Tag Archives: Կնեսետ

Հրեաների հայկական հարցը. եթե, ապա…

28 Դկտ

Երեկ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի Կրթության հարցերի հանձնաժողովը քննարկեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ այնուհետև որոշեց, որ բանաձևերի ընդունումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Այս առաջարկը խորհրդարանին ներկայացվել էր դեռևս ութ ամիս առաջ, սակայն քննարկումը տարբեր պատճառաբանություններով անընդմեջ հետաձգվում էր:
Նիստին մասնակցում էր Կնեսետի նախագահ Ռուվեն Ռիվլինը, ինչն աննախադեպ երևույթ է Իսրայելի խորհրդարանական պրակտիկայում: Իր ելույթում նա նշեց, որ Իսրայելը պատմական և բարոյական պարտավորություն ունի ընդունելու Հայոց Ցեղասպանությունն՝ անկախ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններից: Ընդհանուր առմամբ քննարկման ընթացքում ներկաների ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց ցեղասպանության ճանաչմանը, բացառությամբ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից: ԱԳՆ-ի հիմնավորումը հստակ էր՝ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ ճգնաժամի մեջ են և պետք չէ, որ չափը անցնեն: «Հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները` կարծում ենք, որ նման բանաձև պետք չէ ընդունել»,- ասացին նրանք: Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդատու Յաակով Ամիդրորը դեռևս մինչև նիստն էր առաջարկել Կնեսետի խոսնակ Ռիվլինին հետաձգել քննարկումը, բայց Ռիվլինը մերժել էր` նշելով. «Որպես Հոլոքոստ ապրած ազգ` մենք չենք կարող արհամարհել այս հարցը, և արդյունքում լսումները տեղի կունենան նախատեսվածի պես»:
Գաղտնիք չէ, որ առաջներում հրեական կազմակերպությունները միջազգային հարթակներում և այլ հարաբերություններում երբեք էլ աչքի չեն ընկել հայկական խնդիրների շուրջ ընդգծված հետևողականությամբ: Նրանք կամ եղել են իներտ, կամ դրսևորել են բացասական վերաբերմունք: Ու եթե վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է, ապա դա ոչ թե արդյունքն է այն բանի, որ Իսրայելը հանկարծ հատուկ ջերմ վերաբերմունք է որդեգրել Հայաստանի նկատմամբ, այլ միակ պատճառը իսրայելա- թուրքական խորացող գժտությունն է: Եվ նաև սա է պատճառը, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ խորհրդարանում չկա միասնական դիրքորոշում: Նույնիսկ Կնեսետում կոալիցիոն գլխավոր դաշնակիցներ «Լիկուդ» և «Մեր տուն Իսրայելը» կուսակցությունները հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության շուրջ տարաձայնություններ ունեն. իշխող կուսակցության անդամների զգալի մասը կողմ են ճանաչմանը, իսկ «Մեր տուն Իսրայելը» կուսակցության անդամները դեմ են: Նրանք կարծում են, որ Կնեսետի կողմից այդ հարցի անգամ քննարկումն արդեն վնասում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը: Այդ իսկ պատճառով էլ վերլուծաբանները այսօր շատ ավելի հավանական են համարում, որ ճանաչում, այդուհանդերձ, չի լինի: Կնեսետում քվեարկելու դեպքում իշխող կուսակցության մեծամասնությունը ճանաչմանը դեմ կլինի, քանի որ նրանց այդպես կասի վարչապետը:
Հատկանշական է այն փաստը, որ երեկվա քննարկման ժամանակ շատերը վկայակոչում էին Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը՝ նշելով, որ՝ տեսեք, ֆրանսիացիները չվախեցան հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ: Սակայն այդ կարծիքներին դեմ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը՝ բացատրելով, թե կարևոր է հասկանալ, որ ամեն երկիր ունի իր կանոններն ու առաջնահերթությունները, ու այս պարագայում Ֆրանսիան կարող է իրեն թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Իսրայելը: «Բացի այդ, նրանք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ավելի շատ պատճառներ ունեն»,-ասաց Միլլերը՝ պարզաբանելով, որ նկատի ունի 600 հազարանոց ֆրանսահայ համայնքի առկայությունը, ինչը լուրջ ձայներ կապահովի Սարկոզիի համար:
Եթե խոսքը միայն լիներ այն մասին, թե հարկ չկա պատճենել Ֆրանսիացի պատգամավորների գործողությունները, դա թերևս հասկանալի լիներ: Սակայն հրեաները հարցի էությունը շեղում են ոչ այնքան ցանկալի ուղղությումբ՝ նշելով, թե կարիք չկա ակադեմիական ու պատմական խնդիրը վերածել քաղաքականի, այսինքն՝ կարելի է սովորել ու դասեր քաղել պատմությունից, որպեսզի ողբերգությունները չկրկնվեն, բայց դրա հետ մեկտեղ իմաստ չունի փչացնել հարաբերությունները դաշնակիցների հետ: Այս մասին հատկապես բացահայտ արտահայտվեց «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի վարչության անդամ Յանա Սալմանը. «Հայերը գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն օգտագործում են քաղաքական նպատակներով: Իսրայելը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարեց նա:
Դառնալով Իսրայելի քաղաքական շրջանակներում տիրող տրամադրություններին, հարկ է նկատել, որ այնտեղ ևս համակիրների թիվը մեծ չէ, իսկ ազդեցիկ դեմքերի անմիջական միջամտությունները անում են իրենց սև գործը: Այդ հակամետ դեմքերի շարքում այս օրերին հատկապես հաճախակի է հիշատակվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի անունը: Նրա դերակատարության և կառավարության ներսում տիրող մթնոլորտի մասին բավականին զավեշտական պատկեր է ներկայացրել IzRus.co.il կայքէջը՝ մասնավորապես գրելով. «Պատճառը պարզ է, եթե հիմա պետք լիներ քվեարկել այդ հարցով, ապա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ կգային խորհրդականներ, ովքեր նրան կբացատրեին, որ մենք Ֆրանսիա չենք, եւ մեզ համար թուրքական թշնամանքը շատ ավելի կարևոր է, քան Ֆրանսիայի պարագայում: Նրա մոտ կգար Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ով լավ հարաբերություններ ունի ինչպես իր ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա կբացատրի վարչապետին, որ թեկուզ Ադրբեջանը կապ չունի 1915-ի իրադարձությունների հետ, սակայն այնքան էլ սերտ հարաբերությունները չունի Հայաստանի հետ: Եվ Բաքվում կարող են օժանդակություն ցույց տալ եղբայրական Թուրքիային, թեկուզ և այնքան էլ չեն սիրում Էրդողանի կառավարությանը: Ու հետո բոլորը միասին կհարցնեին մեր վարչապետին. իսկ դա Ձեզ պե՞տք է»:
Այս հնչեցված հարցի պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Ներկա պահին չափազանց փոքր է հավանականությունն այն բանի, որ Կնեսետն ինչ-որ պահի կանաչ լույս կվառի այդ բանաձևի առաջ: Իսկ եթե հանկարծ հրաշք կատարվի և դա իրողություն դառնա, այդ դեպքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մենք կունենանք հերթական և շատ նշանակալից հաջողությունը: Սա անվիճելի փաստ է, քանի որ հանրահայտ է, թե հրեական համաշխարհային կազմակերպություններն ինչպիսի մեծ ազդեցություն և դերակատարում ունեն միջազգային քաղաքական գործընթացներում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Խղճի արթնացման էվոլյուցիան

24 Մյս

Իսրայելի խորհրդարանի (Կնեսետի) որոշումը` քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ամեն դեպքում անսպասելի էր, թեև դրա համար կային բոլոր նախադրյալները և նման հնարավորության մասին խոսվում էր վաղուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե նախկինում հրեաներն ինչպիսի համառությամբ էին շրջանցում այս հարցին անդրադառնալու բոլոր փորձերը, տպավորություն էր ձևավորվել, որ Եղեռնի թեմայի նկատմամբ այդ երկրում կիրառվող տաբուն կլինի անժամկետ: Այժմ կարծես թե հոռետեսության ամպերը հետզհետե ցրվում են, իսկ Կնեսետն իր հերթին այս ընթացքում կատարեց առաջին շոշափելի քայլը`ընդունելով հայկական հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության առաջարկը։ Սրան կողմ քվեարկեցին նիստին մասնակցող 20 պատգամավորները, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչները: Եթե հիշյալ հանձնաժողովը նույնպես դրական եզրակացության հանգի, ապա նախագիծը կվերադառնա լիագումար նիստ, և այն ժամանակ արդեն հույսերն այն մասին, թե առաջիկա ամիսներին կամ տարվա ընթացքում Ցեղասպանության ճանաչումը Իսրայելում կարող է իրականություն դառնալ, այնքան էլ աննյութական չեն լինի:
Առայժմ բոլորի ուշադրությունը բևեռված է հրեական օրենսդիր մարմնում առկա տրամադրությունների (կամ ավելի ճիշտ կլինի ասել` տրամադրությունների շրջադարձային փոփոխության) վրա: Հատկանշական է, որ կայացած նիստի ժամանակ ելույթ ունեցողները առանձնակի շեշտադրությամբ են նշել, թե Թուրքիայի հետ Իսրայելի ներկա հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը: Նույնիսկ Իսրայելի Կնեսետում մեծամասնություն կազմող խորհրդարանական կոալիցիայի նախագահ Էլկինն է հարկ համարել շարադրել իր տեսակետը` արտասանելով հիրավի պատմական մտքեր: «Իսրայել պետությունը, որը ողջ աշխարհից պահանջում է պատմական արդարության ճանաչումն ու բարոյական չափանիշների հարգումը, չի կարող գործել այդ կոչերին հակառակ՝ ղեկավարվելով միայն նեղ քաղաքական նկատառումներով: Ժամանակն է եկել վերջ դնելու Թուրքիային սիրաշահելու քաղաքականությանը և, վերջիվերջո, հայտարարել հայերի ցեղասպանության մասին: Հրեական պետությունը պետք է լիներ առաջինը պաշտոնապես ճանաչած երկրների շարքում: Ցավոք սրտի, Իսրայելը Արևմուտքի վերջին երկրներից է, որը մինչ օրս դա չի արել: Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- հայտարարել է նա:
Հրեա քաղաքական մտքի արթնացած խիղճը ակնհայտորեն պիտի ապշեցներ բոլոր նրանց, ովքեր քաջածանոթ էին այս շահարկված ու չարչրկված նյութի նախապատմությանը: Հայտնի է, որ նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Իսկ այդ հանձնաժողովն իր նիստերը գումարում է դռնփակ: Սա հարուցում էր մտահոգություն, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով` հանձնաժողովը վերստին կառաջնորդվեր ինչ-ինչ քաղաքական նկատառումներով ու կարող էր Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ բացասական կարծիք տալ խորհրդարանին: Այժմ, դատելով արդեն տեղի ունեցած դեպքերից և քննարկումներից, որին մասնակցեցին նաեւ Կնեսետի ղեկավարը, իշխող քաղաքական կոալիցիայի նախագահը, երկրի քաղաքական վերնախավում նախօրոք ձևավորվել էին բարենպաստ պայմաններ ցեղասպանության ճանաչման խնդիրը գոնե մինչև այս հանգրվան բարեհաջող առաջ մղելու համար:
Ինչ խոսք, չի կարելի ուրանալ, որ եղածը նաև տեղի հայ լոբբիստների տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է: Սակայն ոչ մի կերպ չնսեմացնելով նրանց վաստակը, այնուամենայնիվ պետք է մնանք այն խորին համոզմանը, որ առաջընթացի առյուծի բաժինը ընկնում է իրավիճակային փոփոխություններին և առաջին հերթին Իսրայել-Թուրքիա հարաբերությունների արդի բնույթին: Պաշտոնական Թել Ավիվը իր գործողություններով որևէ կասկած չի թողնում, որ ցեղասպանության ճանաչման հարցը սկսել է օգտագործել որպես Թուրքիայի իշխանություններին ուղղված սպառնալից նախազգուշացում: Այլ կերպ ասած, եթե դիտարկելու լինենք լայն ասպեկտով, ապա նույնիսկ կարող ենք պնդել, որ այդ քայլին մղող դրդապատճառները մեծ հաշվով որևէ ընդհանուր բան չունեն ոչ Հայոց ցեղասպանության ճանաչման և ոչ էլ Հայաստան-Իսրայել հարաբերությունների հետ։ Ինչպես արդեն շատ անգամներ և շատ երկրների գործողություններում ենք տեսել, իսրայելցիները նույնպես մեր խնդիրը վերածում են մի դագանակի, որով պիտի հարվածեն թուրքերին` նրանց հավակնություններն ու ոտնձգությունները սաստելու համար: Իսկ հայկական կողմին այլ բան չի մնում, քան աչք փակել բարոյական շերտերի առաջ և հուսալ, որ նպատակը կարդարացնի միջոցները:
Այս իմաստով շատ ավելի լավատեսները նույնիսկ շտապում են մեծ-մեծ ծրագրեր կանխատեսել ապագայի համար: Նրանք ենթադրում են, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության հարցի ճանաչմանը կարող են հաջորդել այնպիսի ուշագրավ զարգացումներ, ինչպես, օրինակ, Իսրայել-Հայաստան փոխհարաբերությունների ջերմացում, դիվանագիտական կապերի ամրապնդում, և այդ բոլորն, իհարկե, ի նպաստ Հայաստանի: Էլ ավելի ընդգծված երևականության տեր դիտորդները համոզված են, որ հրեաների քայլը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից ճանաչման գործընթաց սկսելուն, քանի որ հրեական լոբբիստները մեծ ազդեցություն ունեն ամերիկյան կառավարությունում: Սակայն վառ ցանկություններից այն կողմ իրողությունն է, համաձայն որի Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է հետևելու դրան, թե ինչպես է դա ազդելու Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Եվ ուրեմն իմաստ կա այս անգամ վաղվա օրվան նայել հրեաների աչքերով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: