Tag Archives: Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ

26 Սպտ

«… Մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում»:

Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակիցkomitas

ՍԻՐՏՍ ՓԼԱԾ Է

3 Փտր

Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալքներ հախուռն կհուզին ի խորոց մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, «յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց»: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ:
Սիրտս փլած է:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Komitas

ԿՈՄԻՏԱՍ

30 Հկտ

Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը, որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողությունը չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը, որ չի զգար… Ու գեղարվեստը արդեն ազգի մը արևն ու կենսունակության ջիղը չէ՞ միթե:IKW7LksTaq8

ԿՈՄԻՏԱՍ

8 Նյմ

Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,և աչուկները փակեց:
Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջրիկը պառկեց հողի գրկին
Եվ ըստինքը սառեց:
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց:1415334785_021-ellf.ru

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

26 Սպտ

1912, դեկտեմբեր, Կ. Պոլիս

… Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու։ Ուրեմն պիտի ձգտենք մեզ ազատագրել երկու կերպ, թեպետ և երկուքի վերջակետն էլ նույնն է, տարբեր ուղիով միայն։ Առաջինն է առավելագույնը՝ ինքնուրույն ու անկախ լինելով իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտության առջև և երկրորդը՝ նվազագույնը՝ ապավինել Քեռի Ռուսին և միաձույլ հայություն սահմանել։ Երկուքն էլ նույն է, բայց երկրորդն իրագործելի՝ շահերի նույնության վերա հենվելով, իսկ առաջինը անիրագործելի։ Ռուս կառավարությունը ծայրագույն արևելքեն տուժեց, ուրեմն ընդարձակման ճանապարհը այս կողմը մնաց…

Ես չե՛մ կարող մտքես անցնել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՛շտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, թե մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի [Պետերբուրգի] պարիսպներու դռներուն առաջ, ա ՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Գևորգ Դ. կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկությունը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթե բացարձակապես սպասելիս է եղել տաճիկներին էջմիածնի մեջ)։ Արդեն քաջ դիտես, որ Անգլիո, Ֆրանսիո ու Ռուսիո միության գլխավոր նպատակն էլ այս էր։ Ուրեմն չիք փրկություն արտաքո Ռուսիո։ Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի ունենաք, մի սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության հարմար։

Չպետք է բաժանվենք, չպե՛տք է խաբվենք Եվրոպայի զանագան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու՝ ըստ իս, աոաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով. եվյապական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։

Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվենք` կվաստկենք, ես այս կարծիքն ունիմ…

Համբույր ե կարոտով`

Քույդ Կոմիտաս վարդապետ:pizap.com13801567436881

ԿՈՄԻՏԱՍ

16 Սպտ

Լավ է այսքանով գոցեմ գիրս, սիրտս լցված է. եթե չամաչեմ լաց լինելու ցավերս շատացել են։ Տես աչքովդ, թե ինչպես մարդիկ ավերում, կործանում են պատիվ, անուն, եկեղեցի, սրբություն, ազգայնություն և գործիք են դառնում չարի ձեռքին և ապա մի լցվիր, մի լար, մի ողբա Խորենացու պես, իր իսկ ողբով, այժմ նույն պատկերն է մեր շուրջը և նորա ուրվականն է ողբում մեր անբուժելի ցավերը։
Նյարդերս թուլացել են, այլևս տոկալու հնար չունեմ։ Որոնում եմ հանգիստ՝ չեմ գտնում, ծարավի եմ ազնիվ աշխատանքի` խանգարվում եմ, փափագում եմ հեռու մնալ, խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղվելու համար, բայց զի մարդ եմ` չեմ կարողանում։ Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կյանքս մաշվում է և միայն վարանմունքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում…

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

11 Մյս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ

1921 թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ միասին իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց, ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսել:
— Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացած ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենական խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն ու փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց. «Պետք չէ. հարկավոր է միայն լույս ու բնություն»:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
— Ի՞նչ անեմ այնտեղ,- ասաց:
Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
— Գնանք դուրս, ման գանք,- ասացի:
— Այնտեղ շատ լավ է,- ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացրեցի, հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
«Չէ, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում»: Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ դերասանություն սովորելու:
— Ոչ, ինչի՞ է պետք այդ արվեստը:- Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց. «Խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լոգանք են ընդունում»:
Խոսեցի իր աշակերտների մասին, ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի` հայ երաժշտությու՞նն է լավ, թե՞ եվրոպականը, «Եղբայր (բարկացած), դու ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը` իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո»,- ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հանգնվեցի, «Մնաս բարև» ասացի և առանց պատասխան ստանալու դուրս եկա:
1928 թվին մի անգամ էլ այցեկեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից…

ՉԱՐԵՆՑ. ՆՈՐԱՀԱՅՏ ԷՋ

17 Ապր

ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Օ, մանկության պես ծանոթ
Դաշտանկար անեղծ: —
Հարազատ ես, որպես օդ,
Որ շնչել եմ ես: —

Մնացել ես բիբերում
Իմ` ցոլացած ջինջ: —
Եվ չի՛ ջնջում, չի՛ քերում
Քեզ ոչի՛նչ, ոչի՛նչ: —

Հորըս դեմքի պես հանգիստ,
Եվ գոց, որպես հանգույց, —
Ես քեզ հիշում եմ անգիր,
Սերտել եմ մանկուց: —

Հասնում ես պարզ ու պայծառ,
Որպես իրական:
Օ՜, հուշ դարձած, անցած
Գյուղ նայիրական: —
…………………………………………
Վերն` արեգակ մի դեղին,
Վարը` հերկեր տոչոր: —
Եզներն ու մարդը հողի`
Նայիրական ոճով:

Ե՛վ եզները կորավիզ,
Ե՛վ հողագործն հայրենի-
Կարծես հանված կտավից
Մարտիրոս Սարյանի:-

Եվ մաճկալի երգած
Հորովելն` իր մասին…
Կարծես եղել է ներկա
Կոմիտասի դասին…

Դաշտանկա՜ր հայրենի,
Ինձ մանկուց ծանոթ: —
Կյա՞նք ես արդյոք կենդանի,
Թե՞ — ներկ ու աղոթք: —

Ո՞վ է արդյոք ստեղծել
Այդ երկն հանճարեղ,-
Ուր թե կյանք են, թե արվեստ
Եվ մարդ, և արև:-

Եվ ո՞վ է ում կեղծել`
Ո՞րն է իրական…
Արդյոք արվե՞ստն է եղծել,
Թե՞ կյանքը- նայիրական…

Մտերմություն հանճարեղ
Կյանքի ու երգի: —

Օ, ներկ` դարձած արև,
Օ, երգ` դարձած երգիչ: —
…………………………………….

Այն արևն է — ոսկե թաս
Երգի, ներկի, արյան…
Օ, հնչացած Կոմիտաս, —
Օ, գույն դարձած Սարյան…
………………………………………..

4. VI. 1936 Երևան

ԿՈՄԻՏԱՍ

29 Հկտ

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց.- Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ԱՆՏԻՊ ՍԵՎԱԿԸ

17 Հկտ

Պարույր Սևակի մահից տասնամյակներ են անցել, սակայն մինչև այսօր անտիպ են մնում նրա բազմաթիվ ստեղծագործությունները, հրապարակ չեն հանվում օրագրությունները, զանազան գրառումներ, նամակներ, այլ ձեռագրեր: Տվյալ դեպքում խոսքն առավելապես վերաբերում է Սևակի վաղ շրջանի գործերին, երբ դեռ նոր-նոր ձևավորվող գրական ճաշակի ու աշխարհընկալման վրա իրենց անխուսափելի կնիքն էին թողնում ժամանակաշրջանի ոգին և սոցռեալիզմի անբեկանելի պահանջները: Սակայն, ինչպես էլ գնահատելու լինենք այդ տարիներին ստեղծված էջերը, դրանք սևակյան ժառանգության բաղկացուցիչներն են, առանց որոնց անհնար պիտի լինի ունենալ այն տեսանելի հանրագումարը, ինչն իր մեջ կներառի անցած ճանապարհի բոլոր փուլերը:
Ստորև ներկայացնում ենք Պարույր Սևակի երկու անծանոթ բանաստեղծությունները, որոնք արտացոլում են, այսպես կոչված, «սառը պատերազմ»-ի տարիները, երբ Խորհրդային Միության ու Արևմուտքի առճակատումը թևակոխել էր նոր փուլ, երբ նույնիսկ կոմիտասյան թեման (ինչպես Սևակի օրինակում է) պիտի շաղկապվեր միջազգային իրավիճակի հետ:

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՈՐՈՆՈՂՆԵՐԻՆ
Թյուրքիայի մինիստրների խորհուրդը թույլ է տվել ամերիկյան «արշավախմբին» Արարատ լեռան վրա որոնել «Նոյան տապանի մնացորդները»: (թերթերից)

Նորից «արշավախումբ»,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի…
Սակայն ծանոթ է աշխարհը «տուրիստներին» ամերիկյան.
Այդպես, նրանք առած օդանավեր,
Առած տանկ ու ական,
Կատարների վրա Ոլիմպոսի
Որոնում են նյութեր հին հունական
«Հովվերգության» մասին,
Որոնում են, սակայն…
Ահավասիկ
Հունաստանը փեղկված երկու մասի1,
Ազատության ոգին, մարտիկները նրա
Ապաստանած Գրամոսի2
Քարափներին խորունկ ու ժայռերի վրա…
Իտալիայում նրանք, այդ «տուրիստները» նույն՝
Արձանն են «որոնում»
Առասպելի Ռոմոս- Ռոմուլոսի:
Եվ ինչ,
Տոլիատին3 է վիրավորվում ծանր և մահացու
Ու ժառանգորդները Կրասոսի,-
Ծանոթ առասպելին ճիշտ հակառակ,-
Գայլի նման երկրի, մարդկանց հյութն է ծծում:
«Անմեղ տուրիստներին» այդ բարբարոս
Որտեղ դու չես ճարի.
Չինաստան ու Չիլի, Վիետնամ ու Բիրմա
Ճամփորդում են նրանք միշտ նույն ուղեգրով՝
«Ալպյան ցուպի» վրա լպիրշ ռեկլամով
Գրած նույն դեվիզը-
դոլար,
բիզնես,
ֆիրմա:
… Մի նոր «տուրիստական արշավախումբ» հիմա,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի:
Վերստին մարդկային արյունի մեջ
Լողանալու հարմար այս առիթի համար
Անզուսպ խնդությունից բարբարոսի
Համիդն անշուշտ շիրմում շուռ է եկել հիմա…
Բայց ոչ: Ոչ, արյունից,
Պատերազմից չէ, որ մենք ուզում ենք խոսել:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Թող որ արհեստական ներվայնությամբ հոսեն
Իրերն ու պակտերը Ատլանտական,
Բայց հողագունդը մեր, գլոբուսը, սակայն,
(Որ պատկերանում է անդրօվկիանոսյան քեռիներին
Իբրև ակցիաներով,
ակտիվներով,
ոսկով լեցուն տակառ),
Զարդարվել է այսօր նոր գույներով,
Եվ աղավնին ճերմակ,
Կտցին խաղաղության ընձյուղն ու ծիլը նոր,
Սավառնում է հիմա երկրագնդի բոլոր գոտիներով:
Աղավնին այդ ճերմակ, բայց ոչ ելած
Տապանից այն չեղյալ,
Այլ ափերից Օբի և Վոլգայի:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանն ապագայի:
Սակայն եթե փորձեն…
Այնժամ- Ստալինգրադը վկա-
Կելնենք ոչ միայն մենք՝
երկրագնդի
Միլիարդավոր բանակը հասարակ մարդկանց.
Կելնեն և ծովերն իրենց խոր անդունդից,
Կելնեն օվկիանները
Եվ կջրհեղեղեն դաժանորեն դաժան…
Եվ չի փրկի այնժամ
Անգամ առասպելի Նոյան տապանը ձեզ,
Չի գտնվի այնժամ աշխարհում ոչ մի լեռ,
Որ ապաստան տա իր կատարին
Խարխլված ու փլուզված ձեր տապանին:
Չի ճարվի աշխարհում և ոչ մի լեռ,
Չհիշելով արդեն Արարատին,
Արարատին տանջված, բայց և տոկուն,
Որ Մոմբլանի, Անդի, Վեզուվի4 հետ
Պահում է ձեզ համար
Վրեժից կարծրացած իր ընդերքում
Հրաբխի վերջին իր ժայթքումները դեռ…»:
1949 թ. օգոստոս

ԵՐԳԻ ՎԱՐՊԵՏԻՆ
….Երբ հարգում են հիշատակը հանգուցյալի՝
Ընդունված է չանդրադառնալ։ Սակայն ինչպե՞ս, ինչպես լռե՞լ,
Երբ բովանդակ զարհուրանքը մոտ անցյալի
Կամենում են երկրի վրա նորից փռել,
Կամենում են կրկին հանել հրապարակ,
Լույս ընծայել նոր վարիանտով, հավելվածով արյունալի,
Կամենում են նորից նրանք,
Որոնք ձայնը կախարդական քո քնարի
Խլացրին բիրտ խուժանի քրքիջի մեջ…
Հոկտեմբերը մեզ առհավետ փրկեց մահվան ճիրաններից:
Ավանդական մեր դաշտերում հնչեց նորից
Քո «Հորովելը» քաղցրալուր,
Պտղավորվեց «Ծիրանի ծառը» քաղցրանուշ,
Եվ «Անտունին» քո հանճարեղ,
Սրտակեղեք ծանոթ երգը «տնավարի»,
Թովիչ դարձավ էլ ավելի՝
Դադարելով կյանք լինելուց
Եվ մնալով լոկ իբրև երգ,
Լոկ եղանակ չնաշխարհիկ:
Բայց աշխարհին
Սպառնում են այսօր նորից կոտորածով:
Ատլանտյանով դեպի Բոսֆոր, Մարմարա ծով,
Թավալվում է մի մութ ալիք:
Հոխորտանքով ամոթալի՝
Յաթաղանն են փոխարինում ատոմային արկով նրանք,
Ենիչերին՝ էքսպերտով,
Կավե բերդը՝ «Թռչող բերդով»,
Եվ մահիկը՝ արշավանքով խաչակրաց:
Սակայն մարդն իր դարավոր խաչը կրած
Շպրտել է արդեն մի կողմ՝ Չինաստանից
Մինչև Վարշավ և Վարշավից մինչև Աթենք…
Եվ թող հիմա «Հորովելը» քո հանճարեղ
Թող որ փռվի մեր արտերին,
Իբրև սիմվոլ խաղաղության,
Իբրև բարիք,
Իբրև ցորեն:
Թող փառավոր կվարտետդ քո համբավը հեռուն տանի:
Մենք հանգիստ ենք վաղվա հանդեպ.
Հին աշխարհի պատառոտվող խավարի դեմ՝
Մեր երկիրը «քելեր- ցոլեր»:
1949 թ. Սեպտեմբեր

1. Նկատի ունի 1945-49 թթ Հունաստանում ծայր առած քաղաքացիական պատերազմը:
2. Բնակավայր Էգեյան ծովի ափին, քաղաքացիական կռիվների օջախներից մեկը:
3. Պալմիրո Տոլյատի (1893-1964)- Իտալիայի կոմունիստների առաջնորդը: Վիրավորվել է 1948 թ. իր դեմ կատարված մահափորձի հետևանքով:
4. Գործող հրաբուխներ:


Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: