Tag Archives: կեղծիք

ԱՄՈՍ ՕԶ

23 Սպտ

Սովորական մարդը երբեք չի կարող հրամցնել բացարձակ կեղծիքը: Կեղծությունն ինքը նրան կմատնի: Նման կարճ վերմակին. կձգի ոտքերին` գլուխը կբացվի, կքաշի գլխին` ոտքերը ցույց կտա: Մարդը հորինում է խորամանկ սնամտություններ, որպեսզի թաքցնի ճշմարտությունը` չնկատելով, որ նույն ժամանակ հենց այդ հորինվածքներն են մերկացնում դաժան ճշմարտությունը: Սակայն մյուս կողմից այրող ճշմարտությունը ավերում է ամեն ինչ` ոչինչ չստեղծելով: Ի՞նչ է մնում անել սովորական մարդկանց: Մեզ մնում է լռել ու դիտել: Հենց դա էլ մնում է մեզ` լռել ու դիտել…AMOS-OZ

ԷՓԹՈՆ ՍԻՆԿԼԵՐ

23 Հնվ

Վերջիվերջո ի՞նչ տարբերություն` ճշմարիտ է դա, թե ոչ, և,  ընդհանրապես, ի՞նչ տարբերություն` ինչն է ճիշտ և ինչը` սուտ: Մի՞թե այդքան էական է` մարդն իրապե՞ս կատարել է այդ զազրելի, կեղտոտ արարքը, որը վերագրում են նրան, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ բոլորը խոսում են դրա մասին: Կարևորն այն է, որ բոլորը դրան հավատում են և ուզում են, որ իրականում հենց այդպես էլ եղած լինի: Փոխադարձ անվանարկումներ` ահա թե ինչով է լիովին սնվում հասարակության հետաքրքրությունը, ահա թե ինչն է նրա պահանջներին համապատասխան: Այդ մարդիկ կյանքն անց են կացնում մեկը մյուսի մասին կեղտոտ պատմություններ պատմելով, ցինիզմի ու կասկածանքի, մշտական փսփոցների ու ծիկրակումների մթնոլորտում, հրճվում բանսարկուների ամենաստոր հորինվածքների համար…

upton-sinclair

ՎԱՑԼԱՎ ՀԱՎԵԼ

2 Սպտ

Պատմության առաջ մեր վախը ոչ միայն գալիքի երկյուղն է, այլև դրա հետ սերտորեն կապակցված և փոխպայմանավորված անցյալի երկյուղը: Ով վախենում է առաջ նայել, դժվարությամբ է ետ շրջվում, իսկ ում վախեցնում է անցյալը, նրան վախեցնում է նաև այն ամենը, ինչը դեռ սպասվում է: Եվ շատ հաճախ մեր կյանքում ստելու երկյուղը նոր կեղծիք է ծնում: Մենք մեզ սփոփում ենք այն հույսով, որ ինչ-ինչ պարագաներում սուտ չասելով կարելի է ընդհանրապես ձերբազատվել կեղծիքից: Նրանք, ովքեր նենգափոխում են պատմությունը, ժողովրդի ազատությունը չեն պաշտպանում, այլ ավելի շուտ ժողովրդի համար լուրջ վտանգ են ներկայացնում:
Հասարակության մեջ ազատությունը թերարժեք կլինի, եթե ճշմարտությունը լիիրավ կարգավիճակ չունենա:
Բայց վախը միշտ չէ, որ կործանարար է: Սեփական անզորության հանդեպ ունեցած վախը կարող է նոր ուժեր հաղորդել: Աստծո կամ խղճի հանդեպ ունեցած վախը արիություն է ներշնչում: Պարտությունից վախենալով՝ մենք ավելի շուտ հաղթում ենք, քան պարտվում: Ազատության հանդեպ ունեցած վախը կարող է վերջնականապես ազատագրվելու շարժառիթ հանդիսանալ: Իսկ ապագայի հանդեպ ունեցած վախը երբեմն պարզապես անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, որ այդ ապագան այնպիսին է, ինչպիսին մենք այն վախենում ենք տեսնել:

ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ

2 Ապր

«- Իսկ հիմա ինձ լսիր, սիրելիս,- ասաց Մարիամը և այնպես սկսեց, կկարծեիր ինքն իր հետ է խոսում:- Ես հինգ անգամ մեռել եմ և հինգ անգամ էլ վերակենդանացել: Առաջին անգամ մեռա վախից և հարություն առա մենակության մեջ… Երկրորդ անգամ մեռա մենությունից և հարություն առա կեղծիքի մեջ… Երրորդ անգամ մեռա կեղծիքից և հարություն առա անհոգության մեջ… Չորրորդ անգամ մեռա անհոգությունից և հարություն առա ատելության մեջ… Հինգերորդ անգամ մեռա ատելությունից և հարություն առա սիրո մեջ… Հիմա ես ապրում եմ մեծ, սահմաններ չճանաչող սիրո շրջան, և գիտեմ, որ սիրուց էլ պիտի մեռնեմ: Եվ դա կլինի իմ վերջին մահը: Ես այլևս հարություն չեմ առնի: Ես կմնամ հավերժական սիրո մեջ, ահա ինչու ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե երբ եմ մեռնելու: Ես չեմ վախենում մահից…
…Քանի ժամանակ է` մարդիկ ավելի շատ ատելությունից են մեռնում, քան սիրուց: Երկրի վրա ցամաքել է սիրո կենարար աղբյուրը, ահա ինչու հասել է նաև իր վախճանի ժամը: Եթե կարող եք` վերադարձրեք սիրո կյանքը, և ես կրկին հարություն կառնեմ: Վերադարձրեք մարդկանց սիրով սնուցված իմ կյանքը, վերադարձրեք կորսված սերը, և ես կվերադառնամ ձեզ մոտ»:

%d bloggers like this: