Tag Archives: ԿԳԲ

Լյուստրացիան և դրա իլյուստրացիան

2 Դկտ

Հայաստանում կրկին վիճաբանելու թեմա են գտել, և այս անգամ նման հնարավորություն ընձեռել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը, որը մոտ երկու շաբաթ առաջ հանդես եկավ օրենսդրական մի նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Եթե լսելու լինենք հեղինակների բացատրությունները, ապա ըստ նրանց այս օրինագծի նպատակն է գաղտնազերծել մինչեւ 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Իսկ այդ գործընթացն էլ իր հերթին հնարավորություն պիտի ստեղծի իրականացնել երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև` կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները:
Պնդել, թե ներկա պահին նման օրենք ունենալը օդի ու ջրի պես անհրաժեշտ էր հանրությանը, ճիշտ չի լինի: Ասենք ավելին, այս խնդիրը նույնիսկ սպառել է ոչ միայն իր հրատապությունը, այլև վաղեմության ժամկետը: Ընդ որում, մեր նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ պահանջ է արթնանում հրապարակել գործակալների ցուցակները: Դեռևս 1992 թվականին համանման մի օրինագիծ արդեն ներկայացվել է Գերագույն Խորհուրդ ու մատնվել անհաջողության: Ինչ վերաբերում է ներկա նախագծին, ապա դա ևս կարող է արժանանալ նույն ճակատագրին հենց թեկուզ այն պատճառով, որ վերջինիս հայտնության նպատակը միայն ներքաղաքական հարցեր լուծելն է, ինչը հազիվ թե որևէ օգուտ տա պետությանն ու մարդկանց: Ասվածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ խորհրդարանը հենց առաջին իսկ պահից դա չընդունեց, քանի որ օրինագիծը լի էր բազում թերություններով, իսկ սա էլ իր հերթին վկայությունն էր այն բանի, որ նախաձեռնողները ոչ միայն խնդիրը չէին պատկերացրել իր բոլոր հարթություններում, այլև ակնհայտորեն շտապել էին: Եվ դրա համար կար նվազագույնը մեկ ծանրակշիռ հանգամանք՝ կես տարուց սպասվող ընտրությունները…
Իհարկե, շատ հարմար և լսարանի ականջին հաճելի հնչերանգներ ունեն փաստարկումներն այն մասին, թե սա շատ կարևոր օրենք է, ուղղված է բացառապես Հայաստանի անկախության ամրապնդմանը, ժողովրդավարական կարգերի հաստատմանը և նման գեղեցիկ այլ ձևակերպումներ: Շատ հարմար է նաև վկայակոչել այլ երկրների փորձը՝ հիշելով Արևելյան Եվրոպայի ու Մերձբալթյան պետություններին և, իհարկե, նաև Վրաստանին: Սակայն այն մասին, թե ինչ շահեցին և ինչ կորցրեցին թվարկված երկրները, ոչինչ չի ասվում, ինչպես որ չի նշվում, թե նրանք ե՞րբ և ինչու՞ դիմեցին այդպիսի քայլերի, հատկապես ու՞մ դեմ էր ուղղված այդ երկրների իշխանությունների կիրառած գաղտնազերծումը, և նշված գործընթացներում որքա՞ն էական դեր էին խաղացել քաղաքական շարժառիթները: Սրանց մասին լռությունը շարունակվում է:
Երրորդ բացատրությունը, որ լսելի է «Ժառանգության» ներկայացուցիչներից, հավաստիացումն է այն մասին, թե օրենքը վերաբերում է միայն օտարերկրյա գործակալներին ր ոչ երբեք Հայաստանի անվտանգության ծառայության աշխատակիցներին: Այսքանով հանդերձ նրանք հավելում են, որ այդպիսի մարդիկ միանշանակ կան կառավարման համակարգում: «Եվ լինելով կառավարման համակարգում` նրանք միտումնավոր Հայաստանը բացասական կամ սխալ ուղղությամբ են տանում»,- եզրահանգում են օրինագծի հեղինակները:
Առաջին իսկ պահից անմիջապես հարց է ծագում. եթե կան երկրին մեծ վնաս հասցնող մարդիկ և այդ մարդկանց «Ժառանգության» անդամները ճանաչում են, ապա ինչու՞ իսկույն դրա մասին չեն հայտնում համապատասխան մարմիններին, որպեսզի վտանգը չեզոքացվի, այլ նստել-սպասում են օրինագծի ընդունմանը: Ստացվում է, որ կամ նրանք քողարկում են թշնամուն, կամ ճիշտ չեն խոսում՝ պնդելով, թե կառավարման համակարգում լրտեսներ կան:
Հաջորդ տարակուսանքը առնչվում է այն փաստի հետ, որ եթե պահանջ կա լյուստրացիայի ենթարկել այն անձանց, ովքեր մինչև անկախության հռչակումը համագործակցել են ՊԱԿ-ի հետ, ապա թերևս արժե նաև հիշել, որ ԿԳԲ կոչված կառույցը մինչև 1991 թվականը բոլորովին էլ օտարերկրյա հատուկ ծառայություն չէր այն պարզ պատճառով, որ Հայաստանը ԽՍՀՄ մի մասն էր: Այսինքն մարդիկ ծառայել ու համագործակցել են իրենց իսկ երկրի մարմինների հետ, ինչը ոչ միայն դավաճանություն չէ, այլև միանգամայն բնական երևույթ է: Ուրեմն ո՞ր մեղքերի համար նրանց պիտի դատապարտել ու ամոթանքի սյունին գամել:
Եվ կրկին մենք վերադառնում ենք այն նույն կետին, համաձայն որի գաղտնազերծման անհրաժեշտությունը պետք է բխի որոշակի նպատակներից: Սակայն մինչ այս պահը դեռ հստակ տեսանելի չէ մեկ ուրիշ նպատակ, բացի ներքաղաքական խնդիրներ լուծելը և այն, որ նման օրինագիծ ներկայացնելն իր ներսում PR-ի տարրեր է պարունակում: Իսկ այսպիսի սցենարի տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում «Ժառանգությունը» կփորձի հանդես կգալ նաև մի քանի աղմկոտ բացահայտումներով: Սակայն հազիվ թե դրանք սպասված ներգործությունն ունենան, քանի որ ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ հասարակությունը հետզհետե սուզվում են նախընտրական շրջանին հատուկ տրամադրությունների մթնոլորտի մեջ, իսկ այդ պայմաններում յուրաքանչյուր երևույթ առաջին հերթին բացատրվում է մեկ հիմնական դիրքից։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հեշտ է հասկանալ, թե ինչու այժմ շատերը համոզված են, որ «Գաղտնազերծման մասին» օրինագիծը խորհրդարան տանելով՝ «Ժառանգությունը» ընտրություններից առաջ կորցրած դիրքերի ձեռքբերման նպատակ է հետապնդում, իսկ առավել մարտականորեն տրամադրվածները գտնում են, որ հիշյալ օրինագծի նպատակը Հայաստանը թուլացնելն ու կամազուրկ երկիր դարձնելն է: «Գործակալների ցուցակները հրապարակելուց հետո ազգային անվտանգությունն առաջիկա 30 տարիներին որևէ գործակալ բերելու հնարավորություն չի ունենա: Իսկ եթե չկա գործակալ, չկա նաև օպերատիվ աշխատանք»,- ասում են նրանք:
Ինչպես տեսնում ենք, դեռ առանձնապես ոչինչ չի կատարվել, բայց արդեն իսկ ոմանք առիթը բաց չեն թողել զանազան որակումներ ու մեղադրանքներ փոխանակել՝ իրար անվանելով դավաճան, կագեբեյշնիկ, միստիֆիկատոր, ծախու լրտես, ժողովրդի թշնամի և այլն: Չենք կարող նաև չարձանագրել, որ այս օրենսդրական նախաձեռնության շրջանառումից անմիջապես հետո աննախադեպ ակտիվություն են դրսևորում այն կարգի անհատները, ովքեր ամենուր լրտեսներ են տեսնում և ամենքին կարող են լրտեսի «կոչում» վերագրել: Հետապնդման բարդույթով տառապող այս քաղաքացիները գերագույն հաճույքով հանդիսատեսը կդառնան «վհուկների որսի», որի պարագայում բոլորովին էլ էական չէ՝ մարդն իսկապե՞ս վհուկ է, թե ոչ: Նրանց անհրաժեշտ է սոսկ պրոցեսը՝ բռնել, պատժել, վարկաբեկել, պատին դեմ տալ: Եվ վերջապես այդ աղմուկ-աղաղակի մեջ մոռացության կտրվի այն իրողությունը, որ այսօրվա Հայաստանին միայն աներևույթ գործակալների ցանցը չէ, որ խանգարում է նորմալ երկիր դառնալ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: