրա համար նույնպես կանաչ լույս է վառել, զարմանալու պատճառներ պիտի չունենանք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Փող, զենք և դժգոհություն

17 Փտր

Ժողովրդական իմաստությունը մեզ թելադրում է չհաշվել նվեր տված ձիու ատամները: Ընդհակառակը, բարեկիրթները նույնիսկ շնորհակալ են լինում ընծայի համար, քանի որ նվիրատուն ամենևին էլ պարտավոր կամ հարկադրված չէր ինչ-որ բան հանձնել անհատույց: Սակայն քաղաքականությունը կարծես թե ընդհանուր ոչինչ չունի լավ դաստիարակության հետ, և այստեղ ոչ միայն ատամներն են հաշվում, այլև հաշվելու ենթակա ամեն բան: Ընդ որում, դա արվում է ոչ այնքան մաթեմատիկական կանոնների պահպանման, որքան այդ կանոնները սեփական մտադրություններին ծառայեցնելու նպատակով:
Հենց այսպիսի կողմնորոշում ուներ ԱՄՆ Կոնգրեսը, երբ օրերս քննարկման դրեց 2011 ֆինանսական տարվա ֆինանսավորումների հարցը, իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման իր հերթին օրենսդիրներին ներկայացրեց առաջարկներ 2012թ. բյուջեի վերաբերյալ: Ահա այդ ժամանակ էլ նա այլ երկրների շարքում հիշատակեց նաև Հայաստանի անունը` տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է 40 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրել մեր երկրին: Նախատեսված գումարը ճիշտ այնքան է, որքան այս տարի, ու կարծես թե ամենևին էլ քիչ չէ: Թվում էր, շնորհակալությունից բացի հայկական կողմից այլ բան պետք չէր սպասել: Սակայն հաջորդ պահին պարզվելու էր, որ հնչեցված բառերի հեղեղում բացակայելու էր հատկապես այդ միակը` երախտիքի բառը:
Հայտնի բան է, որ մենք կդադարեինք ինքներս մեզ նման լինել, եթե անմիջապես եղածը չհամեմատեինք մեր հարևանների ստանալիք միջոցների հետ և ուշադրություն չդարձնեինք հարակից մանրամասներին: Եվ հենց այդ մանրամասների մեջ էլ գտնվեցին անհամապատասխանության այն «բացիլները», որոնք հարուցեցին դժգոհության վարակը: Ի՞նչ էր այս անգամ առաջարկում Օբաման մեր և դրկից երկրների համար: Նախ ասենք, որ ամերիկացիները եկող տարի պատրաստվում են դադարեցնել «Համաշխարհային առողջապահություն» և «Երեխաների փրկություն» ծրագրերի գծով Հայաստանին տրամադրվող օգնությունը: Դա նախկինում կազմել է տարեկան 400 հազար դոլար և, ինչ խոսք, ցավալի է, որ շարունակություն չի գտնելու: Բայց սրանց մասին որևէ տրտունջք, ափսոսանքի խոսք չհնչեց միայն ու միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նույնպես զրկվել էր հիշատակված երկու ծրագրերի օժանդակությունից:
Պայթյունի համար առիթը պիտի դառնար Օբամայի հաջորդ առաջարկը` կապված առանձին երկրներին տրամադրվելիք ռազմական օգնության հետ: Այս մասով ԱՄՆ նախագահն առաջարկեց Հայաստանին հատկացնել 3,45 մլն դոլար` արտաքին ռազմական ֆինանսական օգնության ու միջազգային ռազմական կրթության համար: Երբ հայերը դա համեմատեցին ադրբեջանցիներին տրամադրվելիք գումարների հետ, պարզվեց, որ մերը 450 հազարով քիչ է, քան Բաքվի բաժինը: Ու հենց այստեղ էր սկսվեց փոթորիկը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն անմիջապես իր խորը մտահոգությունը հայտնեց, որ ռազմական բնագավառի օգնության ծավալներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռություն չի պահպանվել: «Նախագահի առաջարկում ռազմական օգնության հավասարակշռության նժարը թեքված է Բաքվի կողմը` չնայած նոր պատերազմ սկսելու ադրբեջանական առաջնորդների աճող սպառնալիքներին, որը կքանդի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը», — ասվում էր Հայ դատի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությունում։ Այս անհանգստությանը ձայնակցող մյուս հայկական կառույցները ևս այն համոզմանն էին, որ Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելը սխալ ազդակ կարող է հաղորդել այդ երկրի կառավարությանը, նպաստել այն բանին, որպեսզի այդ երկիրը շարունակի իր ռազմատենչ հայտարարություններն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները:
Եթե նույնիսկ ընդունենք, որ մեր հայրենակիցների մտահոգությունները միանգամայն արդարացված են, ամեն դեպքում չենք կարող նաև չասել, որ նրանց չափազանցված աղմուկը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ի վերջո, Վաշինգտոնը միշտ էլ կարող է պատասխանել, որ դրանք իր փողերն են, և ինչպես կցանկանա` այնպես էլ կտնօրինի: Եվ հետո լուրջ չէ այն փաստարկը, թե Ադրբեջանը հենց այդ կես միլիոնի հույսին էր մնացել, որպեսզի հաջորդ պահին սանձազերծեր նոր պատերազմ Հայաստանի դեմ: Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ԱՄՆ հայկական կառույցները իրենց լոբբիստական աշխատանքների ընթացքում բազմիցս դիմել են ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին` առաջարկելով զրոյի իջեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, բայց, ինչպես տեսնում ենք, մեր ցանկությունները չեն համապատասխանում նրանց պատկերացումների հետ:
Կես միլիոնանոց տարբերության մասին այս աղմուկն այնքան բարձ էր հնչում, որ դրա ստվերում մնաց շատ ավելի նշանակալից մի զանազանություն: Բանն այն է, որ եկող տարի Միացյալ Նահանգները պատրաստվում է Ադրբեջանի տնտեսական օգնության չափաբաժինը կրճատվել 25 տոկոսով` 22,12 միլիոնի փոխարեն տրամադրելով ընդամենը 16,6 միլիոն դոլար: Այն, որ Ադրբեջանը նախկինից 6 միլիոնով պակաս տնտեսական օգնություն պիտի ստանա, դա, ոչինչ, կարելի է: Իսկ որ ընդամենը կես միլիոն դոլարով ավելին է նրան հատկացվելիք ռազմական օժանդակությունը, սա արդեն մեզ համար տիեզերական մասշտաբների աղետի պես մի բան է:
Մինչդեռ եթե կա մի հարց, որի շուրջ իսկապես արժեր մտահոգվել, դա այն է, որ Օբամայի վարչակազմի նոր առաջարկները որևէ կերպ չեն պատրաստվում խթանել հայ- ամերիկյան առևտրային կապերը, այնինչ նախկինում ԱՄՆ նախագահը խոստումներ էր շռայլում, թե հնարավորություններ կստեղծվեն ընդլայնել երկու երկրների տնտեսական կապերը` մասնավորապես ազատ առևտրի, երկակի հարկման, առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրերի միջոցով: Իսկ նման պայմանավորվածությունները ի զորու էին նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը հատկապես Հայաստանում: Սակայն ո՞վ է մեղավոր այս բացթողումի համար: Մի՞թե դարձյալ Օբաման: Իսկ այն հանգամանքը, որ կապերի խորացման համար նախ անհրաժեշտ է բարենպաստ միջավայր ու մթնոլորտ ձևավորել օտարերկրյա ներդրողների համար, շուկան դարձնել հրապուրիչ, օրենքը` գերակա, վերստի՞ն ամերիկացիների հոգսն է:
Այս տեսանկյունից բոլորովին էլ պատահական չէր, որ Սպիտակ տան վարչակազմը բավական պատկառելի գումարներ է առաջարկում տրամադրել մեր հարևան Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսիին տրամադրվելիք տնտեսական օժանդակության ծավալը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում 2012 թվականին կկազմի 66 միլիոն դոլար: Եվս 18 միլիոն կհատկացվի ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգին ամերիկյան հատկացումները գալիք տարի կազմելու են 850 հազար դոլար: Ահա թե ով է Վաշինգտոնի համար նախընտրելի գործընկերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Օրակարգից հեռացվածը

23 Դկտ

Երեկ ողջ օրվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսից ստացվող լուրերը վկայում էին այն մասին, որ այդ հարկի տակ ծավալվում էին բուռն, դրամատիկ, շատ դեպքերում նույնիսկ անհասկանալի իրադարձություններ: Եվ եթե անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագիծը 111-րդ գումարման նիստի օրակարգ ընդգրկելու շուրջ պայքարն անհավասար էր, ապա առավելություն ստացած թևը հազիվ թե իրեն զգար հաղթողի դիրքերում: Նկատելի էր, որ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները անում էին հնարավոր ամեն բան արդյունքի հասնելու համար, և նրանց աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում էր առանց ընդհատման: Այսքանից հետո յուրաքանչյուր հիասթափություն կարող է արդարացված լինել, քանի որ դեկտեմբերի 22-ին ևս նախագիծը չընդգրկվեց քննարկմնան ենթակա փաստաթղթերի ցանկում, և այդ մասին հայտարարվեց առանց ափսոսանքի: Որպեսզի պարզ դառնա, թե ամերիկացի օրենսդիրների համար իրականում ինչ արժե հայերիս հուզող խնդիրը, ասենք միայն, որ երեկ Պալատի 435 անդամներից ավելի քան 100-ը նույնիսկ ներկա չէին գտնվել լիագումար նիստին` իրենց բացակայությունը հիմնավորելով այն հարգելի պատճառով, թե զբաղված են եղել նախատոնական այցելություններով: Բայց նույնիսկ նման պայմաններում հայկական կառույցների ջանքերով հնարավոր էր եղել ապահովել կողմ անձանց նվազագույն անհրաժեշտ թիվը (ներկա դրությամբ բանաձևին սատարող 218 կոնգրեսականի), հետևաբար եթե օրինագիծը օրակարգ մտներ, ամենայն հավանականությամբ կարող էր անցնել:
Սակայն մի կողմ թողնենք լավատեսական կռահումների շարքը և, ինչպես ասում են, իրերը կոչենք իրենց անուններով: Հայկական բանաձևը Կոնգրեսի օրակարգ չմտավ, քանի որ ԱՄՆ-ն միշտ և բոլոր դեպքերում ընտրություն է կատարելու շահի ու բարոյականության միջև` առավելությունը տալով առաջինին: Ներկա պահին Վաշինգտոնի համար Թուրքիայի հետ հարաբերությունները շատ ավելի մեծ կարևորություն ունեն, քան Հայաստանն է ու նրա Ցեղասպանության ճանաչումը: Եվ ուրեմն ի՞նչ պատմական արդարության, բարոյականության կամ իրավունքների մասին կարող է խոսք գնալ, եթե գերիշխողը մնալու է երկրի շահը, իսկ այդ շահին ծառայող պետական մեքենան գործելու է իրեն թելադրված ուղղությամբ: Ընդամենը հաշված ժամեր առաջ դեռ Կոնգրես չհասած օրենսդիրներին նմանատիպ հստակ հրահանգ իջեցվեց Սպիտակ տնից: Երկրի նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը շատ հասկանալի կերպով հայտարարեց, որ ԱՄՆ-ի համար գերակա են Թուրքիայի հետ անխաթար հարաբերությունները: Հիշյալ պարոնը բոլորովին վատ չզգաց` հաստատելով այն փաստը, որ բանաձևի առթիվ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից «զգուշացում-նամակ» է ստացել` անուղղակիորեն հաստատելով, որ իր անմիջական շեֆին կարող են թելադրել նաև Անկարայից: Փույթ չէ, որ Ցեղասպանության ճանաչումը Օբամայի նախընտրական խոստումներից մեկն էր: Փույթ չէ, որ Կոնգրեսի ղեկավարությունը նախկինում խոստացել էր հարցը արագ ընդգրկել օրակարգում: Այդ ամենը կարելի է ուրանալ ու մարսել: Սակայն թուրքական ոսկորը դժվար կլինի կուլ տալ:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները երեկ օրվա ավարտին հավաստիացնում էին, որ, ըստ դիվանագիտական աղբյուրների, դեռ կան հնարավորություններ մի շարք մեթոդներով բանաձևը ներկայացնել լիագումար նիստին։ Նման սպասելիքների համար հիմք էր ծառայում այն, որ Պալատի օրակարգը կարող է ծրագրային լրացումներ, ուրեմն և ժամանակային երկարաձգումներ ունենալ: Բացի այդ, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կիրառելով «ընթացակարգային կանոնների կասեցում» մեթոդը, կարող է բանաձևը ուղղակիորեն բերել լիագումար նիստի օրակարգ: Սրանք, ինչ խոսք, քիչ հավանական, համարյա անիրականանալի զարգացումների տեսլականներ են: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ սկսվել, ոչ էլ ավարտվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներսում: Եվ լավ է, որ անհաջողությունը ողբերգություն չի ընկալվում: «Մենք մեր ձեռքերը չենք իջեցնում: Անկախ նրանից` կդրվի օրակարգում, կքվեարկվի թե ոչ, մենք շարունակելու ենք մեր նպատակաուղղված աշխատանքը»,- երեկ հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը:
Իսկ ինչ վերաբերում է վերջին մեկշաբաթյա խմորումներից ստացած տպավորությանը, ապա ամենահատկանշականը թերևս այն էր, որ այս անգամ Սպիտակ տան վարչակազմի ու պետդեպարտամենտի ճնշումները կոնգրեսականների վրա այնքան էլ ուժեղ չէին, ինչպես եղավ նախկին փորձի ժամանակ: Վերլուծաբանների կարծիքով, պատճառը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի փաստացի տապալումն է: Հիմա այլևս կոնգրեսականների վրա չի ներգործում թուրքերի այն զգուշացումները, թե իբր որոշում կայացնելով նրանք կարող են վտանգել երկու երկրների մերձեցման քայլերը:
Ի դեպ, երեկ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը մի բաց նամակ էր տարածել գործընկերների շրջանում, որով կոչ էր արվում աջակցել մարդու իրավունքներին վերաբերող այս կարևոր օրինագծին: Նամակի հեղինակներն էին Ֆրենկ Փալոնը Կրտսերը, Էդվարդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփիերը և Բրեդ Շերմանը: Նրանք գրում էին, թե օրինագիծը «վերահաստատում է մեր ազգի բարոյական պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ»:
Երեկ դա չհաստատվեց: Հայոց ցեղասպանության հարցը շարունակեց մնալ քաղաքական առևտրի առարկա:

Հովիկ Չարխչյան

Եվս մի ցնցում թուրքերի համար

20 Դկտ

Արդեն մի քանի օր է` մեկը մյուսին հակասող տեղեկատվություններ են տարածվում այն մասին, որ մինչև տարեվերջ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը: Այս տարվա գարնանն էր, երբ Ադամ Շիֆի և հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձևը հավանության արժանացավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Սակայն, ինչպես հայտնի է, այն այդպես էլ լիագումար նիստ չմտավ` ոչ առանց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության «ջանքերի», որոնք տևական ժամանակ ուղղակի անտեսեցին և քննարկումից դուրս թողեցին հարցը: Իսկ փաստաթուղթն առհասարակ կարող է իր ուժը կորցնել արդեն եկող ամիս, երբ պալատի վերահսկողությունը կստանձնեն հանրապետականները:
Այս ամենը հաշվի առնելով`դեկտեմբերի սկզբին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու մյուս հայկական կազմակերպությունները կոչ արեցին պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` մինչև Կոնգրեսի ներկայիս կազմի լիազորությունների ավարտը ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը քվեարկության դնել Պալատի լիագումար նիստում: Մյուս կողմից այդ քայլը պիտի որ բարոյական գործոնի դեր էլ խաղար` Փելոսիին հնարավորություն տալով իր պաշտոնավարման ժամկետն ավարտել առանց կիսատ թողած գործերի: Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը դեռևս կարել է գնահատել նպաստավոր: Այս պահի դրությամբ պալատում բանաձևին պաշտոնապես աջակից կոնգրեսականների թիվը հասնում է 150-ի, թեև իրականում հայկական հարցին զորակցողների ու համակրողների թիվը շատ ավելին է: Իսկ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 218 քվե: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրական արդյունքի հասնելն այնքան էլ անհավանական բան չէ: Ամեն դեպքում, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը համոզված է, որ եթե հարցը դրվի քվեարկության, այն անպայման կընդունվի:
Այս լավատեսությունը որևէ կերպ չեն կիսում Հայաստանում: Գուցե թե նախկին հիասթափություններն այստեղ իրենց կնիքն են դրել, և դա է պատճառը, որ Երևանում կարծում են, թե հաջողության հասնելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ` հորդորելով մեծ նշանակություն չտալ Կոնգրեսում բանաձևի ընդունմանը, քանի որ այն ձևական բնույթ է կրում: Կա նաև մեկ այլ ազդեցիկ պատճառ: Խոսքը հակազդեցության մասին է: Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ Պետդեպարտամենտը սպասվող նախաձեռնությանն արձագանքել է միանշանակ. «Մենք տեղյակ ենք Պալատի հնարավոր թիվ 252 բանաձևի մասին և մենք խիստ դեմ ենք այդ բանաձևին: Մենք շարունակում ենք հավատալ, որ Թուրքիայի ու Հայաստանի համար իրենց ընդհանուր անցյալին անդրադառնալու լավագույն ուղին հարաբերությունները կարգավորելու ջանքերն են»,- ասել են այդ գերատեսչությունից: Ինչպես իրավացիորեն նկատում է Associated Press գործակալությունը, նման քվեարկությունը հարված կինի նախագահ Բարաք Օբամային իր կուսակիցների կողմից, քանի որ բանաձևը կարող է վնասել կարևոր դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Թուրքերի և ամերիկացիների համար տագնապելու հաջորդ դրդապատճառն էլ այն է, որ Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների`վերջին ամիսների սրման համատեքստում հավանական է համարվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը բանաձևի ընդունմանը: Եվ ոչ միայն նրանք: «Հայկական, հրեական, քրդական ու սիրիական լոբբիներն ԱՄՆ-ում կարող են միավորվել ընդդեմ Թուրքիայի»,- ոչ առանց հիմքի այս օրերին ահազանգում էր «Hurriyet Daily News» պարբերականի թուրք թղթակիցը:
Բայց թուրքական կողմը ևս ձեռքերը ծալած չի նստել: Հայերի նախաձեռնությանն առաջինը արձագանքեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը՝ կոչ անելով ամերիկյան հասարակությանը ողջախոհություն ցուցաբերել։ Նրան միացան Միացյալ Նահանգներում գործող 250 թուրքական կազմակերպություններ: Ներկայացուցիչների պալատին թիվ 252 բանաձևը չընդունելու պահանջով դիմեցին Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան և Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան։ Վերջիններս սպառնացին, որ ցեղասպանության բանաձևի ընդունման արդյունքում, «ինչն ուղղված է Թուրքիային և մուսուլմաններին դատապարտելուն», Միացյալ Նահանգները տարածաշրջանում կկորցնի իր հեղինակությունը։ Նկատենք, որ Անկարան հեշտորեն իր մեղքը փորձում է բարդել նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի վրա և այնուհետև վերջինից պահանջում աջակից դառնալ իրեն:
Ի դեպ, սպառնալիքներով խոսելու մարտավարությունը ամերիկաբնակ թուրքերն անկասկած յուրացրել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից, ով այս օրերին հապշտապորեն հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամեն ինչ ձեռնարկել բանաձևի կանխարգելման համար։ «Ես բացեիբաց նշեցի, որ հայկական բանաձևի օրակարգ գալը լրջորեն կվնասի մեր թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- տեղեկացրեց նա լրագրողներին, իսկ այն հարցին, թե բանաձևը ընդունվելու դեպքում Թուրքիայի արձագանքը ինչպիսի՞ն կլինի, Դավութօղլուն պատասխանեց. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն հույս ունեմ, որ նման բան չի լինի»։
Առայժմ դժվար է ասել, թե մոտակա շաբաթների ընթացքում աշխարհն էլ ինչեր կարող է տեսնել: Հայտնի է միայն, որ Կոնգրեսն իր այս կազմով կաշխատի մինչև դեկտեմբերի 21-ը: Չի բացառվում, որ բանաձևը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվի հենց վերջին օրը: Մյուս կողմից էլ օրակարգում կան նաև բազմաթիվ այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նույնպես պետք է անպայման քննարկվեն, և այս հանգամանքը հնարավոր է դարձնում Կոնգրեսի աշխատանքները մի քանի օրով երկարաձգելու հեռանկարը, ինչը ևս կարող է նպաստել, որպեսզի հայկական բանաձևն այդ օրերի ընթացքում ներառվի օրակարգ։ Սակայն եթե նույնիսկ դա չհաջողվի, այս փոքրիկ ցնցումն էլ քիչ չի լինի թուրքական կողմի համար: Ի վերջո, յուրաքանչյուր դեպք հիշեցում է այն մասին, որ հատուցման խնդիրը եղել ու մնալու է նրանց գլխավերևում դամոկլյան սրի պես կախված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Իսկ հայերն ընտրեցին Հայաստանին

4 Նյմ

Ինչպես և վաղօրոք կանխատեսվում էր, երեքշաբթի օրը ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն կազմեցին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Դեմոկրատական կուսակցությունը պահպանեց իր վերահսկողությունը Սենատի նկատմամբ: Հանրապետականներին հաջողվեց դեմոկրատներից խլել 60 տեղ, ինչը նրանց այժմ հնարավորություն կտա լիովին վերահսկել Կոնգրեսի ստորին պալատը: Ստանալով ևս 6 լրացուցիչ տեղ Սենատում ու կրճատելով դեմոկրատների հետ ունեցած հարաբերակցության տարբերությունը` նրանք հերթական անգամ վերահաստատեցին իրենց մտադրությունների լրջությունը, իսկ նախագահ Բարաք Օբամային այլ բան չէր մնում, քան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Ջոն Բեյներին: Նախագահը հույս հայտնեց, որ կհաջողվի ընդհանուր շփման եզրեր գտնել ու միասնաբար երկիրն առաջ մղել: Նույն օրը ԱՄՆ-ում ընտրվեցին նաև 37 նահանգների ու 2 տարածքների նահանգապետերը: Կալիֆորնիայի նահանգապետի աթոռին հրաժեշտ տվեց Առնոլդ Շվարցենեգերը:
Քաղաքական թեժ պայքարի պայմաններում այս անգամ առանձնակի ակտիվությամբ հանդես եկան ամերիկահայերը: Սկզբնապես հայտարարելով, որ հայ համայնքը նախապատվություն չի տալու երկրի երկու հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկին, մեր հայրենակիցներն անկեղծորեն խոստովանեցին, որ իրենք կլինեն նրանց կողքին, ովքեր հանդես կգան Հայաստանի ու հայության շահերի դիրքերից: Շուրջ 1 միլիոն ընտրողներ ունեցող հայությունը կարևոր քարոզչական աշխատանք ծավալեց` 31 նահանգներում սատարելով 158 թեկնածուների, ընտրություններից 72 ժամ առաջ իրականացնելով լայնամասշտաբ տեղեկացման գործընթաց, հազարավոր էլեկտրոնային նամակներ հղելով և կոչ անելով ընտրել հայամետ թեկնածուներին: Այդ ջանքերը տվեցին իրենց պտուղները: Ընդամենը 7-ի դեպքում նրանց սպասելիքները չարդարացան: Մյուսները չթաքցրեցին, որ իրենց հաղթանակի համար մեծապես պարտական են հայերի համախմբված աշխատանքին: Նախնական տվյալներով` վերնըտրվել են մեզ արդեն վաղուց ծանոթ Ֆրենկ Փալոնը և Մարկ Քըրքը, Նենսի Փելոսին և Ադամ Շիֆը, Բարբարա Բոքսերը և էլ շատ հայտնի ու ազդեցիկ դեմքեր, որոնք նախկինում աչքի են ընկել իրենց հայանպաստ դիրքորոշումներով:
Սակայն խնդիրը միայն անձերինը չէ: Միջանկյալ ընտրությունների արդյունքում քաղաքական վերադասավորումները Միացյալ Նահանգներում կարող են նոր մթնոլորտի և նոր հնարավորությունների ձևավորման հիմք հանդիսանալ, ինչի արդյունքում համահայկական նշանակության հարցերի լոբբինգի իրականացումը շատ ավելի դյուրին կլինի: Տեղի հայկական կառույցներն այն կարծիքին են, որ հանրապետականների հաղթանակն առաջին հերթին կարևոր է այնքանով, որ այսուհետ դեմոկրատ նախագահն ու Սպիտակ Տունը չեն կարող լուրջ ճնշումներ գործադրել Կոնգրեսի վրա: Իսկ մեր սպասելիքներն առաջին հերթին վերաբերելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստանին տրամադրվող օգնությանը, ինչպես նաև միջազգային կառույցներում մեր երկրին զորակցություն ցուցաբերելուն:
Դժվար է ասել, թե այս լավատեսությունն ինչ չափով է հիմնավորված և արդյո՞ք նորընտիրները աշխատանքի ընթացքում կդրսևորեն իրենց ճիշտ այնպես, ինչպես խոստացել էին նախընտրական շրջանում: Մեկ անգամ չէ, որ ամերիկահայերը խորը հիասթափություն են ապրել այն քաղաքական գործիչներից, ովքեր դրժել են իրենց խոսքը և ամենավճռորոշ պահին հանդես են եկել անսկզբունքային կեցվածքով: Սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, իսկ թարմ հաղթանակից հետո դրա ոգևորությունը դեռևս իր բարձրակետում է:
Ներկա պահին ամերիկահայ հաստատությունների ուշադրության կենտրոնում Թուրքիայի վերաբերմունքն է, որը, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, արդեն իսկ անհանգստության նշաններ է ցուցաբերում: Առայժմ որպես միակ առավելություն նրանք արձանագրում են այն, որ հանրապետականների հաղթանակից հետո Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հակաթուրքական հայացքներով հայտնի կոնգրեսական, պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր տեղը զիջելու է թուրքամետ Ջոն Բոհներին: Սակայն սա հազիվ թե բավարար մխիթարություն հաղորդի Անկարային, որտեղ հասկանում են, որ նորացված Կոնգրեսը նախկինից ավելի մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, և որպես ճնշման ազդեցիկ գործիքներից մեկը` մշտապես հրապարակ կհանվի հայերի Ցեղասպանության փաստը: Բացի այդ, հանարապետականները դեմոկրատներից ավելի շատ նշանակություն են տալիս Իրանին և Իսրայելին առնչվող հարցերին: Այնպես որ, Թուրքիայի համար կարող են առաջ գալ նոր բարդություններ` կապաված այն բանի հետ, թե վերջինս ինչպես է հարաբերվում Թեհրանի ու Թել Ավիվի հետ:
Ինչպիսին էլ լինեն Ամերիկայի հայերի և մյուսների ակնկալիքները, նրանց ցանկացած դատողության պարագայում կա մի բան, որ հարկ է մշտապես հաշվի առնել. հանրապետականների հաղթանակը չի կարող փոխել Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը, առավել ևս, որ այն կարգավորվում է ոչ թե Կոնգրեսի, այլ Սպիտակ Տան կողմից: Փոխարենը միանգամայն հնարավոր է, որ բարդանա ներքին բարեփոխումների կուրսը, քանի որ նախագահ Օբաման այժմ ստիպված է լինելու մի շարք հարցերում ուղղակի փոխզիջման գնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: