Tag Archives: կյանք

ՋՈՆ ՌԵՍԿԻՆ

18 Փտր

Մեր կյանքի յուրաքանչյուր պահին մենք պետք է ձգտենք որոնել-գտնել ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է մյուս մարդկանցից, այլ այն, ինչը ընդհանուր է մեր և նրանց միջև: Նայեք յուրաքանչյուր արշալույսին, ինչպես ձեր կյանքի սկզբին, և յուրաքանչյուր վերջալույսին, ինչպես կյանքի ավարտին: Թող այդ կարճատև կյանքերից յուրաքանչյուրը նշվի որևէ բարի արարքով, ձեր որևէ հաղթանակով սեփական անձի նկատմամբ կամ ձեռքբերված գիտելիքով: Ձեր գործին նվիրվեք ամբողջ հոգով ու սրտով, բայց նախապես պարզեք, թե արդյո՞ք դա լավ գործ է: Բարի գործը չի կարող արվել ատելությունից, առավել ևս` շահամոլությունից: Այն արվում է միայն սիրուց: Բարի գործեր անելը ամենայն վեհություն տանող ուղին է. եթե այդպիսիք չեք անում, ապա անխուսափելիորեն կգա այն օրը, երբ դուք ստիպված կլինեք աշխատել ոչ թե բարու, այլ չարի համար: Ձեր գործերի արդյունքները կգնահատեն ուրիշները. ջանացեք միայն այն բանում, որ ձեր սիրտը լինի մաքուր ու արդարացի:

ՊՈԼ ԿԼՈԴԵԼ

3 Փտր

ՀԵՆՑ ԿՅԱՆՔԸ
(հատված)

Երկար և ծխացող լռությունից հետո,
Բազում օրեր ծուխ ու աղմուկից անվերջ ծխացող քաղաքների
ահռլի լռությունից հետո,
Շնչառությունը հերկվող հողի և հևքը ոսկեզօծ մեծ քաղաքների,
Հանկարծ նորից Հոգին, հանկարծ շոինչը նորից,
Հանկարծ խուլ բաբախյունը սրտի, հանկարծ խոսքը տրված,
հանկարծ շունչը հոգու, վայրկենական հափշտակությունը,
Հոգու տիրապետությունը հանկարծ:
Ինչպես մթնամած երկնքում, երբ դեռ չի ճայթել կայծակի շանթն առաջին,
Հանկարծ Զևսի քամին պտտահողմի մեջ
հարդն ու փոշին խառնած գյուղի բոլոր լվացքներին:

Տեր իմ, դու որ սկզբում բաժանեցիր բարձրյալ ջրերը ստորին ջրերից,
Եվ այդ ջրերը, որ ասում եմ, դարձյալ բաժանեցիր`
զատելով խոնավասույզ ջրերից,
Անջրդին, ինչպես երեխան` մայրական մարմնից արգավանդ,
Հողը բորբ-կաթոգին, քնքուշ-շերտադարս ու սնված կաթով անձրևի,
Եվ որ ցավի ժամանակ, ինչպես արարման օրը,
քո ամենակարող ձեռքով վերցնում ես
Մարդկային կավանյութը, և ամենուստ ցայտում է հոգին
քո մատների արանքներից,
Նորից երկրային երկարաձիգ ճամփաներից հետո,
Ահավասիկ Ներբողը, ահա այս մեծագույն և նորընծա Ներբողը տրվում է քեզ,
Բնավ ոչ իբրև սկսվող մի բան, այլ կամաց-կամաց, ինչպես ծովը առկա,
Ծովը մարդկային բոլոր խոսքերի, որի մակերեսն առանձին տեղերում
ճանաչվում է մշուշի տակից ելնող մի շնչով
կամ մայրապետ լուսնի խաթուն ցոլանքով…

… Ոչ նավազը,
Ոչ Ձուկը, որ մի այլ ուտվելիք ձուկ է hմայում,
քարշ տալիս իր ետևից, այլ հենց բանը, և ամբողջ տակառը, և կենդանի երակը,
Եվ հենց ջուրը, և տարրը հենց:
Խաղեր եմ անում, հրճվում:
Ես կիսում եմ ազատությունը ամենագո ծովի:
Ջուրը
Միշտ գալիս է վերագտնելու ջրին,
Կազմելու միասնական մի կաթիլ:
Եթե ես ծով լինեի` միլիարդավոր ձեռքերով խաչված
նրա երկու մայրցամաքներին,
Ամբողջ որովայնով զգայի ձգող ուժը երկնքի և անշարժ արևի,
ինչպես վառվող պատրույգը բուժապուլիկի տակ,
Իմանալով սեփական քանակս,
Այս ես եմ, կրակում եմ, կանչում եմ բոլոր արմատներս, Գանգեսը, Միսսիսիպին,
Օրենքի խիտ մազափունջը, Հռենոսի երկար թելը, Նեղոսն իր կրկնակի բուշտերով,
Եվ գիշերային առյուծը լակող, և ճահիճները,
և ստորգետնյա տիղմերը, և կլոր սիրտը, որ լի է մարդկանցով,
որոնք իրենց պահն են ապրում:
Ոչ թե ծովը, այլ ես եմ հոգին, և ինչպես ջուրը
Ջրին, հոգին գտնում է հոգուն,
Հոգին, գաղտնի շունչը,
Հոգին արարիչ, որ ծիծաղեցնում է, կյանքի հոգին
և թոքային մեծ շնչառությունը, հոգու ազատ արձակումը,
Որ խուտուտ է տալիս, արբեցնում է և ծիծաղեցնում:
Օ, սա առավել քան կենդանի է և աշխույժ, ցամաքում մնալու վախ չկա:
Որքան ավելի եմ խրվում հեռվում, այնքան ավելի անհաղթահարելի է դառնում
անդունդի առաձգականությունը…

Թարգմ. Աննա Հակոբյան

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

15 Հնվ

Այս տողերը գրված են Մայր Թերեզայի` Կատմանդուում գտնվող սենյակի պատին:

Կյանքը հնարավորություն է, բաց մի թող այն:
Կյանքը գեղեցկություն է, հիացիր:
Կյանքը քո առաքելությունն է, կատարիր այն:
Կյանքը խաղ է, խաղա:
Կյանքը սեր է, սիրիր:
Կյանքը գաղտնիք է, բացահայտիր:
Կյանքը ողբերգություն է, դիմացիր:
Կյանքը կյանք է, փրկիր այն:
Կյանքը երջանկություն է, արարիր այն ինքդ:
Արժե ապրել, մի ոչնչացրու քո կյանքը:

Մայր Թերեզայի պատվիրաններից

1. Դու կարող ես լինել բարի ու ազնիվ, բայց մարդիկ քեզ կմեղադրեն կեղծավորության ու նենգ նպատակների մեջ: Միևնույն է, եղիր բարի և ազնիվ:
2. Դու կարող ես երջանկություն ու հոգու խաղաղություն գտնել, մարդիկ կնախանձեն քեզ: Միևնույն է, եղիր երջանիկ:
3. Այն, ինչ կկառուցես տարիների ընթացքում, ինչ-որ մեկը կքանդի մեկ օրում: Միևնույն է, կառուցիր:
4. Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը տեղի է ունեցել քո և մարդկանց միջև: Այդ ամենը տեղի է ունեցել քո և Աստծո միջև…

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

14 Հնվ

Մեր կարծիքը իրերի, առարկաների ու երևույթների մասին պետք է անհողդող ու հաստատուն լինի, իսկ մարդկանց մասին ամեն օր կարող է փոխվել: Մարդկային կյանքը քիչ է մի մարդու բնավորությունը ճանաչելու և հասկանալու համար: Իսկ ժողովուրդը բաղկացած է առանձին անհատներից, մարդկանց միլիոններից: Ամբոխը, ժողովուրդը ծաղր, հեգնանք չի սիրում: Ժողովուրդը որպես հանճար, սեր, անտառ, որպես ծով, լուրջ է: Կյանքը ոչ նպատակ է, ոչ էլ միջոց: Կյանքը իրավունք է: Կյանքը ձգտում է իրագործել այդ իրավունքը ընդդեմ ցուրտ մահվան և անցյալի, և այդ իրավունքի իրագործումը հեղափոխությունն է:
Ինչպես աստղերը զարդարում են երկինքը, այնպես էլ մեծ մարդիկ զարդարում են իրենց հայրենիքը և աշխարհը: Բանաստեղծը փոքրիկ արարիչ է: Նա նման է Աստծուն նաև նրանով, որ ստեղծում է մարդկանց իր պատկերի համաձայն: Մեծ մարդկանց սրտերը աշխարհի աստղերն են: Միայն հանճարը ունի նոր մտքի համար նոր խոսք: Միտքը անտեսանելի տարածություն է, իսկ տարածությունը` տեսանելի միտք:

ՉԱՐԼԶ ՉԱՊԼԻՆ

8 Դկտ

ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
Խոսք` արտասանված ծննդյան 70 ամյակին

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով:
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:

ՄԱՐԿՈՍ ԱՎՐԵԼԻՈՍ

27 Նյմ

Ինքս ինձ հետ մենակ

Հասկացիր ոչ միայն այն, որ կյանքը յուրաքանչյուր օր նվազում է և մնում է նրա ավելի քիչ մասնաբաժին, այլ նաև այն, որ շատ երկար կայնքի դեպքում ոչ միշտ է պահպանվում մտքի ուժը տեղի ունեցողը հասկանալու և աստվածային ու մարդկային գործերն ըմբռնելու համար:
Երբ մարդը բթանում է, այդ չի ազդում նրա շնչառության, մարսողության, երևակայության, ցանկությունների և նման բաների վրա: Սակայն թուլանում է իշխանությունն իր անձի վրա: Նա արդեն չի հասկանում իր պարտականությունները, ընդունակ չէ պատկերացում կազմել շրջապատի մասին և չի կարող իրեն հաշիվ տալ այն բանում, որ ավելի լավ է հրաժեշտ տալ այդպիսի կյանքին: Այդ ամենը պահանջում է հստակ բանականություն, որն արդեն անվերադարձ կորսված է: Այսպիսով, հարկ է շտապել ոչ միայն այն բանի համար, որ մենք ավելի ու ավելի ենք մերձենում մահվանը, այլ նաև այն բանի համար, որ դեռ կյանքի ընթացքում մեզ դարանակալում է իրերի ճշմարիտ դիտարկման և ընկալման ընդունակության կորուստը:

Հարկ է ուշադրություն դարձնել և այն բանին, որ մի կողմնակի ու փոփոխական բան բնության ստեղծագործություններում ունի հատուկ գրավչություն և գայթակղիչություն: Թխած հացի վրա տեղ-տեղ հայտնվում են փոքրիկ ճաքներ: Այդ ճաքերը անհարազատ են հացթուխի արվեստի հիմնական նպատակին, բայց հացին տալիս են առանձնահատուկ ախորժահամ տեսք: …Ցածր կռացած հասկերը, առյուծի մռայլ ճակատը, վարազի երախից հորդացող փրփուրը և շատ այլ բաներ, որոնք ինքնին ամենևին էլ գրավիչ չեն, զուգակցվելով այն բանին, ինչ ստեղծել է բնությունը, ուժեղացնում են ընդհանուր տպավորությունը: Այդ բոլորը դեպի իրեն է ձգում այն մարդուն, ով ունի առանձնահատուկ ընկալունակություն և Ամբողջի էության ավելի խորը ըմբռնում: Դժվար թե նա կարողանա չզգալ կարևորությունը նման երևույթների, որոնք միշտ ուղեկցում են բնության գործունեությանը: Ողջ գազանների երախներին նա կնայի նույքան հրացմունքով, ինչքան բնությանը օրինակող պատկերներին ստեղծված նկարիչների և արձանագործների տաղանդով: Խորամուխ հայացքով նա ունակ է ճանաչել ոչ միայն ծաղկման ժամանակաշրջանի գեղեցկությունը, այլ նաև ծերունու և պառավի առանձնահատուկ գեղեցկությունը, երեխայի հրապույրը: Եվ շատ կա այնպիսի բան, որ մատչելի է ոչ յուրաքանչյուրին, այլ բացվում է միայն նրան, ով ճշմարտապես մերձեցել է բնությանը և նրա գործերին:

Հիպոկրատը բուժելով բազմաթիվ հիվանդություններ, ինքը հիվանդացավ և մահացավ: Քաղդեացիները շատերին մահ կանխագուշակեցին, իսկ այնուհետև իրենց էլ վրա հասավ ճակատագիրը: Ալեքսանդրը, Պոմպեոսը, Գայոս Կեսարը հիմնովին քանդելով այդքան քաղաքներ և մարտերում կոտորելով տասնյակ հազարավոր հեծյալների ու հետևակների, վերջ ի վերջո իրենք էլ հրաժեշտ տվեցին կյանքին: Հերակլիտեսը, ով այդքան դատողություններ արեց համաշխարհային հրդեհի մասին, մահացավ ջրգողությունից…. Դեմոկրիտին կերան մակաբույծները: Սոկրատեսին սպանեցին նույնպես յուրատեսակ մակաբույծները: Բայց այս ամենից ի՞նչ եզրակացություն: Դու նավ բարձրացար, նավարկություն կատարեցիր, հասար նավահանգիստ. պահն է իջնելու:Եթե քեզ այլ կյանք է սպասում, ապա քանի որ աստվածները ամենագո են, նրանք այնտեղ էլ կլինեն: Եթե դա կլինի անզգայության վիճակ, ապա դու ստիպված չես լինի այլևս տառապանքներ և վայելքներ կրել ու ծառայել պատյանին, որն ավելի վատն է նրանից, ով պատյանի գերին է: Քանզի վերջինը բանականություն է և հանճար, իսկ պատյանը` հող ու մոխիր:

Մի´ մսխիր կյանքի մնացորդները ուրիշների մասին մտքերի վրա, եթե միայն խոսքը ինչ-որ հանրօգուտ բանի մասին չէ: Չէ՞ որ մտորելով այն մասին, թե ով ինչ է անում և հանուն ինչի է անում, ով ինչ է ասում, մտածում և ձեռնարկում, դու ձեռքից բաց ես թողնում այլ գործ. ամբողջ հար և նմանը շեղում է սեփական ուղեցույց էության մասին հոգսերից: Հարկ է վերացնել սեփական պատկերացումներից ողջ աննպատակը և անբովանդակը ու հատկապես այն ամենը, ինչ ներշնչվում է հետաքրքրասիրությամբ և զայրույթով: Հարկավոր է ընտելացնել մեզ միայն այնպիսի մտքերին, որոնց վերաբերյալ անսպասելի հարցին. «Ինչի՞ մասին ես դու այժմ մտածում», կարողանաս շիտակորեն պատասխանել, որ այս մասին և այս մասին: Այդ մտքերը լեցուն են անկեղծությամբ ու բարյացակամությամբ և արժանի են հանրակեց էակին, ով գարշում է զգայական հաճույքներից, վայելքներից, քմահաճությունից, նախանձից, կասկածամտությունից և նման բաներից, որ կստիպեն կարմրել քո մեջ եղած լինելու գիտակցմամբ: Մարդը, ով երբեք չի թողնում հսկողությունն այն բանի, որպեսզի լինի լավագույնների թվում, քուրմ է և աստվածների աջակից: Նա նաև բարեկամացած է իր ներսում ապրող աստվածության հետ, որը դարձնում է մարդուն անմատչելի հաճույքների, անխոցելի տառապանքների համար, թշնամի ամեն տեսակ ամբարտավանության, անզգայուն չարության ցանկացած դրսևորման հանդեպ, մարտիկ մեծագույն պայքարում, որտեղ նա պետք է դիմակայի բոլոր կրքերին: Աստվածությունը խթանում է նրան խորապես համակվել արդարությամբ և ամբողջ հոգով ողջունել ողջ տեղի ունեցողն ու իրեն բաժին հասած ճակատագիրը: Իսկ այն մասին, թե ինչ է խոսում, գործում կամ խորհում ուրիշը, պետք է մտածել ոչ հաճախակի, այն դեպքում, երբ այդ պահանջում է մեծ և հանրօգուտ գործը: Այդպիսի մարդը զբաղված է բացառապես իր անձնական գործերով, իսկ նրա մտորումների մշտական առարկան Ամբողջի կազմությամբ նրան նախանշված ճակատագիրը: Առաջինը նա ձգտում է հասցնել կատարելության, իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա նա հաստատապես ապավինում է նրա բարեգթությանը: Քանզի յուրաքանչյուրին բաժին հասած ճակատագիրը և´ համապատասխանեցված է իրեն, և´ օգտակար: Նա հիշում է նաև, որ ողջ բանականը միմյանց միջև հարազատությունում է, որ հոգատարությունը բոլոր մարդկանց նկատմամբ համապատասխանում է մարդու բնույթին, բայց արժեքավոր է հավանությունը ոչ բոլոր մարդկանց, այլ միայն բնությանը ներդաշնակ ապրողների: Նա երբեք աչքաթող չի անում, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանք, ովքեր ապրում են ոչ այնպես, ինչպիսին են նրանք տանը և տնից դուրս, գիշերը և օրվա ընթացքում, և ում հետ, ու ինչպիսի բարեկամություն են անում: Եվ գովեստը մարդկանց, ովքեր իրենք իրենց էլ չեն բավարարում, նա բանի տեղ չի դնում:

Մի գործիր ո´չ սեփական կամքի դեմ, ո´չ ընդհանուր բարօրության հետ ներհակությամբ, ո´չ որպես թեթևամիտ կամ ինչ-որ կրքի ազդեցությանը ենթարկվող մարդ: Մի մարմնավորիր միտքդ ճոռոմ ձևերում, մի հրապուրվիր ո´չ բազմախոսությամբ, ո´չ բազմակատարմամբ: Թող ներսիդ աստվածությունը լինի ղեկավարը խիզախ, հասուն, պետության շահերին նվիրված էակի; իշխանությամբ օժտված, իրեն պահակետում զգացող հռոմեացու, նման այն մարդու, ով կարիք չզգալով ո´չ երդման, ո´չ երաշխավորների, անվրդով սպասում է կյանքը թողնելու կանչին: Եվ լուսավոր կլինի հոգումդ, և դու կարիք չես ունենա ո´չ դրսի օգնության, ո´չ այն հանգստության, որը կախված է ուրիշներից:
Այսպիսով, պետք է լինել ճշտակատար, այլ ոչ թե վերափոխվող:

Եթե դու մարդկային կյանքում գտնում ես ավելի լավ բան, քան արդարությունը, ճշմարտությունը, խելամտությունը, խիզախությունը, այլ խոսքով`ինքնաբավությունը քո մտքի, որն ընդունակ է ցույց տալ գործողության ուղին, բանականության և քո ճակատագրի հետ ներդաշնակ ուղին, այսինքն`այն ամենի հետ, ինչ բաժին է հասնում քեզ անկախ ընտրությունից; այդ ժամանակ, ասում եմ ես, եթե իսկապես տեսնում ես այս ամբողջի հետ համեմատած ավելի լավ բան, ապա դիր ողջ հոգիդ, որպեսզի ապրես լավագույնի հնարավորությունը:
Իսկ եթե չգիտես քո մեջ ապրող, առանձին ձգտումներն իրեն ենթարկեցրած, բոլոր պատկերացումները հետազոտելու ընդունակ, Սոկրատեսի բառերով ասած`զգացունքների գայթակղության համար իրեն անմատչելի դարձրած, աստվածների կամքին հլու և մարդկանց նկատմամբ կարեկցանքով լի հանճարից ավելի գեղեցիկ բան, եթե դրա հետ համեմատած ողջ մնացածը համարում ես աննշան և խղճուկ, ապա քո ուշադրությանը մի արժանացրու ոչ մի կողմնակի բան:
Ինչ-որ երկրորդական բանով գայթակղված մի կողմ խոտորվելով դու արդեն չես կարող լիակատար կերպով տրվել միակ, քեզ պատկանող բարիքին ծառայելուն: Չէ որ անթույլատրելի է բանականության և քաղաքացիականության բարիքի կողքին դնել ինչ-որ օտարածին բան`ամբոխի հավանությունը, արբեցում իշխանությամբ, հարստությամբ, հաճույքներով լի կյանքով: Բայց այդ բոլորը կարող են անսպասելիորեն գրավել և տիրել քեզ, հենց դու կվերագրես նրանց թեկուզ աննշան արժեք: Դրա համար էլ, ասում եմ քեզ, անկեղծորեն և ազատ ընտրիր լավագույնը ու հենվիր նրան: «Բայց լավագույնը օգտակարն է»: Եթե այն օգտակար է քեզ համար որպես բանական արարածի, ապա պահպանիր այն, եթե քեզ համար որպես անասունի`հրաժարվիր նրանից: Զերծ պահիր դատողության ընդունակությունը ամբարտավանությունից, որպեսզի հնարավորություն ունենաս զգուշորեն հետազոտություն կատարել:

Երբեք քեզ համար օգտակար մի համարիր այն, ինչը երբևիցե կդրդի քեզ խախտել խոստումը, մոռանալ ամոթը, ատել որևէ մեկին, կասկածել, երդվել, կեղծավորել, ցանկանալ մի այնպիսի բան, որը թաքցնում են պատերի ու փականքների ետևում: Չէ որ նա, ով գերապատվությունը տվել է իր բանականությանը, իր հանճարին և նրա առաքինությանը ծառայելուն, չի դնում ողբերգական դիմակ, չի հեծեծում, կարիք չունի ո´չ առանձնության, ո´չ բազմամարդության: Նա կապրի, և այդ է ամենագլխավորը, ոչնչի հետամուտ չլինելով և ոչնչից չխուսափելով: Նրան բացարձակապես չի անհանգստացնում, թե մեծ կամ փոքր ժամանակահատվածում նրա հոգին կգտնվի մարմնական պատյանում, և երբ կգա կյանքից բաժանվեու պահը, նա կհեռանա այնպես անվրդով, ինչպես կկատարեր մի այլ բան նրանից, ինչ կարող է արվել արժանապատվությամբ և պատվով: Չէ որ իր ողջ կյանքում նա միայն մտածում է այն բանի մասին, որպեսզի թույլ չտա իր հոգուն նվաստանալ մինչև այն աստիճանը, ինչը վայել չէ բանական և քաղաքացիականության կոչված էակին:
Թարգմ. Աշոտ Տիգրանյան

ՖՅՈԴՈՐ ՍՈԼՈԳՈՒԲ

8 Նյմ

Գերեվարված մահը

Վաղնջական ժամանակներում ապրում էր մի խիզախ ու անհաղթ ասպետ: Պատահեց մի անգամ, որ նա գերեվարեց մահվանը: Բերեց նրան իր ամրակուռ ամրոցը եւ նստեցրեց զնդանում: Մահը ոչինչ, նստած է իր համար, իսկ մարդիկ դադարեցին մահանալ: Ասպետը հրճվում եւ մտածում է.
— Հիմա լավ է, բայց տագնապալի, նրան հսկել է պետք: Ավելի լավ կլիներ իսպառ ջնջել:
Միայն թե ասպետն արդար էր, չէր կարող նրան առանց դատի սպանել: Ահա եկավ նա զնդանի մոտ, կանգնեց պատուհանիկի մոտ ու ասաց.
— Մահ, ես ուզում եմ գլուխդ կտրել, դու աշխարհում շատ չարիք ես գործել:
Սակայն մահը լռում ու լռում է: Ասպետն էլ ասում է.
— Ահա, քեզ ժամանակ եմ տալիս, պաշտպանվիր, թե կարող ես: Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար: Իսկ մահը պատասխանում է.
— Ես քեզ ոչինչ չեմ ասի, բայց այ, թող կյանքը խոսի ինձ համար:
Եվ տեսավ ասպետը, կանգնած է նրա կողքին կյանքը, պարարտ ու շառագունած, բայց եւ՝ այլանդակ: Եվ սկսեց նա էնպիսի գեշ ու սրբապիղծ խոսքեր ասել, որ խիզախ ու անհաղթ ասպետը սրսփաց ու փութաց զնդանը բացել:
Գնաց մահը, եւ մարդիկ դարձյալ մահանում էին: Իր ժամին մահացավ եւ ասպետը, եւ երկրի երեսին ոչ մեկին նա չասաց այն, ինչ լսել էր կյանքից` այլանդակ ու պիղծ կնկանից:

ՊԻԵՌ ՊԱՈԼՈ ՊԱԶՈԼԻՆԻ

16 Հկտ

ՄԱՀՎԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարդն ինքնաարտահայտվում է գործողության միջոցով, քանի որ հենց այդպես է նա վերափոխում իրականությունն ու ներգործում մտքի վրա: Բայց մարդու ամեն մի գործողություն զուրկ է միասնականությունից, անգամ իմաստից, մինչև որ չհասնի ավարտին, չվերջանա: Քանի դեռ ապագան հնարավոր է, քանի դեռ առկա է անհայտությունը, մարդը շարունակում է մնալ չարտահայտված: Կարելի է, օրինակ, հանդիպել ազնիվ մարդու, որը 60 տարեկանում խախտել է օրենքը. սա փոխում է նրա բոլոր նախկին արարքների իմաստը և այդ մարդուն ներկայացնում բոլորովին այլ լույսով: Քանի դեռ ես ողջ եմ, ոչ ոք չի կարող համոզված լինել, թե իրոք ճանաչում է ինձ, այսինքն չի կարող բացահայտել իմ գործողությունների իսկական իմաստը:
Ահա թե ինչու է մահն այդպես անհրաժեշտ: Քանի դեռ ողջ ենք, մեզ պակասում է իմաստը, իսկ մեր կյանքի իմաստը (որի օգնությամբ ինքնաարտահայտվում ենք և որին վերագրում բացառիկ իմաստ) մնում է անմեկնելի` հնարավորությունների մի խառնաշփոթ, հարաբերությունների ու նշանակությունների մի անհատնում հոսք, որոնք ելք չեն գտնում որևէ վերջնական լուծման մեջ: Մահն իրագործում է մեր կյանքի եզրափակիչ մոնտաժը: Այլ կերպ ասած, մահն առանձնացնում է մեր կյանքի իսկական նշանակալից դրվագները (որոնց իմաստն այլևս չի կարող փոխվել նոր, հակասական կամ անմիտ պահերի ազդեցության տակ)` դրանք դասավորելով այնպես, որ մեր անվերջ, անորոշ ու տարտամ ներկան վերածվում է հստակ, հաստատուն անցյալի: Հետևաբար կյանքը կարող է մեր ինքնաարտահայտումը լինել լոկ մահվան շնորհիվ:

Թարգմ. Զ. Բոյաջյան

%d bloggers like this: