Tag Archives: Կարեն Անտաշյան

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

22 Հնվ

ԱՆԹՐԱՇ, ԹՈՔԱԽՏԱՎՈՐ ԲՈՀԵՄ ՉԿԱ
19.01.2011
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջին անգամ են գրական տարին ամփոփում հրապարակավ. պատճառը լրատվամիջոցներով գրականության քարոզչության պակասն է:
Նիկողոսյանի հավաստմամբ` գրական էջերին ու հաղորդումներին հեռուստաընկերությունները եթերաժամ չեն հատկացնում` մտածելով, որ այն գովազդ չի բերի:
«Գրական տարին չէի ասի, որ հարուստ էր իրադարձություններով, մանավանդ որ իրադարձություն ասելով հասկանում են երեւույթ, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Տարվա ընթացքում եթե հետեւենք հեռուստաընկերություններում եւ մամուլում սփռված տարբեր հայտարարություններին, կտեսնենք, որ գրական աղմուկներից մեծ մասն էլ շինծու է»,- ասաց Արք. Նիկողոսյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ ցավալի է` երբեմն երկրորդական, երրորդական հեղինակներ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում մամուլի կողմից, քան` ճշմարիտ արժեքները:Ըստ գրականագետի, երեւույթը նաեւ լրագրողների անտեղյակությունից եւ գրական դաշտին լավ չտիրապետելու արդյունք է:
«2010թ. տվեց լավ արժեքներ ու գրքեր, գրական մամուլի պարագծում էլ վերջին 2-3 տարվա լճացումներից հետո գրականությունը կրկին արծարծման, զգաստացման, հասարակական իրադարձություններին արագ արձագանքման նշաններ է ցույց տալիս: Իսկ լճացումը բնական երեւույթ է, քանի որ գրական պրոցեսն այնպիսի երեւույթ է, որ վերելքներն ու վայէջքները միմյանց հաջորդելու սովորություն ունեն»,-նշեց գրականագետը:
Նիկողոսյանի համոզմամբ` 2010թ.ամենակարեւոր խնդիրը գրող-ընթերցող կապի սերտացումն էր` շնորհիվ ինտերնետի եւ Կարեն Անտաշյանի բացած «Գրանիշ»գրական բլոգի: Ըստ բանախոսի, առաջին անգամ գրական դաշտում լույս տեսան արժեքավոր գրքեր, ինչպիսիք են Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես», Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ», Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը», որոնք ոչ մի ուշադրության չարժանացան ԶԼՄ-ի կողմից, չնայած գրախանութներից շատ շուտ«անհայտացան»:
Գրող Կարեն Անտաշյանը նույնպես նշեց լրագրողների հոգածության պակասը: Նա նաեւ կարեւորեց 2010թ. Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելը:
«Ինտերնետային բում ունեցանք 2010-ին, ինչը էապես նպաստեց նրան, որ մենք կարողացանք գրականությունը տեղափոխել ինտերնետի ակտիվ քննարկման եւ տարածման դաշտ: Հայ գրականությունը երբեք ընթերցողներին այդքան մոտ չէր եղել, որքան` 2010-ին»,-ասաց Կարեն Անտաշյանը:
ԶԼՄ-ում շատ երեւալը Արքմենիկ Նիկողոսյանի գնահատմամբ` նաեւ «ինչ-որ բան այն չէ» է նշանակում: Նա պնդում է, որ եթե հայտարարի, թե Վրեժի գրքի հիմնական առանցքը հայ-թուրքական հարաբերություններն են, ավելի մեծ հետաքրքրության կարժանանա:
«Գործառույթը, որ պետք է ունենա գիրքը, չի ունենում: Լավ քարոզչության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: 2010թ. 3 օր շարունակ Մարտիրոս Սարյանի պուրակում գրքի ցուցահանդես վաճառք էր եւ 3 օրվա ընթացքում ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց»,-նկատեց Նիկողոսյանը:
«Գրանիշ»-ը ոչ միայն նոր ընթերցողների ի հայտ բերելուն է միտված, այլ նաեւ` նոր անունների հայտաբերմանը: Անտաշյանը ստեղծեց «Գրանիշ»-ը` «Ով պետք է անի, եթե ոչ` մենք» գիտակցությամբ, ինչի արդյունքում օրական հազարավոր մարդիկ շղարշի տակ գտնվող ստեղծագործություններ են ջրի երես հանում:
«Այսօր մենք ունենք ինքնության առաջին նշանները ցույց տվող գրական սերունդ: Անթրաշ, թոքախտավոր բոհեմը չկա: Գրողներն իջել` մարդկանց հետ քայլում են` ավելի լավ զգալով ժամանակը: Սակայն շուկայական տնտեսությանը «հարիր»գրաշրջանառության մեխանիզմ չունենք, ինչը շատ ու շատ խնդիրների առաջացման պատճառն է»,-ասաց գրողը:
Գրական շուկա ստեղծելու եւ ընթերցող-գրող կապն ամրապնդելու համար, ըստ Անտաշյանի, անհրաժեշտ է գրական ժառանգության ակտիվ թվայնացման գործընթաց, հայ գրականության «արտահանում» եւ ԶԼՄ-ի հոգածություն:
2011թ. կլինի «Գրանիշ»-ի թերթային տարբերակը. համարները լինելու են թեմատիկ:
Անտաշյանը դժգոհում է, որ չունենք ընթերցանության ավանդույթ, փոխարենն ունենք սերիալ նայելու անխախտ ավանդույթ:
Քաղաքակրթությունը հաստատ օրերից մեկ օր կթակի մեր դուռը, երբ տեսնի` սերիալի ժամին նստած ընթերցում ենք:

ՄՇԱԿՈՒՅԹ ԱՍԵԼՈՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ՇՈՈՒ- ԲԻԶՆԵՍԸ

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ու բանաստեղծ Կարեն Անտաշյանի ասուլիսի մասին երեկ տեղեկացա «Ֆեյսբուքում»՝ ինձ ուղարկված «Գրանիշ» գրական ակումբի հաղորդագրությունից: Ի հավաստումն այս փաստի, Արքմենիկ Նիկողոսյանը, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ 2010թ.-ն առանձնացավ նրանով, որ գրական դաշտն ընդլայնվեց ինտերնետ տիրույթում. «Վերջին 3 տարիների լճացումից հետո գրական կյանքը արթնացման նշաններ է ցույց տալիս: 2010թ.-ի ամենակարեւոր խնդիրներից մեկը գրող-ընթերցող կապի սերտացումն էր, որ տեղի ունեցավ շնորհիվ ինտերնետի, Կարեն Անտաշյանի ու մի խումբ նախաձեռնողների կողմից ստեղծված «Գրանիշ» գրական ակումբի»:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանն էլ նշեց, որ 2010-ը որակապես նոր փուլի սկիզբ դարձավ. հայրենական հեռուստաալիքների անտարբերության ֆոնին ինտերնետն ու սոցիալական ցանցերը բում արձանագրեցին: Բայց, այնուամենայնիվ, իրականության մեջ գրականությունը ԶԼՄ-ներով լուսաբանման խնդիր ունի: Ու եթե ինտերնետ, տպագիր մամուլն ու ռադիոն հետաքրքրություն են ցուցաբերում գրականության հանդեպ, ակտիվ շփվում գրողների հետ, ապա հեռուստաընկերությունների կողմից դեռ զրո ուշադրություն է գրանցվում:
«Եթե իրենց թվում է, որ գրականությունը գովազդ չբերող ապրանք է, սխալվում են, որովհետեւ ինտերնետի օրինակով համոզվեցինք, որ ճիշտ քարոզչության դեպքում հետաքրքրություն առաջանում է: Ժամանակակից հայ գրականությանը պակասող ամենամեծ բանը լրագրողների եւ ԶԼՄ-ների ուշադրությունն է: Մինչեւ ԶԼՄ-ները չսկսեն սիրել գրականությունը, այդ գրական շարժումը չի ծավալվելու»,- նշեց Կարեն Անտաշյանը: Իսկ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ մամուլում գրական աղմուկների մեծ մասը սարքովի է, որովհետեւ շատ մարդիկ ԶԼՄ-ներում կապերի շնորհիվ իրենց շուրջ աղմուկ են սարքում:
«Երբեմն 2-րդական, 3-րդական հեղինակներն ավելի մեծ ուշադրության են արժանանում: Տարվա ընթացքում շատ լավ գրքեր լույս տեսան, որոնցից էին Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես»-ը, Վրեժ Իսրայելյանի «Տոնապետը», բայց այդ գրքերի մեծ մասը տարածվում է գրական նեղ շրջանակում»,- նշեց գրականագետն ու փաստեց, որ այսօր մեր երկրում «մշակույթ» ասելով` հասկանում են շոու-բիզնեսը: Կարեն Անտաշյանի բնութագրմամբ՝ այսօր ունենք սերիալ նայելու ավանդույթ, բայց չունենք ընթերցանության ավանդույթ. «Մենք ուզում ենք նոր ընթերցող ստեղծել: Դրա համար մեր գրական արտադրանքը ձրի ինտերնետի միջոցով տարածելով՝ փորձում ենք ստեղծել այդ ընթերցողին»:
Իսկ այն, որ ընթերցողը պատրաստ չէ փող տալ գրքին, ըստ բանախոսների, ուռճացված է ու սուտ, լավ քարոզչության, տեղեկացվածության դեպքում ընթերցողը գնում է դեպի գիրքը: «Օրինակ ՀովիկՉարխչյանի գրքերը մեծ պահանջարկ ունեն, դա պայմանավորված է ոչ միայն նրա ընտրած փաստակենսագրական ժանրով, այլ նաեւ սյուժե կառուցելու, գրողական տաղանդի, լավ հայերենի եւ լավ գրականությունը լավ վաճառելու՝ փիառի կանոններին տիրապետելու հանգամանքով»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:
ՍՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ

«2010-Ը ԳՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԷՐ»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը եւ բանաստեղծ Կարեն Անտաշյանը ամփոփում էին 2010 թ. գրական տարին եւ նշում 2011 թ. անելիքները:
«Գրականությունը միշտ հանդիպում է մեկ պրոբլեմի` քարոզչության պակասն է հատկապես հեռուստատեսությամբ: Ամեն հեռուստաընկերություն պետք է պարտադիր ունենա գրական հաղորդում, չեմ ասում` մշակութային, քանի որ մեզանում մշակույթ ասելով` հասկանում են շոու բիզնեսը»,- ասաց գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը: 2010 թ.-ը տվեց լավ գրքեր, լավ արդյունքներ, նրա խոսքերով`վերջին մի 2-3 տարվա լճացումից հետո գրականությունը կրկին զգաստացման նշաններ է ցույց տալիս: Շատ գրքեր ընթերցողների ուշադրությանն արժանացան, օրինակ` Հովհաննես Գրիրգորյանի, Մհեր Իսրայելյանի, Հովիկ Չարխչյանի գրքերը: Բայց անգամ այդ գրքերը կարդում են գրողների ընկերները, նրանց շրջապատի մարդիկ, ինչպես նաեւ ինտերնետից օգտվողները:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը եւս շեշտեց, որ այսօր մեր գրականությանը ամենից շատ պակասում է պրոպագանդան: Այդ առումով 2010 թ.-ը նշանավոր էր նաեւ հեղինակ-ընթերցող սերտացմամբ`շնորհիվ ինտերնետի: «2010 թ.-ը գրական կյանքի համար բեկումնային էր եւ որակապես նոր փուլի սկիզբը դարձավ: Բեկումի հիմնական գործոնը, խթանը հայրենական մեդիա արտադրության ճեղքումն է ինտերնետի միջոցով: Բլոգային, ֆեյսբուքային բումը, որ ունեցանք 2010-ին նպաստեցին նրան, որ կարողացան գրականությունը տեղափոխել ինտերնետի քննարկման դաշտ»,- ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը: 2010 թ.-ի սկզբին մի խումբ գրողներ, գրականագետներ որոշեցին ստեղծել «Գրանիշ» գրական ակումբը, որտեղ փորձեցին ներկայացնել լավ հեղինակների ստեղագործությունները, երեւան եկավ ինքնորոշման առաջին ազդակները ցույց տվող սերունդ, որի վրա կարելի է հույս դնել եւ հավատալ, որ հայ գրականության ապագան լավ է լինելու: «Գրանիշ» ակումբը նախաձեռնել է «Գրանիշ» գրական ամսագրի տպագրումը, որը կառանձնանա նրանով, որ կանի թեմատիկ համարներ, օրինակ` կանդրադառնա գրական լեզվի խնդրին, կլինեն թարգմանություններ, Ցեղասպանության վերաբերյալ անդրադարձներ գրականության մեջ, մանկական համար:
Մյուս կարեւոր իրադարձությունը, Կարեն Անտաշյանի կարծիքով, 2012 թ.-ին Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելն էր: Առիթը պետք է օգտագործել եւ լավագույնս պատրաստվել, սթափվել եւ փոխել իրավիճակը` «ուշադրության չարժանացած գրողներ, պետպատվերով անորակ եւ սահմանափակ տպաքանակով ժամանակակից հայ գրականություն` չտարածվող, ընթերցողին չհասնող»: Բանաստեղծը նշում է, որ այսօր չունենք շուկայական տնտեսության հարմար գրական մեխանիզմներ եւ մեզանում գրական գործընթացը կապվում է Գրողների միության հետ, հրատարակիչները հիմնականում հետաքրքրված չեն կամ չեն ճանաչում ժամանակակիցենրին, ոգեւորված չեն դրանք տպագրելու, թարգմանելու գործում: «Մինչեւ մենք չստեղծենք գրական շուկա, չենք ունենա լավ ապագա գրականության համար»,- ասում է նա: 2011 թ.-ի անելիքների մասին խոսելով` Կարեն Անտաշյանը նշեց, որ կարեւոր խնդիր է նաեւ ընթերցող ստեղծելը, քանի որ մենք չունենք ընթերցանության ավանդույթ, բայց ունենք սերիալ նայելու ավանդույթ: Հաջորդ կարեւոր խնդիրը այն է, որ մեր գրական ժառանգությունը պետք է թվայնացվի եւ ներկայացվի ինտերնետում: Երրորդ խնդիրը ժամանակակից հայ հեղինակների թարգմանությունն է ու արտահանումը, քանի որ այդ դեպքում կկարողանան հաջողությունների հասնել:

Ինգա Մարտինյան

%d bloggers like this: