Tag Archives: Կիպրոս

Հոկտեմբերի 1-ին պատերազմ կլինի՞

21 Սպտ

Եթե անհրաժեշտություն առաջանա ճշգրիտ ախտորոշում կատարել Թուրքիայի հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության առնչությամբ, ապա վստահաբար կարելի է ասել, որ այդ թեզը ոչ միայն հոգևարք է ապրում, այլև վաղուց ժամանակն է նրա մարմինը հանձնել հողին: Զրոյականը դարձել է հարյուրական, լարվածությունը տարածվել է բոլոր ուղղություններով, և այսօր համարյա անհնար է գտնել Թուրքիային հարևան որևէ երկիր, որն արդեն արժանացած չլինի Անկարայի սպառնալիքներին, փչացրած չլինի հարաբերությունները կամ կասկածանքով չվերաբերվի թուրքական քաղաքականությանը: Բայց արի ու տես, որ այս կուտակումների բեռը դեռ չթեթևացրած՝ թուրքերն իրենց նետում են նոր հոգսերի ու բարդացումների հորձանուտը: Այս անգամ նրանց անհանդուրժողականության թիրախում է հայտնվել Կիպրոսը: Ճիշտ է, կիպրական կնճիռն արդեն տասնամյակների պատմություն ունի, միայն թե ներկայիս լարվածությունը ոչ միայն անցյալի հանրագումարն է, այլև ընդհուպ մոտենում է այն կրիտիկական կետին, որից այն կողմ քայլերը դառնում են անկանխատեսելի ու որպես կանոն՝ աղետալի:
Պատճառները մի քանիսն են՝ մեկը մյուսով պայմանավորված ու փոխկապակցված, սակայն կողմերից որևէ մեկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը՝ փաստարկները լրացնելով նախապայմանների ու վերջնագրերի սահմանումով: Իսկ դրանք սկիզբ են առնում Միջերկրական ծովի գազի հանքավայրերից և վերջանում Եվրամիության դռների մոտ: Ու մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է, որ Թուրքիան ռազմանավեր կուղարկի միջերկրածովյան արևելյան տարածքներ, եթե Կիպրոսն ու Իսրայելն սկսեն իրականացնել օֆշորային գազի արդյունահանման համատեղ նախագիծը, Կիպրոսի կառավարությունն իր հերթին հայտարարում է, թե կշարունակի արգելափակել Եվրամիություն ընդգրկվելու Թուրքիայի ցանկացած փորձ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է Կիպրոսի գազային նախագծերի դեմ սպառնալիքները։ Սրան արձագանքելով Անկարան էլ կոչ է անում մինչև տարեվերջ ստորագրել Կիպրոսի հունական և թուրքական մասերի միավորման մասին պայմանագիր՝ հույս հայտնելով, որ կղզին կկարողանա հաջորդ տարի, որպես միասնական պետություն, ստանձնել Եվրամիության նախագահությունը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի վերամիավորման պայմանների շուրջը հաջորդ վեց ամսվա ընթացքում համաձայնության գալու դեպքում Կիպրոսում 2012 թվականի սկզբին հնարավոր կլինի անցկացնել քվեարկություն պայմանագրի վերաբերյալ՝ կղզու թուրքական և հունական հատվածների մասնակցությամբ։ Դավութօղլուի համաձայն, «նոր պետությունը» կօրինականացնի ԵՄ-ի Կիպրոսի նախագահությունը 2012 թվականի ընթացքում։
Սակայն Թուրքիան խորապես դավաճանած կլիներ իր էությանը, եթե այս ամենից հետո նաև Եվրոպայի դեմքին չշպրտեր իր վերջնագիրն առ այն, որ եթե Կիպրոսի հետ բանակցությունները անարդյունք մնան և ԵՄ նախագահությունը 2012թ Կիպրոսի Հանրապետությանը փոխանցվի, ապա Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները: Նման որոշում պաշտոնական Անկարան արդեն իսկ կայացրել է:
Նման հավակնոտությունը մեկ այլ իրավիճակում գուցեև արժեք ունենար, սակայն ոչ Եվրոպայի պարագայում, որն առանց այդ էլ բոլորովին չի խելագարվում այն մտքից, որ ժամ առաջ թուրքերին տեսնի իր ընդհանոր հարկի տակ: Իսկ ասվածի վերջին ապացույցը դարձավ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Գերմանիան դեմ է Թուրքիայի ԵՄ լիիրավ անդամակցությանը: Այս մասին Մերկելն ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա թուրքերի սադրանքները նրանց համար նոր երևույթ չեն, և պատասխանելով Անկարայի բացահայտ սպառնալիքներին, Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը ասաց. «Մենք Թուրքիային կոչ ենք անում ջանքերն ուղղել կիպրական հիմնախնդրի լուծմանը, այլ ոչ թե լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: Իր հաստատակամությունն էլ ավելի ընդգծելու համար Կիպրոսը նաև հայտարարել է, որ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվելու, և առաջիկա օրերին կսկսեն բնական գազի որոնման աշխատանքները, քանի որ այդ գործողությունն իրենց պետության սուվերեն իրավունքն է և համապատասխանում է միջազգային օրենսդրությանը:
Որքան էլ Թուրքիան շարունակի աղաղակել, թե կղզու բնական պաշարները պատկանում են երկու` հունական ու թուրքական հանրություններին, և հույներն իրավունք չունեն միակողմանիորեն որևէ քայլ ձեռնարկել, ըստ նախնական տեղեկատվության, հորատման աշխատանքները արդեն մեկնարկել են: Աշխատանքները տարվում են կղզու հարավային հատվածում: Արդեն փորվել է շուրջ 80 մետր հորատանցք: Աշխատանքներով զբաղվում է ամերիկյան հատուկ նավը: Ոչ ոք չի պատրաստվում այն խոչընդոտել, իսկ ամերիկացիները նույնիսկ իրենց աջակցությունն են հայտնել այդ առիթով: Խնդրին պատրաստ է միջամտել նաև ՄԱԿ-ը: Կիպրոսի նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից Կիպրոսին ներկայացված փաստացի վերջնագրից։ Բան Կի Մունը նրան խոստացել է այդ հարցը քննարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ։ Ընդ որում՝ նշվում է, որ Բան Կի Մունը ոչինչ չի նշել Միջերկրական ծովում Կիպրոսի կողմից հետախուզական աշխատանքների դադարեցման մասին։
Հավանաբար հենց այս հանգամանքն էլ դարձել է Անկարայի ծայրահեղ անհանգստության և կատաղության վերջին կաթիլը: Իսկ երբ եղածին գումարվեց լուրն այն մասին, թե հոկտեմբերի 1-ին ամերիկյան Noble Energy ընկերությունը ծրագրում է սկսել բնական «Բլոկ-12» գազային հանքավայրի փորձնական հորատումը, որը մտնում է Իսրայելի ու Կիպրոսի համատեղ ժամանակակից էքսկլյուզիվ տնտեսական գոտու մեջ, Թուրքիան արդեն սպառնաց պատերազմով: Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը բաց տեքստով կողմերին տեղեկացրեց, որ եթե «Բլոկ-12»-ի հորատումն սկսվի, ապա Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա: Նա մասնավորապես ասաց. «Դա այդ տարածաշրջանում մեր ռազմական նավերի գտնվելու ստույգ պատճառն է: Հենց դրա համար մենք ստեղծել ենք հզոր բանակ և դրա համար ենք պատրաստում մեր զինվորներին»:
Մինչև հոկտեմբերի 1-ը քիչ ժամանակ է մնացել: 10 օրից մեզ համար պարզ կդառնա, թե ինչի համար է ստեղծված թուրքական հզոր բանակը: Իսկ անկարան մի այլընտրանքային տարբերակ էլ է մտմտում, որի իմաստը կայանում է հետևյալում. կիպրական անհնազանդության պարագայում իրենք ևս սկսելու են Կիպրոսում բնական գազի արդյունահանման աշխատանքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Էրդողանը Բաքվում սեր չի մուրալու

26 Հլս

Վաղը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը կմեկնի Ադրբեջան: Բաքվում նրան ավելի շուտ էին սպասում: Ադրբեջանցիները համոզված էին, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանն արտասահմանյան իր առաջին ուղևորությամբ կպատվի եղբայրական երկրին: Միայն թե Անկարայում ոչ միայն առաջնության հարցը չէր քննարկվում, այլև Էրդողանը այցերի ընտրության իմաստով բավականին ընդարձակ ցուցակ ուներ` Եգիպտոսից մինչև Գազա: Ի վերջո, նրա նախապատվությունը կանգ առավ Կիպրոսի թուրքական մասի վրա: Այդ ընթացքում նա մի քանի առիթներով մխիթարական հայտարարություններ արեց` սիրաշահելու ադրբեջանցիների խոցված ինքնասիրությունը: Հատկապես տպավորիչ էր խորհրդարանում Էրդողանի ծրագրային ելույթը, որտեղ մասնավորապես հայտարարեց, թե Թուրքիան ամեն կերպ աջակցելու է Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, իսկ դրա հետ մեկտեղ հիշեցրեց, որ Անկարայի համար ոչ պակաս կարևոր է հայ-թուրքական մերձեցումը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը: Նախկինի պես Թուրքիայի վարչապետը ասում էր, որ եթե չկարգավորվեն Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները, չլուծվի Ղարաբաղի խնդիրը, որևէ տեղաշարժ չի լինելու, և անմիջապես էլ մեղքը բարդում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որն առ այսօր չի կարողացել ինչ-որ բան ձեռնարկել կարգավորման համար: «Մինսկի խումբն աշխատում է մոտ 20 տարի, և ի՞նչ արդյունքներ: Ոչ մի: Հետաքրքիր է, ինչի՞ կարող է հասնել ՄԽ-ն, եթե ոչինչ չի արել 20 տարում»,- գանգատվում էր նա` գերազանց հասկանալով, որ այդ խոսքերը ադրբեջանցիների սրտով են:
Սակայն այս հերթապահ խոսքերի թիկունքում կա մեկ այլ իրողություն, որն այլևս քողարկել չի հաջողվում: Հայտնի է, որ թուրքերը խիստ դժգոհ են Ադրբեջանից կազանյան հանդիպումը տապալելու համար, իսկ այդ երկրի արտգործնախարարությունը նույնիսկ խայթող ակնարկներ արեց կատարվածի առնչությամբ: Հատկանշական է, որ, օրինակ, «Սապահ» օրաթերթը նույն օրերին համոզված գրում էր, թե Էրդողանը կփոխի իր տեսակետը Հայաստանի խնդրի վերաբերյալ, երբ դա բխի իր շահերից: «Էրդողանը պրագմատիկ է: Եթե նա տեսնի քաղաքական նվաճումների, շահույթի հնարավորություն` նա իր տրամադրվածությունը կփոխի անմիջապես: Սա այն է, ինչ նա արել է նաև նախկինում»,- պնդում էր պարբերականը:
Եվ այժմ պրագմատիկ Էրդողանը պատրաստվում է իրականացնել իր` թվով տասներորդ ուղևորությունը դեպի Բաքու: Ինչպես հայտնում է Թուրքիայի նախարարների կաբինետը, այցի ընթացքում նա փակ դռների ետևում առանձնազրույց կունենա նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև կընթանան ընդլայնված կազմով բանակցություններ։ Կկայանա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։ Սպասվում է, որ կողմերը տարածաշրջանային ու միջազգային զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր կքննարկեն։ Ակնկալվում է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև գազի տարանցիկության մասին համաձայնագրի ստորագրումը։ Դրանցից զատ առանձին քննության նյութ կդառնա վիզային ռեժիմի վերացման հարցը։
Ի դեպ, վերջին երկու հարցերի շուրջ` փոքր-ինչ մանրամասն:
Բոլորովին վերջերս Ադրբեջանը ևս մեկ անգամ սպառնաց կտրել Թուրքիայի գազը: Այդ վերջնագրի համար մի քանի պատճառներ կային, և դրանց թվում նաև այն, որ Բաքուն կասկածի տակ է դրել «Nabucco» գազամուղի նախագծի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը: Առիթն այս անգամ այն է, որ Բաքուն Անկարայից չի ստացել ստորագրված պայմանագրի պատճենը, իսկ ադրբեջանցիները չեն պատրաստվում դրա մասին հիշեցնել կամ խնդրել, քանի որ դա խախտում է հավասար օգտագործման իրավունքի սկզբունքը «Nabucco»-ի երեք նախագծերի համար: Ինչ վերաբերում է տարանցման մասին երկկողմ համաձայնագրին, ապա ըստ Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովի, կողմերը դրա ստորագրմանը բավականին մոտ էին ապրիլին ու մայիսին: «Սակայն որոշ մանր և որոշ կարևոր հարցեր խանգարեցին մեզ պայմանավորվել ու ավարտել աշխատանքը փաստաթղթի վրա»,- ասել է նա: Հավելենք, որ դրա հետ մեկտեղ սպասվում են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունները SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) և թուրքական պետական Botas ընկերության միջև: Քննարկում են Հարավկովկասյան գազատարի ադրբեջանական հատվածի ընդլայնման կամ գազատարի նոր ճյուղի շինարարության հնարավորությունները։
Այս տեսանկյունից Թուրքիայի համար շատ ավելի նախընտրելի է ադրբեջանցիների հետ տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ ծավալել, քան քաղաքական: Միայն թե Բաքվում հակված են այդ երկու ոլորտները դիտարկել մեկ ամբողջության մեջ` ավելի հաճախ նախապատվությունը տալով երկրորդին, իսկ դա նյարդայնացնում է Անկարային: Այնպիսի տպավորություն կա, որ Թուրքիայի վարչապետն ամեն անգամ Բաքվից ակնկալում է ինչ-ինչ քայլեր, իսկ դրանք այդպես էլ չեն արվում:
Համանման մի բարդություն էլ կապված է երկու երկրների միջև անցագրային ռեժիմի խնդրի հետ, որը նույնպես ոչ մի գնով չի վավերացվում: Սրա մեղքն էլ ադրբեջանցիները բարդել են Իրանի վրա: Ալիևի աշխատակազմի պատասխանատու Ալի Հասանովն իր պարզաբանումներում ասել է, թե «մեծ է իրանական կողմի հակազդեցությունը»: Բանն այն է, որ եթե Թուրքիայի հետ անցագրային ռեժիմը վերացվի, ապա նույնը պետք է արվի նաև Իրանի հետ, իսկ ադրբեջանցիները դա չեն ցանկանում: Այս հարցում պատրվակների պակաս չի զգացվում: Ադրբեջանցիներն ասում են, որ Իրանում առկա քաղաքական անկայունությունը կարող է խթանել դեպի Ադրբեջան փախստականների հոսքին: Մյուս կողմից նրանք նշում են, թե հիմնական մտավախությունները կապված են Իրանից թմրանյութերի ներթափանցման հետ: Ըստ Բաքվի տվյալների, ամեն տարի շուրջ 300 տոննա թմրանյութ Ադրբեջանի տարածքով Իրանից հասնում է Եվրոպա: «Ադրբեջանը փոքր երկիր է և պարտավոր է մտածել ազգային անվտանգության մասին»,- արդարանում են նրանք, իսկ մինչ այդ, իբրև պատասխան քայլ, Թեհրանը սպառնում է, որ հակառակ դեպքում կկտրի Նախիջևանի հետ ցամաքային կապը: Եվ այժմ Էրդողանից պահանջվելու է լուծել այս գլուխկոտրուկը, որպեսզի և գայլերը կուշտ լինեն, և հոտն` անվնաս:
Թե Թուրքիայի վարչապետի 10-րդ առաքելությունը որքանով արդյունավետ կլինի, առայժմ դժվար է ասել: Սակայն մի բան հաստատ է. Բաքու-Անկարա հարաբերություններն այլևս նախկինը չեն, ադրբեջանցիների մշտական շանտաժները Անկարայի իրականացրած տարածաշրջանային քաղաքականության գործընթացում ակնհայտորեն զայրացրել են թուրքերին, իսկ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը վաղուց սպառել է իրեն։ Եթե սրան էլ գումարենք այն, որ Էրդողանն այլևս չի թաքցնում Ալիևի հանդեպ տածած իր անձնական հակակրանքը, ապա վաղվա հանդիպումը հազիվ թե լինի ջերմ, եղբայրական ու անկեղծ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: