Tag Archives: կյանք

ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

15 Սպտ

Սովորաբար բժիշկների կամ փրկարարների մասին սիրում են ասել. «Այս մարդիկ կյանքեր են փրկում»: Եվ դա իրոք այդպես է:
Իսկ ի՞նչ են անում մյուսները: Նա, ով հող է մշակում, կյանքեր չի՞ փրկում: Նա ով տներ է կառուցում, կյանքեր չի՞ փրկում: Նա, ով սերունդ է կրթում ու դաստիարակում, կյանքեր չի՞ փրկում…
Յուրաքանչյուր արված լավ գործի մեջ կյանքի փրկություն կա:

Հ. Չարխչյան1495066171.9046.958005361

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԸ

15 Դկտ

Մեկը գնաց իմաստունի մոտ ու հարցրեց.
— Կարո՞ղ ես ինձ ասել, թե որն է կյանքի նպատակը:
— Չեմ կարող,- պատասխանեց իմաստունը:
— Այդ դեպքում ասա, ո՞րն է նրա իմաստը:
— Չեմ կարող:
— Իսկ կարո՞ղ ես գոնե ինչ-որ բան ասել հետմահու կյանքի մասին:
— Չեմ կարող:
Հիասթափված մարդը հեռացավ: Իսկ իմաստունն ասաց.
— Ի՞նչ օգուտ նրանից, որ գիտես կյանքի իմաստն ու նպատակը, եթե դու չես ճաշակել կյանքի համը:59093814

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

9 Հնվ

— Որքա՞ն է մեզ մնացել ապրելու,- հարցրեց հանկարծ Ելենան:

— Եթե զգույշ լինենք` մի տարի կամ գուցե տարիուկես:

— Իսկ եթե անզգույշ լինենք:

— Միայն ամառը:

— Արի լինենք անզգույշ,- ասաց նա:

— Ամառը կարճ է:

— Ահա թե ինչ,- ասաց նա անսպասելիորեն կրքոտ:- Ամառը կարճ է: Ամառը կարճ է և կյանքը նույնպես կարճ է, բայց ի՞նչն է նրան դարձնում կարճ: Այն, որ մենք գիտենք, որ նա կարճ է: Արդյոք թափառող կատուները գիտե՞ն, որ կյանքը կարճ է: Արդյոք գիտե՞ն այդ մասին թռչունները: Թիթեռները: Նրանք կյանքը համարում են հավերժական: Ոչ ոք նրանց այդ բանը չի ասել: Ինչու՞ են մեզ դրա մասին ասել:

— Այդ հարցին շատ պատասխաններ կան:

— Գոնե մեկն ասա:

Մենք կանգնած էինք մութ սենյակում: Դռներն ու պատուհանները բաց էին:

— Դրանցից մեկն այն է, որ կյանքն անտանելի կլիներ, եթե այն լիներ հավերժ:

— Դու կարծում ես, որ այն կդառնար ձանձրալի՞: Ինչպես ասվածների՞ կյանքը: Դա ճիշտ չէ: Հաջորդն ասա:

— Կյանքում ավելի շատ դժբախտություն կա, քան երջանկություն: Այն, որ նա հավերժ չի, պարզապես գթասրտություն է:

Ելենան լռեց:

— Այդ բոլորը ճիշտ չէ,- վերջապես ասաց նա:- Եվ մենք դա ասում ենք միայն նրա համար, քանի որ գիտենք` մենք հավերժ չենք ու ոչինչ չնք կարող պահպանել: Եվ դրա մեջ չկա ոչ մի գթասրտություն: Մենք դա ինքներս ենք հորինել: Մենք դա հորինել ենք, որպեսզի հուսանք…

«Գիշերը Լիսաբոնում»kul-remark

ՌԻՉԱՐԴ ՕԼԴԻՆԳՏՈՆ

20 Հկտ

Մի մտածիր, թե դու կարող ես լինել կատարելություն. դա անհնար է: Կոփիր ինքդ քեզ, քո բնավորությունը, որպեսզի երբ վրա հասնի փորձությունը,- իսկ դա անխուսափելի է,- դու կարողանաս նրան դիմավորել ինչպես իսկական տղամարդ: Թույլ մի տուր, որ քեզ մոլորեցնեն ծեծված ճշմարտություններով ու բարձրագոչ ֆրազներով: Ճամփորդիր, ճանաչիր աշխարհը, ծանոթացիր մարդկանց հետ, ինչ-որ բանի վրա աշխատիր, որը քեզ հետաքրքրում է, սիրահարվիր, արա հիմարություններ, եթե այդպես է վիճակված, բայց այդ բոլորն արա ներշնչանքով: Ամենակարևորը` կյանքն ապրիր ճաշակով: Հնարավոր է` մեզ ևս մի կյանք է սպասվում: Բայց որպեսզի վաստակենք այն, պետք է պարպենք այս կյանքն ամբողջովին, վերցնենք նրանից այն ամենն, ինչ հնարավոր է: Վախեցիր անգույն ճակատագրից:literature05

ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

13 Հլս

Երբեմն «ամեն ինչ ունենալ» և «ոչինչ չունենալ» հասկացություններն շատ ավել են իրար մոտ, քան կարող են երևակայել նրանք, որոնց բախտն այնքան էլ չի բերել:

Ես գիտեմ, թե դա ինչ բան է, երբ մեկնում են: Մի շաբաթ մեռնում ես, մի շաբաթ պարզապես հիվանդ ես, հետո սկսում ես մոռանալ, իսկ այնուհետև թվում է, որ ոչինչ էլ չի եղել, որ եղել է ոչ քեզ հետ, և ահա դու թքում ես ամեն ինչի վրա: Եվ ասում ես ինքդ քեզ. «Սա կյանք է, այդպիսին է այն ստեղծված: Այսպիսին է ստեղծված այս հիմար կյանքը: Կարծես թե ոչինչ էլ չես կորցրել մեկընդմիշտ»:

Երբեմն չկա ավելի գռեհիկ բան, քան վերադառնալը:

fowles

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

1 Հնս

Մշտապես ես ասում եմ. «Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ», երբ ամենևին էլ հաճելի չէ: Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան ասել: Սա է ամբողջ դժբախտությունը. անհնար է գտնել խաղաղ, հանգիստ մի վայր: Չկա այդպիտի տեղ աշխարհում: Երբեմն մտածում ես` իսկ գուցե կա՞, բայց մինչ դու այնտեղ կհասնես, ինչ-որ մեկը ծածուկ կհայտնվի այնտեղ ու մի անպատկառություն կգրի հենց քո քթի տակ…

Վրա կհասնի օրը, երբ դու ստիպված կլինես որոշել, թե ուր ես գնալու: Եվ անմիջապես պետք է գնալ այնտեղ, որտեղ որոշել ես: Անհապաղ: Դու իրավունք չունես ոչ մի րոպե վատնել: Դա քեզ արգելված է:

Մարդն ունի այնպիսի մի բան, ինչը չի ենթարկվում մեծամասնությանը: Դա նրա խիղճն է: Եվ մարդը չպիտի ստանձնի այն, ինչ վերապահված է Աստծուն:

 

Ի՞նչ է ասում մի պատը մյուսին.

— Հանդիպենք անկյունում:

salinger2

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

1 Հնս

Անհաջող օր է: Եվ շաբաթը: Եվ տարին: Եվ կյանքը, անիծված լինի այն:  Շատ տխուր է, ամեն ինչ շատ տխուր է. Ամբողջ կյանքն ապրում ենք ինչպես ապուշներ և վերջիվերջո մեռնում ենք:

Չափազանց քիչ մարդիկ կան, որոնց հետ ես կարող եմ մնալ միևնույն սենյակում 5 րոպեից ավելի` չզգալով, որ ինձ կողոպտում են: Ես չեմ եղել ոչ միզանտրոպ, ոչ կնատյաց, բայց ինձ դուր է եկել միայնությունը: Լավ է, երբ նստած ես մի ինչ-որ  փոքրիկ սենյակում, ծխում ես ու քիչ-միչ խմում: Ես միշտ էլ լավագույն ընկերական շրջապատում եմ եղել ինքս ինձ հետ: Քանի դեռ մարդն ունի գինի ու ծխախոտ, նա շատ բանի կդիմանա:

images

ՋՈՆ ԱԲԴԵՅՔ

22 Հնվ

Նա հստակ տեսնում էր իսկությունը. այն, ինչը հեռացել է նրա կյանքից` հեռացել է անվերադարձ: Փնտրիր որքան կուզես, միևնույն է` չես գտնի: Վազիր ուր կուզես, միևնույն է` չես հասնի ետևից: Նա այստեղ էր, այս քաղաքի տակ, այս ձայների ու բույրերի մեջ, որոնք ընդմիշտ մնացին թիկունքում: Կյանքի ամբողջությունը պարպվում է, երբ մենք վճարում ենք Բնության պարտքը, երբ մենք նրան զավակներ ենք տալիս: Դրանից հետո նրան այլևս հարկավոր չենք: Ու մենք նախ ներքուստ, ապա և արտաքուստ վերածվում ենք աղբի:

63354_original

ԿՈՒՐՏ ՎՈՆՆԵԳՈՒԹ

21 Մյս

Երբ դուք հասնեք իմ տարիքին (եթե, իհարկե, հասնեք), և ժառանգներ ունենաք (եթե իհարկե ունենաք), դուք անշուշտ կհարցնեք ձեր արդեն ոչ այնքան երիտասարդ զավակներին` «Ի՞նչ է կյանքը»: Կյանքի իմաստի մասին այդ հարցը ես տվեցի որդուս, ով բժիշկ է: Եվ ահա դոկտոր Վոննեգութը պատասխանեց իր զառամախտով տառապող հորը. «Հայրիկ, մենք լույս աշխարհ ենք գալիս այն բանի համար, որպեսզի օգնենք միմյանց մի կերպ ապրել այս կյանքը, ինչ էլ որ ուզում է լինի նրա իմաստը»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

9 Մյս

Չեն լինում տոներ, որոնք ինչ-որ մեկինն են: Տոնը բոլորինն է: Չեն լինում հաղթանակներ, որոնք պատկանում են առանձին մարդկանց: Հաղթանակը բոլորի վաստակն է: Սակայն լինում են անհատներ, որոնց համար օրն ու հաղթանակը դառնում է նրանց ճակատագիրը: Պատերազմը Վազգեն Սարգայանի ճակատագիրն էր: Բայց ոչ նրա կյանքը: Կյանքը խաղաղությունն էր: Կյանքը հաշտությունն ու ներդաշնակությունն էր աշխարհի հետ: Կյանքը ամենքի պես ու ամենքի հետ ապրելու ցանկությունն էր:
Ձեզ ենք ներկայացնում Վազգեն Սարգսյանի երեք բացառիկ լուսանկարներ՝ արված տարբեր տարիներին: Եթե նույնիսկ սրանք ակնթարթներ են մեծ ժամանակի մեջ, ապա այդ ակնթարթները մեզ կհուշեն պարզագույն մի ճշմարտություն՝ պետք է իմանալ նախ մարդուն, ապա նոր հերոսին:

Հ. Չարխչյան


ՋԱԿՈՄՈ ԼԵՈՊԱՐԴԻ

12 Ապր

Ես ահա թե ինչ նկատի ունեմ` մարդը ծարավի է և սիրում է լոկ իր երջանկությունը: Իսկ կյանքը նա սիրում է սոսկ այնքան, որքան այն ընկալում է այդ երջանկությանը հասնելու գործիքը կամ դրա սուբյեկտը, և ոչ թե կյանքն է սիրում, թեպետ և հաճախ կյանքին է վերագրում իր սերն առ երջանկություն: Իսկ սերն առ կյանքը այնպիսի հատկություն չէ, որ բնականաբար և անխուսափելիորեն բնորոշ է մարդկանց, դու դրանում կհամոզվես, եթե հիշես, որ հնում շատ ու շատերն ընտրում էին մահը, թեև կարող էին ապրել, և որ մեր օրերում շատերն են մահ կամենում ամենատարբեր իրավիճակներում, իսկ ոմանք նույնիսկ ինքնասպան են լինում: Այդ ամենը չէր կարող տեղ գտնել, եթե սերն առ կյանքը ինքնին լիներ մարդու բնույթում: Փոխարենը` սերն առ սեփական երջանկությունը յուրաքանչյուր կենդանի արարածի բնույթում է, և ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան նա կդադարի սիրել իր երջանկությունը և իր ձևով դրան հասնել: Ըստ իս, երջանիկ կյանքը բարիք է, անկասկած, բայց սոսկ որպես երջանիկ կյանք, այլ ոչ` որպես պարզապես կյանքը: Կյանքը դժբախտ է, քանզի այն դժբախտ է, կա չարիքը և ուշադրության տակ առնելով, որ բնությունը, համենայն դեպս` մարդկայինը, հանգեցնում է այն բանին, որ կյանքն ու դժբախտությունն անբաժան են, դու ինքդ դատիր, թե ինչ է դրանից հետևում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

19 Փտր

ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է…

… Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը- տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի- նեղ թայֆայական կյանք- թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ով ողորմելի ուրախություն, ինչքան ցավալի բաներ ես ասում դու…
Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է։

1913

ՋՈՆԱԹԱՆ ԷԴՎԱՐԴՍ

16 Փտր

Ոչ մի գաղափար, միտք, մտային գործընթաց չի կարող ի հայտ գալ, քանի դեռ բանականությունը չի ստացել սկզբնական ազդակ զգացողությունից: Հոգու գեղեցկությունն անսահման գեղեցիկ է մյուս բոլորից, և այդ պատճառով էլ մարմինը, որն ընդամենը էության ստվերն է, պիտի օժտված լինի հմայքով՝ պատմելու համար հոգու գեղեցկության մասին: Գեղեցկության այդ տեսակը պատկանում է բնությանը և գերազանցում է արվեստին, որն արարվում է մարդու կողմից:
Համարյա բոլոր մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր թվում են ծայրահեղ դժբախտ, սիրում են կյանքը: Նրանց համար դժվար է մտածել այն մասին, որ այս չքնաղ ու զարմանահրաշ աշխարհն ընդմիշտ կմարի իրենց աչքերի համար: Այն բանի գիտակցումը, որ մեր ապրած յուրաքանչյուր ակնթարթը գեղեցիկ է, նույնիսկ եթե մենք առանձնապես ուշադրություն էլ չենք դարձնում դրան, այլ սոսկ որոշակի բավարարվածություն ենք զգում, դրդում է մեզ, եթե մենք ընտրության առաջ ենք կանգնած, նախապատվությունը տալ կյանքին, բոլոր տառապանքներին ու անհաջողություններին՝ ի հակադրություն կյանքի կորստի:

ՋՈՆ ՖԱՈՒԼԶ

7 Հնվ

Մեզանից ոչ ոք չի ցանկանում լինել ոչինչ: Մեր բոլոր արարքները մասամբ հակված են այն բանին, որպեսզի լցնեն կամ քողարկեն այն դատրակությունը, որը մենք զգում ենք ներսում: Անգործությունը նույնպես գործողություն է: «Ես»-ը ոչ միայն այն է, ինչ ես անում եմ, այլ նաև այն, ինչը չեմ անում: Գործելու հրաժարումը երբեմն հավասարազոր է չպատճառաբանված արարքի, որի հիմնական նպատակն է ապացուցել, որ ես ազատ եմ:
«Ես կամ»՝ նշանակում է «Ես չեմ եղել», «Ես կարող էի չլինել», «Ես կարող եմ չլինել», «Ես չեմ լինի»: Մահվան գործառույթը կայանում է նրանում, որպեսզի կյանքը դարձնի լարված: Որքան բացարձակ է պատկերացվում մահը, այնքան ավելի իրական է դառնում կյանքը: Մահը ներառում է ինձ իր մեջ՝ նման այն բանին, ինչպես ինձ իր մեջ է ներառում մաշկս: Եթե չլիներ մահը, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Մահը չարագուշակ դուռ չէ, դեպի ուր ես անշտապ ուղևորվում եմ: Մահն իմ ընթացքն է դեպի իրեն: Սովորաբար սեփական մահվան մասին մեր մտքերում հիվանդագին ոչինչ չկա: Ընդհակառակը, դա ամենապարզ միջոցներից մեկն է համոզվելու, որ մենք ապրում ենք…
Մենք բոլորս անհաջողակներ ենք. մենք բոլորս մեռնելու ենք…

ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

26 Նյմ

Այս աշխարհը թատրոն է: Միայն թե խաղացանկը բանի նման չէ:
Կյանքի իմաստն ինքնադրսևորումն է: Ամբողջապես դրսևորել սեփական էությունը՝ ահա թե ինչի համար ենք ապրում: Իսկ մեր դարում մարդիկ սկսել են վախենալ իրենք իրենցից: Մեր մեծամասնությունը՝ դա մենք չենք: Մեր մտքերը ուրիշների դատողություններն են, մեր կյանքը՝ ընդօրինակում է, մեր կրքերը՝ մեջբերումներ: Բարու և չարի մասին հասկացությունները դարձել են հասու միայն նրանց համար, ովքեր զրկված են մյուս բոլոր հասկացություններից: Չկա ուրիշ մեղք, բացի հիմարությունից: Ու ամեն անգամ, երբ մարդը որևէ հիմարություն է թույլ տալիս, նա այդ բանն անում է ամենաազնիվ մտադրություններով:
Կյանքում հնարավոր է միայն երկու ողբերգություն. առաջինը՝ չստանալ այն, ինչ երազում ես, երկրորդը՝ ստանալ: Երբ աստվածներն ուզում են մեզ պատժել, նրանք ականջ են դնում մեր աղոթքներին: Մինչդեռ աղոթքը պիտի անպատասխան մնա, այլապես այն կդադարի աղոթք լինել և կվերածվի նամակագրության: Սրբերի ու մեղսավորների միակ տարբերությունն այն է, որ սուրբն անցյալ ունի, իսկ մեղավորը՝ ապագա: Մեղք գործելով մարդն ազատվում է մեղքի հակումից, քանզի իրագործումը ուղին է դեպի մաքրագործում:

ՍԵՄՈՒԵԼ ԲԱԹԼԵՐ

18 Նյմ

Կյանքը անսփոփ պատճառներից սփոփիչ հետևանքներ կորզելու արվեստն է:
Մեր կյանքը կարծես Նոյյան Տապանը լինի. հատուկենտ մարդիկ ու լիքը կենդանիներ: Իսկ մարդը միակ կենդանին է, որ կարողանում է բարեկամական հարաբերություններ պահպանել իր զոհերի հետ, որոնց նա մտադիր է խժռել՝ ընդհում այն պահը, երբ նրանք կդառնան ուտելի: Ապրելը նույնն է, ինչ սիրելը՝ գիտակցությունը դեմ է, առողջ բնազդը՝ կողմ: Եվ ընդհանրապես, մարդու իրական կյանքն այն է, որի մասին նա նույնիսկ չի էլ ենթադրում: Այն ամենը, ինչ մենք անում են բացարձակապես անգիտակցաբար, դա հենց այն է, առանց որի մենք անմիջապես կմեռնեինք: Մեր սխալները երբեմն դրսևորվում են ոչ թե արարքներում, այլ այդ արարքների համար զղջումների մեջ: Միակ, իսկապես լուրջ համոզմունքն այն է, որ կյանքում չկա ոչինչ, ինչին արժե լրջորեն վերաբերվել:

ՄԱՅՔԼ ՖԱՐԱԴԵՅ

17 Նյմ

Որքան զարմանալի է այս աշխարհում մեր պահվածքը: Այստեղ մենք ծնվում ենք, դաստիարակվում, ապրում և այս ամենն ընկալում ենք իբրև սովորական մի բան: Ըստ էության ասած, մենք այնքան քիչ ենք զարմանում, որ մեզ այլևս ոչինչ չի ցնցում իր անակնկալով: Ես մտածում եմ, որ երիտասարդի մոտ ջրվեժի տեսքը կամ բարձրաբերձ լեռները ավելի մեծ զարմանք են հարուցում, քանի իր գոյության մասին հարցը, այն, թե նա ինչպես է լույս աշխարհ եկել, ինչպես է ապրում, ինչ կերպ է ուղիղ կանգնում և ինչի շնորհիվ է շարժվում մի վայրից մյուսը: Այդ պատճառով էլ ստացվում է, որ մենք այս աշխարհ ենք գալիս, ապրում ենք և լքում ենք այն՝ մեզ նեղություն չպատճառելով հատուկ խորհելու այն մասին, թե ինչպես է այդ ամենը կատարվում: Եթե չլինեին իմացասեր մարդկանց ջանքերը, ովքեր խորամուխ են լինում այդ հարցերում, բացահայտում կարևորագույն օրենքները, կարգավորում մեր գոյությունը երկրի վրա, հազիվ թե մենք կռահեինք, որ այդտեղ ինչ-որ զարմանալի բան կա:

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

22 Հկտ

ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ

Եթե Տեր Աստված մի պահ մոռանար, որ ես քրջե տիկնիկ եմ և ինձ մի քիչ կյանք պարգևեր, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչը մտածում եմ, ավելի շուտ ես կմտածեի այն մասին, թե ինչ եմ ասում:
Ես իրերը կգնահատեի ոչ թե իրենց արժեքով, այլ նշանակությամբ:
Ես քիչ կքնեի, երկար կերազեի՝ գիտակցելով, որ փակ աչքերով ամեն մի վայրկյանը վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:
Ես կքայլեի, երբ ուրիշները հրաժարվում են քայլել, ես կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են: Եվ ի՜նչ հաճույք կստանայի շոկոլադով պաղպաղակից:
Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, վեր կկենայի արևի առաջին իսկ շողերի հետ` մերկացնելով ոչ միայն մարմինս, այլև հոգիս:
Աստվա՛ծ իմ, եթե գոնե մի քիչ ժամանակ ունենայի, ես իմ ատելությունը կսառցապատեի և կսպասեի, թե երբ արևը կծագի:
Ես կնկարեի աստղերի ներքո, ինչպես Վան Գոգը, կերազեի` կարդալով Բենեդետիի բանաստեղծությունները, և Սեյրայի երգը կդառնար իմ լուսնային սերենադը: Վարդերը ես կցողեի իմ արցունքներով, որպեսզի զգայի նրանց փշերի ցավը և նրանց թերթիկների կարմիր համբույրը:
Աստվա՛ծ իմ, եթե միայն ես մի քիչ կյանք ունենայի… Մեկ օր անգամ բաց չէի թողնի, որպեսզի սիրեի մարդկանց, որպեսզի նրանց հայտնեի իմ սիրո մասին, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ կհամոզեի, որ սիրում եմ իրեն, սիրով կապրեի սիրո մեջ:
Մարդկանց ես կապացուցեի` որքան սխալ են, երբ մտածում են, թե ծերության հետ մեկտեղ իրենք դադարում են սիրել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
Երեխային ես թևեր կտայի, և ինքս էլ նրանց կսովորեցնեի թռչել:
Ծերունիներին կսովորեցնեի, որ մահը վրա է հասնում ոչ թե ծերությունից, այլ մոռացումից:
Մարդիկ, չէ՞ որ ես ևս ձեզանից շատ բան եմ սովորել:
Ես իմացա, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է ապրել լեռան կատարին՝ գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան սպասում է վայրէջքի ժամանակ:
Ես հասկացա, որ երբ նորածինն առաջին անգամ իր փոքրիկ թաթիկով բռնում է հոր մատը, նա այն բռնում է մեկընդմիշտ:
Ես հասկացա, որ մարդը մարդուն վերից վար նայելու իրավունք ունի սոսկ այն նպատակով, որպեսզի օգնի նրան ոտքի կանգնելու:
Այնքա՜ն բան եմ ես ձեզանից սովորել, բայց, ճիշտն ասած, այդ ամենի օգուտը քիչ է, որովհետև, դրանցով լիքը լցնելով սնդուկը, ես մեռնում եմ…

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՍԼՈՈՒ

10 Հկտ

Կյանքը մշտական ընտրության գործընթաց է: Յուրաքանչյուր պահի մարդը ընտրություն ունի. կամ նահանջ կամ առաջընթաց դեպի նպատակակետ: Կամ շարժում դեպի առավել մեծ երկյուղները, տագնապները, պաշտպանությունը, կամ նպատակի ընտրություն և հոգեկան ուժերի աճ: Տասը օրը մեկ վախի փոխարեն զարգացման ընտրությունը նշանակում է տասն անգամ առաջ ընթանալ դեպի ինքնաարդիականացում: Ինքնաարդիականացումը ոչ միայն մեր ճամփորդության վերջին կանգառն է, այլ նաև ճամփորդությունն ինքը և նրա շարժիչ ուժը: Դա մեր զգացածի յուրաքանչյուր րոպեի և նույնիսկ հնարավորությունների նախազգացման արդիականացումն է: Ինքնաարդիականացումը գործընթաց է, այն ենթադրում է, որ ցանկացած անգամ ընտրություն կատարելիս մենք ընտրում ենք, որ արժանապատիվ է մնալ ազնիվ, այլ ոչ թե կեղծել, որ չգողանալն ավելի լավ է, քան գողանալը կամ, ընդհանրացնելով, մեր առջև ծառացած յուրաքանչյուր ընտրություն մենք կատարում ենք ի շահ անձնական աճի: Հաճախ այս հասկացության գործածումն ինձ շատ բան է ասում այն մարդու մասին, ով օգտվում է դրանից, քան բուն իրողության մասին, որ կանգնած է դրա թիկունքում: Այս բացահայտումը նշանակում է, որ բազմաթիվ մարդկանց համար իմաստով լեցուն կյանքի միակ ձևակերպումը, որ նրանք կարող են պատկերացնել, հանդիսանում է հետևյալը. «Չունենալ որևէ կարևոր բան և ձգտել ձեռք բերելու այն»: Սակայն մենք գիտենք, որ ինքնաարդիականացող մարդիկ, եթե նույնիսկ բավարարված են նրանց բոլոր հիմնական պահանջները, կյանքը դիտում են էլ ավելի խորը իմաստով լեցուն, քանի որ նրանք կարող են ապրել, այսպես կոչված, Գոյության արքայությունում…

ՏՈՄՈՆՈՐԻ

18 Ապր

* * *
Ինչպես գոտու ծայրերը, որպեսզի կապվեն,
Սկզբում աջ ու ձախ են բաժանվում իրարից,
Այդպես էլ ես ու դու.-
Բաժանվում ենք, սակայն
Միայն նրա համար, որ հանդիպենք նորից:

* * *
Ինչպես հալվող եղյամ` իջած ծաղիկներին
Քրիզանթեմի` այն տան այգում բացված,
Որտեղ ապրում եմ ես,
Այդպես էլ, կյանք, դու կհալվես-
Քնքուշ սիրով լցված:

Թարգմ. Հ. Բեյլերյան

%d bloggers like this: